Add to favourites

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
  • «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածը «վարչական պաշտոն» հասկացությունը սահմանվել է որպես հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոններն են, ի թիվս այլնի, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնները:

««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Ծառայությունն ընդգրկվել է վարչապետին ենթակա մարմինների թվում:

Մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունները Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական ծառայության պաշտոններ էին: Սակայն ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 30-ի ՀՕ-610-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածով լրացված 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով սահմանվել է, որ Ծառայության պետը զինվորական ծառայության պաշտոն չէ, ծառայությունում նախատեսվել են Ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ:

Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնները պետական վարչական պաշտոններն են, իսկ Ծառայության պետի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոն է:

  • Բացի այդ, Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների համար չի սահմանվել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հնարավորություն: Մինչդեռ Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ Ծառայության պետը, ինչպես նաև՝ պետի տեղակալները և այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում են պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ։
  • Օրենքի 16-րդ հոդվածով լրացված 16.3-րդ հոդվածը սահմանել է, որ Ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների՝ պաշտոնի նշանակման, տեղափոխման և պաշտոնից ազատման, կոչումների շնորհման և զրկման, իջեցման ու վերականգնման, արձակուրդի և ծառայության հետ կապված մի շարք այլ հարաբերությունները կարգավորվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, որի համաձայն՝ ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ կարգավորելու լիազորությամբ օժտված է պետական լիազոր մարմնի ղեկավարը: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը ազգային անվտանգության ծառայության ղեկավարն է: Միևնույն ժամանակ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում բացակայում են ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ կարգավորելու Ծառայության պետին լիազորող նորմեր, ուստի, ՀՀ Սահմանադրության առանցքային դրույթներից մեկի պահանջն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Ծառայության պետին վերապահել ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություն:
  • Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Ծառայությունում ներդրվել է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ: Համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակման ժամանակ ի հայտ են եկել որոշ բացեր: Այսպես, օրենքում տարբերակված չեն Ծառայությունում ծառայության ընդունվող (առաջին անգամ պաշտոնի նշանակվող) և ծառայության որոշակի փորձ ունեցող ծառայողների ատեստավորման ժամկետները: Բացի այդ, օրենքով կարգավորված չեն կադրերի տրամադրության տակ գտնվող, ինչպես նաև պաշտոնավարումը կասեցված և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողների ատեստավորման և հավելավճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 17.1-ին հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո կարող են դիմել Ծառայության ծառայողների պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները: Սակայն հոդվածը չի սահմանում, թե նշանակումից որքան ժամանակ անց հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար կարող են դիմել առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 03.10.2023թ. №986-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում հավելավճարի վճարման դադարեցմանը հանգեցնող ցածր պաշտոնի նշանակված ծառայողները:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավելավճար հաշվարկելու համար ատեստավորված և հավասար կամ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներին հավելավճարի վճարումը շարունակելու հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, կարգավորված չեն հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկությունները:

  • Օրենքով կարգավորված չեն հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար, անհետաձգելի դեպքերում Ծառայության կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներն օգտագործելու հետ կապված փոխհարաբերությունները, մինչդեռ նման կարգավորումներ առկա են «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներով:
  • Օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ կետով՝ ընդունումից ի վեր, Ծառայությանն իրավունք է վերապահվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցել: Հարկ է նշել, որ Ծառայությունը դեռևս պայմանագրային հիմունքներով ծառայություններ չի մատուցում, իսկ միջազգային փորձի ուսումնասիրումը ցույց է տվել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող օտարեկրյա նմանատիպ ծառայությունները պայմանագրային հիմունքներով ծառայություններ չեն մատուցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենքի վերոհիշյալ դրույթը։
  • Օրենքում բացակայում է նաև Ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթ, որն առկա է պետական ծառայության համակարգում ընդհանրապես և զինվորական ծառայություն իրականացնող մարմիններում մասնավորապես։
  • Մինչև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացումը Ծառայության ծառայողները և նրանց ընտանիքի անդամները ապահովվում էին բժշկական օգնությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում: Առանձնացումից հետո բաց է մնացել Ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցը, որը հրատապ կարգավորման կարիք ունի, քանի որ Ծառայությունը չունի ոչ միայն անհրաժեշտ քանակի և մասնագիտությունների բժշկական անձնակազմով համալրված ստորաբաժանում, այլ նաև համապատասխան բժշկական սարքավորումներով հագեցած շենքային պայմաններ։
  • Օրենքի 16.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքով` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման: Մինչև ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 23-ի ՀՕ-40-Ն օրենքի ուժի մեջ մտնելը նույն օրենքի 28-րդ հոդվածը կարգավորում էր ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները: 2023 թվականի մայիսի 13-ից ուժի մեջ մտած նույն 28-րդ հոդվածի նոր խմբագրությունը կարգավորում է ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար հավելավճար հաշվարկելու, իսկ 19-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ավագ և միջին խմբի պաշտոններում առաջխաղացման հետ կապված իրավահարաբերությունները: Արդյունքում՝ Օրենքում առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված չեն, ինչը կաթվածահար է անում ծառայությունում առաջխաղացման գործընթացը:
  • Գործող կարգավորումների համաձայն Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում (…) կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք (…) մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն: Մինչդեռ, մեր կարծիքով ավագ խմբի որևէ պաշտոնում մեկ տարվա փորձը բավական է գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու հավակնորդի համար՝ այդ ընթացքում ղեկավարման հմտությունների բարձրացման տեսանկյունից:
  • Օրենքի 16.1-ին հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ ծառայության պետը, կախված ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերից (ենթախմբերից), սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները, իսկ նույն հոդվածի 8-րդ կետը սահմանում է, որ ծառայության ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները սահմանում է վարչապետը: Սույն կետերի դրույթների տարընկալումներից և տարընթերցումներից խուսափելու, ինչպես նաև դրանց իրավական հստակություն հաղորդելու համար անհրաժեշտություն է առաջացել դրանք լրամշակել:
  • Ծառայության ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների մակարդակը բարձրացնելու, պարբերաբար վերապատրաստումներ անցկացնելու, ինչպես նաև առաջին անգամ ծառայության անցած ծառայողներին մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցկացնելու նպատակով կարևորում ենք Ծառայության համակարգում ուսումնական հաստատության (ուսումնական կենտրոնի) առկայության անհրաժեշտությունը:
  • «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի (այսուհետ՝ Կանոնագիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դրա գործողությունը տարածվում է ՀՀ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:

Միևնույն ժամանակ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են, իսկ 16.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նշված օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով (…):

Ուստի, Ծառայության, որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմին, ստեղծմամբ պայմանավորված, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Կանոնագրքում։

  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը։ 

Ծառայությունում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ պայմանագիր չի կնքվում, վերջիններս անցնում են ծառայության ՀՀ ՊՊԾ պետի հրամանով։

ՀՀ ԱԱԾ-ում ծառայության են անցնում ինչպես պայմանագրի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանի, այնպես էլ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանի հիման վրա։

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու պայմանագրային զինվորական ծառայության հասկացությունը՝ հնարավոր տարընթերցումներից և տարընկալումներից խուսափելու նպատակով։

  • «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված են պետական ծառայության տեսակները, որտեղ Ծառայությունն ընդգրկված չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել նշված օրենքում։
  • «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են պետական կառավարման համակարգի այն մարմինների ծառայողները և պաշտոնատար անձինք, որոնք ծառայության կարող են ընդունվել Արտաքին հետախուզության ծառայությունում՝ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

Նշված օրենքի ընդունման պահին՝ 23․12․2022թ․, Ծառայությունը գտնվում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում, ուստի օբյեկտիվ պատճառներով ներառված չէր նշված օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում։

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Ծառայության թափուր պաշտոնի համալրումը նաև Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներով, ուստի «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում կատարվող լրացումը պայմանավորված է վերը նշված հանգամանքներով։

  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնց զինծառայողների վրա վարչական իրավախախտումներ կատարելու համար տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը: Մինչդեռ Ծառայությունն ընդգրկված չէ այդ մարմինների թվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել նշված օրենսգրքում։
  • «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, օրենքի գործողությունը չի տարածվում պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Մինչև Ծառայության առանձնանալը վերոնշյալ կարգավորումը տաածվում էր նաև Ծառայության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Սակայն առանձնացումից հետո այդ հարցը բաց է մնացել:
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով՝

  • առաջարկվում է սահմանել Ծառայության պետի տեղակալի միայն ոչ զինվորական ծառայության՝ պետական վարչական պաշտոններ, ինչի արդյունքում կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջը.
  • հաշվի առնելով, որ Ծառայությունը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն, պետական ռազմականացված կազմակերպություն է, ինչպես նաև Ծառայությունում ծառայության մի շարք առանձնահատկություններով պայմանավորված, առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել Ծառայության պետին և պետի տեղակալների՝ ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորությունը, ինչպես նաև զենքով և ռազմամթերքով ապահովման հետ կապված իրավահարաբերությունները.
  • Ծառայության պետին Օրենքով կվերապահվեն Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություններ (Նախագծի 1-ին հոդված, 4-րդ հոդվածի 2-րդ մաս, 5-րդ հոդված, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 8-րդ մաս, 8-րդ հոդվածի 2-րդ մաս).
  • նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 17․1-ին հոդվածը հնարավորինս համապարփակ կկարգավորի հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու հարաբերությունները, որոնց բացերն առկա են գործող օրենքի 17․1-ին հոդվածի խմբագրությամբ: Բացի այդ, հաշվի առնելով, որ օրենքը լիազորում է ՀՀ վարչապետին սահմանելու ատեստավորման կարգը, նախագծով առաջարկվում է հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև առա­ջին հերթին գաղտ­նիու­թյան ռեժիմի պահ­­պանման անհրա­ժեշ­տու­թյամբ, ծառայության պետին լիազորել սահմանելու ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ.
  • առաջարկվում է Ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաև ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.
  • ուժը կորցրած կճանաչվի Օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ կետը՝ այն կիրառելի չլինելու հիմքով.
  • առաջարկվում է Ծառայությունում ներդնել ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթ, ինչը կբարձրացնի վերջիններիս պատասխանատվությունը զինվորական պատքի և պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցությունը.
  • առաջարկվում է Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացնել ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել որակյալ բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում.
  • առաջարկվում է ավագ, միջին և կրտսեր խմբի ծառայողների առաջխաղացումն ծառայության համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայության պետին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, ինչպես նաև նվազեցնել գլխավոր խմբի պաշտոնում նշանակվելու համար ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետը, այն երեք տարուց դարձնել մեկ տարի.
  • առաջարկվում է նաև հստակեցնել Ծառայությունում զինվորական ծառայության պաշտոնների խմբերի (ենթախմբերի) կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները որոշելու ՀՀ վարչապետի և Ծառայության պետի լիազորությունը.
  • առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել Ծառայության համակարգում ուսումնական հաստատության (ուսումնական կենտրոնի) ստեղծման մասին դրույթներ.
  • առաջարկվում է Կանոնագրքի գործողությունը տարածել նաև Ծառայության վրա: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Ծառայության պետի ու տեղակալների մի մասի պաշտոնները արդեն իսկ հանրային պաշտոններ են, Ծծառայության պետի զինվորական ծառայության պաշտոնի փոխարեն սահմանվելու է հանրային պաշտոն, իսկ Ծառայության մյուս ծառայողները զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք են, Ծառայության առաքելության, գործառույթների և նպատակների պատշաճ կյանքի կոչումն ապահովելու համար ամհրաժեշտ է հստակեցնել նաև Ծառայության պետի և տեղակալների կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը՝ համապատասխան լրացում կատարելով Կանոնագրքում․
  • առաջարկվում է հստակեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում օգտագործվող պայմանագրային զինվորական ծառայության հասկացությունը․
  • առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում համապատասխան լրացում կատարելու միջոցով Ծառայությունում իրականացվող ծառայությունը ընդգրկել պետական ծառայության տեսակների մեջ․
  • առաջարկվում է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով Արտաքին հետախուզության ծառայության թափուր պաշտոնները համալրել նաև Ծառայության ծառայողներով։
  • առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում համապատասխան լրացում կատարելու միջոցով Ծառայությունն ընդգրկել այն մարմինների թվում, որոնց զինծառայողների վրա վարչական իրավախախտումներ կատարելու համար տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը:
  • առաջարկվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի դրույթները չտարածել Ծառայության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:
  1. Ակնկալվող արդյունքը.

        Նախագծի ընդունմամբ՝

  • կսահմանվեն Ծառայության պետի տեղակալի միայն ոչ զինվորական ծառայության՝ պետական վարչական պաշտոններ.
  • կկանոնակարգվեն Ծառայության պետին և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները.
  • կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայությունում ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ և կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիազորող նորմերը իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջը.
  • կխմաբագրվեն ծառայողների հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման դրույթները.
  • Օրենքով նախանշված պայմանի առկայությամբ Ծառայության ծառայողներին իրավունք կվերապահվի վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաև ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:
  • ուժը կորցրած կճանաչվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ կետը՝ այն կիրառելի չլինելու հիմքով․
  • ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթի ներդրմամբ կբարձրանա վերջիններիս պատասխանատվությունը ծառայության նկատմամբ.
  • կկարգավորվեն Ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները.
  • Ծառայության ծառայողների առաջխաղացումը կիրականացվի ծառայության համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայության պետին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման՝ ատեստավորման արդյունքների հիման վրա կատարելու փոխարեն, ինչն էլ իր հերթին կբերի վարչական ռեսուրսի խնայողության.
  • կհստակեցվեն Ծառայությունում զինվորական ծառայության պաշտոնների խմբերի (ենթախմբերի) կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները որոշելու ՀՀ վարչապետի և Ծառայության պետի լիազորությունը.
  • Ծառայությունում ուսումնական հաստատության (ուսումնական կենտրոնի) ստեղծմամբ պարբերաբար վերապատրաստումների արդյունքում կբարձրանա մասնագիտական գիտելիքների և հմտությունների մակարդակը.
  • Կանոնագրքի գործողությունը կտարածվի նաև Ծառայության վրա․
  • կհստակեցվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում օգտագործվող պայմանագրային զինվորական ծառայության հասկացությունը․
  • Ծառայությունում իրականացվող ծառայությունը կընդգրկվի պետական ծառայության տեսակների մեջ․
  • Արտաքին հետախուզության ծառայության թափուր պաշտոնները կհամալրվեն նաև Ծառայության ծառայողներով։
  • Ծառայության զինծառայողների վրա վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում կտարածվի կարգապահական կանոնագրքերի գործողությունը:
  • «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի դրույթները չեն տարածվի Ծառայության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված՝ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքի կառավարման վրա:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Discussed

    18.12.2023 - 03.01.2024

  • Type

    Law

  • Area

    Healthcare, Security, Social welfare, Transport, Public service

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1632

Print