Add to favourites

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետները մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել արդի մոտեցումներին համահունչ շարունակական զարգացնել և կատարելագործել մասնագիտական կարողությունները, ստանալ ըստ ուղղվածության համապատասխան վկայական։

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետից և 13-րդ հոդվածից։

Միաժամանակ  նախագծի ընդունումն ապահովում է ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 907-Ա որոշման հավելվածի 15-րդ կետի կատարումը։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Անասնաբույժ մասնագետների վերապատրաստման իրավական ակտի բացակայությամբ պայմանավորված հնարավորություն չի ստեղծվել որ դեռևս 15–20 տարի առաջ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավատրած մասնագետը սահմանված կարգով մասնակցի վերապատրաստման դասընթացներին՝ մասնագիտական զարգացմանը նպատակաուղղված և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքներին համապատասխան։

Անդրադառնալով 2023 թվականի փետրվարի 7–ի ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/42-2023 արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) 14–րդ կետին՝ շահառուների քանակը կազմում է շուրջ 550-650 մասնագետ։

Այս առումով հարկ է նշել, որ անասնաբույժ–մասնագետների թվաքանակը տարեց տարի նվազում է՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան 2019–2020 թթ․ ուսումնական տարում անասնաբուժության ֆակուլտետ ընդունվել է 32 ուսանող, 2020–2021թթ․ 10 ուսանող, 2021–2022թթ․ 6 ուսանող և 2022–2023թթ 4 ուսանող։ Վերլուծելով առկա իրավիճակը կարող ենք փաստել, որ անասնաբուժություն մասնագիտությունը դառնում է ոչ գրավիչ և անհեռանկար, այն դեպքում, երբ անասնաբուժության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյուքում հանրապետությունում պահպանվում է կայուն անասնահամաճարակային իրավիճակ և ապահովվում են միջազգային պարտավորությունները, ինչպես նաև Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ 2022 թվականին մեկնարկվեց, հանրապետությունում նախադեպը չունեցող, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։

Սույն նախագիծը հնարավորություն կստեղծի շարունակական բարելավել մասնագիտական կարողությունները և հմտությունները, բարձրացնելով անասնաբույժի որոկավորում ունեցող մասնագետի դերակատարումը՝ ազգաբնակչությանը մատուցված անասնաբուժական ծառայությունների շրջանակում, ինչպես ուսուցիչը կամ բժիշկը, միաժամանակ խթանելով անասնաբուժության ֆակուլտետի ընդունելիությանը։

Անասնաբույժ մասնագետները մինչ այժմ մասնագիտական գիտելիքները կարողացել են զարգացնել միայն մասնակցելով սեմինարներին, որը կազմակերպվել և հովանավորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության և միջազգային այլ կազմակերպությունների կողմից։

Հարկ է նշել, որ ԱՊՀ մասնակից պետությունների` դաբաղի դեմ պայքարի և կանխարգելման  համատեղ միջոցառումների կատարման որոշման շրջանակներում պարտադիր պայման է հանդիսանում անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը՝ արդի մոտեցումներին համահունչ վերապատրաստվել դաբաղ հիվանդության դեմ ախտորոշման, կանխարգելման և պայքարի ուղղություններով և ըստ որոշման այն դասընթացի ձևով վերապատրաստման գործընթացը վերապահված է ՌԴ «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» (ФГБУ ВНИИЗЖ) կազմակերպությանը, որի կատարումն հնարավոր չի եղել ապահովել իրավական ակտի և դրանից բխող ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ անասնաբույժ մասնագետների վերապատրաստման իրավական ակտի բացակայությունը նաև միջազգային այլ կազմակերպությունների կողմից հաճախ բարձրացվող հարցերից է։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, համաձայն որի անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետները հնարավորություն կունենան արդի մոտեցումներին համահունչ շարունակական զարգացնել և կատարելագործել մասնագիտական կարողությունները և ստանալ ըստ ուղղվածության համապատասխան վկայականներ։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

Ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը կառաջանա նախագծի ընդունումից 2 տարի անց՝ բյուջետային հայտով։ Արձանագրության՝ մեկ մասնագետի հաշվով վերապատրաստման համար նախատեսվող գումարի չափի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ մեկ դասաժամը կարող է կազմել շուրջ 8000-10000 դրամ (ներառյալ օրապահիկ և հարկեր)։

Միաժամանակ հայտնում եմ, որ տվյալ տարվա բյուջետային հայտով կնախատեսվի 15-20 անասնաբույժ մասնագետների առնվազն 3–օրյա վերապատրաստում, օրական առնվազն 4 ժամ տևողությամբ։

Արձանագրության՝ վերապատրաստումից հրաժարվելու դեպքում աշխատանքային օրենսդրության տեսանկյունից հիմնավոր կարգավորումները  նախատեսվել է նախագծի 19–րդ կետով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նախագիծը լրամշակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ։

 

  1. Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Աջակցություն գիտակրթական համակարգերի բարելավմանը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովի՝ վերապատրաստված անասանբույժ մասնագետներ՝ արդի մոտեցումներին համահունչ մասնագիտական կարողություններով վերազինված, մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների տեղայնացում, ինչպես նաև պետական մարմիններում, պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետների վերապատրաստված թիմ։

Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։

  • Discussed

    14.03.2024 - 29.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1029

Print