Add to favourites

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին»

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի  «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 2-րդ ենթակետով ամրագրված միջոցառումների կատարման պահանջներից, և նպատակաուղղված է «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դրույթների կատարմանը։ 

Աղբավայրերի շահագործումը կարգավորվում է տարբեր նորմատիվ իրավական ակտերով՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներով, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության Հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով, սակայն աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանված չէ։

Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի հաստատման իրավական հիմքը սահմանվել է «Թափոնների մասին» օրենքի  7-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով։ Աղբավայրերի հսկողության հետ կապված կարգավորումներին առնչվող դրույթներն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի լիազոր մարմնի՝ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ հանվել են «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից և «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգից»՝ համապատասխան կարգավորումներն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքում» կատարվող փոփոխությունների շրջանակներում ապահովելու նպատակով։ Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված և 2023 թվականի ապրիլի 13-ին ԱԺ կողմից ընդունված  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով աղբավայրերի հսկողությունը կարգավորող դրույթներն արդեն սահմանված են, ուստի Նախագծով նախատեսվում է սահմանել միայն աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը։ Հանրապետությունում առկա են «Թափոնների մասին» օրենքով սահմանված որոշ արտոնագրված աղբավայրեր, որոնց գործունեության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կա թույլտվություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված փորձաքննության դրական եզրակացություն և  «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզիա։ Առկա են նաև թափոնների տեղադրման համար օգտագործվող բազմաթիվ  վայրեր, որոնք շահագործվում են , բայց չեն հանդիսանում արտոնագրված աղբավայրեր, ուստի ենթակա են փակման, սակայն  համայնքի աղբահանության ապահովման խիստ անհրաժեշտությունից ելնելով   ժամանակավորապես շահագործվում են՝ մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված փորձաքննության դրական եզրակացություն և  «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզիա ստանալը կամ նոր արտոնագրված աղբավայրի կառուցումը և գործող տվյալ աղբավայրի փակումը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը կապահովի  աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի (մշտադիտարկման)  իրականացման կանոնակարգումը։  

Աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո նախատեսվող մոնիթորինգի (մշտադիտարկման) ծրագրի մշակման և փորձաքննության ընթացակարգերին առնչվող կարգավորումներ սահմանված են նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով։

Աղբավայրի մոնիթորինգի անցկացման համար առաջարկվող  պարբերականությունը և մոնիթորինգի ենթակա ցուցանիշները սահմանվել են Եվրոպական խորհրդի 1999 թվականի ապրիլի 26–ի «Աղբավայրերի մասին» 1999/31/ԵՀ հրահանգի դրույթներին համապատասխան, հաշվի առնելով նաև դրանց վերաբերյալ ՀՀ շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։

Նախագծով նախատեսվում է մոնիթորինգի կարգ սահմանել ինչպես արտոնագրված աղբավայրերի համար (նախագծի հավելված 1), որոնք շահագործվում են կամ շահագործվելու են օրենսդրությամբ սահմանված թույլտվությունների՝ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն հիման վրա տրամադրվող «Վտանգավոր թափոնների գործածության գործունեության» լիցենզիաների հիման վրա, այնպես էլ առանց համապատասխան արտոնագրման (թույլտվություն, լիցենզիա) շահագործվող աղբավայրերի համար (նախագծի հավելված 2), որոնք ժամանակավորապես շահագործվելու են մինչև օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելը կամ փակելը, և դրանց փոխարեն արտոնագրված աղբավայրեր կառուցելն ու շահագործելը։

 

Աղբավայրի մոնիթորինգի ծրագրով սահմանված ժամկետի  ավարտից և սահմանված կարգով աղբավայրի փակումից հետո մոնիթորինգի իրականացման, շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցության կանխարգելման և ստեղծված իրավիճակում համապատասխան միջոցների ձեռնարկման համար պատասխանատու կհանդիսանան աղբավայրը տնօրինողները։

Աղբավայրը շահագործողներն ու տնօրինողները, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները աղբավայրի մոնիթորինգը կիրականացնեն փորձարկման լաբորատորիաների կամ շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման իրավասություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում պայմանագրային հիմունքներով։

Աղբավայրը շահագործողներն ու տնօրինողները Մոնիթորինգի արդյունքները կներառեն «Թափոնների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվող «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» համապատասխան բաժիններում: Նշված փաստաթուղթը լիազոր մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ, ինչը սահմանված է ՎԻՎ օրենսգրքի 201.4-րդ հոդվածով, իսկ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու դեպքում՝ ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածով (ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից)։

Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի աղբավայրի տարածքում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի տվյալները հնարավորություն կտան ստանալ փաստացի տվյալներ աղբավայրերից մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի, մասնավորապես՝ մեթանի և ածխաթթու գազի արտանետումների վերաբերյալ։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ, իսկ պետական մարմիններին՝ մշակելու և իրականացնելու մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված  համապատասխան քաղաքականություն։ Չարտոնագրված աղբավայրերի համար, որոնք գործելու են ժամանակավորապես, նախագծի հավելված 2-ով կսահմանվեն մոնիթորինգի իրականացման նվազագույն պահանջներ, հաշվի առնելով, որ դրանց մեծ մասն ապահովվելու է փոքր համայնքների կողմից, որոնք ունեն սահմանափակ ֆինանսական միջոցներ։ Սակայն աղբավայրերի վիճակի, այնտեղ տեղադրվող թափոնների, դրանցից արտանետվող և արտազատվող նյութերի անջատման, շրջակա միջավայրի ակնհայտ աղտոտման, նամանավանդ այրման, ինքնայրման դեպքերի նկատմամբ մշտադիտարկման իրականացումը պարտադիր պետք է իրականացվի, իսկ ստացված տվյալները սահմանված կարգով ներկայացվի լիազոր մարմնին։ Աղբավայրում արտակարգ իրավիճակներ արձանագրվելու դեպքում տեղեկատվություն պետք է ներկայացվի նաև համապատասխան պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցվող վնասը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով։

  1. Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի  «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 2-րդ միջոցառման ապահովման նպատակով։

  • Discussed

    29.08.2023 - 13.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1234

Print