Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 57-րդ կետի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք)  մինչև 2024 թվականի հունվարի 1-ը  ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին  դասվող  տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը (էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և մոպեդներ):

Վերոնշյալ իրավական կարգավորման արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար:

  • Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականին ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասավող՝ մարդատար ավտոտրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալը կազմել է 3485 միավոր, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ՝ ավելի քան 12,1 անգամ։ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 60 ծածկագրին դասվող մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալների աճը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 1,8 անգամ։    Նշենք, որ 2021 և 2022 թվականներին ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  8702 40 000 ծածկագրին դասվող՝ էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների ներմուծում չի իրականացվել։
  • 2021-2022 թվականների ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է  լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Նշենք, որ ՀՀ տարածքում գործող լիցքավորման կայանների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ plugshare.com  կայքում հասանելի քարտեզի միջոցով։

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի մարտի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժովի Խորհրդի N 39 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է սակագնային արտոնություն՝ առանց մաքսատուրքի վճարման էլեկտրական շարժիչով աշխատող M1 և M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող) ներմուծման համար  համապատասխանաբար՝ 2022 թվականին՝ 7,0 հազ․հտ․ և 2023 թվականին՝ 8,0 հազ․ հտ․։ 

Միաժամանակ, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի     22-ի N 307-Ն որոշման համաձայն՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.

    Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ։ Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում։

Վերոնշյալ դրական արդյունքներն ամրապնդելու և էլեկտրական տրանսպոորտային միջոցների օգտագործման հետագա զարգացումն ապահովելու նպատակով առաջարկվում է երկարաձգել Օրենսգրքի համապատասխան կետով տրված արտոնության կիրառության ժամկետը ևս երկու տարով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Հարկ է նաև նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառմանը, քանի որ վերջիններիս լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին: Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների (միջազգային և մասնավոր հատվածի կողմից) և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:

Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումն ունի կարևոր դերակատարում՝ մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում:

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ 2021-2022 թթ․ գործող Օրենսգրքի շրջանակներում ԱԱՀ-ի և նշված ապրանքատեսակների ներմուծումից ԱԱՀ չի գանձվել և ՀՀ պետական բյուջե գումար չի մուտքագրվել, ուստի պետական եկամուտներում հնարավոր կորուստներ չեն նախատեսվում։

 

 

  • Discussed

    05.06.2023 - 20.06.2023

  • Type

    Law

  • Area

    Transport, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2652

Print