Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Բուհ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից իրականացված քննարկումների, նվիրատուների և նվիրառուների հետ հանդիպումների արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք չեն նպաստում Հայաստանում նվիրատվության և բարեգործության ինստիտուտների զարգացմանը:

  • Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի կարգավորումները թույլ են տալիս գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը նվազեցնել շահութահարկ վճարողի հարկման բազայից: Սույն դրույթը նպատակ ունի ընձեռել նվիրատվություն իրականացնելու հնարավորություն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ տնտեսավարողներ պատրաստակամություն են հայտնում իրականացնելու ավելի շատ նվիրատվություններ կրթական և գիտական հաստատություններին` նպատակ ունենալով կարճաժամկետ հատվածում նպաստելու իրենց հետաքրքրող մասնագիտությունների գծով շրջանավարտների որակավորման աճին, ինչպես նաև երկարաժամկետ հատվածում այդ հաստատություններում միջազգային չափանիշներին համապատասխան միջավայրի ձևավորմանը: Նման վարքագծի խրախուսմանը չի նպաստում համախառն եկամտի 0.25 տոկոսից ավել չափով կատարված նվիրատվության հարկումը:

Նշված կարգավորումը արդարացված չէ նաև այնպիսի ոչ առևտրային կազմակերպություններին իրականացվող նվիրատվությունների մասով, որոնց գործունեության նպատակները համահունչ են պետության նպատակներին և ունեն թափանցիկության բավարար մակարդակ:

  • Նվիրատվությունների իրականացմանը խոչընդոտող մեկ այլ կարգավորում է Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածը, որի համաձայն «ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը»: Նշված կարգավորումը ունի անբավարար տնտեսագիտական հիմնավորվածություն և նախատեսված է չարաշահումների հնարավորությունը սահմանափակելու նպատակով:

Նշված դրույթի հետևանքով գույքի նվիրատվության, անհատույց աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքները, որոնք որևէ չարաշահման նպատակ չունեն, հարկվում են ԱԱՀ-ով, ինչը անհարկի ֆինանսական բեռ է առաջացնում նվիրատուների համար:

Խնդիրների մասին առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից կազմակերպվել են հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի,  Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ: Արդյունքում պարզ է դարձել, որ առկա է բավականին մեծ պոտենցիալ գույքային նվիրատվությունների և անհատույց աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) մասով, սակայն առկա կարգավորումները զսպում են դրանք ամբողջ ծավալով իրացնելու հնարավորությունը:

Ամենաակնառու օրինակը, թերևս, համակարգչային տեխնիկան է, քանի որ շատ բիզնեսներ դրանք թարմացնում են այնքան հաճախ, որ վերջիններս բարոյապես և ֆիզիկապես դեռևս մաշված չեն, սակայն նվիրատվության դեպքում պետք է հարկվեն: Եթե Երևանում տեղակայված կրթական և գիտական հաստատությունները առավել հագեցած են համակարգիչներով, ապա նույնը չի կարելի ասել մարզային դպրոցների, ԲՈւՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին:

Հաճախ հանդիպող խնդիրներից է այն դեպքը, երբ որևէ դոնոր կազմակերպություն երրորդ կողմին պատվիրում է ի շահ կրթական հաստատության իրականացնել աշխատանքներ կամ մատուցել ծառայություններ` ծրագրի ավարտից հետո իրեն տրամադրված գույքը անհատույց փոխանցելով այդ հաստատությանը: Այս դեպքում գույքի փոխանցումը պետք է հարկվի, որից խուսափելու նպատակով հաճախ կիրառվում է հօգուտ պետության հրաժարվելու պրակտիկան: Այն երկարացնում է գույքի փոխանցման պրոցեսը (որպես կանոն` մի քանի ամսով) և խաթարում է այն շահառուի կողմից ընդհատ տնօրինման հնարավորությունը, ում համար ի սկզբանե նախատեսված էր գույքը:

Բազմաթիվ դեպքերում ի շահ կրթական կամ գիտական կազմակերպության նվիրատուները պատվիրում են դասարանների կամ լսարանների վերանորոգման, տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք ևս ենթակա են հարկման:

Նշված սահմանափակումները համահունչ չեն նաև միջազգային փորձին:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն (գիտություն) – բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաև  պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը:

3 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից:

Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:

Առաջարկվում է նաև հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից:

Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: Մասնավորապես`

Վրաստանում[1] հանրային իրավունքի իրավաբանական անձանց (պետական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ, ԲՈւՀ-եր, միջին մասնագիտական հաստատություններ) ապրանքների և ծառայությունների անհատույց մատակարարումը (տրամադրումը) ազատվում է շահութահարկից:

ԱՄՆ-ում[2] կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կարող են իրենց հարկման բազան նվազեցնել գիտական, կրթական, բարեգործական և մի շարք այլ հաստատություններին իրականացված նվիրատվությունների գումարի, բայց ոչ ավելի քան հարկվող շահույթի 10%-ի չափով: Ընդ որում, նշված շեմից ավել իրականացված նվիրատվությունները կարող են նվազեցվել` ի հաշիվ հաջորդող 5 տարիների թույլատրելի չափի:

Ֆինլանդիայում կազմակերպությունների կողմից մինչև 250.000 եվրոյի չափով նվիրատվությունները Եվրոպական Տնտեսական Տարածքի որոշ համալսարանների նվազեցվում են հարկվող շահույթից:

Գերմանիայում ոչ առևտրային կազմակերպություններին իրականացված նվիրատվությունների գումարները նվազեցվում են հարկվող շահույթից` մինչև 20%-ի չափով:

Իտալիայում դպրոցներին, համալսարաններին և գիտական հետազոտությունների նպատակով նվիրատվությունների համար սահմանված են հարկային արտոնություններ` մինչև հարկվող շահույթի 10%-ի չափով:

Բուլղարիայում նախակրթարաններին, կրթական և գիտական հաստատություններին իրականացված նվիրատվությունների գումարները նվազեցվում են հարկվող շահույթից` մինչև 10%-ի չափով[3]:

Ռուսաստանի հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների համաձայն` 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում դրույթներ` համաձայն որոնց ՌԴ սուբյեկտների կողմից ընդունված օրենքների հիման վրա կարող է սահմանվել, որ հարկ վճարողներն իրավունք ունեն կրթական կազմակերպություններին անհատույց փոխանցված գույքի (դրամական միջոցների) արժեքի մինչև 100%-ի չափով նվազեցնել այդ սուբյեկտների բյուջե փոխանցվող շահութահարկի գումարները[4]:

Միաժամանակ, գույքի և դրամական միջոցների անհատույց տրամադրումը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ոչ առևտրային կրթական կամ գիտական հաստատություններին, ազատվում է ԱԱՀ-ից[5]:

Վերը նշված երկրներից բացի առևտրային կազմակերպությունների կողմից նվիրատվությունները խրախուսող հարկային արտոնություններ են կիրառվում նաև հետևյալ երկրներում` Ավստրալիա, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Չիլի, Չեխիա, Էստոնիա, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Ճապոնիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սինգապուր, Սլովենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն,  Կոլումբիա, Իսրայել, Սլովակիա: Նշված երկրներում, որպես կանոն, շահութահարկի բազայից նվազեցման թույլատրելի չափն էապես մեծ է Հայաստանում գործող չափից` պայմանով, որ նվիրատվություններն իրականացվեն որոշակի չափանիշների բավարարող բարեգործական կամ այլ հանրային բարիք ստեղծող  կազմակերպությունների: Օրինակ` Սլովակիայում հարկվող շահույթից կարող է նվազեցվել բարեգործության նպատակով իրականացված ծախսերի մինչև 2%, Չեխիայում` 5%, Իտալիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Վրաստանում[6]` 10%, Գերմանիայում և Շվեյցարիայում` 20%, Նիդերլանդներում` 50%, Իռլանդիայում, ՄԹ-ում և Ավստրալիայում` 100%[7],7:

Ֆրանսիայում կազմակերպությունները կարող են իրենց շահութահարկը նվազեցնել բարեգործության գումարի մինչև 60%-ի չափով, բայց ոչ ավել քան տարեկան հասույթի 0.5%[8]: Արգենտինայում բարեգործության գումարը կարող է նվազեցվել մինչև հասույթի 5%-ի չափով: Մեքսիկայում կազմակերպությունները մասնավոր բարեգործական և պետական  հաստատություններին իրականացվող նվիրատվությունների գումարները կարող են նվազեցնել ընթացիկ տարվա հարկման բազայից` նախորդ տարվա հասույթի մինչև 7%-ի չափով[9]:

* Արտոնության բազաների միասնականության նպատակով հիմք է ընդունվել շահութաբերության 20%  պայմանական չափը:

* Արտոնության բազաների միասնականության նպատակով հիմք է ընդունվել շահութաբերության 20%  պայմանական չափը:

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

     Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն ԲՈւՀ-երի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական և գույքային պահանջները, մյուս կողմից` կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման և հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում` հաշվի առնելով նվիրատվությունների արդյունքում ԲՈւՀ-երի և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարիքների բավարարմանը զուգահեռ պետական բյուջեից իրականացվող ծախսերի կրճատման հնարավորությունը:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.3 Կրթություն» բաժնից։

                

  1. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

[1]https://matsne.gov.ge/ka/document/view/1043717?impose=translateEn&publication=175&fbclid=IwAR1zE1KofB4vu5uQfDxJY6enk7VKLykWemOz_KoKKHTOQGQedWlzjbZbnZM , հոդված 983

[2] https://www.taxpolicycenter.org/briefing-book/what-tax-treatment-charitable-contributions


https://www.irs.gov/charities-non-profits/charitable-organizations/exempt-purposes-internal-revenue-code-section-501c3#:~:text=The%20exempt%20purposes%20set%20forth,cruelty%20to%20children%20or%20animals

[3] https://efa-net.eu/wp-content/uploads/2018/12/EFA-Tax-Survey-Report-Dec-2018.pdf

[4] http://ivo.garant.ru/#/docu ment/405604347/paragraph/5/doclist/180/showentries/0/highlight/430-%D0%A4%D0%97:0

[5] http://nalog.garant.ru/fns/nk/0c5956aa76cdf561e1333b201c6d337d/

[6]https://matsne.gov.ge/ka/document/view/1043717?impose=translateEn&publication=175&fbclid=IwAR1zE1KofB4vu5uQfDxJY6enk7VKLykWemOz_KoKKHTOQGQedWlzjbZbnZM

[7] https://www.oecd-ilibrary.org/sites/559f2c2c-en/index.html?itemId=/content/component/559f2c2c-en#section-d1e15223

[8] https://efa-net.eu/wp-content/uploads/2018/12/EFA-Tax-Survey-Report-Dec-2018.pdf

[9] https://www.oecd-ilibrary.org/sites/559f2c2c-en/index.html?itemId=/content/component/559f2c2c-en#section-d1e15223

  • Discussed

    08.08.2023 - 23.08.2023

  • Type

    Law

  • Area

    Education and science, State revenue, Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2668

Print

Suggestions

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

22.08.2023

Առաջարկում ենք նախագծի առաջին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում միջին մասնագիտական, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող ոչ առևտրային կազմակերպություններին, հանրակրթական դպրոցներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ:»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.08.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ առկա են հետևյալ դիտարկումները․ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար ֆինանսական կայունությունը առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում։ Տարիներ շարունակ ֆինանսական կայունությունը նշվել է որպես Հայաստանի ՔՀԿ հատվածի թույլ կողմ (Տե՛ս, օրինակ, 2020 Civil Society Organization Sustainability Index Armenia, September 2021, https://storage.googleapis.com/cso-si-dashboard.appspot.com/Reports/CSOSI-Armenia-2020.pdf; UNDER THE SPOTLIGHT: A Close Look into the Established and Emerging Civil Society Actors in Moldova and the South Caucasus, People in Need, Tomas Komm, Anna Zamejc, Elena Terzi, 2021, https://www.peopleinneed.net/media/publications/1710/file/civil_society_report_pin_2021_md_south_cauc.pdf)։ ՔՀԿ-ների զգալի մասը իրենց գործունեության և ծրագրերի իրականացման համար ֆինանսավորվում են միջազգային աղբյուրներից, որը հաճախ հիմք է տալիս դոնորների օրակարգից կախված լինելու մեջ ՔՀԿ-ներին ուղղված՝ հանրային տարբեր հարթակներում հնչող մեղադրանքների համար։ Ֆինանսական միջոցների բազմազանեցումը հնարավորություն կտա ՔՀԿ-ներին կախված չլինել առավելապես դրամաշնորհային ծրագրերից և ապահովել ամենօրյա գործունեությունը՝ իրենց առջև դրված նպատակների, այլ ոչ թե զուտ ծրագրային ֆինանսավորման շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում սահմանափակ շրջանակ ունեն անհատների ու առևտրային ընկերությունների կողմից կատարվող նվիրատվությունները, որոնք ամբողջ աշխարհում ՔՀԿ-ների ֆինանսավորման կարևոր աղբյուր են հանդիսանում՝ թույլ տալով նրանց իրականացնել իրենց առաքելությունը և հասնել ֆինանսական անկախության որոշակի մակարդակի։ Նվիրատվությունների մշակույթի թերի զարգացվածության պատճառներից մեկը հարկային խթանների պակասն է։ Աշխարհի տարբեր պետություններ, գիտակցելով ՔՀԿ-ների դերը հասարակության կարիքները բավարարելու գործում, հարկային արտոնությունների միջոցով խթանում են մասնավոր միջոցների ուղղորդումը դեպի հանրային բարիքի ստեղծում, որն օգուտ է բերում ողջ հասարակությանը: Նախագծի հիմնավորման մեջ որպես հիմք է նշվում միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: Համաձայնելով նախագծի հեղինակների հետ՝ նշենք, որ միջազգային փորձը վերաբերում է ոչ միայն կրթական, այլ տարբեր այլ ոչ առևտրային կազմակերպությունների օգտին կատարած նվիրատվություններին։ Այսպես, ըստ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» իրականացրած հետազոտության (https://ecnl.org/publications/tax-benefits-stimulating-philanthropy), բազմաթիվ եվրոպական երկրներում շահութահարկ վճարողների համար նվիրատվությունների՝ հարկման բազայից նվազեցնելու բավականաչափ բարձր շեմ է սահմանված։ Չեխիայում նվիրատվությունները նվազեցվում են հարկային բազայի մինչև 10%-ի չափով. յուրաքանչյուր նվիրատվության արժեքը պետք է լինի առնվազն 75 եվրոյին համարժեք գումար: Բուլղարիաում նվիրատվությունները նվազեցվում են տարեկան դրական ֆինանսական արդյունքի մինչև 10%-ի չափով, Լեհաստանում ևս կիրառվում է 10% շեմը: Խորվաթիայում կարող է նվազեցվել նախորդ տարվա համախառն տարեկան եկամտի մինչև 2%-ը կամ ավելին՝ կառավարության համապատասխան որոշման դեպքում: Գերմանիայում նվիրատվությունները նվազեցվում են տարեկան հարկվող եկամտի մինչև 20%-ի չափով, իսկ Նիդերլանդներում նվիրատվությունները նվազեցվում են շահույթի առավելագույնը 50%-ի չափով, առավելագույնը 100,000 եվրոյով: Բացի այդ, սահմանված են նաև բնաիրային նվիրատվությունների՝ ԱԱՀ-ից ազատման մեխանիզմներ։ Հունգարիայում բոլոր բնաիրային նվիրատվությունները, որոնք աջակցում են հանրային օգուտին ծառայող կազմակերպությունների (public benefit organisation) հասարակական գործունեությանը, ենթակա չեն ԱԱՀ հարկման: Բուլղարիայում նվիրաբերված ապրանքների ներմուծման դեպքում այդ ապրանքները ազատվում են ԱԱՀ հարկից, եթե դրանք նվիրաբերվում են բարեգործական կազմակերպություններին: Առաջարկ Հաշվի առնելով նախագծով առաջարկվող կարգավորումները, որոնք հնարավորություն կտան շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, բուհերին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից, ինչպես նաև այս հաստատություններին հատկացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից, կարևոր ենք համարում նշված պայմանները սահմանել ոչ միայն կրթական հաստատություններին, այլև բոլոր ոչ առևտրային կազմակերպությունների, մասնավորապես հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին նվիրատվություններ կատարելու դեպքում, քանի որ վերջիններիս իրականացրած գործունեությունը ևս ծառայում է հանրային շահին, այդ թվում՝ կրթական, սոցիալական, մշակութային և այլ հասարակական կարիքներին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Շուշանիկ Գասպարյան

10.08.2023

Շատ գովելի առաջարկ է, բայց պետք է հաշվարկել նվիրատվության չափը և իրենց հարկային վճարումները, այնպես չլինի որ նվիրատվությունների միջոցով հարկային պարտավորությունները կրճատվեն և շահեկան դուրս գան:

See more