Add to favourites

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  ««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.03.2023թ. ՀՕ-38-Ն օրենքի ուժով լրացվել է 1.1 հոդվածով, որով սահմանվում են ոլորտի մի շարք հիմնական հասկացություններ, այդ թվում՝  պատմության և մշակույթի անշարժ հուշարձան՝ պետական հաշվառման վերցված և հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական կամ հնագիտական կամ ճարտարապետական կամ մոնումենտալ արվեստի կամ գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող հնագիտական շերտերը, քարեդարյան կայանները, քարայր-կացարանները, կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց զբաղեցրած և պատմականորեն դրանց հետ կապված տարածքով, դրանց մաս կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, որմնանկարները, պատմամշակութային արգելոցները, պատմական լանդշաֆտները և հիշարժան վայրերը, պատմական բնակավայրերի քաղաքաշինական և պատմական կենտրոնները՝ անկախ պահպանվածության աստիճանից, հուշարձանի տարածք՝ հուշարձանի տարածքն իր զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածք, հուշարձանի պահպանական գոտիներ՝ հուշարձանի պահպանության, կառուցապատման կարգավորման կամ տեղանքապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիների տարածքներ և դրանցում օգտագործման պայմանակարգ (ռեժիմ) սահմանող փաստաթուղթ:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.

 «Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:

Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել`

ա) հուշարձանի պահպանության գոտին.

բ) կառուցապատման կարգավորման գոտին.

գ) լանդշաֆտի պահպանման գոտին:

Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև դրանց պահպանության գոտու և պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Միևնույն ժամանակ, նույն Օրենքը լրացվել է 35.1-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն՝ «2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը՝

1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»:

Նման իրավակարգավորումների առկայության պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաև համապատասխան դրույթներ սահմանելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում՝ Օրենքի իմպերատիվ դրույթներով նախատեսված պահանջների իրացումը գործնականում ապահովելու նպատակով:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

   Հիմք ընդունելով վերը հիշատակված նորմերի պահանջները՝ Նախագծով նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառում՝ հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծի և համապատասխան համայնքին ծանուցումը հավաստող փաստաթղթերի հիման վրա:

 Գործընթացն առավել արագ և մատչելի կազմակերպելու նպատակով Նախագծով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառումն իրականացնել օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների) հիման վրա կազմված հատակագծերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափագրման աշխատանքների իրականացման համար կպահանջվեն ավելի երկար ժամկետներ և լրացուցիչ ռեսուրսներ:

Ներկա փուլում՝ որպես ոլորտի իրավակարգավորումն ապահովող առաջին քայլ, նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց պետական գրանցման պարագայում գործնականում կարող են առաջանալ, օրինակ, միևնույն գույքի կրկնակի պետական գրանցման դեպքեր, քարտեզում՝ երկու և ավելի գույքերի համադրումներ և այլ գործնական խնդիրներ: Բացի այդ, կարող են լինել դեպքեր, երբ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ այլ անձի անվամբ արդեն իսկ կատարված լինի պետական գրանցում, ինչի պարագայում համապատասխան տարածքների գրանցման գործընթացը կդանդաղի՝ բացասաբար ազդելով հուշարձանների պաշտպանությունը գործնականում ապահովելու վրա:

        

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 16-րդ հոդվածը 5–րդ պարբերությամբ սահմանում է, որ հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:   Նման իմպերատիվ կարգավորումը ենթադրում է, որ տարածքը հուշարձանի պահպանական գոտի դասելու արդյունքում անհրաժեշտ է լինելու կատարելու հողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխություն՝ դրանք դասելով հատուկ պահպանվող նպատակային նշանակությամբ պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ հողերի շարքին: Մեր դիտարկմամբ, նման կարգավորման առկայությունը կարող է հանգեցնել հողամասերի արդյունավետ օգտագործման հնարավորության խիստ սահմանափակման: Ավելին, առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համայնքի ավագանու կողմից կարող են հաստատվել միայն լիազոր մարմնում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում, իսկ, եթե պահպանական տարածքում առկա լինեն նաև այլ շինություններ, ապա անհրաժեշտ է լինելու կարգավորել այդ գույքերի գործառնական նշանակության հարցը ևս: Այս նկատառումներից ելնելով՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է 16-րդ հոդվածի 5-րդ պարբերության մեջ ամրագրված նախադասությունը հանել՝ հնարավորություն ստեղծելով նշյալ հողերը կառավարել և օգտագործել առավել արդյունավետ՝ չսահմանափակելով դրանց նկատմամբ հետագայում կատարվելիք գործարքների հնարավորությունը:

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի՝

  • նույնականացնել և հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների և պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները, դրանք արտացոլել կադաստրային քարտեզում.
  • գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրելիս ներառել նաև հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ.
  • ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ՝ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

   Նախագիծը մշակվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները

   Նախագիծը պետական և համայնքային բյուջեներում եկամուտներ և ծախսեր չի առաջացնում:

 

  1. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ

   Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Discussed

    17.10.2023 - 02.11.2023

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1378

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

02.11.2023

Առաջին Նախագծով առաջարկվող 47.2 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ հուշարձանների և հուշարձանների տարածքների և դրանց պահպանական գոտիների հատակագծերի նախագծերը կազմելու համար հիմք պետք է հանդիսանա անշարժ գույքի պետական ռեգիստրի ստեղծած կամ կազմած օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները): Առաջին Նախագծով առաջարկվող 47.2 հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ Նշված հատակագծերի հիման վրա էլ կատարվում է հաշվառում:Այսինքն հաշվառում իրականացնող լիազոր մարմինը օրթոֆոտոհատակագծերը ներկայացնում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնին, որից հետո վերջինս պարտավորված լինելով այդ օրթոֆոտոհատակագծերի շրջանակից դուրս չգալ, կազմում է նախագիծ և հետ վերադարձնում նույն՝ հաշվառում իրականացնող լիազոր մարմնին: Ստացվում է ընդամենը տեղապտույտ, որի արդյունքում օրթոֆոտոհատակագծերը միակ թելադրող հիմքն են լինելու հաշվառման համար: Այստեղ կարևորը այն փաստն է, որ օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները) իրենց մեջ չեն ներառելու հուշարձաների տարածքներում և դրանց պահպանական գոտիներում տարբեր ապօրինություների արդյունքում փաստացի գտնվող գույքերը, որի արդյունքում էլ խախտվելու են գործող օրենքի դրույթները, ինչի պատճառով էլ կարծում ենք երկրորդ Նախագծով առաջարկվում է այդ դրույթները հանել օրենքից:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

02.11.2023

Նախագծով առաջարկվող գործողությունների արդյունքում փաստացի կօրինականացվեն այն բոլոր խախտումները, որոնք կատարվել են և հնարավոր է շարունակեն իրականացվել մինչ առաջարկվող օրթոֆոտոհատակագծերի կազմումը: Այդ ապօրինությունների օրինականացման և հետագայում հուշարձանների տարածքների նկատմամբ արդեն օրինական ճանապարհով հնարավոր ոտնձգություների համար պարարտ հող է ստեղծում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 16-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը հանելը, որը նախատեսվում է ներկայացվող երկրորդ Նախագծով:

See more