Add to favourites

Under development

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

-------- դեկտեմբեր  2023  թվականի N    -Ն

 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի  N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետը, 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) չափորոշիչները, հատուցման կարգը և պայմանները՝ համաձայն Հավելվածի։
  2. Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1007-Ն որոշման
  • նախաբանից հանել «12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետը» բառերը․
  • 3-րդ կետը և N 2 հավելվածը ճանաչել ուժը կորցրած․
  • 4-րդ կետի «NN 1 և 2 հավելվածներով» բառերը փոխարինել «N1 հավելվածով» բառերով, իսկ «N 1 կամ N 2 հավելվածներով» բառերը փոխարինել՝ «N1 հավելվածով» բառերով։
  1. Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշման N 2 Հավելվածով նշանակված հատուցումը շարունակվում է վճարվել և դրա հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն որոշման հավելվածով սահմանված կարգով։ Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի  N 1007-Ն որոշման N 2 հավելվածով և սույն որոշմամբ սահմանված վարձավճարի հատուցման վճարման ընդհանուր ժամկետը կազմում է 3 տարի։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու,սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար 3 անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվող և վճարվող բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման գումարը։»։

  1. Եթե անձը (ընտանիքը) հանդիսացել է
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման շահառու և ստացել է հատոցում նշված որոշմամբ սահմանված կարգով, ապա չի կարող դիմել սույն կարգով սահմանված կարգով վարձավճարի հատուցում ստանալու նպատակով, բացառությամբ եթե հատուցման վճարման դադարեցումից հետո անցել է առնվազն երեք տարի․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման շրջանակներում շահառու և վճարումը դադարեցվել է նշված որոշումն ուժը կորցրած ճանաչելու հիմքով, ապա կարող է դիմել սույն որոշմամբ սահմանված կարգով հատուցում ստանալու համար՝ վեց ամսից պակաս ժամկետի համար (Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման և սույն որոշման շրջանակներում հատուցում ստանալու ամիսների առավելագույն թիվը կազմում է մինչև 6 ամիս)։
  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ ապահովել  բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման տեղեկատվական ենթահամակարգի ստեղծումը։

  1. Արդարադատության նախարարին, ներքին գործերի նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին, կադաստրի կոմիտեի ղեկավարին, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝
  • որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։
  1. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի   ———N       - Ն որոշման

 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
  2. Բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման (այսուհետ՝ Հատուցում) իրավունք ունի՝
  • հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձը (ընտանիքը).
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 15-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 2 հավելվածով սահմանված կարգով արտահերթ տեղավորման ենթակա անձը (ընտանիքը), որն ազատ կացարանի բացակայության պատճառով, արտահերթ տեղավորման մասին որոշումը կայացնելուց հետո ազատ կացարանի կամ իր համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կացարանի բացակայության հիմքով յոթ աշխատանքային օրվա ընթացքում դեռևս չի տեղավորվել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի հերթացուցակից դուրս գալու և պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով կացարան ստանալու իր իրավունքը կորցնելու պայմանով․
  • Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրսգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մանկատան շրջանավարտները․
  • Որոշման N 1 կամ N 2 հավելվածներով նշված անձին (ընտանիքին), ում հետ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է ժամկետից շուտ՝ ընտանիքի՝ նշված հավելվածներով սահմանված սոցիալական խմբի (կարգավիճակի) կորցնելու դեպքում։ Սույն կետով նախատեսված դեպքում Հատուցումը տրամադրվում է այն անձին (ընտանիքին), ով կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելուց հետո սահմանված ժամկետում դուրս է եկել կացարանից․
  • Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը (ընտանիքը)։
  1. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքների) թվին են դասվում՝
  • ռազմական դրության կամ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նրա ընտանիքը.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի հետևանքով տեղահանված անձը կամ ընտանիքը.
  • Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք․
  • անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակում հայտնված անձը կամ ընտանիքը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձն ենթարկվել է ընտանիքում բռնության, որի դեպքում ուղղորդվում է «Ընտանիքումբռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված ապաստարան։
  1. Սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձին (ընտանիքին) Հատուցում վճարվում է, եթե
    • դիմումը ներկայացնելու պահին անձը (ընտանիքը) Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն), որը տվյալ պահին բնակվելու համար ոչ պիտանի է կամ վտանգավոր է անձի կյանքի կամ առողջության համար, և
    • սույն կարգի 2-րդ կետում նշված տեղահանումից կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակից հետո չի անցել վեց ամիս, և
    • դասվում է հետևյալ սոցիալական խմբերից որևէ մեկին.

ա. ընտանիքը բաղկացած է միայնակ կենսաթոշակառուից կամ միայն միայնակ կենսաթոշակառուներից, կամ

բ. միածնող ընտանիք է, ով խնամում է առնվազն մինչև վեց տարեկան կամ առնվազն հաշմանդամություն ունեցող մեկ երեխայի, կամ

գ. ընտանիքը բաղկացած է մեկ աշխատունակ անձից և առնվազն մեկ խնամառուից, կամ

դ. ընտանիքը բաղկացած է միայն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող ծնողներից (ծնողից), որը խնամում է  առնվազն մեկ երեխա։

  1. Սույն Կարգի 1-ի կետի 3-րդ ենթակետում նշված անձին (ընտանիքին) Հատուցում վճարվում է, եթե
  • մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրսգրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (այսուհետ՝ մանկատանը), և
  • 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել հանրակրությունն ավարտելուց հետո, և
  • Հայաստանի Հանրապետության տարածքում չունի սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և
  • դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում չի օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը, և
  • նրան չի հատկացվել բնակելի տարածություն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ Որոշմամբ սահմանված կարգով, և
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և
  • դիմելու պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
  1. Սույն Կարգի 1-ի կետի 5-րդ ենթակետում նշված անձին (ընտանիքին) Հատուցում վճարվում է, եթե
    • փախստական է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում, և
    • չունի սեփականության իրավունքով բնակելի տարածություն և վերջին տասը տարում չի օտարել բնակելի տարածություն ՀՀ-ում, և
    • հաշվառված է ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է 0-ից, և
    • ստանալու պահին ընդգրկված չէ կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում:
  2. Սույն կարգի իմաստով
  • անձը համարվում է միայնակ կենսաթոշակառու, եթե հանդիսանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացող կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության կենսաթոշակ (բացառությամբ երրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության միջին կամ թեթև սահմանափակում ունեցող անձի) կամ հաշմանդամության նպաստ ստացող անձ (բացառությամբ երրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության միջին կամ թեթև սահմանափակում ունեցող անձի), որը չունի զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ կամ ունի կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի (բացառությամբ երրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության միջին կամ թեթև սահմանափակում ունեցող անձի) իրավունք ունեցող զավակներ կամ զավակները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս տասներկու ամիս և ավելի ժամկետով, որի մասին տվյալ անձը (անձինք) տալիս է (են) դիմում-հայտարարություն։ Հայաստանի Հանրապետությունից տասներկու ամիս և ավել ժամկետով բացակայելու հանգամանքը ստուգվում է նաև սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով․
  • խնամառու են համարվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձինք, երեխաները, 75 տարեկանից բարձր անձինք․
  • ընտանիքի աշխատունակ անձինք են համարվում 18-62 տարեկան անձինք, բացառությամբ այն անձի, ով

           ա․առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 23 տարեկան ուսանող է, կամ

           բ․առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձ է, կամ

           գ․30 և ավելի շաբաթական հղի է, կամ

           դ․մինչև 2 տարեկան երեխա խնամող անձ է, կամ

           ե․ճանաչվել է անգործունակ։

  • միածնող ընտանիք է համարվում այն ընտանիքը, որի ամուսիններից մեկը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող կամ երեխայի ծննդյան վկայականում հոր տվյալներին վերաբերող տողում չկա որևէ գրանցում կամ հոր մասին տվյալները լրացված են մոր ցուցումով։
  1. ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
  2. Հատուցում ստանալու համար սույն կարգում նշված անձը կամ ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը (այսուհետ` Դիմող) դիմում է իր փաստացի բնակության վայրի Միասնականսոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) տարածքային կենտրոն (այսուհետ` Կենտրոն) և առցանց եղանակով ներկայացնում՝
  • դիմում.
  • կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բացառությամբ այն դեպքերի, եթե փաստաթղթերում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներում կամ ստացվում են առցանց կամ ստացվում են հարցումների միջոցով։
  1. Դիմումում նշվում են՝
  • Դիմողի և ընտանիքի անդամների անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
  • Կարգավիճակը.
  • բանկի անվանումը, որի միջոցով դիմողը ցանկանում է ստանալ Հատուցումը.
  • Դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.
  • վարձակալած բնակարանի հասցեն և սեփականատիրոջ կոնտակտային տվյալները․
  • սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ այն մանկատան անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել, ինչպես նաև զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։
  1. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ դիմումին կցվում է զինվորական գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում։
  2. Անձի (ընտանիքի) տեղահանման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, իսկ նշված մարմնից ստանալու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
  3. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին (ընտանիքին) Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակարան (բնակելի տուն) վերադառնալը անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինելու կամ չլինելու մասին տեղեկատվությունը տրամադրում է համապատասխան մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի աշխատակազմը։
  4. Անձին (ընտանիքին) Հայաստանի Հսեփականության իրավունքով պատկանող բնակարանը (բնակելի տարածությունը) բնակության համար պիտանի կամ ոչ պիտանի լինելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
  5. Դիմողի (ընտանիքի բոլոր անդամների) անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակարանի (բնակելի տարածության) նկատմամբ սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքի գրանցման կամ բացակայության, ինչպես նաև սույն կարգով սահմանված ժամկետում բնակարան (բնակելի տուն) օտարելու կամ չօտարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Կադաստրի կոմիտեն։
  6. Անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակի առկայության կամ բացակայության մասին առաջարկություն ներկայացնում է Կենտրոնի սպասարկման տարածքում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդը (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ)։
  7. Անձի (ընտանիքի) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված կամ չճանաչված լինելու մասին տեղեկատվությունը ստացվում է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
  8. Մանկատանը խնամք ստանալու մասին տեղեկատվությունը ստացվում է համապատասխան մանկատնից։
  9. Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին տեղեակտվությունը ստացվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։
  10. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկատվությունը ստացվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներից։
  11. Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձի (ընտանիքի) Հայաստանում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցման տրամադրման կամ այլ կացարանով ապահովման մասին տեղեկատվությունը ստացվում է համապատասխան կազմակերպություններից։
  12. Եթե վերը նշված մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական շտեմարանները հասանելի չեն ՄՍԾ-ին, ապա համապատասխան տեղեկատվությունը տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրյա ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով և տվյալները թարմացվում են մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը։
  13. Եթե Դիմողը բավարարում է Հատուցում ստանալու իրավունքի պայմաններին, ապա անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակի առկայության կամ բացակայության մասին առաջարկություն ստանալու նպատակով՝ համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքայն օրվա ընթացքում, Կենտրոնը դիմում է համապատասխան համակարգող խորհրդին։ Նշված առաջարկությունը ներկայացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը ներբեռնվում է համապատասխան ենթահամակարգ։
  14. Հատուցում նշանակելու, մերժելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են ՄՍԾ-ի կողմից շահագործվող, ինչպես նաև հասանելի տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալների, վերը նշված մարմինների, կազմակերպությունների ու դիմողի կողմից տրամադրված տվյալների համադրման հիման վրա։
  15. Հատուցում նշանակելու կամ մերժելու մասին որոշումը կայացվում է դիմումը մուտքագրելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
  16. Սույն կարգում նշված պայմաններին բավարարելու դեպքում անձին (ընտանիքին) Հատուցում նշանակելու մասին որոշում ընդունվում է ինքնաշխատ եղանակով, իսկ վճարում է ՄՍԾ-ը։
  17. Հատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով։ Որպես վճարող կազմակերպություն՝ դիմումը ներկայացնելիս շահառուն ընտրում է ՄՍԾ-ի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած որևէ բանկ (այսուհետ՝ բանկ):
  18. Հատուցումը նշանակվում և վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից։
  19. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ կետում նշված շահառուներին հատուցումը նշանակվում և վճարվում է, եթե անձը դիմել է
  • մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում կամ
  • եթե սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում զորակոչվել է  պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։
  1. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ կետում նշված շահառուներին հատուցումը նշանակվում և վճարվում է
    • մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե շահառուն դիմել է մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում, կամ
    • զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։
  2. Դիմումը մերժվում է, եթե՝
  • դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է միայնակ անձի մահվան պետական գրանցում.
  • անձը (ընտանիքը) չի բավարարում սույն կարգի 1-5-րդ կետով սահմանված շահառուի տվյալ խմբին վերաբերող պահանջներին․
  • սույն կարգի 1-ին կետի 5-րդ ենթակետի դեպքում անձը (ընտանիքը) հրաժարվել է տեղավորվել սոցիալական տներում կամ տեղավորվել է սոցիալական տներում կամ հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման շահառու և վճարումը չի դադարեցվել նշված որոշման ուժը կորցրած ճանաչելու հիմքով․
  • սույն կարգով սահմանված դեպքերում ժամկետից ուշ դիմում ներկայացնելու դեպքում։
  1. Դիմումը մերժելու կամ բավարարելու մասին ծանուցումը ինքնաշխատ եղանակով ուղարկվում է դիմումում նշված  էլեկտրոնային փոստի հասցեին։
  2. Դիմումը բավարարվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմողի վարձակալած բնակարանի հասցեն սպասարկող Կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց և կազմում է շահառուի անհատական սոցիալական ծրագիր, որը պարտադիր ընդգրկելու է նաև դիմողի և նրա ընտանիքի անդամների ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե անձը կամ անձինք համարվում են աշխատունակ ։
  3. Հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) վճարման ցուցակների հիման վրա։ Ամենամսյա հայտը և վճարման էլեկտրոնային ցուցակները կազմակերպությունը տրամադրում է Ծառայությանը, իսկ վերջինս էլ ստացված տվյալների հիման վրա կազմված վճարման ցուցակները CBANet համակարգով տրամադրում է վճարումն իրականացնող կազմակերպություններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։
  4. Տվյալ ամսվա վճարման ցուցակը, ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ, շուրջօրյա լրիվ խնամքի հաստատություններ տեղավորվելու, Կադաստրի կոմիտեից սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կամ սոցիալական տներում տեղավորվելու տվյալների, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալների համադրման արդյունքում։
  5. Հատուցման վճարումը դադարեցվում է, եթե
  • առկա է միայնակ անձի մահվան վերաբերյալ տվյալ.
  • միայնակ անձը կամ ընտանիքի բոլոր անդամները տեղավորվել են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություն.
  • լրացել է սույն կարգով  սահմանված ժամկետը.
  • շահառուն ներկայացրել է դիմում Հատուցումը ստանալուց հրաժարվելու մասին.
  • շահառուն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով բնակելի տարածություն.
  • շահառուն տեղավորվել է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կամ սոցիալական տներում.
  • շահառուն չի կատարել անհատական սոցիալական ծրագրով նախատեսված պայմանները․
  • շահառուն 2 և ավելի ամիս անընդմեջ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից․
  • սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում անձը զորակոչվել է զինվորական ծառայության․
  • սույն կարգի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դադարեցվել է դիմողի փախստականի կարգավիճակը՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերով․
  • սույն կարգի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դիմողն ընդգրկվել է կացարանով ապահովման որևէ պետական կամ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրում։
  1. Հատուցման վճարումը դադարեցվում է սույն կարգի 34-րդ կետով նշված որևէ հանգամանք հայտնաբերելու ամսվան հաջորդող ամսվա մեկից։ Վճարումը դադարեցնելու դեպքում ծրագրային գործիքի կողմից շահառուի դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղորդագրություն։ Վճարումը դադարեցնելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, վճարումը դադարեցնելու պատճառը և բողոքարկման կարգը։
  2. Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն կարգի 34-րդ կետի 1-2-րդ, 5-11-րդ ենթակետերում նշված հանգամանքները մերժվելու դեպքում, Հատուցման վճարումը վերսկսվում է և իրականացվում է դադարեցման օրվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ մեկ ամսից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվանից։
  3. Սույն կարգի 34-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան դիմումը ներկայացնում է զորացրվելու ամսվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, ապա Հատուցումը ստանալու իրավունքը վերսկսվում է, և վարձավճարի հատուցման վճարումն իրականացվում է զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից։
  4. Սույն կագի 35-37-րդ կետերով նախատեսված դեպքերում Հատուցում ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում, Հատուցումը շարունակվում է վճարվել ոչ ավելի քան սույն կարգով նախատեսված ժամկետով։
  5. Սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձին (ընտանիքին) Հատուցման գումարը տրամադրվում է վեց ամիս ժամկետով, իսկ համապատասխան կարգավիճակը պահպանած անձի (ընտանիքի) համար հատուցման գումարի վճարումը կարող է երկարաձգվել երեք ամիս ժամկետով միայն մեկ անգամ՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով, եթե անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են անձի (ընտանիքի) կողմից։
  6. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձին հատուցում վճարվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան մինչև տվյալ անձի 23 տարին լրանալը, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև 26 տարին լրանալը։
  7. Սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով նշված անձին (ընտանիքին) հատուցում տրամադրվում է 3 ամիս ժամկետով, իսկ 1-ին կետի 5-րդ կետում նշված անձին (ընտանիքին)՝ 6 ամիս ժամկետով։
  8. Անկախ բնակարանի վարձավճարի չափից՝ Հատուցման չափը, եթե այլ չափ սահմանված չէ սույն կարգով, սահմանվում է՝
  • մինչև չորս անդամ ունեցող ընտանիքների դեպքում՝ 70.000 դրամ.
  • չորս կամ հինգ անդամ ունեցող ընտանիքների դեպքում՝ 90.000 դրամ.
  • վեց կամ ավելի անդամ ունեցող ընտանիքների դեպքում՝ 110.000 դրամ։
  1. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձանց համար վարձակալության չափը կազմում է ամսական 100․000 ՀՀ դրամ՝ անկախ ընտանիքի անդամների թվից։ Ընդ որում, Հատուցման գումարը առաջին տարին կազմում է ամսական 100․000 ՀՀ դրամ, երկրորդ տարին՝ ամսական 70․000 ՀՀ դրամ, իսկ երրորդ տարին՝ ամսական 50․000 ՀՀ դրամ։
  2. Սույն կարգով սահմանված Հատուցում ստանալու համար անձը (ընտանիքը) կրկին կարող է դիմել Հատուցման վճարման դադարումից առնվազն երեք տարի հետո։
  3. Հատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց։
  4. Սույն կարգի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով սույն կարգի ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։

 

 

 

 

  • Discussed

    30.11.2023 - 18.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1437

Print