Add to favourites

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

            2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատել է «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը»։ Վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել այդ ակտում։

Առաջարկվող կարգավորման բնույթը. 

            Որոշումը կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու համար սահմանում էր էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնելու ընթացակարգ, սակայն հայտարարագրման էլեկտրոնային համակարգում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու բաղադրիչի ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով նաև էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգ։ Այդ հանգամանքով պայմանավորված նախագծով սահմանվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման ընթացակարգը, միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման գործընթացը կարող է առաջ բերել մի շարք, այդ թվում՝ տեխնիկական խնդիրներ կուսակցությունների համար, նախատեսվել է նաև կուսակցության տարեկան հաշվետվության ոչ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման ընթացակարգ, եթե համապատասխան դիմում ներկայացվի Հանձնաժողով և այն բավարարվի։ Սահմանվել է, որ տարեկան հաշվետվությունը ներկայացվում է հրապարակման, ինչպես նաև Հանձնաժողով՝ կուսակցության պաշտոնատար անձի ստորագրությամբ։ Կուսակցության տարեկան հաշվետվությունն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու դեպքում ստորագրության առկայության պահանջը համարվում է պահպանված, եթե կատարվել է համապատասխան նշումը: Մյուս փոփոխությունը վերաբերում է կուսակցության պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները Հանձնաժողով ներկայացնելուն, քանի որ նախորդ տարիներին Հանձնաժողովն իրականացրել է կուսակցությունների 2021 և 2022 թվականների տարեկան հաշվետվությունների՝ օրենքով սահմանված կարգով հրապարակելու և հրապարակման փաստը հավաստող ապացույցի հետ միաժամանակ Հանձնաժողով ներկայացնելու պահանջի պահպանվածության ստուգում, որի ընթացքում որոշ դեպքերում հնարավոր չի եղել պարզել, թե ո՞վ է հանդիսանում կուսակցության պաշտոնատար անձ և վարչական վարույթի ընթացքում ո՞վ պետք է հանդիսանա վարչական իրավախախտման սուբյեկտ։ Բացի այդ, ի սկզբանե վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար դեռևս պարզ չէ, թե Օրենսգրքի իմաստով ո՞վ է կուսակցության պաշտոնատար անձը և վարչական իրավախախտման վարույթի հետագա ընթացքի ժամանակ եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ կուսակցության պաշտոնատար անձ հանդիսացել է մեկ այլ անձ: Միաժամանակ եղել են դեպքեր, երբ տվյալ ժամանակահատվածի՝ Օրենսգրքի իմաստով կուսակցության պաշտոնատար անձը մահացել կամ փոխարինվել է, ինչի արդյունքում վերջինիս վրա դրված պարտականությունը մնացել է անկատար: Բացի այդ վերը նշվածը գործնականում խնդրահարույց է այն տեսանկյունից, որ կուսակցության պաշտոնատար անձի պարտականության չկատարումը կարող է հանգեցնել կուսակցության գործունեության կասեցմանը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝  Հանձնաժողովի հետագա վարչարարության ընթացքում նմանատիպ խնդիրներից խուսափելու նպատակով նախագծով հստակեցվել է, որ տարեկան հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը, իսկ կուսակցության կանոնադրությամբ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն նախատեսված չլինելու դեպքում՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը (այսուհետ՝ լիազորված անձ) Հանձնաժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» օրենսգրքի 14-րդ հոդվածի իմաստով՝  կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացման համար պատասխանատու՝ կուսակցության պաշտոնատար անձի (այսուհետ՝ կուսակցության պաշտոնատար անձ) անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Այդ տվյալները պարտադիր են կուսակցության պաշտոնատար անձի նույնականացման և էլեկտրոնային համակարգին հասանելիություն տրամադրելու համար։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կուսակցության տարեկան հաշվետվությունում համապատասխան բաժինների ավելացմանը, ինչը հնարավորություն կստեղծի, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների «Մուտքեր Ելքեր» թերթում առկա «Այլ մուտքեր» և «Այլ ելքեր» տողերը լրացնելիս նաև ներկայացվեն դրանց առանձին բացվածքները։ Միաժամանակ ավելացվել է նաև «Հավելված» վերտառությամբ առանձին թերթ, որը գործնականում կհեշտացնի պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների կողմից պետական նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումը համակարգված և միատեսակ ձևով ներկայացնելուն։ Նախագծում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք կրում են տեխնիկական բնույթ և միտված են առկա կարգավորումների հստակեցմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Վերոնշյալ փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և բարելավել կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողովին ներկայացնելու գործընթացը: Փոփոխությունների արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգեր: Համապատասխան բաժինների ավելացման միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները կլինեն ավելի համապարփակ: Բացի այդ, ներդրվում է առանձին «Հավելված»՝ նպաստելու կուսակցությունների կողմից պետական ֆինանսավորման օգտագործման համակարգված ներկայացմանը:

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները նպատակ ունեն արդիականացնել և բարելավել կուսակցությունների հաշվետվությունների գործընթացը՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն կուսակցական ռեսուրսների կառավարման և օգտագործման մեջ:

 

  • Discussed

    02.04.2024 - 17.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 746

Print