Add to favourites

«ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոսկերչական և ադամանդագործության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։

Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է Կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում ոսկերչության և ադամանդագործության ոլորտի զարգացմանը, քանի որ այն  ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ։

Ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը:

Ոսկերչությունը և ադամանդագործությունը արտադրության/մշակման և արտահանման ծավալները 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել են։ Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի միջոցառումների պլանը՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների ոսկերչական արտադրանքի առաջմղմանը երրորդ երկրների շուկաներում։  

2022 թվականին ոսկերչական զարդերի արտադրության ծավալների աճը 2012թ․-ի համեմատությամբ կազմել է 4.25 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ 5.7 անգամ: 2022 թվականին ադամանդների մշակման ծավալների աճը 2012թ․-ի համեմատությամբ կազմել է 3.65 անգամ, իսկ արտահանման  ծավալների աճը՝ 3.5 անգամ։

Ոսկերչության և ադամանդագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության ոսկերչական և ադամանդագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, համաշխարհային մակարդակով բրենդի ճանաչելիության բարձրացման, միջազգային զարգացումներին համընթաց քայլելու ուղղությամբ։

Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նորարարական լուծումներով և ստեղծագործական մտքով դիզայներների, միջազգային հարթակներով ոլորտի արտադրանքի ներկայացվածության ապահովումը։

Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ոսկերչական և ադամանդագործության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ ոսկերչական և ադամանդագործական) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

        Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ ոսկերչական և ադամանդագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրին՝ նշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

         Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի ոսկերչական և ադամանդագործության միջազգային մրցունակության աճի համար:

         Այլ տեղեկություններ։ Սույն նախագծով ծրագրի հաստատման կապակցու­թյամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2.1. «Մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով ինքնատիպ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ: Հայաստանի արդյունաբերության զարգացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը: Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է` ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը, քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։

 

  • Discussed

    24.10.2023 - 08.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1610

Print