Add to favourites

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1․ 8-րդ կետից հանել «և կենդանիների» բառերը.

2․ 15-րդ կետից հանել «(կարանտին օբյեկտ)՝ ցանկացած բույս, բուսական արտադրանք» բառերը.

3․ 25-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոց» բառերը․

  1. Ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը։

 

 

Հոդված 2Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերով․

«29) ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանական ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.

30) արտադրող`  անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն, պատասխանատվություն է կրում արտադրանքի՝ սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանության համար և ապրանքները թողարկում է իր ապրանքային նշանով՝ դրանց գովազդի, վաճառքի կամ որևէ այլ կերպ իրացման նպատակով.

31) արտադրական տարածք՝ արտադրողին սեփականության իրավունքով չպատկանող արտադրամաս/տարածք,  որտեղ արտադրողի պատվերով, պայմանագրային հիմունքներով և վերջինիս հսկողության ներքո իրականացվում է ապրանքների տեխնիկական արտադրություն, իսկ արտադրված ապրանքի գովազդի, վաճառքի կամ որևէ այլ կերպ իրացման իրավունքը և սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանության համար պատասխանատվությունը կրում է արտադրողը․

32) առևտրային անվանում` պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը անցնում է գրանցման փորձաքննությունը, գրանցվում, մակնշվում, գովազդվում և օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ պարունակող այլ պեստիցիդներից և ագրոքիմիկատներից տարբերվող դարձնելու նպատակով․»։

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի`

  1. «ա․» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 «ա․ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների՝ առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում,  պատրաստուկային ձևը, արտադրողը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, իրավաբանական հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք, ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք,»․

2․ «գ», «զ», «է», «ը», «թ» ենթակետերը լրացնել հետևյալ բառերով «, բացառությամբ սույն մասի 1․1-ին կետով սահմանված ագրոքիմիկատների գրանցման»․

3․ Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով՝

«1․1) սույն մասի 1-ին կետի «գ», «զ», «է», «ը», «թ» ենթակետերով սահմանված պահանջները չեն տարածվում գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցման վրա․»․ 

4․ 2-րդ կետում «պահանջվում է նաև» բառերը փոխարինել «բացի սույն մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից, պահանջվում է նաև՝» բառերով,

5․ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «3) օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար բացի սույն մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից՝ դրանք այլ երկրում գրանցված լինելու դեպքում պահանջվում են նաև գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում։»։

 

Հոդված 4․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12․1-ին հոդվածով․

 

«Հոդված 12․1․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրողի, ներմուծողի, փոխադրողի և իրացնողի   պարտականությունները

 

 1․ Հայաստանի Հանրապետությունում արտադրողը պարտավոր է՝

  • ապահովել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան․
  • դադարեցնել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունն ու իրացումը, եթե դրանց անվտանգ օգտագործումը հնարավոր չի լինում ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման, տեղափոխման, պահպանման մասին հրահանգների կատարման կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման սահմանափակումների կիրառման դեպքերում:

2․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ կամ ագրոքիմիկատներ ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝

1) ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման գործընթացը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան․

2) չխոչընդոտել պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման գործընթացում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվող փորձաքննության աշխատանքներին։

3․ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են փոխադրել և իրացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։»։

 

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

  

 

  • Discussed

    04.12.2023 - 19.12.2023

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2076

Print

Suggestions

"Ագրո Մաստեր" ՍՊԸ

18.12.2023

3-րդ հոդվածի 1-ին մասի Ենթակետ 29՝ !!!Ազդող նյութը կարող է լինել նաև քիմիական!!! 3-րդ հոդվածի 1-ին մասի Ենթակետ 30՝Բույսերի պաշտպանության այլ միջոցներ էլ գոյություն ունեն՝ պատվաստանյութ, օրինակ։ Արտադրության տակ պետք է հասկանալ «разработка» և գտնել համապատասխան հայերեն տերմինը։ Ապրանքային նշանի նկատմամբ գրանցված իրավունքները ևս կարող են պատկանել 3-րդ անձի, իսկ արտադրողն այն օգտագործի քաղաքացիարիվական հարաբերությունների շրջանակում։ Հոլդինգների դեպքում, օրինակ, և այլն։ Կարող է նաև պատկանել, իրականում։ Կարող է դուստր ընկերություն լինել և այլն․․․․ 3-րդ հոդվածի 1-ին մասի Ենթակետ 31՝ Ոչ միայն պայմանագրային հիմունքներով, ընդհանրացված ասում են պարտավորական իրավահարաբերություններ։ Իրականում, նպատակահարմար է էլ ավելի ընդհանրացված տերմին օգտագործել՝ քաղաքացիաիրավական հարաբերություններ։ Կարող է նաև առանց արտադրողի ֆիզիկապես հսկողության, բայց վերջինիս կողմից վերջնական արդյունքի նկատմամբ տրված չափանիշներին համապատասխանությունը ստուգելու միջոցով արտադրվի։ 31-րդ կետը 30-րդ կետում, արդեն իսկ շարադրված մտքի կրկնություն է։ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ենթակետ "ա"՝ Եթե վերևում նշում ենք, որ արտադրող կարող է լինել միայն ԱՁ, այստեղ նշված է ֆիզիկական անձ, առնվազն պետք է լինի ԱՁ կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձ։ Ֆիզիկական անձի տվյալները կարող են տարբերվել նրա՝ որպես ԱՁ կարգավիճակ ունեցողի, տվյալներից։ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ենթակետ 2՝ Միգուցե՞ պեստիցիդների և ագրոքիմիկատների։ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ենթակետ 3՝ Գրանցող երկրի անվանացանկում, թե՞ մեկ այլ երկրի․․․․

"Ագրո Մաստեր" ՍՊԸ

18.12.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ՀՀ, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 «Ագրո Մաստեր» ՍՊԸ Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 270/1 ՀՀ, ք․ Երևան 18 դեկտեմբերի 2023թ․ Մեծարգո պարոն նախարար, Ամփոփելով «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) քննարկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2023թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած նիստը՝ ներկայացնում ենք դիտարկումները և առաջարկությունները. I. Նախագծում «արտադրող» և «արտադրական տարածք» տերմինների հետ միասին ավելացնել «գրանցող» տերմինը և տալ դրա պարզաբանումը: Հաշվի առնելով, որ խոշոր արտադրողները սովորաբար ունենում են բարդ կորպորատիվ կառուցվածք, և գրանցումները կարող են կատարվել հատուկ այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումների կողմից, նպատակահարմար է օրենքում ավելացնել հետևյալ տերմինը. Գրանցող (Ռեգիստրանտ)` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով արտադրողի անունից և ի շահ արտադրողի ներկայացրել է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների պետական գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական գրանցման ընթացակարգին համապատասխան պեստիցիդների կամ ագրոքիմիկատների պետական գրանցումը և վերջինիս հիման վրա գրանցման վկայականը ստանալու նպատակով: Ինչպես նաև տալ պարզաբանում, թե քանի արտադրական տարածք կարող է նշվել միաժամանակ մեկ ապրանքի համար: II. Նախագծում տա՛լ «փաստացի հասցե» տերմինի պարզաբանումը (որպես՝ արտադրող երկիր): Նախագծում առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը խմբագրել և Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջում է Արտադրողի մասին տեղեկատվություն, մասնավորապես՝ (իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, իրավաբանական հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք, ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք»: Տալ մեկնաբանում փաստացի հասցե տերմինին, որպես արտադրման երկիր: III. 2022 թվականի նոյեմբերի 28-ի ՍԱՏՄ Ղեկավարի՝ «ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 3763-Ա հրամանը համարե՛լ անվավեր և կատարե՛լ փոփոխություն անվանացանկում՝ «արտադրող երկիրը, արտադրող կազմակերպության անվանումը» բառակապակցությունը փոխարինե՛լ օրենքի մեջ կիրարվելիք «գրանցող», կամ «արտադրող», կամ «արտադրական տարածք» տերմիններով: 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՍԱՏՄ Ղեկավարը հաստատել է «ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 3763-Ա հրամանը, որի առկա, բայց դատարկ սյունակներից մեկում ավելացվել է «արտադրող երկիրը, արտադրող կազմակերպության անվանումը» բառակապակցությունը: Ընդ որում, գրանցման հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու համար Օրենքում չկա և երբևէ չի եղել պահանջ «արտադրող երկրի» մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Այսպիսով՝ սյունակներից մեկում ավելացված բառակապակցութոյւնը չի արտացոլում որևէ օրենքի պահանջ, ուստի կամայական է: Ավելին, հակաօրինական է ՍԱՏՄ-ի կողմից ներկրման վերաբերյալ դրական եզրակացություն չտրամադրելը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներկրվող պեստիցիդի կամ ագրոքիմիկատի որակի և ծագման հավաստագրում նշված ծագման երկիրը չի համապատասխանում անվանացանկում նշված «արտադրող երկրին», քանի որ օրենքը չի պահանջում նման համապատասխանության առկայությունը: IV. Նախագծում ավելացնե՛լ գրանցման մեջ փոփոխություն կատարելու և վերագրանցման պարզեցված ընթացակարգ կիրառելու հնարավորություն, որի հիման վրա գրանցման վկայականում փոփոխություններ կատարելու հնարավորություն: Հաշվի առնելով 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՍԱՏՄ Ղեկավարի հրամանից եկած տերմինաբանական խառնաշփոթը, որի արդյունքւմ 2022-2023թթ.-ի ընթացքում ՍԱՏՄ-ն իրարամերժ մեկնաբանություններ է տվել Օրենքի դրույթների վերաբերյալ, և դրանց արդյունքում կատարված սխալ գրանցումների ծավալը, ՍԱՏՄ-ն պետք է տա հնարավորություն սխալ մեկնաբանության արդյունքում կատարված սխալ գրանցումներում փոփոխություն կատարելու կամ դրանք պարզեցված և արագացված ընթացակարգով վերագրանցելու: V. Համապատասխանեցնե՛լ գրանցման վկայականում նշվող տեղեկատվությունը Օրենքի և Նախագծի պահանջներին: Մասնավորապես՝ գրանցման վկայականում նշել «արտադրող» և «արտադրական տարածք», որը գրանցման պահանջ է համաձայն նախագծի: Վրաստանի Հանրապետության օրինակով ավելացնել 3 տող՝ Արտադրող, Արտադրական տարածք, Ռեգիստրանտ (գրանցման վկայականի օրինակը կցվում է): VI. Առանձնացնե՛լ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու պահանջները (օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում և թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայություն): Օրենքի 6-րդ հոդված 5-րդ մասը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար ներկայացնում է միանման պահանջներ, մինչդեռ այնպիսի պահանջներն, ինչպիսիք են սպասման ժամկետները, թունունակությունը, ազդեցությունը վերարտադրողականության վրա, և որոշ այլ հատկություններ կիրառելի չեն պարարտանյութերի նկատմամբ։ Ի տարբերություն պեստիցիդների՝ ագրոքիմիկատների համար չպահանջել օժանդակ նյութերը և թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը: VII. Հստակեցնե՛լ ՀՀ-ում տրված թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի կիրառումը: Եվրոպական և աշխարհի երկրների մեծամասնությունը հրաժարվել է թունաբանահիգիենիկ գնահատուման ընթացակարգից և այն հավաստող փաստաթղթի պահանջից: VIII. Հստակեցնել կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու առանձնակի պահանջները (օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայություն)՝ հաշվի առնելով այդպիսի ապրանքների բաղադրությունը (պարունակությունը): Կենսաբանական պեստիցիդների և պարարտանյութերի համար չպահանջել օժանդակ նյութերը, թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը՝ հաշվի առնելով բաղադրությունը (պարունակությունը): Նշված ապրանքների առանձնահատկություններից է այն, որ իրենց բնույթով պայմանավորված չեն կարող պարունակել թունավոր ազդող նյութեր: Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «թ» կետի համաձայն և՛ պեստիցիդների, և՛ ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթ (հաշվետվություն): Կենսաբանական պեստիցիդների պարագայում արտադրող երկների (բացառությամբ ԵԱՏՄ երկրների) օրենսդրությամբ թունաբանահիգիենիկ գնահատում չի պահանջվում, որի պատճառով տնտեսվարողները հնարավորություն չունեն ներկայացնելու այդ երկրներում իրականացված փորձարկման արդյունքներ ՍԱՏՄ-ին, ինչը խանգարում է կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների ճյուղի զարգացման: Վերջին հանգամանքն էլ խոչընդոտում է ՀՀ-ում զարգացող բիոպայքարի ճյուղերից մեկըին՝ օգտակար միջատներով պայքարին, որը պակասեցնում է թունաքիմիկատների քանակի կիրառումը, սակայն այն իր հերթին պարտադրում է յուրահատուկ թունաքիմիկատների օգտագործումը, մասնավորապես այնպիսի պեստիցիդների, որոնք աշխատելով վնասատռուի դեմ միաժամանակ չեն վնասում օգտակար միջատների պոպուլացիան: Տվյալ դասի պեստիցիդները նույն վերոնշյալ պատճառներով զրկված են գրանցված և ներմուծված լինելու հնարավորությունից: IX. Հստակեցնել կենսաբանական պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու առանձնակի պահանջները (յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում): Հստակեցնել լաբորատոր պահանջները կենսաբանական ծագման պեստիցիդների և պարարտանյութերի ներմուծման գործընթացում։ Հաշվի առնելով ՀՀ լաբորատորիաների փաստացի տեխնիկական սպառազինվածությունը և հնարավոր հետազոտությունների շրջանակը, Կենսաբանական պեստիցիդների և պարարտանյութերի համար չպահանջել յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, այլ պահանջել միջակայք՝ նվազագույն և առավելագույն քանակները նշելով, ինչպես դա արված է, օրինակ, Ուկրաինայի Հանրապետությունում (գրանցման վկայականի օրինակը կցվում է): Ներմուծման ժամանակ որպես հիմք ընդունել արտադրողի կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքները: X. Օրենքում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացվող պահանջները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, ինչպես նաև հիմնական արտադրող երկրներում արկա և արդիական շրջանառվող փաստաթղթերին և դրանց ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքները, գրանցման վկայականները: XI. Ընդգրկե՛լ Չինաստանն ու Հնդկաստանը այն երկրների ցանկում, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են ՀՀ-ում պեստիցիդների եվ ագրոքիմիկատների գրանցման համար, քանի որ և Չնաստանը և Հնդկաստանը հանդիսանում են աշխարում պեստիցիդներ արտադրող առաջատար երկրներից: Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն՝ գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում է պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի (հաշվետվության) առկայությունը: 29.10.2015թ.-ին ՀՀ կառավարությունը ընդունել է N 1266 որոշումը «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են ՀՀ-ում պեստիցիդների եվ ագրոքիմիկատների գրանցման համար», սակայն Չինաստանը և Հնդկաստանը չեն ներառվել վերոնշյալ որոշման հավելվածում։ XII. Առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված գրանցման 5 (հինգ) տարի ժամկետը փոխարինել առնվազն 10 (տասը) տարի ժամկետով։ XIII. Պահանջում ենք Նախագծում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման ընթացքում ՍԱՏՄ-ին ներկայացվող և առևտրային գաղտնիք պարունակող խիստ կոնֆիդենցիալ փաստաթղթերի գաղտնիությունը ապահովելու մասին հոդված ավելացնել: XIV. Ցանկացած օրենսդրական կարգավորում կամ փոփոխություն ձեռնարկել ոլորտի յուրահատյությունները ուսումնասիրելով և գնահատելով նման փոփոխությունների ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շահերը, գյուղատնտեսների կարիքները և առաջարկները: «Ագրո Մաստեր» ՍՊԸ Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից

Agrimatco

18.12.2023

Նախագծում ավելացնե՛լ վերագրանցման և գրանցման վկայականում փոփոխություններ կատարելու հնարավորություն

See more