Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների (այսուհետ՝ շահառու ծնողների) վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրումն է յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշմամբ հաստատվել է շահառու ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշումների շրջանակներում Առողջապահության նախարարի հրամանով արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրված՝ շահառու ծնողների ծախսերի մասնակի փոխհատուցումն է:

Ընդ որում, փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։

Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝ փաստացի ծախսի չափով,  բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։

Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով սահմանված է, որ նշված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է՝

1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ,

2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։

Սա նշանակում է, որ անկախ նույն ընտանիքում զոհված զինծառայողների թվից՝ շահառու ծնողները հնարավորություն են ունենում դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում ստանալ առավելագույնը երկու անգամ, իսկ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։

Որոշմամբ չի կարգավորվում դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի դիմաց փոխհատուցման տրամադրման հնարավորությունը այն դեպքում, երբ նույն ընտանիքում մեկից ավելի զինծառայող է զոհվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում միջոցառման շահառու ծնողներից ստացվել են բանավոր դիմումներ՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը երկրորդ անգամ տրամադրելու համար: Ընդ որում, դիմում են այն ծնողները, որոնց ընտանիքում զոհվել է երկու զավակ: 01.02.2024թ. դրությամբ նման 2 ընտանիք է բանավոր դիմել: Սակայն, հիմք ընդունելով Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով սահմանված դրույթը, այդ դիմումները մերժվում են:

Հարկ է նշել նաև, որ դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման միջոցառումից օգտվելու համար նախարարությունը բանավոր դիմումներ է ստանում նաև այն զոհված զինծառայողների ծնողներից, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած (Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված փախստական ճանաչված) անձինք են:

Հաշվի առնելով, խնդրո առարկա միջոցառման շահառու ծնողների բանավոր դիմումները, նպատակահարմար է վերանայել որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը՝ նույն շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերն առավելագույնը երկու անգամ և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը միայն մեկ անգամ փոխհատուցելու մասով:

 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերը և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում, եթե նույն շահառու ծնողների՝ մեկից ավելի զավակներն են զոհվել:

Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծախսերի փոխհատուցում ստանալու նպատակով շահառու ծնողների կողմից ներկայացվող դիմումում ներառվող տվյալները և կից փաստաթղթերից՝ անձը հաստատող փաստաթղթի տեսակները, ներառելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև միջոցառման շրջանակներում փոխահատուցման տրամադրումը մերժելու հիմքերը։

Նախագիծն ընդունվելու դեպքում 01.02.2024 թ. դրությամբ առկա տվյալների հիման վրա 13,4 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա: (2 շահառու x 600,000 դրամ x 2 փորձ = 2,400,000 դրամ՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման համար, 2 x 5,500,000 դրամ = 11,000,000 դրամ՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար):

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի խնդրո առարկա միջոցառման շրջանակներում դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման հնարավորությունը այն շահառու ծնողներին, որոնց ընտանիքում զոհվել են մեկից ավելի զինծառայողներ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ և 4.5-րդ կետերից, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի ռազմական գործողությունների հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական նոր միջոցառում՝ ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։ 

  • Discussed

    26.02.2024 - 13.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 647

Print