Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանարպետությունում 2022 թվականին մեկնարկել է «Հայաստանի Հանարպետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր)  ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման համաձայն։ Ծրագիր իրականացման կարևոր բաղադրիչ է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ համակարգ), որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու և վերլուծելու գործընթացը։  

Համակարգը խթանիչ գործիք, է անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար, ինչպես նաև անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողական ծրագրերի մշակման և իրականացման համար։ 2022 թվականին համարակալվել և Համակարգ է մուտքագրվել 162 696 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի (այսուհետ՝ ԽԵԿ), 2023 թվականին համարակալվել և համակարգ է մուտքագրվել 410 505 գլուխ ԽԵԿ։

Ծրագրի շրջանակներում և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվել են միջոցառում իրականացնող անասնաբույժները, կազմակերպվել և անցկացվել է տեղեկատվական և հանրային իրազեկման աշխատանքեր։

Հարկ է նշել, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է հանրապետության բոլոր բնակավայրերում իրականացնել մոնիթորինգ՝ տնտեսվարողներին պատկանող անասնագլխաքանակի և Համակարգում գրանցված տվյալների նույնականացման նպատակով։

Սույն նախագծի ընդունման անրհաժեշտությունը բխում է ՀՀ Վարչապետի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրություն N Վ/202-2023  3.1.15.է) ենթակետի (մանր եղջերավոր կենդանիների համարակալում իրականացնելու մասին) կատարումն ապահովելու նպատակով։    

Միաժամանակ, հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ «Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` 3) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների առողջության և բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.» այսօր անհրաժեշտ նախապայման է դարձել Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի կողմից տրամադրված ստանդարտների համապատասխանելիության հավաստագրի առկայությունը՝ նույնականացման անհատական համարով ականջապիտակի համար։ Ուստի նախագծով նախատեսված պահանջը բխում է Օրենքից և միտված է միջազգային չափանիշների ներդրմանը։ 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) գլխաքանակը համարակալված չէ, պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից։ 

Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը կարող է բացասաբար անրադառնալ միջազգային շուկաներում պարենային անվտանգության ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) վրա, որը և հրատապ է դարձնում նախաձեռնել ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման գործընթացը։

Ծրագրի իրականացման գործընթացի կարևոր բաղադրիչ է ականջապիտակների ամրացումը, որի պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ։

 Միաժամանակ, հաշվի առնելով Վարչապետի հանձնարարականը՝ Նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է N 1315-Ն որոշման մեջ փոփոխության կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվող մրցույթի շրջանակներում առավել շատ թվով մասնակիցների մասնակցության ապահովումը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում՝ միջպետական և միջազգային համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում տեղե­կա­տվու­թյան փոխանա­կման, ստան­դարտների տեղայնացման, ընթացակարգերի և չափանիշների ներ­դրման աշխատանքների իրականա­ցման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որը կապահովի համապատասխան իրավական կարգավորումը։

Նախագծով նախատեսված է նաև միջոցառումների իրականացման համար, ըստ կենդանատեսակի, մեկ պայմանական գլխի հաշվարկման համար սահմանված գործակից։ Գործակցի կիրառումը սկզբունքը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6–ի N 1544–Լ որոշմամբ սահմանված դրույթներին։

Սույն նախագծով նախատեսվում է նաև անասնաբույժների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացում, որն ուղղված է ռիսկի հաղթահարմանը՝ համապատասխան մասնագիտական գիտելիքի և հմտության բացակայությունը կարող է ռիսկային լինել միջոցառման իրականացման ընթացքում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ծրագրի ֆինանսական բաղադրիչը

2022 թվականին 1116-11005 միջոցառման իրականացման բյուջեն ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման համաձայն կազմել է 884 400,0 հազ. դրամ։ 2023 թվականին՝ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման համաձայն կազմել է 499 099,5 հազ դրամ։

Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին։ Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ բաղադրիչներից՝

  • անասնաբուժական պարագաների ձեռքբերում,
  • ներգրավված անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում,
  • հանրապետությունում տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման միջոցառման իրականացում։

Հաշվի առնելով գյուղատնտեսական կենդանիների հետ աշխատանքի առանձնահատկությունները Ծրագրի ամբողջական ֆինանսական միջոցների համար նախագծով սահմանված է ըստ կենադանատեսակների վճարային միավորներ։

  1. ԿԱՊԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝  Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովի Վարչապետի հանձնարարականը, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև միջազգային չափանիշների ներդաշնակությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ–ի և ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև հանրապետությունում զարգացնել ԽԵԿ–ի և ՄԵԿ-ի -ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում, գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծման գործընթացը։  

  • Discussed

    23.02.2024 - 14.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1279

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

26.02.2024

Կրկին անգամ չեք անրադառնում որոշման ընդունման տնտեսական բաղադրիչին, այսինքն՝ սույն որոշման ընդունման պարագայում ինչպիսի տնտեսական արդյունքներ եք ակնկալում։ Ակնհայտ է, որ սա ամենամյա մեծածավալ ներդրումներ է ենթադրում, ինչպես, որ ներկայացրել եք՝ պետական բյուջեից։ Չկան արդյո՞ք խոշոր և մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժը հսկելու, հետագծելիությունն ապահովելու և կամ հիվանդություններն արդյունավետ կառավարելու ալտերերնատիվ այլ կոնցեպտներ, եթե կան, ապա, ո՞րն է այս առաջարկի առավելությունները, իսկ եթե չկան և սա միակն է, ապա առաջարկում եմ ներկայացնեք տեքստում։

Թաթուլ Ստեփանյան

26.02.2024

2020 թվականի ընդունված նույն խնդրին առընչվող ծրագրում ներկայացված էին այսպիսի ցուցանիշներ՝ <<2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան>>, խնդրում եմ մի քանի պարբերությամբ ներկայացնել, թե ինչպիսին է պատկերը սույն որոշման մեկնարկում։

See more