Add to favourites

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ  ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի հունիսի 29-ին և հուլիսի 23-ին կայացած խորհրդակցությունների համապատասխանա­բար N Վ/53-2021 արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի և N Վ/66-2021 արձանագրության 1-ին կետի 5-րդ ենթակետի  հանձնարարականն ապահովելու նպատակով մշակվել է «Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման» փորձնական ծրագրի նախագիծը:

Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված հանգամանքով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի Մեգանպատակ 10-ի (Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն), Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4. Գյուղատնտեսություն բաժնի 3-րդ (ինտենսիվ այգիների ավելացում), 3.3. Ջրային տնտեսություն բաժնի 8-րդ (ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդնում), 4.10 շրջակա միջավայրի պահպանություն բաժնի 5-րդ (ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը) պարբերությունների, ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության 26.1. (Առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները) կետի 2-րդ ենթակետի դրույթներին։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի 70 բնակավայրերի շուրջ 30 հազ. հա հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջարկ։ Ոռոգման նորմաները տարբեր տարածաշրջաններում 1.3-1.8 անգամ գերազանցում են նորմատիվային ջրապա­հան­ջարկը:

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերում նորմատիվային ջրապահանջարկից ավել մատակարարված ջրի համար ձևավորվում է հավելյալ հասույթ, որը ջրօգտագործողն հրաժարվում է վճարել, իսկ թերվճարումների արդյունքում ձևակերպված պարտքը տարիների ընթացքում դառնում է անհուսալի։

Մյուս կողմից՝ մատակարարված ջրի ողջ ծավալով գանձումների դեպքում, նշված հողերում երկրագործությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների համար, համե­մատած մյուս հողօգտագործողների հետ, կստեղծվեն անհավասար պայմաններ՝ կաճի գյուղատնտեսական մթերքի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին հողերի չմշակման պատճառ կհանդիսանա՝ հողօգտագործողին թողնելով առանց եկամտի, ապրուստի միջոցի:

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքների ոռոգման հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը ջրախնայողական համակարգերի կիրառումն է։ Ներկայումս, մակերեսային ոռոգման պայմաններում, փաստացի ոռոգվում է ողջ հողատարածքը, որի մեծ ջրաթափանցելիության և ջրգող օջախների առկայության պատճառներով էլ պայմանավորված են ջրի հսկայական կորուստները։ Կաթիլային ոռոգման դեպքում բույսի արմատային համակարգին տրվում է բացառապես վեգետացիայի համար անհրաժեշտ ջրաքանակը և այս դեպքում լրացուցիչ ջրի անհրաժեշտություն չի առաջանում։ Կերային և հացահատիկային մշակաբույսերի ոռոգման համար շատ արդյունավետ է անձրևացման համակարգերի կիրառումը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հողօգտագործողների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով 2009 թվականին ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվել է լրացուցիչ օգտագործված ջրի վարձավճարը։ Մասնավորապես, ընդառաջելով գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողօգտագործողների բողոքներին՝ ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի
11-ի «Ջրօգտագործողներին պետական աջակցության չափը և տրամադրման կարգը հաստատելու մասին›› N 660-Ն որոշմամբ գենորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության նպատակով ՋՕԸ-ներին վճարվել է` Կոտայքի մարզում` 7 031 762 դրամ, Արագածոտնի մարզում` 12 044 961 դրամ, Արմավիրի մարզում` 13 060 165 դրամ, Արարատի մարզում` 6 845 050 դրամ, ընդհանուր հաշվով` 38 981 938 դրամ։

Սակայն լրացուցիչ օգտագործված ջրի վարձավճարի պարբերաբար փոխհատուցումը հիմնախնդրի արդյունավետ լուծում համարել չի կարելի` հաշվի առնելով դրա համար պահանջվող զգալի ֆինանսական միջոցները, ինչպես նաև ոռոգման շրջանում ստեղծվող սակավաջրությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման հրամայականը:

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքների ոռոգման հիմնախնդրի ամենաարդյունավետ լուծումը, ինչպես վերը նշվեց, ջրախնայողական համակարգերի կիրառումն է:

Հաշվի առնելով ոռոգման արդիական համակարգերի առավելությունները մակերեսային ոռոգման նկատմամբ, հիմք ընդունելով համաշխարհային փորձը՝ կարելի է արձանագրել, որ ոռոգման արդիական համակարգերի զանգվածային ներդրումը հանրապետությունում ապահովելու է ինչպես քանակական (ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և էական խնայողություն, բերքատվության աճ, ոռոգելի հողատարածքների ավելացում և այլն), այնպես էլ որակական (բերքի որակի բարելավում, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմում, ոռոգման շրջանում լար­­­­վա­­­ծու­­թյան նվազում (վերացում), ջրի հաշվառման և կառավարման արդյունավետության բարձրացում, ջրօգտագործողի (ֆերմերի) ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության աճ և այլն) արդյունքներ։

2018 թվականից մինչև հիմա պետական աջակցության տարբեր գործիքներով խրախուսվում է ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, սակայն դրանց ներդրումը և տարածումը բավականին դանդաղ է ընթանում, մասնավորապես՝ 2018-2023 թվականներին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում հաստատվել է շուրջ 8000 հա-ի ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հայտ (ներառյալ ինտենսիվ այգիների հիմնումը):

Վերլուծության, ուսումնասիրության, հարցումների արդյունքում արձանագրվել է ծրագրի դանդաղ ընթացքի մի քանի հիմնական պատճառ՝ շահառուների իրազեկվածության դեռևս ցածր մակարդակ, վարկունակության խնդիր և այլն։ Արդեն իսկ ձեռնարկվել են ծրագրի խթանմանը միտված քայլեր՝ ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչի չափաքանակը սահմանվել է 50% (նախկինում սահմանված 16-18%-ի փոխարեն), ՀՀ կառավարության 14.10.2021թ. N 1695-Լ որոշմամբ հաստատվել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման» ծրագիրը։ Ձեռնարկված միջոցառումներն, իհարկե, որոշ չափով կխթանեն գործընթացը, սակայն հիմնական խոչընդոտը կայանում է նրանում, որ փոքր հողակտորների համար համակարգերի ներդրումը բավականին ծախսատար է. մոտեցնող խողովակը, ջրավազանը (անհրաժեշտության դեպքում), պոմպն ու ֆիլտրը, պարարտացման համակարգը և գլխամասային հանգույցի այլ սարքավորումները ոռոգման համակարգի ներդրման արժեքի առյուծի բաժինն են կազմում, և դրանց առկայության պարագայում հարակից հողակտորները մշակողները հնարավորություն կունենան շատ մատչելի գներով անցկացնել ներտնտեսային ցանցը՝ կաթոցիկներով խողովակներ, անձրևացման համակարգեր և այլն։

Որոշման նախագիծն իրականացվող քաղաքականությունում փոփոխություններ չի առաջացնում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ծրագրի իրականացման նպատակը գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքի չորս բնակավայրում մակերեսային ոռոգումից արդիական համակարգերով ոռոգմանն անցումն է։

Ծրագրով նախատեսվում է խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքում ստեղծել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ճնշումային փակ ցանցով կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի համար պիտանի՝ մաքուր ջուրը մոտեցնելով հողակտորներին:

Հատկանշական է պիլոտային ծրագրի իրականացման կարևորությունն ու անհրաժեշտությունը ոռոգման ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործման նպատակով արդիական համակարգերի ներդրման գործում. պիլոտային ծրագրի իրականացմամբ ոչ միայն լիովին կլուծվի խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող՝ Արարատ (Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ) և Մեծամոր (Ակնալիճ) համայնքների 2000 հա հողատարածքների ոռոգման խնդիրը, այլև այդ համայնքները, որպես ակնառու օրինակ, խթան կհանդիսանան այլ համայնքներում ու բնակավայրերում ոռոգման արդիական համակարգերին անցում կատարելու գործընթացներն արագացնելու համար։

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում
ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝

  • Էկոնոմիկայի նախարարություն՝ պայմանագրային արժեքի 90 տոկոսը.
  • շահառու համայնքներ՝ պայմանագրային արժեքի 10 տոկոսը:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից

  1. Ակնկալվող արդյունքը

Ոռոգման արդիական համակարգերի ներդրմամբ` գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքում ոռոգման հիմնախնդրի վերջնական լուծում, ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործում, ոռոգման ջրի կորուստների կրճատում, բերքատվության աճ և բերքի որակի բարելավում, գյուղատնտեսության ոլորտում աշխատող բնակչության եկամուտների ավելացում, գյուղական աղքատության մակարդակի կրճատում, մշակվող հողատարածքների արդյունավետ օգտագործում և ընդլայնում, միկրոոռոգման  տեխնոլոգիաների տարածում գյուղացիական տնտեսություններում, Սևանա լճից ջրառի նվազեցում, թանկ մեխանիկական ջրի օգտագործման արդյունավետության բարձրա­ցում, էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում մինչև 25%:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի նախագծողի կողմից իրականացված աշխատանքների ամբողջական ֆինանսավորման գումարի և կապալառուի կողմից իրականացված աշխատանքների ընդհանուր ֆինանսավորման գումարի 90 տոկոսը, որը հնարավոր կլինի հաշվարկել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրերի կնքման արդյունքում։ Ծրագիրը կիրականացվի պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսելու դեպքում։

 

  • Discussed

    04.01.2024 - 24.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1610

Print