Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածով որպես նպատակ նախատեսվել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացում: Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է մոնիթորինգ, որը կրելու է շարունակական բնույթ:

Հարկ է նկատել, որ իրականացված մոնիթորինգի արդյունքներով վեր են հանվել քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում առավել հաճախ ծագող որոշ խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը:  

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով ներկայացված փոփոխությունները և լրացումներն, ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին.

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ից 4-րդ կետերում նկարագրված գույքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին հոդվածում նկարագրված բռնագրավման ենթակա գույքի ծավալին։ Նախ, արգելադրման հիմքերը անդրադառնում են միայն Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում թվարկված հանցագործությունների առարկաներին, մինչդեռ բռնագրավման ենթակա է ցանկացած հանցագործության առարկա։ Ավելին՝ համարժեք գույքի բռնագրավման՝ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված դեպքերը (գույքը միախառնված է օրինական ճանապարհով ստացված գույքի հետ, պատկանում է բարեխիղճ երրորդ անձի, կամ այն չի հայտնաբերվել) չեն համապատասխանում Օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքին, որը պայմանավորում է համարժեք գույքի արգելադրումը միայն գույքի բացակայությամբ։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Օրենսգրքի 131-րդ հոդվածում։ Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 131-րդ հոդվածում բռնագրավման ենթակա գույքի ծավալին անդրադարձն արդարացված չէ, քանի որ այդ հարցն արդեն իսկ կարգավորված է նյութական օրենսդրությամբ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով 133-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը՝ անտրամաբանական է գույքի անհապաղ արգելադրում չկիրառել այն դեպքում, երբ առկա է 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ «առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել» դեպքը։ Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է նախատեսել գույքի անհապաղ արգելադրման հնարավորությունն այն դեպքում, երբ առկա է ողջամիտ ենթադրություն ինչպես այն հանգամանքի մասին, որ գույքը  Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գույք է, այնպես էլ այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:- Օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, թե ինչ պետք է ներառի արգելադրման վերաբերյալ քննիչի որոշումը, իսկ Օրենսգրքի 295-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանվում է, թե ինչ տեղեկություններ և փաստաթղթեր պետք է ներկայացվեն դատարան քննիչի միջնորդությամբ։ Սահմանված պահանջների դատական պրակտիկայում ձևավորված մեկնաբանությունը, որի արդյունքում թվարկված տեղեկությունները և փաստաթղթերը պարտադիր են գույքի արգելադրման բոլոր դեպքերում չի համապատասխանում Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի  (այսուհետ նաև՝ ՖԱԹՖ) Հանձնարարականների պահանջներին։ Որպես օրինակ, մի շարք երկրների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի գնահատումների ժամանակ արձանագրվել է, որ գույքը պետք է հնարավոր լինի արգելադրել և բռնագրավվել նաև այն դեպքում, երբ դրա սեփականատերը կամ տիրապետող անձը հայտնի չէ,[1]  ինչպես նաև այն դեպքերում, երբ դեռ վարույթով առկա չէ որպես մեղադրյալ ներգրավված անձ։[2]  Ընդհանուր առմամբ, քանի դեռ քննիչի որոշումը պարունակում է բռնագրավման ենթակա գույքի այնպիսի նկարագրություն, որը հնարավորություն է ընձեռում ողջամտորեն նույնականացնելու տվյալ գույքն արգելադրման և բռնագրավման նպատակով՝ այլ ձևական պահանջները կարող են գնահատվել որպես գույքի բռնագրավման տեխնիկական խոչընդոտներ։ Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքում գույքի նկարագրության փոխարեն պետք է բավարար լինի համարժեք գույքի արժեքի մատնանշումը։

Հիմք ընդունելով վերոնշյալը` Նախագծով առաջարկվում է վերանայել քննիչի որոշմանը և դատարան ներկայացվող միջնորդությանն առնչվող ձևական պահանջները, համապատասխան տեղեկությունները և փաստաթղթերը ներառել գործընթացում միայն առկայության դեպքում և դրանց բացակայությամբ չպայմանավորել արգելադրման անհնարինությունը:

- Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա գրավառուի միջնորդությամբ արգելանքից կարող է հանվել և իրացվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի հիման վրա բռնագրավման ենթակա գույքը, մինչդեռ 121-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքների պահպանում միայն գույքի բռնագրավումից հետո: Այսինքն, Օրենսգիրքը 135-րդ հոդվածը հնարավորություն է ընձեռում գույքի իրացման մինչև գրավառուի բարեխղճության հարցի գնահատումը դատարանի կողմից, ինչը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգավորումներին և պարունակում է գույքի հետագա բռնագրավումը ապահովելու հետ կապված ռիսկեր:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Նախագծով առաջարկվում է վերանայել գրավառուի կողմից արգելադրված գույքի իրացման հնարավորությունը:- Օրենսգրքի 202-րդ հոդվածը, որը կարգավորում է մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածների բովանդակությունը, ուղղակիորեն չի անդրադառնում բռնագրավման ենթակա գույքի բացահայտման հարցին։ Այս առումով առկա չեն ընթացակարգային այս փաստաթղթերին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք կվկայեն այն մասին, որ բռնագրավման ենթակա գույքի բացահայտումը կրում է համակարգային բնույթ և ֆինանսական հանցագործությունների դեպքում կազմում է նախաքննության պարտադիր մաս։

Հիմք ընդունելով վերոնշյալը, ինչպես նաև դատարանում բռնագրավման պահանջն արդյունավետ կերպով ներկայացնելու կարևորությունը՝ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 202-րդ հոդվածի 7-րդ մասում և 204-րդ հոդվածի 1-ին մասում։

- «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հիման վրա իրավապահ մարմիններն ունեն հասանելիություն բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններին: 1998 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.4-րդ կետի համաձայն՝ նշված եղանակով ստացված տեղեկությունները կարող էին նաև օգտագործվել քրեական վարույթում որպես ապացույց:

Հիմք ընդունելով վերանշյալը՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածում առաջարկվում է արտացոլել համապատասխան բացառությունը:

- Հարկ է նկատի ունենալ, որ ՖԱԹՖ Հանձնարարականներով նախատեսված համարժեք գույքի բռնագրավման հնարավորությունը վերաբերում է ինչպես հանցավոր եկամուտներին, այնպես էլ հանցագործության գործիքին, միջոցին և առարկային, իսկ որևէ տարրի բացառումը գնահատվում է որպես ՖԱԹՖ 4-րդ Հանձնարարականի անհամապատասխանություն, ուստի վերոնշյալով պայմանավորված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասում:

Անդրադառնալով քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին, ապա հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվում է հետևյալը.

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին) (այսուհետ նաև՝ ՔՕ) 3-րդ հոդվածի hասկացությունների շարքում ներկայացված են նաև հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը: Ի տարբերություն քրեական նախկին օրենսգրքի՝ քրեական նոր օրենսգրքում դրանք ոչ թե առանձին-առանձին սահմանվում են հոդվածներում, այլ մեծ մասամբ տեղ են գտել ընդհանուր հասկացությունների շարքում: Մասնավորապես` սահմանվում է, որ հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի խոշոր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը գերազանցող և 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի, այսինքն՝ օրենսդիրը սահմանել է, որ եթե Հատուկ մասի հոդվածում տեղ են գտել չափերի վերաբերյալ այլ կարգավորումներ, ապա այդ հանցակազմերի կտրվածքով կիրառելի պետք է լինեն հատուկ կարգավորումները:

Հարկ է նշել, որ ներկայիս խոշոր չափի վերաբերյալ ցածր շեմը ծանրաբեռնում է վարույթն իրականացնող մարմնին, որպիսի պայմաններում աճում է նախաձեռնված վարույթների թիվը: Հետևաբար, առաջարկվում է բարձրացնել Օրենսգրքի խոշոր չափի շեմը՝ նպատակ հետապնդելով նվազեցնել նախաքննության մարմինների ծանրաբեռնվածությունը:

Հարկ է նկատի ունենալ, որ չափերի վերաբերյալ հիմնական կարգավորումները գրեթե նույնական են նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումների հետ, որը ընդունվել է դեռևս 2003 թվականին: Համեմատական անցկացնելով Հայաստանի Հանրապետությունում առկա ներկա ֆինանսատնտեսական իրավիճակի և 2003 թվականին առկա իրավիճակի հետ, արձանագրում ենք, որ տեղի է ունեցել հասարակական հարաբերությունների զարգացում, որի արդյունքում դրամային քաղաքականության ոլորտում դրա արժեքը ենթարկվել է ինֆլյացիայի:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Օրենսգրքում առկա չափերի շեմի բարձրացման առաջարկը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական իրավիճակով, ինչպես նաև հանցավորության աճով:

- Տարընկալումներից խուսափելու համար Նախագծով առաջարկվում է ՔՕ 121-րդ հոդվածում կատարել նաև հետևյալ տեխնիկական շտկումները՝

  • 5-րդ մասում «հանցանքը կատարելու համար օգտագործված կամ շրջանառությունից հանված հանցագործության գործիքները կամ միջոցները, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացող իրերը, նյութերը, փաստաթղթերը, գույքը, առարկաները» բառերը փոխարինել «հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան» բառերով՝ հաշվի առնելով, որ շրջանառությունից հանված օբյեկտները, ըստ 6-րդ մասի բոլոր դեպքերում ենթակա են պարտադիր բռնագրավման։
  • 11-րդ մասում «հանցավոր ծագում ունեցող գույքը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքը» բառերով՝ հաշվի առնելով, որ նույն նախադասությունը ավարտվում է 1-ին մասում նշված բոլոր տարրերի թվարկմամբ։

ՔՕ-ի 259-րդ, 260-261-րդ, 263-265-րդ, 308-րդ, 373-րդ, 374-376-րդ, 381-386-րդ, 388-րդ, 391-392-րդ, 428-րդ, 510-րդ, 516-րդ, 532-րդ, 535-րդ, 538-539-րդ հոդվածներում Նախագծով առաջարկվում է լրացնել նոր մաս, որի համաձայն՝ «(…) խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը)»:

Հարկ է նկատել, որ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՔՕ-ի 3-րդ հոդվածի 17-րդ մասում, որպիսի պայմաններում մանր չափ է համարվելու մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), ուստի ստացվում է, որ մանր չափի համար քրեական պատասխանատվություն չնախատեսող (խոշոր չափից սկսող) հանցակազմերում տեղի է ունենում մասնակի ապաքրեականացում:

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված հոդվածներով նախատեսված հանցակազմերն ունեն բավականին բարձր հանրային վտանգավորության աստիճան, ուստի հաշվի առնելով նաև հանրային և մասնավոր շահերի գերակայության պահպանման սկզբունքը՝ դրանց ապաքրեականացումը կարող է հանգեցնել հանրության համար վտանգավոր վարքագծի աճի, հետևաբար գործնականում առաջացող խնդիրների լուծման լավագույն մեխանիզմը այդ հանցակազմերի դեպքում գործող չափը պահպանելն է՝ խուսափելու համար դրանց մասնակի ապաքրեականացումից:

- ՔՕ-ի 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կանխամտածված սնանկությունը՝ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սեփականությամբ տվյալ ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքը ոչնչացնելու, ակնհայտ կեղծ կամ շինծու գործարքներ կնքելու կամ այլ եղանակով անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձի շահերից ելնելով, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ ենթակետով սահմանված է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` նույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի:

Նախագծով առաջարկվում է անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում և կանխամտածված սնանկության դեպքերում խոշոր չափ սահմանել 2 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը՝ ներկայիս 500.000 ՀՀ դրամի փոխարեն: Գործող կարգավորումների պարագայում 500.000-ից 2 միլիոն ՀՀ դրամ պատճառված վնասը՝ սնանկության ընթացքում անօրինական գործունեության և կանխամտածված սնանկության դեպքերում, ելնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներից, նաև ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հետ հարաբերակցությունից (10.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը), հանրային վտանգավորություն չի ներկայացնում, ուստի պետք է մեծացնել պատճառված վնասի չափը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից:

 

[1] Estonia: Report on Fourth Assessment Visit, 18 September 2014, MONEYVAL(2014)20, 11, p. 19, online at <rm.coe.int/report-on-fourth-assessment-visit-anti-money-laundering-and-combating-/168071601f>.

[2] Bulgaria: Fifth Round Mutual Evaluation Report, May 2022, MONEYVAL(2022)1, 239, <rm.coe.int/moneyval-2022-1-mer-bulgaria/1680a70913>.

  • Discussed

    17.11.2023 - 02.12.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1218

Print