Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացման, այլ հանցագործությունների կանխման անհրաժեշտությամբ: Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ հանցագործությունների, ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:

Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի համար: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը քրեական     պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, իսկ 385-րդ հոդվածը՝ ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասում և 2251 հոդվածի 2-րդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար:

Ահաբեկչության հետ կապված հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի դեմ քրեաիրավական միջոցներով պայքարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է հիշյալ երևույթի բարձր հանրային վտանգավորությամբ, օրեցօր աճող տարածվածությամբ, ինչպես նաև պետության վրա դրված կոնվենցիոն պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքներով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ գլխում կատարել լրացում՝ առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելու, քարոզելու կամ քրեական օրենսգրքի հոդվածներ 217-ով, 2171-ով կամ 389-ով նախատեսված հանցանք կատարելու հրապարակային կոչերի համար:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ աշխարհի շատ երկրների քրեական օրենսգրքերում քրեական պատասխանատվություն է նախատեսված ահաբեկչական կամ էքստրեմիստական գործունեության կատարմանն ուղղված կոչերի համար:

Ընդ որում, ահաբեկչական գործողությունների կատարմանն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմեր ունենալու պետությունների որդեգրած հիշյալ քաղաքականությունը բխում է նաև «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի՝ սույն Կոնվենցիայի նպատակներով «հանրությանը՝ ահաբեկչական հանցագործություններ կատարել հրահրելը» նշանակում է՝ հանրության շրջանում ահաբեկչական հանցագործությունների կատարմանը դրդելուն ուղղված տեղեկատվության տարածում կամ այլ միջոցներով ուղերձը հանրությանը մատչելի դարձնել՝ այն դեպքում, երբ նման գործողությունները, անմիջականորեն կամ ինքնաբերաբար պաշտպանելով ահաբեկչական հանցագործությունները, մեկ կամ ավելի նման հանցագործությունների կատարման վտանգ են առաջացնում:

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 1-ին կետում նշված՝ ապօրինի և միտումնավոր ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հանրային սադրանքը իր ազգային օրենսդրությամբ քրեական իրավախախտում ճանաչելու համար:

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այլ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    09.02.2018 - 24.02.2018

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1972

Print