Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հայաստանը, որպես չորային կլիմայական պայմաններով լեռնային երկիր, իր ամբողջ տարածքով և խոցելի էկոհամակարգերով համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ Վերջին տարիներին ոչ միայն գրանցվել է օդի ջերմաստիճանի աճ և մթնոլորտային տեղումների նվազում, զգալիորեն ավելացել են նաև էքստրեմալ եղանակային երևույթների (ջերմային ալիքներ, ցրտահարություն, ուժեղ քամիներ, տեղումներ և այլն) և դրանց հետևանքով առաջ եկող բնական աղետների (երաշտ, սելավներ, հեղեղումներ, անտառային հրդեհներ և այլն) հաճախականությունը և ինտենսիվությունը, որոնք բացասական ազդեցություն են թողնում էկոհամակարգերի, տնտեսության, մարդկանց գործունեության և առողջության վրա։

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ։ Տարվա տարբեր սեզոններին օդի ջերմաստիճանի փոփոխություններն ունեն տարբեր միտումներ: 1966-2016թթ. ժամանակահատվածում ամառային միջին ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 1.30C-ով, ընդ որում` վերջին հարյուրամյակում էքստրեմալ տաք ամառները Հայաստանում դիտվել են վերջին 20 տարիների ընթացքում։ Ըստ երաշտի ինդեքսների, ուժեղ և շատ ուժեղ երաշտների օրերի թիվը 2000- 2017թթ. ընթացքում 1961-1990թթ. միջինի (87) նկատմամբ աճել է 33 օրով: Վերջին տարիներին երաշտային գոտու վերին սահմանը ընդլայնվել է՝ ընդգրկելով լեռնային շրջանները, ինչպես նաև դիտվել է երաշտի սկսման առավել վաղ ժամկետներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքի ցածրադիր շրջաններում երաշտները դիտվում են, գրեթե յուրաքանչյուր տարի, իսկ նախալեռնային շրջաններում երաշտների կրկնելիությունը կազմում է շուրջ 50% (Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն):

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կողմից օդերևութաբանական երաշտի գնահատման համար օգտագործվում է Սելյանինովի հիդրոթերմիկ գործակիցը՝ ՀԹԳ [մմ/0C]։ Երաշտի ինտենսիվության գնահատման համար Սելյանինովի ՀԹԳ-ն խորհուրդ է տրվում կիրառել Ռուսաստանի Ագրոօդերևութաբանական գիտահետազոտական ինստիտուտի կողմից (https://old.meteo.md/monitzasuhi/operatmonit.htm), ինչպես նաև ընդգրկված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության չորայնության ցուցիչների տեղեկագրում (https://www.droughtmanagement.info/literature/WMO-GWP-Drought-Indices_ru_2016.pdf)։ Վերջինիս հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ:

Հայաստանի կլիմայական պայմաններում տարվա տաք ժամանակահատվածում հաճախ կարող են դիտվել լոկալ բնույթի անձրևներ պայմանավորված լեռնային ռելիեֆով և կոնվեկտիվ պրոցեսներով։ Այդ պատճառով օդերևութաբանական կայանների դիտարկումներով իրականացված ՀԹԳ –ի հաշվարկները որոշ դեպքերում կարող են թերի բնութագրել երաշտային պայմանները հարակից տարածքների համար։ Հետևաբար, առանձին դեպքերում կարիք է լինում ճշգրտել երաշտային պայմանների մոնիթորինգը վերլուծելով օդերևութաբանական իրավիճակը սինոպտիկական քարտեզներով և ներառելով ռադառների և արբանյակների դիտարկումները վերջնական եզրակացություն և գնահատական տալու համար։ Բացի այդ, Սելյանինովի ՀԹԳ-ն հաշվի չի առնում մի քանի հիդրոօդերևութաբանական պայմաններ, որոնք կարևոր են երաշտի ինտենսիվության գնահատման համար ինչպիսիք են հողի խոնավությունը, գոլորշացումը և գոլորշունակությունը և այլն։ Ժամանակակից գիտական ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են երաշտի ինտենսիվության ավելի կատարելագործված և ճշգրիտ գործակիցներ և ինդեքսներ, որոնք սակայն դեռևս չեն փորձարկվել Հայաստանի համար՝ համապատասխան գիտական ուսումնասիրությունների և տվյալների բացակայության պատճառով։ 

Այսպիսով, երաշտի գնահատման համար խորհուրդ է տրվում կիրառել Սելյանինովի ՀԹԳ-ն ըստ օդերևութաբանական կայանի դիտարկումների տվյալների։ Այնուամենայնիվ այս մեթոդաբանությունը ունի բարելավման կարիք, որը պետք է իրականացվի ժամանակակից գիտական ուսումնասիրությունների շնորհիվ։ Հաշվի առնելով տեղական պրոցեսներով պայմանավորված տեղումները, առանձին դեպքերում լրացուցիչ պետք է իրականցնել սինօպտիական իրավիճակի և արբանյակային դիտարկումների վերլուծություն երաշտի ինտենսիվության գնահատման համար։     

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները, այդ  պայմանները բնութագրող գործոնների չափանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։ Առաջարկվել է երաշտի ինտենսիվության գնահատման համար կիրառել Սելյանինովի ՀԹԳ-ն։ Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝ I կարգ (շատ ուժեղ), II կարգ ( ուժեղ), III կարգ (միջին), IV կարգ (թույլ), V կարգ (երաժշտի բացակայություն)։

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշների, այդ  պայմանները բնութագրող գործոնների չափանիշների և կիրառվող մեթոդաբանության առկայություն։

 

  1. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

  • Discussed

    04.04.2023 - 25.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Territorial administration and development, Emergency situations

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2189

Print