Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սամվել Հակոբյան 16.03.2023 13:55:51 Նախագծով առաջարկվում է, ի թիվս այլնի, քրեական պատասխանատվություն սահմանել նաև հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206 պրիմ 5 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու համար: Այն դեպքում, երբ հենց հարկադիր կատարողն է հարկադիր կատարման ենթակա ակտը կատաելուն ուղղված միջոցներ ձեռնարկում, և դրան խոչընդոտում է քաղաքացին, ապա հարց է առաջանում՝ քաղաքացու կողմից հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելը, այլ խոսքով՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը պետք է գնահատվի որպես վարչաիրավական, թե քրեաիրավական հարաբերություն, որպիսի հանգամանքի պարզմամբ կորոշվի՝ անձը պետք է կրի քրեական, թե վարչական պատասխանատվություն: Կարծում եմ՝ արարքը, որը առաջարկում եք քրեականացնել, արդեն պատժի սպառնալիքի տակ է՝ վարչաիրավական իմաստով, ուստի այն քրեականացնելու համար նախ պետք է հանել զանցանքների շարքից, ապա նոր քրեականացնել: Հակառակ մոտեցման պարագայում իրավացիորեն հարց է առաջանալու՝ անձը պետք է կրի քրեական թե վարչական պատասխանատվություն, քանի որ նույն արարքը կատարելը կնախատեսվի թե ՔրՕ-ում և թե ՎիվՕ-ում: Ընդունվել է մասնակի: Քրեական և վարչական օրենսդրության համադրված ուսումնասիրության արդյունքում՝ հարկ է փաստել, որ շատ հաճախ նկարագրվում են հակաօրինական նմանօրինակ արարքներ, որոնք գերազանցապես տարբերվում են հանրային վտանգավորության աստիճանով, ըստ այդմ՝ պատասխանատվության եղանակներով և չափերով: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Նման դեպքերում, որպես կանոն, իրավախախտման իրավաբանական կազմի տարրերից օբյեկտիվ կողմն (օրենքով պաշտպանվող շահերի նկատմամբ հանրորեն վտանգավոր, հակաիրավական ոտնձգության պրոցեսի արտաքին դրսևորում) ու սուբյեկտն են կանխորոշում իրավախախտման տեսակը (զանցանք, թե հանցանք): Ընդ որում, այս կամ այն արարքի հանրային վտանգավորության գնահատումը և դրա քրեականացումը գտնվում են օրենսդրի բացառիկ իրավասությունների տիրույթում` հաշվի առնելով խնդրի համակարգային լուծումը և ելնելով վարչական և քրեական պատասխանատվության հստակ տարանջատման ու համադրված կանոնակարգման անհրաժեշտությունից: Կարելի է արձանագրել, որ արարքի հանրային վտանգավորության գնահատման իր իրավասության շրջանակներում օրենսդիրը հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը որակել է որպես վարչական իրավախախտում` այն ամրագրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Վարչական իրավախախտումներ արդարադատության իրականացման բնագավառում» վերտառությամբ 14.1-րդ գլխում: Հետևաբար, նշված զանցակազմի օբեյկտիվ կողմը հանգում է վարչական պատասխանատվության սուբյեկտի կողմից հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելուն ուղղված գործողության կատարմանը կամ անգործության դրսևորմանը: Ընդ որում այս նորմի իմաստով էական չէ իրավախախտը հարկադիր կատարման ենթակա ակտի հասցեատեր է, թե ոչ, և նաև հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը ինքնին հարկադիր կատարման ենթակա ակտի կատարման խոչընդոտ է հանդիսացել, թե ոչ: Արդեն իսկ Նախագծով որպես քրեորեն պատժելի արարք նախատեսվում է հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը պարտապանի կողմից խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից այն չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում, որտեղ որպես սուբյեկտ հանդես է գալիս պարտապանը կամ նրա իրավասու անձը, իսկ օբյեկտիվ կողմը հանգում է հենց հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելուն: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը խմբագրվել է հետևյալ կերպ. <<Պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից օրենքով նախատեսված հարկադիր կատարման ենթակա այլ՝ սույն հոդվածի 1-ին մասում չներառված ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի սահմանած ժամկետում այն չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝ (...)>>: