Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի իրականացման գործընթացում զինծառայողների կողմից համագործակցող վարկատու կազմակերպությունների ընտրության հնարավորությունները մեծացնելու, ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքները ներկայումս գործող վարկավորման պայմաններին առավել մոտեցնելու և դրա արդյունքում պետության կողմից տրվող սուբսիդավորման չափերը հստակեցնելու, ծրագրի գործողության ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու, ծրագրի ապահովման հետ կապված տեխնիկական բնույթի հստակեցումներ իրականացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայա­կան և ավագ ենթասպայական կազմերի պայմանա­գրա­յին զինծառա­յողների կողմից բնակա­րան կամ բնակե­լի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:

Ծրագրի միջոցով 06.03.2023թ. դրությամբ բնակա­րան կամ բնակե­լի տուն են ձեռք բերել 1002 զինծառա­յող, որից 223-ը` 2020թ-ի, 249-ը` 2021թ.-ի և 530-ը` 2022թ.-ի ծրագրի շահառուներից (միջին վարկը  մեկ շահառուի հաշվարկով կազմել է  18.771.184 դրամ):

ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` պետության կողմից բնակարանի պայմանագրային գնի 10% կանխավճար տրամադրելու միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 996 շահառու (միջին աջակցությունը մեկ շահառուի հաշվարկով կազմել է 2.237.266 դրամ):

 ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն վճարված տոկոսներից 3 % սուբսի­դա­վոր­ման հատկացմամբ պետական աջակցություն է ստացել 1557 շահառու/տարի (միջին սուբսի­դավորումը  մեկ շահառուի հաշվարկով կազմել է 562.541 դրամ):

      ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման «Լրացուցիչ երաշխիքներ» III գլխով սահմանված ՀՀ պետական բյու­ջեի միջոցների հաշվին հիփոթեքային  վարկի չմարված մայր գումարի 10%-100% մարման ենթակա հիփոթեքային վարկի մարման համար պետական աջակցություն է ստացել 35 շահառու (միջին մարումը  մեկ շահառուի հաշվարկով կազմել է 2.195.848 դրամ):

          Ծրագրի գործողության ընթացքի, առկա խնդիրների և դրանց լուծումների հետ կապված մի շարք քննարկումներ են իրականացվել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, վերաֆինանսավորող կազմակերպությունների և համագործակցող վարկատու կազմակերպության հետ, ինչպես նաև ամփոփ քննարկում է տեղի ունեցել ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գլխավորությամբ, որի արդյունքներով նպատակահարմար է գտնվել՝

1) պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը նախատեսել կոնկրետ չափով՝ սահմանելով 2.500.000 դրամ,

2) անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Նպատակահարմար է գտնվել նաև այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև սույն փոփոխությունների կատարումը ծրագրի շրջանակներում կնքված համապատասխան հիփոթեքային վարկավորման պայմանագրերի վրա՝ վարկառուի և վարկատու կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ,

3) երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Նպատակահարմար է գտնվել նաև այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև սույն փոփոխությունների կատարումը ծրագրի շրջանակներում կնքված համապատասխան հիփոթեքային վարկավորման պայմանագրերի վրա՝ վարկառուի և վարկատու կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ,

          4) հստակեցնել անհատական բնակելի տան կառուցապատման հետ կապված վարկավորման գործընթացը, մասնավորապես՝ անհատական բնակելի տան կառուցապատման այն վարկերը, որոնք փուլային են տրամադրվում, դրանց գծով պետության սուբսիդավորման գումարները հատկացնել ամենասկզբում, այլ ոչ թե ներկայումս նախատեսված կարգով, ինչը ենթադրում է, որ մինչև Վերաֆինասավորողը վարկի վերջին փուլի տրամադրումից հետո վարկը չհամարի որակավորված, ապա սուբսիդիան չի կարող տրամադրվել։ Այդ դեպքում հաճախորդի վարկունակության տեսանկյունից մերժման դեպքերը կնվազեն, քանի որ այդ գումարները ևս կդիտարկվեն հենց սկզբից ու հավելյալ եկամուտներ այդ մասով չեն պահանջվի հաճախորդներից։ Կառուցապատողին անհատական բնակելի տան կառուցապատման պատվիրակման պարագայում վարկը միանվագ տրամադրելու համար (որի հնարավորությունը նախատեսված է ծրագրով), նախատեսել, որ այդ վարկը ի սկզբանե վերաֆինանսավորողի կողմից համարվի որակավորված և վերաֆինանսավորման գումարները հատկացվեն հենց սկզբում։ Անհատական բնակելի տան ինքնուրույն (առանց պատվիրակման) կառուցապատման պարագայում փուլային տրամադրվող վարկերի գծով սուսբիդավորման գումարները ի սկզբանե փոխանցելու հետ կապված դիտարկումներով Ազգային Հիփոթեքային Ընկերությունը արձանագրել է, որ գործող բոլոր ծրագրերի պարագայում  անհատական բնակելի տների կառուցապատման վարկերի միանվագ տրամադրումը ռիսկային լինելու պատճառով (հնարավոր է ոչ նպատակային օգտագործում) ներդրված է սկզբունք, որի համաձայն վարկերը տրամադրվում են միայն փուլային տարբերակով (առնվազն երկու փուլ) և դրանք վերաֆինանսավորվում են, երբ մոնիթորինգի իրականացման արդյունքում հավաստվում է վարկային միջոցների առնվազն 80%-ի նպատակային օգտագործման և հիմնական աշխատանքները կատարված լինելու հանգամանքը։ Այս մոտեցումը կարևոր է նաև կառուցապատումն ավարտին հասցնելու հետ կապված ռիսկերը զսպելու տեսանկյունից։ Ընդ որում՝ այս պարագայում պետք է նաև նկատի ունենալ, որ դա բխում է նաև հենց շահառուի (զինծառայող վարկառուի) շահերից, ինչպես նաև պետության շահերից՝ սուբսիդավորման գումարի առումով, քանի որ վարկառուի կողմից վարկի գծով կատարվող ամսական վճարումները սկզբնական շրջանում ավելի փոքր են, քան եթե վարկը տրամադրվեր միանվագ կերպով: Նպատակահարմար է գտնվել նաև այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև սույն փոփոխությունների կատարումը ծրագրի շրջանակներում կնքված համապատասխան հիփոթեքային վարկավորման պայմանագրերի վրա,

5) ծրագրի գործողության ընթացքում ի հայտ եկած ևս մեկ՝ համագործակցող վարկատու կազմակերպության կողմից վարկի ապահովագրության վճարի չափի հետ հետ կապված խնդրի, լուծման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ բարձրացվել են ծրագրի շրջանակներում վարկի տարեկան տոկոսադրույքները, նպատակահարմար է գտնվել ծրագրի շրջանակներում զինծառայողներից չգանձել վարկային պայմանագրի հետ կապված որևէ գումար, ներառյալ՝ վարկի ապահովագրության սպասարկման վճարները, ինչպես նաև, արդեն իսկ կնքված պայմանագրերի մասով՝ այդ կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ եթե վարկառուն կհամաձայնվի վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը սահմանել 7.5 տոկոս,

 6) կատարվող փոփոխությունների համատեքստում հստակեցնել նաև ծրագրի շրջանակներում գործող սոցիալական երաշխիքները՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը, հստակեցնել ծրագրին մասնակցելու նպատակով ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հանել փաստացի չգործող այն կարգավորումը, որի համաձայն ծրագրից օգտվող շահառուների կողմից ծրագրից հրաժարվելու դեպքում իրականացվելու էր շահառուների նոր ընտրություն, քանի որ նման դեպքեր չեն արձանագրվում:

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

          Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների և պետության կողմից սուբսիդավորման չափերը, վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, կատարվում են ծրագրի իրականացման գործընթացի հստակեցումներ, սահմանվում են կատարվող փոփոխություններին հետադարձ ուժ տալու պայմանները:  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում հանգեցնում է փոփոխություն­ների և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշտու­­­թյան: Ներկայում միջինում 10% կանխավճարի աջակցությունը 1 շահառուի համար կազմում է 2.238,000 հազար դրամ: Ավելացվող տարբերությունը 500 շահառուի համար տարեկան կարող է կազմել լրացուցիչ 131,0 մլն. դրամ: 3% սուբսի­դա­վոր­ման հատկացմամբ պետական աջակցությունը մեկ շահառուի հաշվարկով կազմել է 562.541 դրամ: Ավելացվող տարբերությունը 500 շահառուի համար 5% սուբսի­դա­վոր­ման դեպքում կարող է կազմել 187,5 մլն. դրամ: Ընդհանուր ֆինանսական աջակցության տարբերու­թյունը առաջին տարվա համար կարող է կազմել 318,5 մլն դրամ, երկրորդ տարվա համար` 506 մլն դրամ, երրորդ տարվա համար` 693,5 մլն դրամ, չորրորդ տարվա համար` 881 մլն դրամ, հինգերորդ տարվա համար` 1068,5 մլն դրամ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ  

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ զինծառայողների բնակարանային ապահովման ուղղու­թյամբ Կառավարության ծրագրերին նոր թափ հաղորդելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 14.1-ին կետի պահանջների, ի դեմս՝ զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի իրականացման հասանելիության ու շարունակականության ապահովման հետ:

 

  • Discussed

    06.04.2023 - 22.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2356

Print

Suggestions

Artur Harutyunyan

18.04.2023

Հարգելի նախագծի հեղինակներ, իսկ դուք ուսումնասիրել ե՞ք անշարժ գույքի շուկան, արդյո՞ք տեղյակ եք ներկայիս գներից: Նախագիծն ամբողջությամբ ի վնաս է ծրագիր շահառու դառնալու ցանկացողներին: Նախագծի ընդունմամբ ծրագիրը այլևս չի կարող հանդիսանալ «մատչելի և արտոնյալ պայմաններով»: Նախ առանց այն էլ 28500000 դրամով գրեթե անհնար է քաղաքային բնակավայրերում բնակարան կամ տուն գնելը, սահմանվող գումարի չափն ավելացնելու փոխարեն վատթարացվում են պայմանները՝ պետության կողմից կանխավճարի աջակցության չափը է սահմանվում 2.500.000 դրամը, նախկին 2.800.000 դրամի փոխարեն, անմիջապես կառուցապատողից ձեռք բերելու դեպքում վարկառուի համար տարեկան տոկոսադրույքը կազմելու է 6%, նախկին 4%-ի փոխարեն, երկրորդային շուկայի համար 8% է կազմելու… Ի օգուտ ծրագիր շահառու դառնալու ցանկացողների ոչ մի դրական փոփոխություն չկա, միայն ի վնաս: Ու նման նախագծերը ընթացքավորելով բարձրացվու՞մ է զինվորական ծառայության գրավչությունը, իհարկե ոչ, այլ ճիշտ հակառակը: Առաջարկում եմ լրամշակել նախագիծը, ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան առավելագույն արժեքը սահմանել՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայական միջին գները, պետության կողմից կանխավճարի աջակցության չափ սահմանել բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման պայմանագրային արժեքի նվազագույնը 15%, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը և պետության կողմից սուբսիդավորման տոկոսավճարի չափը թողնել նույնը, եթե հնարավորություն չկա վարկառուի համար վարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցնելու և սուբսիդավորման տոկոսավճար ավելացնելու: Այդ դեպքում ինչ -որ տեղ ծրագիրը կարող է համարվել «մատչելի և արտոնյալ պայմաններով»:

See more