Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումը պայմանավորված են քրեական գործի հարուցման փուլում կայացված եզրափակիչ որոշումների օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության և դրանով պայմանավորված՝ համապատասխան որոշումների օրինականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով, երբեմն առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ այս փուլում կայացված դատավարական ակտի՝ օրենսդրությանը չհամապատասխանելու փաստն արձանագրելուց հետո, դատախազը համապատասխան օրենսդրական ընթացակարգի բացակայության պատճառով զրկված է լինում դրան համարժեք քրեադատավարական գնահատական տալու հնարավորությունից: Հաճախ նման իրավիճակներում դատախազական միջամտության օրենսդրական արգելքի բացակայությունը հանգեցնում է նաև մարդու իրավունքների խախտման: Մասնավորապես՝ հնարավոր են դեպքեր, երբ վարույթն իրականացնող մարմինն անձի վերաբերյալ ոչ արդարացնող հիմքով օրինակ՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու, դիմողի բողոքի բացակայության քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնի: Մինչդեռ տվյալ որոշման օրինականության ստուգման արդյունքում կարող է պարզվել, որ քրեական գործի հարուցումը ենթակա է եղել մերժման արդարացման հիմքով, որի դեպքում անձը կստանար արդարացվածի կարգավիճակ:

Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում, եթե դատախազը վերացնում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, պարտավոր է հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկել քննիչին: Մինչդեռ, ներկայացված իրավիճակներում՝ վարույթը բացառող հանգամանքների առկայության պայմաններում, քրեական գործի հարուցումն անհնար է:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածներում կատարված փոփոխությամբ ստեղծել գործուն ընթացակարգ, որը թույլ կտա առանց քրեական գործ հարուցելու, վերացնել որոշմամբ թույլ տրված՝ անձի իրավունքների խախտումները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ դրույթում և դրա հետ փոխկապակցված` 53-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է նաև Գևորգ Խնուսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման պահանջներից: Նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, թեև վերաբերում է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմանը, սակայն հավասարապես կիրառելի է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման նկատմամբ: Այսպես, նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը քրեական դատավարության ցանկացած փուլում անվերապահորեն պետք է հանգեցնի քրեական հետապնդման դադարեցման (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ, նշված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են: Հետևաբար, նշված հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ոչ միայն որոշում կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այլ նաև իր որոշման մեջ հստակ պետք է ամրագրի քրեադատավարական օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվում է այդ որոշումը:

Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջը պարտադիր է ոչ միայն քննարկվող քրեադատավարական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջն ապահովելու համար, այլ նաև անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք՝ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այլ կերպ` քրեական հետապնդումը դադարեցնելու և (կամ) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքի հստակ ամրագրումը պարտադիր է և ի թիվս այլոց, պայմանավորված է.

ա) անձի իրավական կարգավիճակի հստակեցման, և դրանից ելնելով՝ քրեական հետապնդման հետևանքով խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք վերապահելու անհրաժեշտությամբ,

բ) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի, այդ թվում՝ արդարացման հիմքի մասով բողոքարկելու իրավունք վերապահող քրեադատավարական նորմերի գործողության ապահովման անհրաժեշտությամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածներում առաջարկվող լրացումներին, ապա դրանք պայմանավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածում 2017 թվականին կատարված փոփոխություններով և դրանց տրամաբանական շարունակությունն են, քանի որ գործնականում առկա են իրավիճակներ, երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմինները քրեական գործի հարուցումը մերժում են առանց նախապես նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալու, իսկ նման պայմաններում քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելով քրեական գործի հարուցումը պարտադիր է դառնում, այնինչ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո պարզվում է, որ բացակայել են քրեական գործի հարուցման հիմքերը:

Իրավակիրառական պրակտիկայում ծագած այս խնդիրը հնարավոր կլինի լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածներում համապատասխան լրացումներ ու փոփոխություններ կատարելու արդյունքում:

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով, որոնք վկայում են այն մասին, որ քրեական գործի նյութերով հարուցված նոր քրեական գործում առանձնացված՝ առաջին քրեական գործով ձեռք բերված ապացույցների թույլատրելության մասին մոտեցումները միասնական չեն: Դատարանները, քրեական գործի նյութերով հարուցված քրեական գործով դատավճիռ կայացնելիս, սկզբնական գործով ձեռք բերված և նոր հարուցված քրեական գործում առանձնացված ապացույցները ճանաչում են անթույլատրելի՝ արձանագրելով, որ դրանք ձեռք են քրեադատավարական օրենքի էական խախտմամբ: Ստեղծված իրավիճակը պետք է կարգավորել՝ հաշվի առնելով ինչպես  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածից բխող իրավակարգավորումները, այնպես էլ Կարեն Սարուխանյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0301/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:

Որոշման մեջ պետք է նշվեն` գործի հարուցման և անջատման հիմքերը, դրվագները և անձինք, քրեական օրենքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով գործ է հարուցված և անջատված է առանձին վարույթում, անջատված գործը նախաքննության ուղարկելու կամ գործն իր վարույթն ընդունելու մասին որոշումը:

Որոշման մեջ ընդգրկվում կամ պատճեններով կամ բնօրինակներով նրան կցվում է անջատվող նյութերի` որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի, իրեղեն ապացույցների ցանկը:

Որոշման և անջատվող նյութերի` դրան կցվող ցանկի առաջին օրինակն ընդգրկվում է սկզբնական գործի, իսկ երկրորդ օրինակը` անջատվող գործի մեջ:

Նոր գործի անջատման և հետագա ընթացքի մասին տեղյակ է պահվում մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են սկզբնական գործի վարույթին:

Մեջբերված իրավակարգավորումները, նախատեսելով կոնկրետ դեպքում քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և առաջին գործի՝ նոր գործին վերաբերող նյութերը, այդ թվում՝ իրեղեն ապացույցները, դրանում առանձնացնելու դատավարական հնարավորություն, առնվազն ենթադրում են, որ դրանք նոր հարուցված քրեական գործով թույլատրելի են: Հակառակ մոտեցմամբ ստացվում է, օրենսդիրը նախատեսել է առաջին քրեական գործով ձեռք բերված ապացույցները նոր քրեական գործում առանձնացնելու ինքնանպատակ հնարավորություն: Նման մեկնաբանությունը տրամաբանական չէ, քանի որ այն ենթադրում է նաև իրենց բնույթով որպես կանոն անկրկնելի իրեղեն ապացույցներն առանձնացնելու հնարավորություն: Այլ խոսքով, հակառակ մոտեցման պարագայում տրամաբանական չի լինի քրեական գործով ապացույցները մեկ այլ գործում առանձնացնելու այնպիսի կարգի սահմանումը, որը դրանք դարձնում է ինքնին անթույլատրելի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:

Արձանագրելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից երևում է, որ նախքան հարցաքննությունը վկան պետք է տեղեկացվի, թե որ դեպքի (փաստի) առթիվ հարուցված քրեական գործով և պարզաբանման ենթակա, որ հանգամանքների շուրջ է հարցաքննվում, ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Սարուխանյանի վերաբերյալ գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վկան նախազգուշացվում է տվյալ գործով իրեն հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայի ցուցմունքը կդիտվի որպես քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված, եթե նախքան ցուցմունք վերցնելը վկան չի տեղեկացվել թե որ քրեական գործով է հարցաքննվում»:

Այս դիրքորոշումն ինքնին չի նշանակում, որ սկզբնական քրեական գործով ձեռք բերված ցուցմունքները չեն կարող օգտագործվել անջատված քրեական գործով որպես ապացույց, այլ ընդամենը պարտավորեցնում է, որ վարույթն իրականացնող մարմինն ապահովի վկայի համար համապատասխան երաշխիքները, ինչպես նաև չօգտագործի վկայի ցուցմունքը նոր դրվագի, մեղադրանքի կամ դեպքի առնչությամբ, եթե դրա վերաբերյալ վկան ցուցմունք տալիս չի տեղեկացվել: Այսինքն, վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ խոսքը գնում է ոչ թե քրեական գործերի պայմանական թվերի, այլ համապատասխան դեպքի կամ դրվագի մասին: Այլ կերպ՝ ըստ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման, եթե անջատված գործում խոսքը գնում է այնպիսի դրվագի կամ դեպքի մասին, որի վերաբերյալ վկան սկզբնական գործով ցուցմունք տալիս վարույթն իրականացնող մարմնի կողմից չի տեղեկացվել, կարող է նոր գործով վկայի լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն առաջանալ: Այնքանով, որքանով օրենսդիրը նախատեսել է քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր քրեական գործ հարուցելու ու դրանում այդ ապացույցներն առանձնացնելու հնարավորություն, ուստի այդպիսի փաստական տվյալների օգտագործումը պետք է համարվի թույլատրելի:

գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածում առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անչափահասների վերաբերյալ բոլոր միջազգային փաստաթղթերն ու «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջում են իրենց գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել երեխայի լավագույն շահերով, ինչը, ի թիվս այլնի, պահանջում է նախատեսել օրենսդրական ընթացակարգեր քրեական գործի՝ անչափահասին առնչվող մասն ինքնուրույն վարույթում առանձնացնելու համար, եթե դա է պահանջում անչափահասի լավագույն շահը: Այնինչ, գործող իրավակարգավորումը վարույթն իրականացնող մարմնին նման հնարավորություն չի վերապահում, ուստի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածում առաջարկվող լրացումն ուղղված է առկա վիճակի շտկմանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ և 53-րդ հոդվածներում, ինչպես նաև փոփոխություններ՝ 184-185-րդ հոդվածներում, որի արդյունքում հնարավոր կլինի՝

ա առանց քրեական գործ հարուցելու վերացնել հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի քրեական գործի հարուցումը մերժելու մասին թերի կամ սխալ պատճառաբանված որոշումները՝ այդ կերպ ապահովելով քրեական դատավարության մասնավոր մասնակիցների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը,

բ առանց քրեական գործ հարուցելու վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի քրեական գործի հարուցումը մերժելու մասին այն որոշումները, որոնք կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի խախտմամբ,

գ) առանձին վարույթում առանձնացնել քրեական գործի՝ անչափահասին առնչվող մասը, եթե վարույթն իրականացնող մարմնի կարծիքով դա բխում է անչափահաս մեղադրյալի լավագույն շահերից և չի վնասում քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը,

դ) քրեական գործից առանձնացված քրեական նոր վարույթում օգտագործել սկզբնական քրեական գործի վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներն առանց խախտելու քրեական դատավարության մասնակիցների իրավունքները:

Այս նպատակների իրագործման համար նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածում համապատասխան լրացում կատարելու միջոցով հսկող և վերադաս դատախազներին լիազորություն վերապահել առանց քրեական գործ հարուցելու վերացնել հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին սխալ կամ թերի պատճառաբանված կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի խախտմամբ կայացված որոշումը, ինչն էլ իր հերթին պահանջում է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածում առաջարկվող լրացման միջոցով վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն է ստանում քրեական գործով վարույթից առանձին վարույթում առանձնացնել անչափահաս մեղադրյալի կամ ամբաստանյալի վերաբերյալ վարույթը, եթե դա բխում է անչափահասի լավագույն շահերից և չի խոչընդոտում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի փոփոխությունը հնարավորություն է տալու նոր հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում օգտագործելու սկզբնական քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները՝ առանց խախտելու քրեական դատավարության մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերն ու ապահովելու քրեական դատավարության խնդիրների լուծումը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել այն խնդիրները, որոնք ծագել են իրավակիրառական պրակտիկայում, ինչն էլ իր հերթին կբարձրացնի քրեական գործերի քննության արդյունավետությունը, ինչպես նաև՝ կձևավորվեն քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր:

 

 

  • Discussed

    14.11.2017 - 30.11.2017

  • Type

    Law

  • Area

    Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11177

Print

Suggestions

ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ

24.11.2017

Առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ ձևակերպմամբ՝ Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված արարքի ապացուցման բեռը կարող է բաշխվել դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով խտրականության դեպքում մեղադրանքի կողմի վրա դրված «պրիմա ֆասի» (prima facie) ապացուցման բեռը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում ավելացվել է թիվ 197 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրական վերաբերմունքի համար, անհրաժեշտ ենք համարում՝ դրա քննության առանձնահատկությամբ պայմանավորված, քրեական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման բացառիկ դեպքի նախատեսում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խտրականությունից տուժողը կրում է միայն prima facie ապացուցման բեռ, իսկ խտրական վերաբերմունք դրսևորած անձը կրում է իր անմեղությունն ապացուցելու բեռը։

See more