Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցագործությունների հիմնական չափորոշիչներին համապատասխանող հանրորեն վտանգավոր արարքները մասնավոր մեղադրանքի դաշտ տեղափոխելու, ինչպես նաև պետության կողմից լրացուցիչ և երբեմն նաև ավելորդ ռեսուրսների վատնումը բացառելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը նաև պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի կոռուպցիոն բնույթի հանցանքների ցանկի փոփոխությամբ, հստակեցմամբ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին մասով, 169-րդ հոդվածի 1-ին մասով, 170-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 1-ին մասով, 172-րդ հոդվածով, 173-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 180-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով, 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 227-րդ հոդվածի 1-ին մասով, 228-րդ հոդվածի 1-ին մասով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով, 259-րդ հոդվածի 1-ին մասով, 262-րդ հոդվածի 1-ին մասով, 263-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 1-ին մասով, 265-րդ հոդվածով կամ 266-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի::

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված է մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցագործությունների շրջանակը: Հարկ է նշել, որ մասնավոր մեղադրանքի ինստիտուտը քրեական դատավարությունում քաղաքացիների մասնավոր շահերի պաշտպանության հեռանկարային ոլորտ է համարվում: Վերջինս հնարավորություն է տալիս անձանց օգտվել իրենց ընձեռված արդարադատության մատչելիության իրավունքից` հանցագործությամբ խախտված օրինական շահերի ինքնուրույն և ակտիվ պաշտպանության համար: Մասնավոր մեղադրանքի դեպքում՝ օրենքով սահմանված որոշակի հանցանքներով պաշտոնական ընթացակարգեր կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ այդպիսի նախաձեռնությամբ հանդես է գալիս ենթադրյալ հանցանքից տուժած անձը։ Հաշվի առնելով հանցանքների այդ խմբի հանրային ոչ մեծ վտանգավորությունը, ինչպես նաև դրանց քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների համեմատաբար դյուրին պարզումը, Օրենսգիրքը վարութային այս կարգավորումներում նախապատվությունը տվել է մասնավոր իրավահարաբերություններում հատուկ տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքին՝ հնարավորություն ընձեռելով անձին սեփական հայեցողությամբ ընտրել իր շահերի պաշտպանության միջոցները։

Մասնավորապես՝ մասնավոր մեղադրանքով վարույթը ծագում և գոյություն է ունենում ոչ թե «պետություն-հանցագործ», այլ «տուժող-հանցագործ» սուբյեկտային կազմով, ուստի նշված իրավիճակում պետությունը չունի և չի էլ կարող ունենալ իրավական պահանջներ հանցանք կատարած անձի նկատմամբ, քանի որ վերջինիս իրավունքներն ու շահերը այստեղ չեն խախտվել, իսկ վիճելի իրավահարաբերությունները իրեն չեն պատկանում: Հետևաբար նման պայմաններում, պետք է ընդգծել, որ մեղադրանքով պաշտպանվող շահն այն հիմնական չափանիշներից է, որով տարբերակվում է մասնավոր մեղադրանքը հանրային մեղադրանքից:

Պետք է նշել նաև, որ մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքից տուժած անձն իր քրեաիրավական պահանջն անմիջականորեն ներկայացնում է դատարան (բացառությամբ ՀՀ քր. Դատ-ով նախատեսված դեպքերի)։ Սա նշանակում է, որ տվյալ իրավահարաբերությունում պետությունը ռեսուրսների ավելորդ վատնում չի կատարում և միաժամանակ անձի պաշտպանության հնարավորությունը տեղափոխում է դատական վարույթ: Այսինքն՝ ոչ թե անձի խախտված իրավունքի պաշտպանություն չի իրականացնում, այլ նախաքննական ռեսուրսը չի ծախսում այն պարագայում, երբ արարքն ըստ էության նվազ վտանգավորություն է ներկայացնում:  Ստացվում է, որ թեև պետությունը նախընտրել է նվազ վտանգավորության որոշ արարքների քննության դեպքում ռեսուրսներ խնայել (մասնավորապես՝ չիրականացնել մինչդատական վարույթ), սակայն ապահովում է վնաս կրած անձի իրավաչափ շահերի պաշտպանությունը դատական կարգով։

Մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցանքները պարունակում են մի շարք պարտադիր հատկանիշներ, որոնց թվում հատկապես կարևորվում են այդ խմբում ընդգրկված հանցագործությունների ոչ բարձր հասարակական վտանգավորությունը, այդ հանցագործությունները որակելիս տուժողի կարծիքը և հանցագործության նկատմամբ նրա վերաբերմունքը, այդ հանցագործությունները քաղաքացիների միջև կենցաղային հարաբերությունների պայմաններում կատարվելը, նախնական քննություն կատարելու անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաև մյուս հանցագործությունների համեմատ նվազ հասարակական վտանգավորությունը: Ընդհանուր առմամբ, հենց վերոգրյալ հատկանիշներն են դիտվում որպես մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցագործությունների շրջանակը որոշելու չափանիշ:

Վերոնշյալից ելնելով էլ Օրենսդիրը որոշ հանցանքներ դասել է մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցագործությունների շարքում, որոնց մեջ ընդգրկված են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ և 256-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածով հռչակվում է. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի տիրապետել գույքին ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ: Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր գույքից:

ՀՀ Սահմանադրությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը::

Նշվածից հետևում է, որ պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը: Ինչպես տեսնում ենք, սեփականության իրավունքը համարվում է մարդու կարևոր և անքակտելի իրավունքը, իսկ սեփականության բոլոր ձևերի (մասնավոր, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների սեփականության) հավասար պաշտպանությունը, որը իրականացվում է մի քանի ձևերով (ֆիզիկական, քաղաքացիա-իրավական, վարչական և քրեական) համարվում է սահմանադրական պահանջ: Քրեաիրավական պաշտպանությունն իր հերթին տարանջատում է հանրային և մասնավոր մեղադրանքը (առավել մանրամասն՝ վերևում), որի էությունը կայանում է նրանում, որ անձն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնում է դատարանում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մեր կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցագործությունների շրջանակում ավելացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բացառությամբ, եթե արարքը կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով պաշտոնատար անձ համարվող անձի կողմից), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բացառությամբ, եթե արարքը կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով պաշտոնատար անձ համարվող անձի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 277-րդ հոդվածով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները՝ բացառությամբ, երբ 277-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Վերոհիշյալ արարքներն իրենց հանրային վտանգավորության աստիճանով դասվում են ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին, այսինքն՝ հանրային նվազ վտանգավորության առումով համընկնում են քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածում արդեն իսկ ընդգրկված հանցագործությունների հետ: Բացի այդ, պետք է նշել, որ որպես օրինակ այն դեպքում, երբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելու եղանակով կատարված խարդախության կամ վստահված գույքը հափշտակելու սուբյեկտ է հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով պաշտոնատար անձ չհանդիսացող անձը, ապա այդ դեպքում առկա է «տուժող-հանցագործ» սուբյեկտային կազմը, որպիսի պայմաններում, ինչպես մանրամասն նշվել է նաև վերևում, պետությունը չունի և չի էլ կարող ունենալ իրավական պահանջներ հանցանք կատարած անձի նկատմամբ, ինչպես նաև այդ վիճելի իրավահարաբերություններն իրեն չեն պատկանում:

Ուստի, նշված պայմաններում, ավելորդ ենք համարում քրեական օրենսգրքով նախատեսված հանրորեն վտանգավոր այս արարքների կապակցությամբ պետության կողմից լրացուցիչ և երբեմն նաև ավելորդ ռեսուրսների վատնումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մասնավոր մեղադրանքի քրեական գործերի հատկանիշներին համապատասխանության դեպքում մոտեցումը պետք է լինի այդ գործերի քննության ծանրությունը դեպի դատարան տեղափոխելը՝ փոքր-ինչ թեթևացնելով քննչական մարմիններում գործերի քննության առկա հսկայական ծավալները:

Բացի այդ, այստեղ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ մասնավոր մեղադրանքի կարգով քննվող հանցագործությունների կատեգորիայի մեջ մտնող քրեական գործերի դեպքում հիմնականում տուժողների համար առավել կարևոր է իրենց հասցված վնասը վերականգնելու հարցը, իսկ մեղավորին պատասխանատվության ենթարկելու հարցը հաճախ երկրորդական է դառնում:

  1. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ով սահմանաված է կոռուպցիոն հանցանքների ցանկը, որում ներառված են հիմնականում այն հանցանքները, որոնք ունեն կոռուպցիոն տարրեր: Բացի այդ, վերջիններս ոտնձգում են կարևորագույն սոցիալական արժեքների դեմ, էական վնաս են հասցնում տնտեսությանը, պետական ապարատի նորմալ գործունեությանը, պետական իշխանության հեղինակությանը, պայմաններ են ստեղծում այլ հանցագործությունների համար, ինչպես նաև խախտում են սոցիալական արդարությունը: Դրանք, ըստ էության, հանդիսանում են կոռուպցիայի հիմքն ու էությունը:

Այս համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցանքների ցանկում նախատեսված են նաև 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 549-րդ (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը) հոդվածները, սակայն, պետք է նշել, որ այն դեպքում, երբ հիշյալ արարքները կատարվում են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով, դրանք, ըստ էության, կոռուպցիոն բնույթի որևէ հատկանիշ չեն պարունակում: Այսպես, օրինակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից անձին ձերբակալելու ընթացքում անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրումը կամ զորամասի հրամանատարի կողմից կիրառված բռնությունը որևէ կերպ չեն առնչվում կոռուպցիոն բնույթի այս կամ այն երևույթների հետ, դասական իմաստով կոռուպցիոն որևէ տարր չեն պարունակում:

Ուստի, առաջարկում ենք կոռուպցիոն հանցանքների ցանկում նախատեսել բացառություն՝ ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներներով նախատեսված արարքների համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա վերտառությունը կրող 15-րդ հոդվածում ավելացնել քրեական օրենսգրքով նախատեսված հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի) և 277-րդ հոդվածով (բացառությամբ, երբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները:

Նախագծով առաջարկվում է նաև կոռուպցիոն հանցանքների ցանկում նախատեսել բացառություն ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներներով նախատեսված արարքների համար:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս նվազեցնել քրեական օրենսգրքով նախատեսված և մասնավոր մեղադրանքի քրեական գործերի հիմնական չափորոշիչներին համապատասխանող հանրորեն վտանգավոր արարքների կապակցությամբ պետության կողմից լրացուցիչ և երբեմն նաև ավելորդ ռեսուրսների վատնումը, ինչպես նաև այդ գործերի քննության ծանրությունը դեպի դատարան տեղափոխելը՝ փոքր-ինչ թեթևացնելով քննչական մարմիններում գործերի քննության առկա հսկայական ծավալները:

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:


 

 

 

  • Discussed

    27.01.2023 - 12.02.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2037

Print