Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 17-րդ կետում՝ «ստացված» բառից հետո լրացնել «կամ տրված» բառերը:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «ժամից» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ դատապարտյալի օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի առավելագույն տևողությունից ավել աշխատաժամանակով աշխատանք կատարելու դեպքերի»:

 

Հոդված 3.  Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «որի համար դատապարտվում է ազատազրկման,» բառերը հանել:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի դեպքում 

  1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը։ Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից։
  2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով։
  3. Միջին ծանրության հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում:
  4. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում։
  5. Արագացված վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երեք քառորդը։ Եթե առավել խիստ պատժատեսակի երեք քառորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից։
  6. Չավարտված հանցագործություններով արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով։
  7. Ոչ մեծ ծանրության ավարտված կամ չավարտված հանցագործություններով ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը:
  8. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն։
  9. Սույն հոդվածի 5-6-րդ մասերով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են: Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի պայմաններում արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները կիրառվում են սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո:
  10. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:
  11. Համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված վարույթ կիրառելն արգելք չէ լրացուցիչ պատիժ կամ անվտանգության միջոց նշանակելու համար: Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելիս լրացուցիչ պատիժ կամ անվտանգության միջոց չի նշանակվում»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. «8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասում «քրեական գործով կամ» բառերից հետո հանել «վարչական» բառը, իսկ «փաստաթուղթ» բառից հետո «կամ» բառը փոխարինել «ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «երեք դատավորի կազմով» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում՝ «արագացված» բառից հետո լրացնել «կամ ըստ համաձայնության տուգանք նշանակելու» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

  1. 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:».

  1. Լրացնել նոր 4.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթը եռօրյա ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չներկայացնելը համարվում է խափանման միջոցի պայմանի խախտում և հիմք է առավել պիտանի խափանման միջոցով կիրառելու կամ փոփոխելու համար:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 199-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով, հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քննիչը ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և նման միջնորդություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին գրավոր պարզաբանում է առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող հանցանք կատարած մեղադրյալին»:

 

Հոդված 6. Օրենսգրքում լարցնել նոր 201.1-ին հոդված, հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 201.1. Ըստ համաձանության տուգանք նշանակելու վարույթի միջնորդությունը

  1. Քննիչը վարույթի նյութերը մեղադրյալին ծանոթացնելու ժամանակ ճշտում է ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելու վերաբերյալ մեղադրյալի դիրքորոշումը:
  2. Եթե մեղադրյալն չի վիճարկում իրեն մեղսագրված արարքի փաստական հանգամանքներն ու իրավական գնահատականը և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնել գործի քննությունն իրականացնել ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի կարգով, քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է նաև մեղադրյալի և պաշտպանի կողմից: Արձանագրությունը կցվում է վարույթի նյութերին:
  3. Քննիչն ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի արձանագրություն կազմելուց առաջ իրավունք ունի մեղադրյալին հարցեր տալու միջոցով հավաստիանա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքի և պայմանների առկայության մասին:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ըստ համաձանության տուգանք նշանակելու վարույթ կիրառելու դեմ առարկելու դեպքում հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշմամբ նշում է նաև այդ մասին:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «իր» բառը հանել:

 

Հոդված 9. Օրենսգրքի 239-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«3. Ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցում բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակի վերաբերյալ տվյալների (եթե դրանք վերաբերում են առգրավմանը նախորդող ժամանակահատվածին), ինչպես նաև նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը կարող է կատարվել, եթե համապատասխան հաղորդակցությունը վերաբերում է՝

1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալին.

3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և հաղորդակցությունն ուղղակիորեն կարող է առնչվել սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող փաստերին.

4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, և ստացվելիք տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են մեղադրյալին վերագրվող փաստերին.»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով առգրավման ենթակա տվյալների) գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է դրանք տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասում «վարույթները» բառից հետո լրացնել «(այդ թվում դատական երաշխիքների)» բառերը.

 

Հոդված 13. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 7-րդ մասում «1-5-րդ» բառերը փոխարինելով «1-6-րդ» բառերով, իսկ «վարույթների» բառից հետո լրացնել «(այդ թվում դատական երաշխիքների)» բառերը.

 

Հոդված 14. Օրենսգրքի 271-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«Դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հարցը քննարկելիս վարույթին ներգրավված անձանց ներկայությունը պարտադիր չէ: Եթե դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու մասին որոշումը կայացվել է առանց մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության, ապա մեղադրյալի կամ նրա պաշտպանի միջնորդությամբ դատարանը հաջորդ դատական նիստի ընթացքում վերստին քննարկում է դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հարցը»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասում «ծանրության» բառից հետո լրացնել «կամ ծանր» բառերը.

 

Հոդված 16. Օրենսգրքի 283-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «Եզրափակիչ» բառը, իսկ «դատական» բառը փոխարինել «Դատական» բառով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 285-րդ հոդվածում.

1.1-ին մասում «քննիչի» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպերում դատախազի» բառերը.

2.2-րդ մասում և 2-րդ մասի 2-րդ կետում «քննիչի» բառից հետո լրացնել «(դատախազի)» բառը.

  1. լրացնել նոր՝ 10-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«10. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությամբ վարույթ չի հարուցվել,

2) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարուցված վարույթը կարճելու մասին, եթե ներկայացված խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությամբ հարուցվել է համապատասխան վարույթ:»:

 

Հոդված 18.  Օրենսգրքի 288-րդ հոդվածում.

  1. 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
  2. լրացնել նոր 2.1-ին մաս՝ հետևյալ բովնադակությամբ.

«Դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում նույն անձի վերաբերյալ նույն վարույթով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել, եթե վարույթով ի հայտ են եկել կալանքը հիմնավորող նոր հանգամանքներ:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 292-րդ հոդվածում.

1.11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պայմանը կամ միջնորդությունը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն հոդվածի 2-7-րդ մասերով սահմանված պահանջներին:»:

  1. Լրացնել նոր 12-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«12. Դատարանի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը, համապատասխան թերությունները մատնանշելով և մեկօրյա ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված պահանջներին: 

  1. Լրացնել 13-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«13. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությամբ վարույթ չի հարուցվել,

2) ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե ներկայացված ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությամբ հարուցվել է համապատասխան վարույթ:»:

  1. Լրացնել նոր՝ 14-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«14. Այն դեպում, երբ դատարանի կողմից մերժվել է սույն հոդվածով նախատեված ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը, ապա նույն վարույթով  և հիմքով միջնորդությունը կարող է կրկին ներկայացվել, եթե ի հայտ են եկել այն հիմնավորող նոր հանգամանքներ կամ դրան կցվել են այն հիմնավորևող լրացուցիչ նյութեր: Սույն կարգով միջնորդությունը կրկին ներկայացնելիս դրան կցվում է Դատարանի նախկին որոշման պատճենը:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 295-րդ հոդվածում.

  1. լրացնել նոր՝ 8-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«8. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վերաբերյալ միջնորդությամբ վարույթ չի հարուցվել,

2) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը կարճելու մասին, եթե ներկայացված սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վերաբերյալ միջնորդությամբ հարուցվել է համապատասխան վարույթ:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի օրենսգրքի 302-րդ հոդվածում.

  1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1 Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Թերությունները շտկված բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը:».

  1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մաս.

«1.2 Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին:».

  1. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ կամ 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին»:

 

 Հոդված 22. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նախադասություն, հետևյալ բովանդակությամբ.

«Այս դեպքում խափանման միջոցի հարցը քննարկելու համար միջնորդությունը դատարան է ներկայացվում հսկող դատախազի կողմից:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում «սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ» բառերը հանել:

 

Հոդված 24. Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասում « եզրակացությունը կամ կարծիքը տված» և « տվյալ» բառերը հանել:

 

Հոդված 25. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասում «դատարան» բառից հետո լրացնել «և դատական վարույթի մասնակիցներին, բացառությամբ անազատության մեջ գտնվող մեղադրյալին» բառերը:

 

Հոդված 26. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հինգերորդ օրը դատական ակտը կայացրած դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն ուղարկում է անազատության մեջ գտնվող մեղադրյալին: Դատական ակտը կայացրած դատարանը՝ նույն ժամկետում, դատական վարույթի բոլոր մասնակիցներին գրավոր պարզաբանում է բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, կարգը և ժամկետը, իսկ քրեական գործը կամ վարույթի նյութերը ուղարկում է համապատասխան վերադաս դատարան:»։

 

Հոդված 27. Օրենսգրքի 357-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 28. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասում «ստորագրում են բոլոր դատավորները» բառերը փոխարինել «կնիքվում է, իսկ վերջին էջը ստորագրում են բոլոր դատավորները» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր 5-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.

«5) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:».

 

Հոդված 30. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), որի ներկայացման ձևի պահանջները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:»։

 

Հոդված 31. Օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր 5-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.

«5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:».

 

Հոդված 32. Օրենսգրքի 391-րդ հոդվածում.

  1. 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 «5) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:».

  1. 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը մեկօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև զուգահեռ ընթացող վարույթների պարագայում՝ բողոքարկվող դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 392-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

 «2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված ժամկետները Վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա կարող են երկարաձգվել ոչ ավել, քան մեկ ամիս ժամկետով:»:

 

Հոդված 34. Օրենսգրքի 393-րդ հոդվածում.

  1. 1-ին մասում՝

ա) 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով,

բ) լրացնել նոր՝ 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

 «4) վարույթն ուղարկում է նոր քննության, եթե վարույթում եղած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս կայացնելու նոր ակտ.».

  1. 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, ուղարկվում է դատական վարույթի մասնակիցներին, ինչպես նաև նույն ժամկետում՝ համապատասխան առաջին ատյանի դատարան, եթե վերաքննիչ դատարանում հատուկ վերանայումն իրականացվել է առաջին ատյանի դատարանում ընթացող վարույթի պայմաններում, և բողոքարկվող դատական ակտը բեկանվել կամ փոփոխվել է»:

  1. 3-րդ մասում «նիստում» բառից հետո լրացնել «, եթե բողոքարկված դատական ակտը բեկանվել կամ փոփոխվել է»:

 

Հոդված 35. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասում՝ լրացնել նոր 5-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.

«5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:».

  1. 5-րդ մասում «յոթնօրյա» բառերը փոխարինել «տասնհինգօրյա», իսկ «տասնհինգօրյա» բառերը «մեկամսյա» բառերով:

 

Հոդված 36. Օրենսգրքի 400-րդ հոդվածում.

  1. 1-ին մասում`

ա) 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով.

բ) լրացնել նոր՝ 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

 «4) վարույթն ուղարկում է նոր քննության, եթե վարույթում եղած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս կայացնելու նոր ակտ.»,

գ) լրացնել նոր՝  5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«5) առաջին ատյանի դատարանի դատական ակտին տալիս է օրինական ուժ։»:

 

Հոդված 37. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել կամ չի համակցվել.»

 

Հոդված 38. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Բացառիկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և տասն օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին»։

 

Հոդված 39. Օրենսգիրքը լրանցել նոր՝ 55.2-րդ գլխով հետևյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 55.2.

ԸՍՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 464.6. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիարելու հիմքը.

  1. Դատարանը ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառում է, եթե մեղադրյալը մեղադրվում է հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու համար:
  2. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ չի կարող կիրառվել, եթե՝

  1) մեղադրյալն անչափահաս է.

  2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար.

  3) մեղադրյալին մեղսագրված հանցանքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակ սահմանված չէ.

  4) մեղադրյալին մեղսագրված արարքով վնաս է պատճառվել այլ անձի մասնավոր շահերին.

  5) հսկող դատախազը սույն օրենսգրքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել է դրա դեմ:

 

Հոդված 464.7. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը.

  1. Դատավորը քրեական գործը ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա են ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքերն ու պայմանները, բացակայում են սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ պարագայում կայացվում է սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը:
  2. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու մասին վարույթ հարուցելու որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործը ստանալու և որոշումը կայացնելու օրվա, վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու, ինչպես նաև դատավճռի կայացման օրվա մասին:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին:
  4. Դատարանը որոշում է կայացնում ըստ համաձայնության տուգանք նշանակելու մասին վարույթը դադարեցնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին, եթե՝

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.

3) հայտնաբերում է ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելուն խոչընդոտող հանգամանք:

  1. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատավճիռը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում։

 

Հոդված 464.8. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը.

  1. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթ կիրառելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում չի իրականացնում և դատավճիռը կայացնում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:
  2. Դատարանը ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթները:
  3. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:
  4. Դատավճիռը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում այն կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում: Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթի արդյունքով կայացված դատավճիռը ուղարկվում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին վերջիններիս գրավոր միջնորդության հիման վրա:

 

Հոդված 464.9. Ըստ համաձայնության տուգանք նշանակելու վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

  1. Սույն օրենսգրքի 464.8-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 1-4-րդ և 6-րդ մասերով և 377-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:»:

 

Հոդված 40. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 156. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը

  1. Սույն օրենսգրքի 153-րդ, 154-րդ, 158.1-ին, 159-րդ, 160.1-ին և 161-164-րդ հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
  2. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող և սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է գրավոր կամ բանավոր ընթացակարգով:
  3. Համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատարանը կայացնում է դատական վարույթ հարուցելու մասին որոշում՝ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի կարգավորումները, իսկ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ բողոքը վերադարձնելու մասին որոշում:
  4. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը համապատասխան մարմիններից կամ պաշտոնատար անձանցից կարող է պահանջել դատարան ներկայացնել քննության ենթակա հարցին վերաբերող նյութեր, իսկ բանավոր ընթացակարգով քննությունն իրականացնելու դեպքում՝ նաև ներկայանալ դատական նիստին:
  5. Բանավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է դատական նիստում` դատապարտյալի, իսկ այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, ապա նաև վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պարտադիր է նաև դատախազի, դատապարտյալի օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը: Հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը կամ առողջական վիճակի փոփոխությամբ պայմանավորված պատիժը կրելու ուղարկելու հարցը դատարանի կողմից լուծվելիս պարտադիր է եզրակացություն տված համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
  6. Բանավոր ընթացակարգով հարցի քննարկումը դատարանում սկսվում է նախագահողի կողմից միջնորդությունը, դիմումը կամ բողոքը հրապարակվելով, որից հետո դատարանը հետազոտում է ներկայացված նյութերը և լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Այնուհետև դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու համար:
  7. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի քննության արդյունքում դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթների կիրառմամբ կայացնում է համապատասխան որոշում, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ որոշումներ։
  8. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենսգրքի 158.1-ին հոդվածի 1-ին մասով և 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հինգերորդ օրը»:

 

Հոդված 1. Օրենսգրքում լրացնել 158.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 158.1  Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

  1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանը միանձնյա կարգով քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի միջնորդագիրի կամ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքի հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:
  2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի ներկայացուցիչը:

  1. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացված որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը:
  2. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է համապատասխանաբար Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կամ կարգապահական գումարտակի ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի, դատապարտյալի և նրա փաստաբանի դիրքորոշումները, եթե դատապարտյալը փաստաբան ունի, իսկ տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) ներկա լինելու դեպքում՝ նաև նրա դիրքորոշումը:
  3. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին:

  1. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ:
  2. Կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը կամ դրա չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է կարգապահական գումարտակի ներկայացուցիչը, որը դատարան է ներկայացնում կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը»:

 

Հոդված 3. Օրենսգրքում 160-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Այն դեպքում, երբ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը որոշում է կայացնում այն վերադարձնելու մասին՝ տրամադրելով եռօրյա ժամկետ բողոքի թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար: Թերությունները շտկված բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը:

  1. Եթե ներկայացված բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա դատարանը բողոքը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 24 ժամվա ընթացքում:
  2. Քննարկելով ներկայացված բողոքը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը կայացնելիս դատարանը հաստատում է դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և

1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց կամ

2) իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումը դատարանը կայացնում է նաև այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ կամ երբ վերադարձված բողոքը չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
  2. Բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճենն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն (անգործությունը) իրականացրած պաշտոնատար անձին և նրա վերադաս մարմնին:
  3. Սույն հոդվածով դատարանի կայացրած որոշումների դեմ բողոք բերած անձը, նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը կամ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը կարող են բողոքարկել վերադաս դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
  4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկված որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն իրականացրած կամ անգործությունը թույլ տված պաշտոնատար անձն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դատարանի հաստատած՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու ուղղությամբ և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին»:

 

Հոդված 4. Օրենսգրիքը լրացնել նոր 160.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 160.1  Տարբեր դատական ակտերով նշանակված պատիժները համակցելը

  1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով և 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, ապա ժամանակագրական առումով վերջինն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդությամբ դատարանը քննում է տարբեր դատական ակտերով դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժները համակցելու հարցը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցը քննում է ժամանակագրական առումով վերջինն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի դատարանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ժամանակագրական առումով վերջին դատական ակտը կայացրած դատարանը:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

  • Discussed

    19.04.2023 - 04.05.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Job and employment, Penitentiary, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2180

Print

Suggestions

Սամվել Հակոբյան

20.04.2023

Հանցագործությունների ռեցիդիվը գնահատելու մասին. Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել ՛՛որի համար դատապարտվում է ազատազրկման՛՛ արտահայտությունը: Նախագծի ընդունման արդյունքում կաստացվի, որ եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է, օրինակ՝ տուգանքի (այն դեպքում,երբ, ի թիվս այլնի, հատուկ մասով նախատեսված է նաև ազատազրկման հետ կապված պատիժ), ապա, առաջնորդվելով հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու իրավակարգավորումներով, նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս պատիժ: Փաստացի կստեղծվի իրավիճակ, երբ դատարանները, հաշվի առնելով, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթը և չափը, հանցագործության եղանակը, տեղը, ժամանակը, հանցագործության շարժառիթները և նպատակները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությունը, կցանկանան, բայց չեն կարող անձին դատապարտել տուգանքի, քանի որ նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով առաջացած ռեցիդիվը հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում, ուստի: Այլ խոսքով, նույնիսկ եթե անձը դատապարտվի տուգանքի, ապա, առաջարկվող փոփոխությամբ նրա նկատմամբ այն չի կարող կիրառվել, քանի որ, նախագծի ընդունմամբ, դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող անձանց նկատմամբ անպայմանորեն, ցանկացած պարագայում կնշանակվի ազատազրկման հետ կապված պատիժ, ինչն ուղիղ հակասության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հետ:

See more