Add to favourites

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6.1-ին և 6.2-րդ մասերով, հետևյալ բովանդակությամբ.

«6.1 Պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված ցանկացած պետական գաղտնիք չպարունակող տեղեկատվություն տրամադրվում է փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար, միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա:

6.2. Սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված՝ պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից երեք ամիս հետ:
  2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
  • Discussed

    04.04.2024 - 19.04.2024

  • Type

    Law

  • Area

    Security, Civil and commercial legislation, Use and maintenance of state property

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 695

Print

Suggestions

Նարեկ Հովեյան

11.04.2024

Առաջարկվող փոփոխությունները ոչ միայն անհարկի խոչընդոտներ են ստեղծելու փաստաբանական գործունեության համար, այլ նաև խնդրահարույց են դրանց օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից, մասնավորապես. 1. "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ "Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված": Այսինքն, օրենքը հստակ սահմանում է այն դեպքը, երբ փաստաբանին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, այն է՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակելը։ Օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղակատվության նկարագիրը հստակ ներկայացված է "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով։ Մասնավորապես, դա ներառում է այն տեղեկատվությունը, որի տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ ազգային շահերին։ Այսինքն, անհիմն է նախագծի հիմքում դրված այն պնդումը, թե նշված շենքերի և տարածքների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել այն պարագայում, երբ դրանք ներառված չեն պետական գաղտնիք համարվող տեղեկատվության կազմում։ Հետևաբար, եթե նախագծի հեղինակները գտնում են, որ նշված շենքերի և տարածքների վերաբերյալ փաստաբաններին տեղեկատվության փոխանցումը կարող է անվտանգային ռիսկեր պարունակել, ապա պետք է ձեռնարկեն համապատասխան գործընթաց՝ նման տեղեկատվությունը "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով պաշտպանվող տեղեկատվության ցանկում ներառելու համար։ 2. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կառավարությունը ստանալու է հայեցողական լիազորություն՝ միջամտելու փաստաբանական գործունեությանը։ Մասնավորապես, այն պարագայում, երբ նախագծում գործածվում են այնպիսի անորոշ ձևակերպումներ, ինչպիսիք են՝ "հանրային նշանակության կամ կարևորության շենքեր", որոնց գնահատման չափանիշների բացակայության պայմաններում գործադիր մարմինը հնարավորություն է ստանալու, ըստ էության, սուբյեկտիվ կերպով սահմանափակել ցանկացած անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը փաստաբաններին։ 3. Անհասկանալի է փաստաբանների նկատմամբ նման խտրական վերաբերմունքը, հատկապես այն պարագայում, երբ կադաստրային հարցումները հանդիսանում են վստահորդներին որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև արդյունավետ պաշտպանական մարտավարության մշակման առաջնային գործիք։ 4. Չի հստակեցվում, թե, օրինակ, ինչ ընթացակարգով պետք է իրականացվի սահմանափակման ենթակա գույքի նկատմամբ մահացած անձի գրանցված իրավունքների առկայության վերաբերյալ հարցումը։ 5. Առաջարկվող նախագիծը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներին (07.09.1990 թ.), ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված թիվ Rec(2000)21 հանձնարարականին, ինչպես նաև թիվ ՍԴՈ-1263 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից տրված դիրքորոշմանը։

See more