Add to favourites

Under development

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ

2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ վարչապետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2010 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին:

2017 թ. հունվարի 12-ի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ․ համալիր ծրագիրը: Համալրիր ծրագիրը ոլորտի առաջիկա 5 տարիների սոցիալական ներառման քաղաքականության իրականացման ուղեցույցն էր, որի` տարեկան կտրվածքով կատարման ենթակա միջոցառումների համամասնությունը ներառվում էր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրում:

2023-2027 թվականների համալիր ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները:

Համալիր ծրագրում սահմանվել են 7 առաջնահերթություններ, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, խտրականության բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավում,  խնամքի ծառայությունների  փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։ Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակներում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և  խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:

Համալիր ծրագրի միջոցառումների ցանկը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված գրավոր առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների, կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների վրա: Համալիր ծրագիրը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդրի անդամ պետությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համալիր ծրագրի նախագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, այդ թվում՝ աջակցելով մշակման և հանրային քննարկման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցությունների անցկացման հարցում։ Համալիր ծրագրի նախագծի մշակման փուլում մասնակցություն է ունեցել ոլորտային յոթ հասարակական կազմակերպություն և հաշմանդամություն ունեցող ավելի քան 70 անձ։

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել համալիր ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը մեկ փաստաթղթում, որի միջոցով էլ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվա­կան­ների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Միջոցառումների ֆինանսական գնահատականները կցվում են։

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 22-րդ «Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը» և 23-րդ պարբերությունների դրույթներից` «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները, կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման, զբաղվածության և այլն: Կապահովվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցումը»։

 

 

 

 

 

  • Discussed

    27.03.2023 - 12.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3102

Print

Suggestions

Վահան Սարգսյան

12.04.2023

Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2023

Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է խնամքի ծառայությունների փոխակերպման (ապաինստիտուցիոնալացման) առանձին ծրագրի մտքից հրաժարվելու Կառավարության որոշումը։ Բացի այդ, գործողություններն առանց բովանդակային համապատասխանեցումների և համատեքստի մանրամասն նկարագրության Համալիր ծրագրում ընդգրկելը չի կարող բերել ապաինստիտուցիոնալացման նպատակի նվաճմանը։ Ուստի, այս մասով ևս առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին և ընդունել ապաինստիտուցիոնալացման համար առանձին ծրագիր՝ համապատասխանող Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցին (2022 թ.,CRPD/C/5)։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2023

Տարբեր դերակատարների փոփոխությունների առաջարկների ընդունման հետևանքով նախագծի այս տարբերակում տեղ են գտել մի շարք տեխնիկական և էական (բովանդակային) թերություններ, որոնք ենթակա են վերանայման, այդ թվում՝ գործողությունների ժամկետների համապատասխանեցումը, այնպիսի գործողությունների բացառումը, որոնք արդեն իրականացված են կամ գտնվում են իրականացման վերջին փուլում։ Հաշվի առնելով վերոնշյալը` հավելված 2-ի մասին մանրամասն առաջարկներ ներկայացնելու փոխարեն առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին։ Վերջինս մշակվածության տեսանկյունից համարում ենք առավել համակարգված, ժամանակահատվածի պլանավորման առումով առավել տրամաբանական, չափելի և համապատասխան։

See more