Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Աստղիկ Հակոբյան 08.02.2023 02:16:43 Ծանոթացա պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգին: Ուզում եմ ներկայացնել մի քանի նկատառում դրա վերաբերյալ: Իմ խորին համոզմամբ՝ նոր կարգը /հատկապես առաջինից մինչև հինգերորդ դասարանի 1-ին կիսամյակի ավարտը միավորային գնահատական չդնելը/ մեծ դժվարությամբ կընդունվի ու կիրագործվի այն իրականացնող մանկավարժական համայնքի կողմից: Ես անդադար լսում եմ տարբեր ուսուցիչների կարծիքներ, ովքեր քննադատում են այս փոփոխությունները ու չեն հավատում դրա արդյունավետությանը: Դե եթե ուսուցիչն այդպես է մտածում ու տրամադրված, նա ինչպե՞ս կարող է համոզել աշակերտին, որ վերջինս չի սովորում գնահատականի համար: Վերոնշյալ դասարաններում գնահատականն իսկապես սովորելու, ընկերներից հետ չմնալու խթան է: Այս առումով ես էլ կարծում եմ, որ գնահատումը կարելի էր բացառել ավելի բարձր դասարաններում, որտեղ աշակերտների մեծամասնությանը չի էլ հետաքրքրում գնահատականը: Մի այլ կարևոր ու մեծ խնդիր է ծնողների վերաբերմունքը այս ամենի հանդեպ: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ քիչ են պատահում կիրթ ու գիտակից ծնողներ, ովքեր ևս կարող են իրենց երեխաներին հավատացնել, որ չեն սովորում գնահատականի համար: Դրա համար էլ առաջարկում եմ վերապատրաստումներ կազմակերպել նաև ծնողական համայնքի համար: Եվ առհասարակ, պարզաբանումների կարիք շատ կա՝ կապված սովորողների բնութագրերի և մի շարք այլ հարցերի հետ: Դպրոցը դարձել է «թվանշանից կախված»: Ստեղծվել է մի վիճակ, երբ և՛ ուսուցչի, և՛ աշակերտի ու ծնողի համար կարևոր չէ գիտելիքը, ավելի կարևոր է թվանշանը: Այսօր առկա է մի իրավիճակ, երբ ծնողները, չիմանալով մանկավարժական գործի բուն էությունը, փորձում են ուսուցչին սովորեցնել, թե նա ինչպես դասավանդի: Վերջերս հաստատված հանրակրթության պետական չափորոշչով արմատապես փոխվում է գնահատման նոր համակարգը, ըստ որի՝ միավորային գնահատում մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ չի լինի: Նոր համակարգով անցնում է կատարվում որակական գնահատման և նպատակ ու պահանջ է դրվում միավորի փոխարեն բնութագիր տալ, որպեսզի ծնողն ու երեխան շոշափելիորեն տեսնեն աշակերտի դժվարությունն ու հաջողությունը: Այսինքն` հասկանալի լինի` աշակերտն ինչ է սովորել, ինչում է թերանում, ինչը կարող է և ինչը չի կարող: Լինելու են սահմանված մի քանի բնութագրեր` ըստ մակարդակի և դասարանի, ուսուցիչն ընտրելու է դրանցից մեկը՝ որպես գնահատական տվյալ աշակերտի համար: Թվանշան չդնելը չի նշանակում չգնահատել: Ծնողին ներկայացվելու է, թե ինքն ինչ ներդրում կարող է ունենալ կրթության որակի բարձրացման համար` աջակցելով դպրոցին, ուսուցչին և երեխային:
2 Շուշանիկ Կուրղինյան 09.02.2023 21:34:26 1․ Առաջարկում եմ ուստարվա սկզբում նախատեսվող հայտորոշիչ գնահատումը իրականացնել միայն գրավոր տարբերակով և ցանկալի է դարձնել պարտադիր։ Հայտորոշիչ գնահատման գրավոր ձևաչափը այս դեպքում ընտրում է Հաստատությունը։ Մնացած դեպքերում այն թողնել ուսուցչի հայեցողությանը։ 2․ Հայտորոշիչ գնահատման առաջարկվող տարբերակի անցկացման և բուն ուսումնական գործընթացի միջև սահմանել ամրագրված բավարար ժամանակահատված՝ տվյալ գնահատման ձևից բխող խնդիրները լուծելու համար։ Հիմնավորումներ․ 1․ Հայտորոշիչ գնահատման առաջակվող գրավոր (պարտադիր) տարբերակի կիրառումը պատկերը ներկայացնում է ավելի տեսանելի, փոխանցելի, պահպանելի, համեմատելի, ինչը իրատեսական է դարձնում դրանից բխող հետևություններ, վերլուծություններ անելը և ճիշտ ուղղությամբ աշխատելը։ Հակառակ դեպքում՝ այն նման է ոտքի վրա արված աշխատանքի։ 2․ Հայտորոշիչ գնահատումը՝ իբրև գնահատման նոր տեսակ, գրավոր ձևով և գոնե տարվա մեջ մեկ անգամ պարտադիր բաղադրիչով ներկայացնելու դեպքում ձեռք է բերում տեսակարար կշիռ, կարևորվում է, վերահսկելի է։ 3․ Ուսումնական տարվա մեկնարկի թոհուբոհի մեջ հայտորոշիչ գնահատման բանավոր ձևաչափը կարող է իրականացվել ոչ պատշաճ կամ չիրականացվել առհասարակ և շրջանցվել։ 4․ Հատկապես ավագ դպրոցի 10–րդ դասարանում, երբ կազմավորվում է աշակերտական նոր համակազմ, հայտորոշիչ գնահատման հենց գրավոր տարբերակով և Հաստատության կողմից իրականացվող ձևաչափը մեծացնում է պատասխանատվությունը։ Գնահատման արդյունքների վերլուծությունը կարող է դրվել դասավանդող ուսուցչի ընտրության, դասարանական համակազմի, առարկայացանկի, ժամաքանակի, դասցուցակի ձևավորման հիմքում։ Ընդունվել է ի գիտություն:
3 Մարգարիտ Սարգսյան 10.02.2023 06:29:25 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի արձագանքը, հարցադրումները՝ https://laboratorymskh.wordpress.com/2023/02/10/%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8%d6%82%d5%bd/ Ձեր դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: Դրանք կքննարկվեն և ըստ նպատակահարմարության կներառվեն կարգում: Շնորհակալություն:
4 Meri Hovsepyan 11.02.2023 15:23:36 «Այբ» դպրոցի կողմից արված դիտարկումներ և առաջարկներ Ողջունում ենք մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ավարտը միավորային գնահատումը բնութագրող գնահատմամբ փոխարինելու առաջարկը։ Առաջարկներ կարգում փոփոխություններ անելու վերաբերյալ Ընդհանուր դրույթներ 1.3 Դրույթը չի ներառում գնահատման հայտորոշիչ և ամփոփիչ տեսակները: 2. Հայտորոշիչ գնահատում 2.11, 3.17, 3.18, 3.20, 4.30, 5.38, 5.39, 6.45.3) կետերում նշված «գնահատման ձևեր» արտահայտությունը առաջարկում ենք փոխարինել «առաջադրանքի տեսակներ» արտահայտությամբ, հատկապես որ ՀՊՉ-ի 38-րդ կետի համաձայն «գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով»: 3. Ձևավորող գնահատում 3.13.3) կետում «ինքնագնահատման և ինքնավերլուծության որակ» արտահայտությունը փոխարինել «ինքնագնահատման և ինքնավերլուծության հմտություններ» արտահայտությամբ: 3.15, 3.23, 6.43, 6.45. կետերում «ուսումնական նվաճում» և «ուսումնական ձեռքբերում» արտահայտությունը փոխարինել «ուսումնական առաջընթաց» ձևակերպմամբ: 3.17. «Ձևավորող գնահատման մեթոդ» արտահայտությունը փոխարինել «Ձևավորող գնահատման ռազմավարություն» կամ «Ձևավորող գնահատման գործիքներ» ձևակերպումներից որևէ մեկով: Մեթոդմիավորման կողմից «ձևավորող գնահատման ձևերի և մեթոդների» հաստատման պահանջը սահմանափակում է ուսուցչի ազատությունը՝ կիրառելու ձևավորող գնահատման գործիքակազմը լիարժեք և ըստ անհրաժեշտության՝ կախված դասի նպատակներից, դասարանի միջավայրից, իրավիճակից և այլն: 3.20. կետում թվարկվածները ձևավորող գնահատման ձևեր չեն՝ առաջադրանքներ և մեթոդներ են: Ձևավորող գնահատման գործիքակազմում կա 100-ից ավելի, այդ թվում՝ առցանց և առկա գործիք, և դրանք սահմանափակելը խոչընդոտում է ձևավորող գնահատման լիարժեք ընկալումը և կիրառումը: Աշխատանքների/առաջադրանքների տեսակները/ մեթոդները/գործիքները գնահատման կարգում նշելը և դրանք գնահատման ձևեր դիտարկելը ճիշտ չենք համարում։ 3.21. Ձևավորող գնահատումը միջազգայնորեն ընդունված, տարիներ շարունակ կիրառվող, մանկավարժական հանրության կողմից միանշանակ ընդունվող եզրույթ է և դրա չափանիշները լրացուցիչ սահմանելը որևէ մարմնի կողմից տեղին չէ: Ձևավորող գնահատման համար չափանիշներ պետք է լինեն ՀՊՉ-ով և առարկայական ծրագրերով սահմանված վերջնարդյունքները: Գործիքների և մեթոդների ընտրության մեջ ուսուցիչը պետք է լինի ազատ: 3.22. Ձևակերպումը հստակ չէ, առաջարկում ենք վերաձևակերպել, որպեսզի հասկացվի, թե ով է տալիս հետադարձ կապը: 3.23. «Ձևավորող գնահատում իրականացնելիս օգտագործվում են սովորողի ուսումնական ձեռքբերումները և դժվարությունները նկարագրող վերլուծություններ, մեկնաբանություններ» նախադասությունը փոխարինել «Ձևավորող գնահատում իրականացնելիս կատարվում է սովորողի ուսումնական ձեռքբերումների և դժվարությունների վերլուծություն և դրա հիման վրա տրվում է առաջամուղ հետադարձ կապ»։ Ձևավորող գնահատման կետում բացակայում է հատուկ անդրադարձ կարողունակությունների՝ դիրքորոշում և արժեք բաղադրիչներին, որոնք պետք է գնահատվեն ձևավորող և բնութագրող գնահատմամբ: 4. Ամփոփիչ գնահատում 4.27. Ամփոփիչ գնահատականը միայն կիսամյակային գնահատականների հիման վրա հաշվելու պարագայում պարզ չէ, թե ինչպես պետք է հաշվարկվի տարեկան ամփոփիչ գնահատականը այն դպրոցներում, որտեղ իրականացվում է տարեկան ամփոփիչ ստուգում կամ քննություն: 5. Միավորային գնահատում 5.31. Որոշ համակարգերում կիրառվում են նաև տառային գնահատականներ: Ցանկալի է ոչ պետական դպրոցներին տալ ազատություն՝ սահմանելով, թե ինչ սկզբունքով պետք է վերածվի տառային գնահատականը 10-միավորանոց համակարգի: 5.36. Հասկանալի չէ, թե ինչպես է հաշվարկվում ամփոփիչ գնահատականը այն աշակերտների պարագայում, ում անվան դիմաց դասամատյանում դրված են «բ» կամ «-»: Դպրոցը պե՞տք է կազմակերպի հավելյալ ստուգում, թե՞ ոչ։ 5.37. Կետում ավելացնել անհատական ուսումնական պլանը հաշվի առնելու անհրաժեշտությունը: 5.38. Տե՛ս վերևում նշված դիտարկումները «գնահատման ձև» ձևակերպման վերաբերյալ: Առաջարկում ենք այս փաստաթղթում չսահմանափակել դպրոցներին միայն նշված առաջադրանքների 6 տեսակներով և տալ ազատություն: Առավել ևս, որ դրանք չեն հաշվի առնում կատարողական արվեստների, շախմատի, ֆիզկուլտուրայի, ՆԶՊ-ի առանձնահատկությունները: 5.40. Շատ կրթական համակարգերում ընդունված է ունենալ կշռված թվաբանական միջին գնահատականներ: Նման ձևակերպումը սահմանափակում է դպրոցներում միջազգային փորձի ներդրումը: Առաջարկում ենք դպրոցներին հնարավորություն տալ ինքնուրույն սահմանելու տարբեր տեսակի առաջադրանքների ունեցած կշիռները կիսամյակային գնահատականում: 5.41. Տե՛ս 4.27. կետի վերաբերյալ արված դիտարկումը: 5.42. Աղյուսակը շփոթեցնող է: Միավորների բնութագրիչներում կան ներքին հակասություններ և անհստակություններ: Հասկանալի չէ, օրինակ, ինչ միավոր պետք է ստանա երեխան, որ հիշում և հասկանում է ուսումնական նյութի հիմնական մասը, բայց նաև կարողանում է կիրառել իր գիտելիքը նոր իրավիճակներում, կատարել համեմատություններ և վերլուծություններ, տալ գնահատական: 5.42. Տրված աղյուսակը ընդհանրական է. հստակ չէ գնահատման խնդիրներին տրվող կշիռները՝ ըստ կրթական աստիճանների: Սովորողներից պահանջվում է բոլոր կրթական աստիճաններում նույն չափով դրսևորել ինչպես գիտելիք և ըմբռնում, այնպես էլ կիրառելու, վերլուծական, գնահատման հմտություններ և ստեղծարարություն: Ի հակադրություն դրա՝ միջազգային պրակտիկայում, այդ թվում նաև TIMSS միջազգային ստուգաթեստի ամփոփիչ գնահատականում տարբեր կրթական աստիճաններում գնահատման խնդիրների կշիռները տարբերվում են, օրինակ՝ չորրորդ դասարանում «Մաթեմատիկա» առարկայից «գիտելիքը և ըմբռնումը (իմանալը)», «կիրառելը» և «վերլուծելը» ունեն համապատասխանաբար 38-42%, 40-41% և 19-21% կշիռ: Ութերորդ դասարանում ավելանում են վերլուծելու և գիտելիքը կիրառելու կշիռները որոշակիորեն փոխվում են. մեծանում է կիրառելու և վերլուծելու պահանջը: Այս համատեքստում կարգի նախագծում առաջարկվող սանդղակում «Հիշել և հասկանալու»-ն չափազանց մեծ կշիռ է տրված: Եթե TIMSS-ում մաթեմատիկա առարկայից ութերորդ դասարանում իմանալուն (հիշել և հասկանալ) տրվում է 24% կշիռ, իսկ կիրառելուն և վերլուծելուն՝ 76%, ապա կարգում միավորների կեսը՝ 5 միավոր տրվում է աշակերտին, որ ընդամենը հասկանալով վերատադրում է նյութը. «Հասկանալով վերարտադրում է ուսումնական նյութի հիմնական մասը, նկարագրում է ուսումնասիրվող օբյեկտները, թվարկում է ընդհանուր և տարբերակիչ էական հատկանիշները` առանց դրանց բացատրության, իրականացնում է գործնական և մտավոր գործողություններ՝ ըստ հայտնի կանոնների կամ օրինակի» Նման մոտեցումը խիստ վտանգավոր է: Այն համադրելի չէ միջազգայնորեն ընդունված մոտեցումների և գնահատման չափանիշների հետ: Աղյուսակում չի երևում, թե ինչպես պետք է գնահատվեն մի շարք առարկաներ, որոնք ունեն յուրահատկություններ, օրինակ՝ ֆիզկուլտուրան, երաժշտությունը, կերպարվեստը և այլն: 6.Բնութագրող գանահատում 6.44. Բնութագրող գնահատումը, լինելով ամփոփիչ գնահատման տեսակ, չպետք է տա որակում և չի կարող լինել դրական կամ բացասական: Այն արձանագրում է սովորողի տվյալ պահին ունեցած գիտելիքների, հմտությունների, արժեքի և վերաբերմունքի համապատասխանությունը տվյալ տարիքային խմբի համար սահմանված չափորոշիչներին և վերջնարդյունքներին: Առաջարկում ենք դրույթից հանել «դրական են գնահատվում», «խրախուսվում է» արտահայտությունները: Դրանք տեղին են ձևավորող գնահատման դեպքում: 6.45. Բնութագրող գնահատումը ամփոփիչ գնահատում է և գնահատում է այդ պահին առկա արդյունքը: Այստեղ շեշտվում է այն, ինչ գիտի և կարող է անել աշակերտը, բայց չպետք է նկարագրի այդ կետին հասնելու ընթացքը: Ընթացքի վերաբերյալ հետադարձ կապը բնորոշ է ձևավորող գնահատմանը: 6.45.2) կետը առաջարկում ենք վերաձևակերպել կամ հանել՝ հաշվի առնելով վերը նշված երկու կետերում արված դիտարկումները: 6.46. կետում «բնութագրող գնահատման ընթացքում արձանագրվող» կետերի ընտրությունը անհասկանալի է: Դրանք պետք է բխեն ՀՊՉ-ից և առարկայական չափորոշիչներից, արձանագրեն, թե որքանով է սովորողը հասել ակնկալվող վերջանրդյունքներին: Տե՛ս 6.44. կետի վերաբերյալ մեկնաբանությունը: 1) Անհասկանալի է «կրթական տեղեկատվություն» ձևակերպումը, բացի այդ՝ «ընկալման և մշակման արագությունը» չափելը խիստ բարդ և սուբյեկտիվ է: Ի՞նչ գործիքաշար է կիրառվելու դրանք չափելու համար: 6.46.2) Կետում բացակայում է առարկայական գիտելիքին հղվող հիշատակումը։ 6.46.3)-ը հատուկ շեշտադրում է «տեղեկատվության մտապահումը», ինչը կրթության նպատակ չէ: Առաջարկում ենք այս կետը հանել: Եթե խոսքը փաստական գիտելիքի ձեռքբերման մասին է, նման ձևակերպումը այդ իմաստը չի արտահայտում: 6.46.4) կետը հստակեցման կարիք ունի: Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը: Եթե առարկայական չափորոշչով սահմանված հմտություններ են, ապա դրանց մասին արդեն հիշատակվում է 6.46.2) կետում: 6.46.7) Ակնկալվում է բնութագրել աշակերտի «ինքնագնահատման ունակությունը»։ Համաձայն ենք, որ այդ տարիքում աշակերտները պետք է շարունակաբար կատարեն ինքնագնահատում այդ հմտությունը զարգացնելու նպատակով: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ աշակերտների ինքնագնահատման արդյունքները դեռևս այնքան վստահելի տվյալներ չեն կարող տալ ուսուցչին, որպեսզի տրվի բնութագրական գնահատական: 6.50 կետը կրկնում է 6.47 կետի երկրորդ նախադասությունը: Ձեր դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: Դրանք կքննարկվեն և ըստ նպատակահարմարության կներառվեն կարգում: Շնորհակալություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: