Add to favourites

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

        ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն՝ ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:  Վերոշարադրյալի  հիման վրա հարկ է նշել, որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանման հնարավորությունը և իրավական հիմքերը նախատեսված են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով: Մասնավորապես՝ Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա)` «Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում» վերտառությամբ 15-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ պատերազմի կամ այլ արտակարգ դրության ժամանակ, որը սպառնում է ազգի կյանքին, յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ կարող է միջոցառումներ ձեռնարկել` սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորություններից շեղվելով միայն այն չափով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը, պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ: Այսինքն` Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետություն կարող է շեղվել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից, բայց միայն այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ պետություններն այդ ոլորտում չունեն անսահմանափակ հայեցողություն. դատարանն իրավասու է որոշել՝ արդյոք պետությունները գերազանցել են ճգնաժամի «պահանջների հստակ չափը, թե ոչ» (CASE OF IRELAND V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 5310/71, 18.01.1978 թ. վճիռ, կետ 207): Դատարանն ուսումնասիրում է, inter alia, թե արդյոք սովորական օրենքները բավարա՞ր են եղել արտակարգ իրադրությունը հաղթահարելու համար (CASE OF IRELAND V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 5310/71, 18.01.1978 թ. վճիռ, կետ 212), պարտավորություններից շեղումն ունի՞ սահմանափակ շրջանակներ, և որո՞նք են դրա հիմքերը, պարտադրված միջոցառումներին զուգահեռ ապահովվե՞լ են երաշխիքները, գործնականում հնարավո՞ր է եղել իրականացնել դատական վերահսկողություն այս գործողությունների նկատմամբ (CASE OF BRANNIGAN AND MCBRIDE V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 14553/89; 14554/89, 26.05.1993 թ. վճիռ, կետեր 59, 61-66), ձեռնարկված միջոցառումները համաչա՞փ են եղել հետապնդվող նպատակին, և արդյոք առկա՞ է եղել անհիմն խտրականություն (CASE OF A. AND OTHERS V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 3455/05, 19.02.2009 թ. վճիռ, կետ 190):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ պետք է նշել, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:  Այս առումով՝ Նախագծերում (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես՝ Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում, ի թիվս այլնի, կսահմանվեն՝

ա)  Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովման կարգը,

բ) ռազմական դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունները. Մասնավորապես՝ Նախագծի ընդունման պարագայում հնարավոր կլինի ռազմական դրությամբ պայմանավորված՝ ոչ ռազմական բնույթի հրատապ հարցեր լուծելու նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ սահմանել, որ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը Վարչապետի հանձնարարականով կարող է համակարգել ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը:  Միաժամանակ՝ նշված լիազորությունների իրականացման համար փոխվարչապետը կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ տալ պետական կառավարման համակարգի մարմիններին: Բացի այդ, Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալիս ռազմական դրության ժամանակ ի հայտ եկած որոշակի խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ ստեղծել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ` որպես Վարչապետին կից խորհրդակցական մարմին,

գ) Ի լրումն «Ռազմական դրության մասին» գործող օրենքով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների՝ Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնել նաև հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները. գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն, ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային, բանկային, էներգետիկ, բնապահպանական և կապի ոլորտներում պետական հատուկ քաղաքականության իրականացում, պետական գնումների հատուկ ընթացակարգի սահմանում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների, էներգետիկայի և կապի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց համար պարտադիր կատարման ենթակա առաջադրանքների սահմանում,

դ) Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների և զինվորական կոմիսարիատների կողմից զորահավաքային զորակոչի ընթացքում քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով ծանուցման հետ կապված կառուցակարգերը:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում, ի թիվս այլնի,  հստակ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը, ռազմական դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունները, ի լրումն «Ռազմական դրության մասին» գործող օրենքով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների՝ կսահմանվեն ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում նոր միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ, առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների և զինվորական կոմիսարիատների կողմից զորահավաքային զորակոչի ընթացքում քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով ծանուցման հետ կապված կառուցակարգերը:

3.Ակնկալվող արդյունքը.

Նախագծում առաջարկվող իրավակարգավումները միտված են ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը: 

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 

 

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ,  այլ մշակվել է ի կատարումն Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 02/10.20/30265-2022, 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 02/10.20/37486-2022 հանձնարարականների:

  • Discussed

    22.12.2022 - 06.01.2023

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9942

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

06.01.2023

Նախագծով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր: Այսպես, Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, դրա ամբողջ ժամկետի ընթացքում կարող են ի թիվս այլոց իրականացվել հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում. Միևնույն ժամանակ, Նախագծի հիմնավորման բաժնում հեղինակի կողմից չի փաստարկվում խնդրո առարկա կարգավորումները սահմանելու իրական անհրաժեշտությունը և հատկապես՝ վկայակոչված նպատակին հասնելու առումով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների նման խիստ միջամտության արդյունավետությունն ու համաչափությունը (հեղինակը նշում է միայն, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը և առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը)։ Խնդրահարույց ենք համարում նաև այն, որ Նախագծով վերը նշված սահմանափակումների կամայական կիրառման դեմ չեն սահմանվում գործուն հակակշռող երաշխիքներ, այդ թվում՝ դրանց կիրառման դեպքերը և պայմանները, կիրառող մարմինը և այլ, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծը՝ առնվազն այս փուլում ձեռնպահ մնալով քննարկվող կարգավորումները սահմանելուց։ Առաջարկում ենք դրանք հանրային քննարկման ներկայացնել վերը նշված՝ միջամտության արդյունավետության և համաչափության հիմնավորումներով, ինչպես նաև գործուն երաշխիքների մեխանիզմ սահմանելով։

Artur Papyan

05.01.2023

Քանի որ խոսում ենք հիմնային իրավունքների սահմանափակման մասին՝ համացանցում խոսքի ազատության, ինֆորմացիայի ազատության, կարիք եմ տեսնում, որ ռազմական դրության պայմաններում ստեղծվի հատուկ դատարան, որը փակ ռեժիմով քննարկումներ կանցկացնի, կհրավիրի մասնագետների և ամեն կոնկրետ դեպքում կունենա հստակ գնահատական՝ ինչը արգելափակել, ինչը ոչ։ Եվ որ ամենակարևորը՝ ռազմական դրության ավարտից հետո դատական ակտերը հասանելի կլինեն հանրությանը, ինչը թույլ կտա գնահատել ձեռնարկված քայլերի արդյունավետությունը և դասեր քաղել։

Artur Papyan

05.01.2023

Նախկինում կատարած արգելափակումները եղել են ոչ թափանցիկ, որեւէ հանրային վերահսկողություն, հրապարակային քննարկում ու որոշում չկա, ինչը թույլ կտար գնահատել, թե արդո՞ք 2020-ի արգելափակումները արդյունավետ են եղել, թե ոչ, կամ արդյո՞ք այդ արգելափակումները մարդկանց մոլորության մեջ չգցեցին, եւ ոչ թե պաշտապանեցին, օգնեցին հանրությանը կոնսոլիդացվելու և ռազմաճակատում իրական պատկերը տեսնելու, որպեսզի բոլորը զենք վերցնեին ու գնային ռազմաճակատ, ոչ թե հանգիստ նստեին, մտածելով, որ՝ տակտիկական նահանջ ենք իրականացնում ու շուտով "գյոռբագյոռ" ենք անելու

See more