Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն  օրենքում փոփոխությունը և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքում ռազմավարական պաշարների պահուստի մասին տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու հետևանքով առաջացած մի շարք խնդիրներով:

Ռազմավարական պաշարների պահուստը ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ է, որի նյութական արժեքների կուտակումը, պահպանումը և սպասարկումն իրականացվում է «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված կարգով:

Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները պահպանվում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների պահեստներում կամ բազաներում, իսկ դրա տեխնիկական անհնարինության դեպքում կարող են պահպանվել լիազոր մարմնի համակարգի կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում, կամ լիազոր մարմնի համաձայնությամբ՝ այլ կառույցների ու կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում:

Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ:

Հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 28.09.2020թ.-ի թիվ 1593-Ն որոշման համաձայն ՝ կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ ՝ համաձայն N 3 ձևի:

Լիազոր մարմինը սահմանված կարգով ապահովում է նյութական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով նյութական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տրամադրված տեղեկատվության հիման վրա տալիս է գաղտնի ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնում Կառավարություն։ Ներկայումս եռամսյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունները ներկայացվում են գաղտնի ձևաչափով:

Նյութական պահուստի օրենսդրության, այդ թվում՝ պահանջների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում համապատասխան տեսչական մարմինները, որոնք ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ամենամյա ժամանակացույցին համապատասխան կամ վերջինիս կողմից տեսչական մարմիններին ներկայացված առաջարկության հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի  11-ի թիվ 53-Ն որոշմամբ հաստատվել է ըստ գերատեսչական պատկանելիության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որի 20-րդ և 26-րդ կետերով նախատեսված է պետական գաղտնիքի շարքին դասել ռազմավարական պաշարների պահուստի կառուցվածքի, փաս­տա­ցի չափի և դրա տեղաբաշխ­ման, ֆի­նանս­ների և բյուջե­տային քաղաքա­կա­նության (բացի տնտեսության և ֆի­նանս­նե­րի ընդհանուր վիճակը բնու­թա­գրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկու­թյունները,, դրա ֆի­նանս­ների և բյուջետային քաղաքա­կա­նության (բացի տնտե­սութ­յան և ֆի­նանս­նե­րի ընդհանուր վիճակը բնու­թա­գրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկու­թյունները, ինչը կարող է խնդրահարույց լինել՝ մի շարք նկատառումներից ելնելով։

Մասնավորապես, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները պահպանվում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների պահեստներում կամ բազաներում, որտեղ ամեն օր աշխատում, ելումուտ են անում բազմաթիվ մարդիկ և պահուստի տեղաբաշխ­ման գաղտնիությունն ապահովելը խիստ բարդ է, ժամանակատար և պետք է համապատասխանի գաղտնիության թույլտվության պահանջներին:

Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունները ներկայումս շուրջ երեք տասնյակ են և դրանց անվանացանկն ու քանակը յուրաքանչյուր տարի կարող են փոխվել (և փոխվում են)՝ կախված ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալից, կամ այլ պատճառներից (սնանկացում, անվանափոխություն, լուծարում և այլն)։

Ռազմավարական պաշարների պահուստի հետ առնչվում են կազմակերպությունների, նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք պետք է ունենան  պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություններ։

Բացի այդ, խնդիրներ կարող են առաջանալ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման հարցում:

 ՀՀ ներքին գործերի նախարարությունում պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն պահանջող պաշտոնների զգալի մեծամասնության համար նախատեսված է գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխան տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայություն, որը հատում է մոտ 10 հազարի շեմը։ Թույլտվությունների ձևակերպման աշխատանքները կադրային հոսունությամբ պայմանավորված դինամիկ բնույթ են կրում․ դիցուք՝ 2023 թվականի ընթացքում ստացվել է պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպման շուրջ 1500 միջնորդություն, որից մոտ 1300-ը գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխան տեղեկություններին առնչվելու թույլտվության։ Թույլտվությունների նշված ծավալի և օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում, հաշվի առնելով ձևակերպման ընթացքում կատարվող աշխատանքների ծավալը, ընդհանուր կարգից գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխան տեղեկություններին առնչվելու թույլտվությունների ձևակերպման համար առանձնահատկություններ չնախատեսելը կատարվող աշխատանքներում կհանգեցնի գերծանրաբեռնվածության, ինչն իր հերթի կխաթարի կադրային համալրման աշխատանքները։

Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարարությունում աշխատանքի ընդունվող անձանց վերաբերյալ իրականացվում են ստուգողական միջոցառումներ, որը պարունակում է նաև Լիազոր մարմնի կողմից թույլտվությունների համաձայնեցման փուլում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ստուգողական միջոցառումների որոշ տարրեր։

 ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության գործունեության նպատակների և խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված վարչության գործառույթներն իրակականացվում են անձը ծածկագրված ծառայողների կողմից։ Նշված ծառայողների  պետական գաղտնիքին առնչվելու թույլտվությունների համաձայնեցումը Լիազոր մարմնի հետ, հաշվի առնելով անձի վերաբերյալ պահանջվող տեղեկատվության ծավալը և այդ տեղեկատվությանն առնչվող աշխատակիցների շրջանակը, կբացահայտի  ծածկագրված ծառայողների անձը, ինչը կխաթարի Վարչության կանոնադրական խնդիրների և դրանից բխող գործառույթների իրականացմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ռազմավարական պաշարների պահուստի ոլորտի իրավական դաշտը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

                                                         

   

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    15.03.2024 - 30.03.2024

  • Type

    Law

  • Area

    Emergency situations, Public management

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 850

Print