ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրության, շուկայահանման, ներմուծման, արտահանման, օգտագործման, դասակարգման, մակնշման, պիտակավորման և փաթեթավորման, քիմիական նյութերի ռեգիստրի ստեղծման ու վարման, քիմիական արտադրանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման , վտանգավոր քիմիական նյութերի թույլատրման, պարտավորությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման, քիմիական նյութերի ու խառնուրդների գործածության վերահսկման հետ կապված հարաբերությունները:

 

 

Հոդված 2. Օրենքի նպատակը

  1. Սույն օրենքի նպատակը մարդու առողջության, շրջակա միջավայրի, պետական, համայնքային և մասնավոր գույքի պաշտպանությունն է՝ քիմիական նյութերի ու խառնուրդների վնասակար ազդեցությունից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակին հասնելու համար սույն օրենքով սահմանվում են քիմիական նյութերի կառավարման ոլորտի մարմինները և դրանց իրավասությունները:

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքի դրույթները տարածվում են՝

 1) քիմիական նյութերի, քիմիական նյութերի խառնուրդների կամ քիմիական նյութերից արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման վաճառքի ու օգտագործման վրա,

2) քիմիական նյութերի և խառնուրդների գրանցման, դրանց ռեգիստրների ստեղծման ու վարման, վտանգավոր քիմիական նյութերի թույլատրման, քիմիական նյութերի ու խառնուրդների դասակարգման, մակնշման, պիտակավորման և փաթեթավորման գործընթացների վրա։

  1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում հետևյալ արտադրանքի վրա՝

1) քիմիական արտադրանք, որը նախատեսված է գիտահետազոտական աշխատանքների համար կամ գիտահետազոտական կամ փորձարարակոնստրուկտորական մշակումների արդյունք է.

2) օգտակար հանածոներ, որոնք արդյունահանումից հետո քիմիապես չեն փոփոխվել՝ հանքանյութեր, հանքաքարեր, հանքաքարային խտանյութեր, ցեմենտի կլինկեր, բնական գազ, հեղուկացված գազ, գազային կոնդենսատ, տեխնոլոգիական գազ և դրա բաղադրիչները, ջրազրկված, աղազրկված և կայունացված նավթ, ուղեկից նավթային գազ, ածուխ, կոքս.

 3) դեղեր և անասնաբուժական դեղամիջոցներ.

 4) օծանելիքակոսմետիկական արտադրանք.

5) քիմիական արտադրանք, որն իոնացնող ճառագայթման աղբյուր է (այդ թվում՝ այդ արտադրանքի թափոնները)՝ դրանում ճառագայթման առկայությամբ պայմանավորված վտանգների դասակարգման, մակնշման և դրանց մասին տեղեկացման մասով.

6) սննդամթերք, այդ թվում՝ սննդի կենսաբանորեն ակտիվ հավելանյութեր  և սննդային հավելումներ, ինչպես նաև կենդանիների համար պատրաստի կերեր.

 7) արտադրանք արտադրատեսակների կազմում, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության ընթացքում չի փոփոխում իր քիմիական բաղադրությունը և ագրեգատային վիճակը, ենթարկված չէ կազմալուծման և օքսիդացման պրոցեսներին, չի առաջացնում փոշի, գոլորշի և կախույթներ, որոնք մարդու կյանքին և առողջությանը, կենդանիների և բույսերի կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, գույքին վտանգ ներկայացնող քիմիական նյութեր են պարունակում.

8) Քիմիական արտադրանքի արտադրության և սպառման թափոնները.

9) քիմիական արտադրանք, որի վրա տարածվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով մաքսային տարանցման ընթացակարգի գործողությունը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հաuկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) խառնուրդ՝ երկու կամ ավելի քիմիական նյութերի բաղադրությամբ խառնուրդ կամ լուծույթ, որոնցում քիմիական նյութերը միմյանց հետ ռեակցիայի մեջ չեն մտնում.

2) քիմիական արտադրանք՝ քիմիական նյութ կամ խառնուրդ.

3) արտադրատեսակ՝ ցանկացած այնպիսի արտադրանք, որի գործառույթն ավելի շատ որոշվում է ոչ թե դրա քիմիական բաղադրության, այլ արտադրության ժամանակ ստացած հատուկ ձևի, մակերեսի կամ տեսքի միջոցով, և և.

4) վտանգավոր քիմիական նյութերի համար թույլտվություն՝ քիմիական նյութերի կառավարման ոլորտի պետական մարմնի կամ այլ լիազորված մարմնի կողմից մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա հավանական խիստ վնասակար ազդեցություն ունեցող վտանգավոր քիմիական նյութի շուկայահանումը և օգտագործումը թույլատրող փաստաթուղթ.

5) ներմուծման վերաբերյալ նախնական իրազեկված համաձայնություն՝ վտանգավոր քիմիական նյութերի ներմուծումը թույլատրող այնպիսի փաստաթուղթ, որը տրամադրվում է ներմուծող պետության՝ Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակներում նշանակված համապատասխան ազգային մարմնի կողմից՝ արտահանող պետությունում Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակներում նշանակված համապատասխան ազգային մարմնից ստացված վտանգավոր քիմիական նյութերի վերաբերյալ արտահանման ծանուցումն ուսումնասիրելուց հետո.

6) ) քիմիական նյութ՝ քիմիական տարրեր կամ դրանց միացություններ, որոնք գտնվում են բնական վիճակում կամ ստացվել են ցանկացած արտադրական պրոցեսի արդյունքում, ներառյալ՝ ցանկացած հավելանյութեր, որոնք անհրաժեշտ են կայունության ապահովման համար, և ցանկացած խառնուկներ, որոնք պայմանավորված են քիմիական արտադրանքի ստացման գործընթացով՝ բացառելով ցանկացած լուծիչ, որը կարելի է առանձնացնել՝ առանց քիմիական նյութի կայունությունը խախտելու կամ դրա բաղադրությունը փոխելու (քիմիական նյութերի թվին դասվում է այն քիմիական արտադրանքը, որում քիմիական նյութն առկա է 80 և ավելի տոկոս կոնցենտրացիայով (ըստ զանգվածի), ընդ որում, մնացած 20 և պակաս տոկոսը (ըստ զանգվածի) համարվում են խառնուկներ և (կամ) հավելանյութեր).

7) դիստրիբյուտոր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ այնպիսի մանրածախ վաճառող, որը միայն պահում ու շուկայահանում է նյութը՝ առանձին վերցրած կամ խառնուրդի կազմում՝ երրորդ կողմի համար.

8) ներմուծող՝ ցանկացած այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պատասխանատու է ներմուծման համար.

9) նյութի կամ նյութերի խառնուրդի մատակարար՝ ցանկացած այնպիսի արտադրող, ներմուծող, հերթական օգտագործող կամ դիստրիբյուտոր, որը շուկայահանում է նյութը՝ առանձին վերցրած կամ խառնուրդի կազմում.

10) արտադրատեսակի մատակարար՝ արտադրատեսակի արտադրող, ներմուծող, դիստրիբյուտոր կամ  մատակարարման շղթայի շրջանակներում գործող այլ սուբյեկտ, որը շուկահայանում է արտադրատեսակը.

11) գործածություն՝ ցանկացած այնպիսի գործողություն կամ միջոց, որը ներառում է արտադրություն, մշակում, փաթեթավորում, պահպանություն, փոխադրում, օգտագործում, տնօրինում, ոչնչացում, վերափոխում և փոխանցում .

12) մատակարարման շղթայի շրջանակներում գործող օպերատոր՝  մատակարարման շղթայի շրջանակներում գործող ցանկացած արտադրող և (կամ) ներմուծող և (կամ) հաջորդական օգտագործող.

13) հատկապես վտանգավոր քիմիական նյութերի վաճառքի, դիստրիբյուտորական գործունեության կամ փոխանցման մյուս ձևերի թույլտվություն՝ պետական մարմնի կողմից քիմիական նյութերի համար տրամադրված այնպիսի թույլտվություն, որով թույլատրվում է սույն օրենքով նախատեսված հատկապես վտանգավոր քիմիական նյութերի շուկայահանումը, դիստրիբյուտորական գործողությունները և փոխանցման մյուս ձևերը.  

14) թունաքիմիկատներ՝ այնպիսի քիմիական արտադրատեսակներ, որոնք հետևյալ ենթակատեգորիաներից մեկի մաս են կազմում՝

ա. որպես բույսերի պաշտպանության արտադրատեսակներ օգտագործվող թունաքիմիկատներ,

բ. կենսասպան արտադրատեսակներ,

գ. արտադրատեսակներ, որոնք նախատեսված են որպես ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցներ օգտագործման համար.

15) շուկայահանում՝ արտադրանքի ներմուծումը, մատակարարումը կամ հասանելի դարձնելը երրորդ կողմին՝ վճարովի կամ անվճար հիմունքներով.

16) արտադրություն՝ նյութերի պատրաստում կամ արդյունահանում բնական տեսքով, ինչպես նաև դրանց վերամշակում, նախագծում, մշակում, լցում, նստեցում, քիմիական նյութերի ու խառնուրդների խառնում՝ քիմիական, ֆիզիկական կամ կենսաբանական գործընթացներում ու ընթացակարգերում միջանկյալ կամ վերջնական արտադրանք ստանալու համար, ինչպես նաև դրանց փոխադրում ու ժամանակավոր պահպանություն արտադրության վայրում.

17) արտադրող՝ ցանկացած այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն արտադրում է նյութ, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որը մշակում, վերափաթեթավորում է այն կամ փոփոխում է դրա անվանումը՝ հետագա օգտագործման նպատակով.

18) քիմիական նյութ՝ քիմիական տարրեր և (կամ) դրանց միացություններ, որոնք գտնվում են բնական վիճակում կամ ստացվել են ցանկացած արտադրական պրոցեսի արդյունքում, ներառյալ՝ ցանկացած հավելանյութեր, որոնք անհրաժեշտ են կայունության ապահովման համար, և ցանկացած խառնուկներ, որոնք պայմանավորված են քիմիական արտադրանքի ստացման գործընթացով՝ բացառելով ցանկացած լուծիչ, որը կարելի է առանձնացնել՝ առանց քիմիական նյութի կայունությունը խախտելու կամ դրա բաղադրությունը փոխելու (քիմիական նյութերի թվին դասվում է այն քիմիական արտադրանքը, որում քիմիական նյութն առկա է 80 և ավելի տոկոս կոնցենտրացիայով (ըստ զանգվածի), ընդ որում, մնացած 20 և պակաս տոկոսը (ըստ զանգվածի) համարվում են խառնուկներ և (կամ) հավելանյութեր).

դասակարգվում են հետևյալ կատեգորիաներից մեկի ներքո՝

ա. թունաքիմիկատներ, այդ թվում՝ խիստ վտանգավոր թունաքիմիկատներ,

բ. արդյունաբերական նշանակության քիմիական նյութեր.

19) հաշվետվության ենթակա քիմիական արտադրատեսակներ՝ քիմիական նյութերն ու խառնուրդներն, որոնք ներառված են Կառավարության կողմից հաստատված՝ հաշվետվության ենթակա քիմիական նյութերի ցանկում.

20) վտանգավոր քիմիական նյութեր՝ այն քիմիական նյութերն ու խառնուրդներն են, որոնք բավարարում են Կառավարության կողմից հաստատված՝ ֆիզիկական վտանգների, առողջության վտանգների կամ բնապահպանական վտանգների վերաբերյալ այն չափանիշները, որոնք նախատեսված են համապատասխան նյութերի ու խառնուրդների դասակարգման, մակնշման, պիտակավորման ու փաթեթավորման մասին կանոնակարգով.

21) հատկապես վտանգավոր քիմիական նյութեր՝ քիմիական նյութերն ու խառնուրդներն են, որոնք դասակարգվում են Կառավարության կողմից հաստատված՝ համապատասխան նյութերի ու խառնուրդների դասակարգման, մակնշման, պիտակավորման ու փաթեթավորման մասին պահանջների համաձայն՝ հետևյալ վտանգավորության դասերից  մեկի կամ մի քանիսի ներքո՝

ա. սուր թունավորության կատեգորիա՝ 1-ին, 2-րդ կամ 3-րդ դաս,

բ. քաղցկեղածինության կատեգորիա՝ 1Ա կամ 1Բ դաս,

գ. սաղմնային բջիջների մուտագենության կատեգորիա՝ 1Ա կամ 1Բ դաս,

դ. վերարտադրողական թունավորության կատեգորիա՝ 1Ա կամ 1Բ դաս,

ե. մաշկի կոռոզիայի կատեգորիա՝ 1Ա դաս,

զ. թիրախային օրգանների թունավորության կատեգորիա (մեկանգամյա ազդեցություն)՝ 1-ին դաս կամ  թիրախային օրգանների թունավորության կատեգորիա (կրկնակի ազդեցություն)՝ 1-ին դաս.

22) արդյունաբերական նշանակության քիմիական նյութեր՝ քիմիական նյութեր, որոնք դասակարգվում են հետևյալ երկու ենթակատեգորիաներից որևէ մեկի ներքո.

ա. մասնագետների կողմից օգտագործվող քիմիական նյութեր,

բ. բնակչության կողմից օգտագործվող քիմիական նյութեր.

23) կենսասպան արտադրատեսակներ՝ ցանկացած նյութ կամ խառնուրդ, որը՝

ա. այն տեսքով, որով մատակարարվում է օգտագործողին, բաղկացած է, պարունակում է կամ դրանից գոյանում է մեկ կամ ավելի ակտիվ նյութ՝ նպատակ ունենալով ոչնչացնել, խաթարել կամ վնաս հասցնել որևէ վնասակար օրգանիզմի կամ էլ կանխել դրա  ազդեցությունը կամ այլ կերպ վերահսկիչ ազդեցություն սահմանել դրա նկատմամբ՝ զուտ ֆիզիկական կամ մեխանիկական գործողություններից տարբեր ցանկացած եղանակով,

բ. գոյանում է այնպիսի նյութերից կամ խառնուրդներից, որոնք ինքին չեն դասվում սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված նյութերի շարքին և նախատեսված են օգտագործվելու որևէ վնասակար օրգանիզմ ոչնչացնելու, դրան վնաս հասցնելու կամ էլ դրա  ազդեցությունը կանխելու կամ դրա նկատմամբ այլ կերպ վերահսկիչ ազդեցություն սահմանելու նպատակով՝ զուտ ֆիզիկական կամ մեխանիկական գործողություններից տարբեր ցանկացած եղանակով: Այն գործածվող արտադրատեսակը, որը գլխավորապես ունի կենսասպան գործառույթ, համարվում է կենսասպան արտադրատեսակ:

24) բույսերի պաշտպանության արտադրատեսակներ՝ այնպիսի արտադրանքի տեսակներ, որոնք այն տեսքով, որով մատակարարվում են օգտագործողին, բաղկացած են կամ պարունակում են ակտիվ նյութեր, բույսերի պաշտպանության նյութեր կամ  սիներգիստներ, և նախատեսված են օգտագործման համար՝ հետևյալ նպատակներից մեկով.

ա. պաշտպանել բույսերը կամ բուսական արտադրատեսակները բոլոր վնասակար օրգանիզմներից կամ կանխել նման օրգանիզմների ազդեցությունը, եթե այդ արտադրատեսակներով չի հետապնդվում բույսերի կամ բուսական արտադրատեսակների հիգիենայի ապահովման, այլ ոչ թե դրանց պաշտպանության հիմնական նպատակ, 

բ. ազդել բույսերի կենսական գործընթացների, ինչպես օրինակ՝ դրանց աճի վրա՝ պարարտանյութերից տարբեր նյութերի միջոցով,

գ. պահպանել բուսական արտադրատեսակներն այնքանով, որքանով այդպիսի նյութերի կամ արտադրատեսակների վրա չեն տարածվում՝ կոնսերվանտների մասին հատուկ դրույթները,

դ. ոչնչացնել անցանկալի բույսերը կամ բույսերի մասերը՝ բացառությամբ ջրիմուռների, եթե տվյալ արտադրատեսակները չեն կիրառվում հողում կամ ջրում՝ բույսերի պաշտպանության նպատակով,

ե. ստուգել կամ կանխել բույսերի անցանկալի աճը՝ բացառությամբ ջրիմուռների, եթե տվյալ արտադրատեսակները չեն կիրառվում հողում կամ ջրում՝ բույսերի պաշտպանության նպատակով։

Այս արտադրատեսակները կոչվում են «բույսերի պաշտպանության արտադրատեսակներ» .

25) սահմանափակում՝ արտադրության, օգտագործման կամ շուկայահանման նկատմամբ սահմանված ցանկացած պայման կամ արգելք.

26) գրանցում հայցող՝ նյութ կամ արտադրատեսակ արտադրող կամ ներմուծող, ով ներկայացնում է համապատասխան նյութի գրանցման հայտ.

27) էկոթունավոր քիմիական նյութ՝ քիմիական նյութ, որն ունակ է շրջակա միջավայրում անբարենպաստ հետևանքներ առաջացնելու.

28) ակտիվ նյութ՝ այնպիսի նյութ, միկրոօրգանիզմ և վիրուս, որն իրականացնում է ընդհանուր կամ հատուկ ազդեցություն վտանգավոր օրգանիզմների վրա.

29) մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր նյութ՝ Կառավարության կողմից հաստատված՝ մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր նյութերի ցանկում ընդգրկված նյութ, այդ թվում՝ 

ա. քաղցկեղածինության 1Ա կամ 1Բ կատեգորիայի վտանգավորության դասին դասակարգվելու համար նախատեսված չափանիշները բավարարող նյութեր,

բ. սաղմնային բջիջների մուտագենության 1Ա կամ 1Բ կատեգորիայի վտանգավորության դասին դասակարգվելու համար նախատեսված չափանիշները բավարարող նյութեր,

գ. վերարտադրողական թունավորության 1Ա կամ 1Բ կատեգորիայի վտանգավորության դասին դասակարգվելու համար նախատեսված չափանիշները բավարարող նյութեր, որոնք վնասաբեր ազդեցություն են ունենում վերարտադրողական ֆունկցիաների, պտղաբերության կամ զարգացման վրա,

դ.   նյութեր, որոնք կայուն են, կենսակուտակիչ և թունավոր,

ե. նյութեր, որոնք չափազանց կայուն են և չափազանց կենսակուտակիչ,

զ. այնպիսի նյութեր, որոնք նման են էնդոկրինային համակարգը քայքայող նյութերին, կամ կայուն են, կենսակուտակվող ու թունավոր կամ էլ չափազանց կայուն և չափազանց կենսակուտակվող, որոնց համար առկա են գիտական ապացույցներ, որ դրանք կարող են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար լուրջ հետևանքներ ունենալ, որոնք նույն  մակարդակի մտահոգությունների տեղիք է տալիս,  ինչպես և սույն ենթակետի «ա»-ից ,Ե․ պարբերություններում թվարկված այլ նյութերը, և որոնք նույնականացվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին.

30) օգտագործում՝ որևէ արտադրատեսակի մշակում, ձևավորում, պահպանություն, պահում, գործածություն, տարայի մեջ տեղավորում, մեկ տարայից մյուսը տեղափոխում, խառնում, արտադրություն կամ կիրառում ցանկացած այլ եղանակով.

31) հերթական օգտագործող՝ արտադրողից կամ ներմուծողից տարբեր ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտագործում է նյութը կա՛մ առանձին վերցրած, կա՛մ խառնուրդի կազմում՝ իր արդյունաբերական կամ մասնագիտական գործունեության ընթացքում: Դիստրիբյուտորը կամ սպառողը չեն համարվում հերթական օգտագործողներ: Կառավարության պահանջների համաձայն համապատասխան շարքից բացառված վերաներմուծողը պետք է համարվի հերթական օգտագործող.

32) քաղցկեղածնություն՝ քիմիական արտադրանքի այնպիսի մուտացիաներ (կենդանի բջջի գենետիկ կառուցվածքի փոփոխություններ) առաջացնելու ունակությունը, որոնք կարող են հանգեցնել չարորակ նորագոյացությունների (ուռուցքների) զարգացմանը.

33) դասակարգում՝ քիմիական արտադրանքի՝ վտանգավորության կոնկրետ դասին (ենթադասին, տիպին) համապատասխանության որոշումը՝ ըստ վտանգավորության չափանիշների.

34) կոռոզիոն ակտիվ քիմիական արտադրանք՝ արտադրանք, որը քիմիական ներգործության արդյունքում կարող է զգալի վնասել կամ քայքայել նյութերը.

     35) մուտագեն՝ քիմիական արտադրանք, որն ունակ է կենդանի բջիջների և կենդանի օրգանիզմների պոպուլյացիայում առաջացնել մուտացիայի դեպքերի թվի ավելացում.

    36) քիմիական արտադրանքի մուտագենություն՝ մուտացիաներ առաջացնելու ունակություն.

    37) նոր քիմիական արտադրանք՝ նոր քիմիական նյութ համարվող կամ նոր քիմիական նյութեր պարունակող քիմիական արտադրանք.

    38) նոր քիմիական նյութ՝ քիմիական նյութ, որի մասին տեղեկությունները ներառված չեն Միության՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրում.

39) նոտիֆիկացում՝ նոր քիմիական նյութերի մասին տեղեկությունները Միության՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրում ներառելու ընթացակարգ.

40) օքսիդացնող քիմիական արտադրանք՝ քիմիական արտադրանք, որը պահպանում և ինտենսիվացնում է այրումը, ջերմանջատիչ օքսիդացնող-վերականգնող ռեակցիայի արդյունքում առաջացնում է այլ նյութերի բոցավառում կամ նպաստում է այդ բոցավառմանը (պարտադիր չէ, որ օքսիդացնող քիմիական արտադրանքն ինքնին բոցավառվող (դյուրավառ) լինի).

41) հիմնական քիմիական նյութ՝ քիմիական արտադրանքի բաղադրիչ, որը հավելանյութ կամ խառնուկ չէ, կազմում է այդ արտադրանքի զգալի մասը և այդ պատճառով օգտագործվում է որպես քիմիական արտադրանքի անվանում և դրա մանրամասն նույնականացում.

42) սուր թունավորություն՝ բացասական հետևանքներ, որոնք առաջանում են նյութը ստամոքս ներմուծելուց կամ մաշկի վրա նյութը մեկանգամյա չափաբաժնով քսելուց կամ 24 ժամվա ընթացքում նյութի բազմակի ներգործումից կամ 4 ժամվա ընթացքում ներշնչվող օդի հետ նյութի ներթափանցումից հետո.

43) անվտանգության անձնագիր՝ քիմիական արտադրանքի՝ սահմանված ձևի անվտանգության անձնագիր, որը պարունակում է տեղեկություններ՝ քիմիական արտադրանքի վտանգավոր հատկությունների մասին, տեղեկություններ՝ այդ արտադրանքն արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), այդ արտադրանքը ներմուծողի մասին, ինչպես նաև պարունակում է Միության մաքսային տարածքում քիմիական արտադրանքի անվտանգ շրջանառության ապահովման համար կանխման միջոցներ և անվտանգության պահանջներ.

44) սպառող (ձեռքբերող)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որը մտադիր է ձեռք բերել կամ ձեռք է բերում քիմիական արտադրանք.

45) Միության՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր՝ տեղեկատվական ռեսուրս, որը տեղեկություններ է պարունակում քիմիական նյութերի և խառնուրդների հատկությունների մասին, այդ թվում՝ Միության մաքսային տարածքում դրանք արգելելու, սահմանափակելու կամ դրանց կիրառումը թույլ տալու մասին.

46) թունավորություն՝ քիմիական արտադրանքի՝ օրգանիզմի վնասում կամ մահ առաջացնելու հատկություն՝ դրա վրա ոչ մեխանիկական ճանապարհով ներգործելով.

47) փաթեթավորում՝ մեկ կամ մեկից ավելի տարաներ և ցանկացած այլ այնպիսի բաղադրիչ կամ նյութ, որոնք անհրաժեշտ են տարաների՝ տարողունակության ու ապահովության մյուս գործառույթներն իրականացնելու համար.

48) ախտահանող միջոց՝ օճառ կամ այլ մակերեսային ակտիվ նյութեր պարունակող ցանկացած նյութ կամ խառնուրդ, որը ցանկացած տեսքով (հեղուկ, փոշի, մածուկ, առանձին կտորներ, պինդ, ձուլածո, կաղապարման եղանակով ստացված և այլն) նախատեսված է լվացման և մաքրման աշխատանքների համար և շուկայահանվում կամ օգտագործվում է կենցաղային կամ էլ գերատեսչական կամ արդյունաբերական նպատակներով: Ախտահանող միջոց ենթադրող այլ արտադրատեսակները համարվում են ՝

ա. «օժանդակ լվացող միջոցների խառնուրդը», ինչը նախատեսված է հագուստի և սպիտակեղենի թրջում (նախալվացում),  պարզաջրում կամ սպիտակեցում իրականացնելու համար,

բ. «լվացքի փափկացնող միջոցը», ինչը նախատեսված է համապատասխան փուլում գործվածքի շոշափելիությունը փոխելու համար, որը լրացնում է գործվածքի լվացման գործընթացին,

գ. «մաքրող միջոցների խառնուրդը», ինչը նախատեսված է կենցաղային նշանակության ընդհանուր մաքրող հարմարանքների կամ այլ մակերեսների մաքրման համար (օրինակ՝ նյութեր, արտադրատեսակներ, մեքենայացված սարքավորումներ, մեխանիկական սարքվածքներ, տրանսպորտային միջոցներ և հարակից սարքավորումներ, գործիքներ, սարքեր և այլն).

դ. «մաքրող ու լվացող այլ միջոցների խառնուրդը», ինչը նախատեսված է ցանկացած այլ լվացման ու մաքրման գործընթացի համար.

Հոդված 5. Հիմնական սկզբունքները

  1. Շրջակա միջավայրի պահպանության ու մարդու առողջության պաշտպանության վերաբերյալ սկզբունքների հետ մեկտեղ սույն օրենքը հիմնվում է նաև հետևյալ սկզբունքների վրա.

1) նախազգուշական սկզբունքը, որը գործում է վտանգավոր քիմիական նյութերի ու պատրաստուկների կառավարման գործընթացում՝ նպատակ ունենալով կանխել համապատասխան ազդեցությունը բնակչության առողջության ու շրջակա միջավայրի վրա,

2) թափանցիկության սկզբունքը, որը սպառողների համար ապահովում է այնպիսի տեղեկատվության մատչելություն, որը վերաբերում է՝ վտանգավոր քիմիական նյութերից ու պատրաստուկներից առաջացող բացասական հետևանքներին,

3) այն գործառնությունների անվտանգության սկզբունքը, որոնք իրականացվում են վտանգավոր քիմիական նյութերի ու պատրաստուկների կառավարման գործընթացում,

4) «կանաչ քիմիայի» կամ այսպես կոչված՝ «կայուն քիմիայի» սկզբունքը, որն ուղղված է այնպիսի արտադրանքի ու գործընթացների նախագծումը խթանելուն, որոնք կրճատում կամ վերացնում են վտանգավոր նյութերի օգտագործումն ու առաջացումը:

 

ԳԼՈՒԽ 2

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) քիմիական արտադրանքի գործածության ոլորտներում լիազոր մարմիններին.

2)  քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման ու վարման, նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման կարգը.

3) վտանգավոր քիմիական նյութերի ներմուծման և արտահանման կարգը.

4) քիմիական արտադրանքի համապատասխանության գնահատման կարգը.

5)  քիմիական արտադրանքի անվտանգությանը  ներկայացվող պահանջները.

6)  Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման համար արգելված քիմիական արտադրանքի ցանկը։

 

 

ԳԼՈՒԽ 3

 

ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՂԹԱՅԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Մատակարարման շղթայի սուբյեկտների ընդհանուր   պարտականությունները

  1. Քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրողներից ու ներմուծողներից պահանջվում է՝

1) հայտնաբերել ու գնահատել իրենց կողմից տրամադրվող քիմիական նյութերի վտանգավոր հատկություններն ու դրանցով պայմանավորված՝ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա ազդեցության հավանական ռիսկերը,

2) տնօրինել տեղեկատվություն՝ իրենց կողմից տրամադրվող քիմիական նյութերի հայտնաբերման, դրանց վտանգավոր հատկությունների ու հավանական ռիսկերի վերաբերյալ,

3) օգտագործողներին ու համապատասխան արտադրատեսակների հետ առնչվող այլ անձանց տրամադրել գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև քիմիական նյութերի վտանգավոր հատկությունների, դրանցով պայմանավորված ռիսկերի ու անվտանգության միջոցների վերաբերյալ առկա այլ տեղեկություններ,

4) պարբերաբար թարմացնել քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկությունները:

  1. Քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրողներն ու ներմուծողները պարտավոր են քիմիական նյութերի ու խառնուրդների վտանգավոր հատկությունները գնահատելու համար փորձարկումներ կատարել Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքով սահմանված՝ համապատասխանության գնահատման նշանակված մարմինների միջոցով, եթե՝

1) շուկայահանված քիմիական նյութը կամ դրա խառնուրդը համարվում է նոր քիմիական արտադրանք,

2) առկա չէ այս հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև առկա չէ ցանկացած այնպիսի տվյալ, որն անհրաժեշտ է քիմիական նյութը կամ դրա խառնուրդն առանց լաբորատոր փորձարկումների պատշաճ գնահատելու համար,

3) գիտական գրականության մեջ ձևավորվել են համապատասխան տվյալներ՝ նյութի կամ խառնուրդի քիմիական բաղադրիչների հավանական վտանգների վերաբերյալ,

4) առկա չեն այլ միջոցներ՝ նյութը կամ խառնուրդը գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու համար՝ բացառությամբ փորձարկումների իրականացման միջոցի.

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փորձարկումները կատարվում են Կառավարության կողմից հաստատված՝ քիմիական նյութերի փորձարկման մեթոդները սահմանող կանոնակարգերով նախատեսված մեթոդներին համապատասխան:
  2. Համապատասխան նյութի կամ դրա խառնուրդի մատակարարման շղթայում ներգրավված ցանկացած սուբյեկտ պետք է՝

1) մատակարարման շղթայի վերընթաց մակարդակի սուբյեկտներին կամ դիստրիբյուտորներին ներկայացնի այնպիսի տեղեկատվություն, որը տրամադրվել է արտադրողների ու ներմուծողների կողմից,

2) մատակարարման շղթայի վերընթաց մակարդակի սուբյեկտներին կամ դիստրիբյուտորներին իրազեկի նոր այնպիսի տեղեկատվության մասին, որը վերաբերում է քիմիական նյութերից բխող հայտնաբերված վտանգներին ու ռիսկերին, ինչպես նաև անվտանգության միջոցներին,

  1. Մարդու առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու կամ դրանից խուսափելու համար քիմիական նյութերի հետ առնչվող բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք պետք է ձեռնարկեն այնպիսի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, որոնք իրենք են սահմանում կամ իրենց են հաղորդում այս հոդվածին համապատասխան:

Հոդված 8. Քիմիական նյութերով ու խառնուրդներով պայմանավորված վտանգների ու ռիսկերի մասին տեղեկատվություն

  1. Քիմիական նյութերն ու խառնուրդները պետք է դասակարգվեն ու պիտակավորվեն ըստ այն վտանգավորության աստիճանի, որը դրանք ներկայացնում են՝ ներառելով տվյալներ քիմիական նյութը շուկայահանող վաճառողի ինքնության վերաբերյալ, նյութի կամ արտադրատեսակի վտանգավոր հատկությունների վերաբերյալ, նյութի դասակարգմանը նպաստող բաղադրիչների վերաբերյալ, ինչպես նաև անվտանգ օգտագործման վերաբերյալ՝ նյութերի ու խառնուրդների դասակարգման, մակնշման, պիտակավորման ու փաթեթավորման մասին կանոնակարգի այն պահանջներին համապատասխան, որոնք սահմանվում են Կառավարության կողմից:
  2. Մասնագիտական օգտագործման համար նախատեսված այն քիմիական նյութերի մատակարարը, որոնք բավարարում են նյութերի դասակարգման՝ վտանգավոր, հատկապես վտանգավոր համարվելու կամ մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին մեծ վտանգ սպառնալու չափորոշիչը, պետք է տվյալ նյութը ստացողին տրամադրի Տեխնիկական անվտանգության հրահանգ այնպիսի մանրամասն տեղեկատվությամբ, որը ներառում է ֆիզիկաքիմիական, շրջակա միջավայրի պահպանության տվյալներ, սպառնացող վտանգների մասին թունաբանական տվյալներ, նյութերի բաղադրիչների, դրանց ազդեցության, առաջին օգնության դեպքում անհատական պաշտպանության միջոցների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ու այլ չնախատեսված տեղեկատվության տարածման դեպքում արձագանքման գործողությունների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելու համար՝ Կառավարության կողմից սահմանված կարգով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Տեխնիկական անվտանգության հրահանգը տրամադրվում է անվճար, թղթային կամ էլեկտրոնային տեսքով և ոչ ուշ, քան նյութը կամ դրա խառնուրդն առաջին անգամ առաքելու օրը:
  4. Տեխնիկական անվտանգության հրահանգը կազմվում է հայերենով:

Հոդված 9. Նյութերի ու խառնուրդների փաթեթավորումը

  1. Նյութերի ու խառնուրդների փաթեթավորումն իրականացվում է նախքան դրանց շուկայահանումը և այնպիսի եղանակով, որն ապահովում է դրանց անվտանգ առաքումը, և որով վնաս չի հասցվում շրջակա միջավայրին, մարդու առողջությանն ու այլ կենդանի օրգանիզմներին:
  2. Համապատասխան նյութերն ու խառնուրդները շուկայահանվում են միայն այն դեպքում, երբ դրանք փաթեթավորվում են սույն օրենքին և նյութերի ու խառնուրդների դասակարգման, պիտակավորման ու փաթեթավորման մասին այն կանոնակարգին համապատասխան, որը հաստատվում է Կառավարության կողմից:
  3. Վտանգավոր քիմիական նյութեր ու խառնուրդներ պարունակող փաթեթները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

  1) փաթեթավորումն ու ամրացումը կազմող բաղադրիչ նյութերը չպետք է ենթակա լինեն վնասման՝ դրանցում փաթեթված պարունակության կողմից և չպետք է դրանցում փաթեթված պարունակության հետ միասին կազմեն վտանգավոր միացություններ,

2) փաթեթավորման ու ամրացման պարագաները պետք է ամբողջությամբ լինեն ամուր ու պինդ՝ երաշխավորելու համար այն հանգամանքը, որ դրանք չեն թուլանա ու անվտանգ կերպով կդիմադրեն փոխադրմամբ պայմանավորված լարվածությանն ու ձևախեղումներին:

  1. Վտանգավոր նյութեր կամ խառնուրդներ պարունակող այն փաթեթավորումը, որը մատակարարվում է լայն հասարակությանը, չպետք է ունենա այնպիսի ձև կամ տեսք, որը հավանական է, որ կարող է գրավել երեխաների ուշադրությունը կամ շարժել նրանց հետաքրքրությունը, կամ մոլորեցնել սպառողներին, կամ էլ ունենա սննդամթերքի կամ կենդանիների կերերի կամ բժշկական կամ կոսմետիկ արտադրատեսակների տեսքին համանման այնպիսի արտաքին մատուցում կամ տեսք, որը կարող է մոլորեցնել սպառողներին:
  2. Վտանգավոր նյութերի կամ խառնուրդների փաթեթավորումը պետք է հագեցված լինի այնպիսի համակարգով, որը կայուն է երեխաների կողմից հասանելիության հանդեպ ու ապահովում է զգայական հպմամբ վտանգի ահազանգման հնարավորություն՝ այս հոդվածի 2-րդ կետում մատնանշված՝ նյութերի ու խառնուրդների դասակարգման, պիտակավորման ու փաթեթավորման մասին կանոնակարգին համապատասխան:

Հոդված 10. Քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվության

                   ներկայացումը

  1. Պահանջի դեպքում, մասնագիտական նպատակներով քիմիական նյութեր ներմուծող, արտահանող ու օգտագործող ֆիզիկական ու իրավաբանական անձինք 90 օրվա ընթացքում քիմիական նյութերի ոլորտի պետական մարմնին (այսուհետ՝ Մարմին) տրամադրում են քիմիական նյութերի ու դրանց օգտագործման մասին այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության այն ռիսկերի գնահատման համար, որոնք կապված են համապատասխան արտադրատեսակի կամ դրա գործածության հետ, ինչպես նաև՝ նման ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման համար:
  2. Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք արտադրում, ներմուծում կամ վաճառում են քիմիական նյութեր, անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, Մարմնին իրազեկում են ցանկացած այնպիսի նոր տեղեկատվության մասին, որը հասանելի է դառնում համապատասխան թույլտվությունը շնորհելուց հետո և որը մատնանշում է, որ քիմիական նյութը կամ համապատասխան արտադրատեսակի ակտիվ նյութի մնացորդը, ինչպես սահմանված է սույն օրենքի 4-րդ հոդվածի 28-րդ կետով, կարող է բացասական հետևանքներ ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասը կիրառվում է նաև այն քիմիական նյութերի նկատմամբ, որոնց վրա չեն տարածվում թույլտվության պահանջներն այն դեպքում, երբ հասանելի է դառնում նոր տեղեկատվություն այն մասին, որ համապատասխան արտադրատեսակը կարող է լինել քաղցկեղածին, մուտագենացված կամ թունավոր վերարտադրողականության համար, և ինչը կարող է անդրադառնալ դրա դասակարգման կամ պիտակավորման վրա:

 

Հոդված 11. Անձնակազմի որակավորումը. խորհրդատու

                   թունաբան-քիմիկոս

  1. Վտանգավոր քիմիական նյութերի շրջանառության մեջ ներգրաված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար պետք է հասանելի լինի այնպիսի փորձաքննության կատարում, որն անհրաժեշտ է քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության պահպանման և հաշվետվողականության ապահովման համար: Տնտեսվարող սուբյեկտները պետք է ներգրավեն որակավորված այնպիսի անձի (այսուհետ՝ խորհրդատու թունաբան-քիմիկոս), որը կիրականացնի քիմիական նյութերի ու խառնուրդների կառավարումը:
  2. Խորհրդատու թունաբան-քիմիկոսը պետք է անցնի հմտությունների ստուգման թեստ՝ 3 տարին մեկ անգամ:
  3. Շրջակա միջավայրի նախարարությունը, համագործակցելով առողջապահության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ, համակարգում է վերապատրաստման ծրագրերի մշակումն ու քիմիական նյութերի շուկայահանման մեջ ներգրավված խորհրդատուների թեստավորումը՝ մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը բարձր մակարդակով պաշտպանելու համար այն վտանգներից, որոնք կարող են առաջանալ քիմիական նյութերի օգտագործումից:
  4. Որակավորման վկայական ստանալուն ուղղված՝ խորհրդատու թունաբան-քիմիկոսի վերապատրաստումն ու թեստավորումն իրականացվում են այն հաստատությունների ու կազմակերպությունների կողմից, որոնք բավարարում են վերապատրաստումներն անցկացնելու համար անհրաժեշտ դասավանդման անձնակազմին, սարքավորումներին ու տարածքին ներկայացվող պահանջները: Վերապատրաստումն իրականացվում է վճարովի հիմունքներով:

 

ԳԼՈՒԽ 4.

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 12. Վտանգավոր քիմիական նյութերի արտահանումն ու   ներմուծումը

  1. Սույն օրենքի համատեքստում այս հոդվածի դրույթները չեն կիրառվում այն քիմիական նյութերի նկատմամբ, որոնք հետազոտության կամ վերլուծության նպատակով արտահանվում են այն քանակությամբ, որը կազդի մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վրա և ցանկացած պարագայում չի գերազանցի յուրաքանչյուր օրացուցային տարվա կտրվածքով 10 կգ-ը՝ ցանկացած արտահանողի կողմից ցանկացած ներմուծող երկրի փոխանցելու դեպքում:
  2. Քիմիական նյութերի արտահանողներն ու ներմուծողները պետք է պահպանեն վտանգավոր քիմիական նյութերի ներմուծման ու արտահանման ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի ու թունաքիմիկատների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիան:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վտանգավոր քիմիական նյութերի ներմուծմանն ու արտահանմանը վերաբերող ընթացակարգը, որը նախատեսված է Կառավարության կողմից հաստատված՝ վտանգավոր քիմիական նյութերի արտահանման ու ներմուծման մասին կանոնակարգով, կիրառվում է՝

1) որոշակի վտանգավոր քիմիական նյութերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիայով նախատեսված՝ նախնական հիմնավորված համաձայնության մասին ընթացակարգը,

2) որոշակի վտանգավոր քիմիական նյութերի նկատմամբ, որոնք արգելված կամ խիստ սահմանափակված են Հայաստանի Հանրապետության տարածքում,

3) արտահանվող քիմիական նյութերի նկատմամբ՝ դրանց դասակարգման, մակնշման, պիտակավորման ու փաթեթավորման առնչությամբ:

  1. Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու է սույն հոդվածի 2-րդ մասով նշված Ռոտերդամի կոնվենցիայի կիրարկման համար՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, և ապահովում է տվյալ կոնվենցիայի պաշտոնական կոնտակտային մարմնի պարտավորությունների կատարումը:

 

  1. Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես «նշանակված ազգային մարմին», որը պատասխանատու է սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ Ռոտերդամի կոնվենցիայի կիրարկմանն ու կառավարմանն առնչվող պարտավորությունների իրականացման համար:

 

Հոդված 13. Ներմուծման նախնական համաձայնությունը

  1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված ներմուծման նախնական համաձայնությունը տալիս է շրջակա միջավայրի պետական կառավարման լիազոր մարմինը ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված՝ վտանգավոր քիմիական նյութերի արտահանման ու ներմուծման մասին կանոնակարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ներմուծման նախնական համաձայնությունը տրվում է Ռոտերդամի կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրի կամ այլ արտահանող երկրի նշանակված ազգային մարմնի պահանջով, որին կցվում է նաև տվյալ նյութի վերաբերյալ արտահանման ծանուցումը, և որը տրամադրում է այդ մարմնին սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ վտանգավոր քիմիական նյութերի արտահանման ու ներմուծման մասին կանոնակարգով սահմանված ձևաչափով:
  3. Ներմուծման նախնական համաձայնությունը տրվում է անվճար՝ ներմուծումից առաջ:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 14. Լաբորատոր գործունեության լավագույն գործելակերպի սկզբունքները

  1. Սույն օրենքի նպատակներով Լաբորատոր գործունեության լավագույն գործելակերպը ենթադրում է ստանդարտացված կազմակերպական այնպիսի գործընթացներ ու պայմաններ, որոնց ներքո ծրագրվում, իրականացվում, արձանագրվում են լաբորատոր ուսումնասիրություններ, և հաշվետվություն է ներկայացվում դրանց վերաբերյալ:
  2. Քիմիական նյութերի ու խառնուրդների վտանգավոր հատկությունների ստուգումն իրականացվում է այն լաբորատորիաներում, որոնք հավատարմագրված են ազգային հավատարմագրման մարմնի կողմից:
  3. Քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրողներն ու ներմուծողները կարող են ներկայացնել այն միջազգային լաբորատորիաներում իրականացված վտանգավոր հատկությունների ստուգման արդյունքները, որոնք համապատասխանում են լաբորատոր գործունեության լավագույն գործելակերպի սկզբունքներին:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀԱՏԿԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15.  Հատկապես վտանգավոր քիմիական նյութերի շուկայահանման, բաշխման և (կամ) փոխանցման այլ ձեվերի համար թույլտվությունը

 

  1. Հատկապես վտանգավոր քիմիական նյութերի շուկայահանման, բաշխման կամ փոխանցման այլ ձևերի հետ կապված գործունեության համար անհրաժեշտ է թույլտվության տրամադրում:
  2. Հատկապես վտանգավոր քիմիական նյութերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 21-րդ կետով սահմանված կարգով կարող են շուկայահանվել, բաշխվել և(կամ) փոխանցվել միայն՝

1) մասնագիտական օգտագործման համար,

2) այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն թույլտվություն՝ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան: 

  1. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք շուկայահանում, բաշխում կամ փոխանցում են հատկապես վտանգավոր քիմիական նյութեր սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, համապատասխան ռեգիստրում տվյալներ են վարում հատկապես վտանգավոր քիմիական նյութերի շուկայահանման, բաշխման կամ փոխանցման վերաբերյալ գործարքների մասին Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ռեգիստրը ներառում է՝

1) քիմիական նյութի անվանումը,

2) շուկայահանված, բաշխված և (կամ) փոխանցված քիմիական նյութերի քանակությունը,

3) հարկ եղած դեպքում՝ հաճախորդի անունն ու հետադարձ կապի տվյալները,

4) օգտագործման նպատակը (արտադրություն  և անմիջական օգտագործում),

5) շուկայահանման, բաշխման և (կամ) փոխանցման վերաբերյալ գործարքի ամսաթիվը:

  1. Արգելվում է հատկապես վտանգավոր քիմիական նյութերի իրացումը ձեռնարկատիրական գործունեության թույլտվության հիման վրա:

ԳԼՈՒԽ 7

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 16. Քիմիական նյութերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը

  1. Ցանկացած իրավաբանական անձ, որը նախաձեռնում կամ իրականացնում է քիմիական նյութերի արտադրություն կամ ներմուծում տարեկան կտրվածքով առնվազն 100 կգ․ քանակությամբ, պետք է հաշվետվություն ներկայացնի Մարմնին: Հաշվետվությունը պետք է ներկայացվի գործունեությունը նախաձեռնելու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում և պետք է ներառի տվյալներ հաշվետվություն ներկայացնողի ինքնության, քիմիական նյութի (նյութերի) անվանման մասին և քիմիական նյութի (նյութերի) վերաբերյալ այլ տվյալներ։:
  2. Հաշվետվության ենթակա քիմիական նյութերն ընդգրկվում են Կառավարության կողմից հաստատված քիմիական նյութերի ցանկում՝ մատնանշելով մաքսային սակագների ծածկագրերը:
  3. Հաշվետվություն ներկայացնողը պետք է թարմացնի հաշվետվությամբ ներկայացված տվյալները և մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը Մարմնին ներկայացնի այն քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք արտադրվել կամ ներմուծվել են վերջին օրացուցային տարում:
  4. Քիմիական նյութերի վերաբերյալ հաշվետվության ձևը պետք է լրացնել ու ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ թղթային տարբերակով:
  5. Քիմիական նյութերի արտադրողը կամ ներմուծողը կարող է հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը պատվիրակի որևէ անհատի:
  6. Քիմիական նյութերի արտադրողը կամ ներմուծողը պետք է մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 1-ը Մարմնին գրավոր հայտնի այն անձի անունն ու հետադարձ կապի տվյալները, որը ներմուծողի կամ արտադրողի անունից ներկայացնելու է հաշվետվություն՝ կից ներկայացնելով պատվիրակելու վերաբերյալ պայմանագրի պատճենը: Հակառակ դեպքում, արտադրողից կամ ներմուծողից պահանջվում է ինքնուրույն ներկայացնել քիմիական նյութի վերաբերյալ հաշվետվություն:

Հոդված 17. «Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստր» ավտոմատացված տեղեկատվական համակարգ

  1. «Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստր» ավտոմատացված տեղեկատվական համակարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի մասնագիտացված տեղեկատվական աղբյուրը:
  2. «Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստր» ավտոմատացված տեղեկատվական համակարգի տնօրինողը շրջակա միջավայրի նախարարությունն է:
  3. «Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստր» ավտոմատացված տեղեկատվական համակարգը ձևավորվում է հաշվետվության ձևերում առկա տվյալների հիման վրա:
  4. «Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստր» ավտոմատացված տեղեկատվական համակարգը պատկանում է Մարմնին, որը տվյալներ է մուտքագրում համակարգ:
  5. Ցանկացած իրավաբանական անձ պետք է տեղեկություններ տրամադրի սույն օրենքի ու Կառավարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստրի պահպանության մասին կանոնակարգին համապատասխան:
  6. «Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված քիմիական նյութերի ռեգիստր» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծումը, գործարկումն ու շահագործումն իրականացվում է պետական տեղեկատվական համակարգերի ու աղբյուրների ոլորտի օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 8

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՈՒՄՆ ՈՒ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հոդված 18. Քիմիական նյութերի պահպանությունն ու պահումը

  1. Արտադրողները, ներմուծողները, դիստրիբյուտորները և հաջորդական օգտագործողները պետք է քիմիական նյութերը պահպանեն ու պահեն այնպիսի եղանակով, որը վտանգավոր չէ շրջակա միջավայրի, մարդու կյանքի ու առողջության, կենդանիների ու այլ կենդանի օրգանիզմների համար:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհատներն ու իրավաբանական անձինք վտանգավոր քիմիական նյութերի թափոնները և վտանգավոր քիմիական նյութերի թափոնների համար օգտագործվող փաթեթավորումը հավաքում, պահում ու տնօրինում են անվտանգ եղանակով՝ «Թափոնների մասին» օրենքին ու Կառավարության կողմից հաստատված կանոնակարգերին համապատասխան:
  3. Վտանգավոր քիմիական նյութերի պահպանությունը թույլատրվում է միայն պահեստներում, որոնք նախատեսված, կառուցված ու սարքավորված են Կառավարության կողմից հաստատված կանոնների համաձայն կամ վերակառուցված ու նախատեսված են բացառապես այդ արտադրատեսակների պահպանության նպատակի համար:
  4. Քիմիական նյութերը պահպանվում ու պահվում են միայն արտադրողի նախատեսած փաթեթավորման մեջ՝ Կառավարության որոշմամբ հաստատված՝ համապատասխան նյութերի ու խառնուրդների դասակարգման, պիտակավորման ու փաթեթավորման մասին կանոնակարգին համապատասխան:
  5. Չփաթեթավորված վտանգավոր քիմիական նյութերի պահպանությունը, պահումն ու իրացումը արգելվում է:
  6. Քիմիական նյութերի պահպանության ու պահման վերաբերյալ իրավական կարգավորումները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 Հոդված 19. Քիմիական նյութերի մանրածախ առևտուրը

  1. Այն քիմիական նյութերը, որոնք շուկայահանվում են բնակչության կողմից ընդհանուր օգտագործման նպատակի համար, պետք է պահվեն առանձին՝ այլ իրերի, ապրանքների հետ շփումից խուսափելու նպատակով։
  2. Շուկայի տարածքում քիմիական նյութերի պահմանը և տվյալ տարածքի նշագրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 

Գլուխ 9

 

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 20. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ծրագրերն ու գործողությունների ծրագրերը

  1. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ծրագրերն ու գործողությունների ծրագրերն ուղղված են՝

1) իրավական ու ինստիտուցիոնալ դաշտ ստեղծելուն՝ քիմիական նյութերի կայուն կառավարումն ապահովելու համար,

2) սույն օրենքը, պետական զարգացման ռազմավարական ակտերը, կայուն օրգանական աղտոտիչների կրճատման ու վերացման վերաբերյալ պետական ռազմավարությունը, ինչպես նաև քաղաքականության համապատասխան ուղղության վերաբերյալ այլ փաստաթղթերը կիրարկելուն,

3) մասնագիտացված կարողությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են քիմիական նյութերի՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ կառավարումն ապահովելու համար,

4) այն միջազգային պայմանագրերի կիրարկմանը, որոնց Կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը,

5) քիմիական նյութերի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության գնահատմանը, ինչպես նաև այնպիսի միջոցներ սահմանելուն, որոնք նախատեսված են վտանգավոր քիմիական նյութերով սպառնացող վտանգները կրճատելու համար,

6) այնպիսի չափանիշներ սահմանելուն, որոնք անհրաժեշտ են ծրագրերի, ինչպես նաև այդ ծրագրերով սահմանված միջոցների կիրարկման արդյունքները գնահատելու համար:

 

Հոդված 21. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ազգային ծրագիրը

  1. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ազգային ծրագիրը (այսուհետ՝ ազգային ծրագիր) այն երկարաժամկետ ռազմավարական ծրագրային հիմնական փաստաթուղթն է, որով սահմանվում են պետական քաղաքականության ուղղություններն ու նպատակները՝ երկրում քիմիական նյութերի կայուն կառավարման համակարգի զարգացման համար, և որը հաստատվում է Կառավարության կողմից՝ 10 տարի ժամկետով:
  2. Ազգային ծրագրով սահմանվում են այն նպատակները, խնդիրներն ու գործողությունները, որոնք ուղղված են քիմիական նյութերի համակարգված կառավարման ձևավորմանը, որը կլինի տեխնիկապես, տնտեսապես, սոցիալապես ու բնապահպանական տեսանկյունից արդյունավետ, և որը կներառի քաղաքականության վերաբերյալ այն փաստաթղթերի ու միջազգային պայմանագրերի դրույթների համակարգված կիրարկման տվյալները, որոնց Կողմ է համարվում Հայաստանի Հանրապետությունը:
  3. Ազգային ծրագիրը մշակվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից՝ Մարմնի հետ համագործակցությամբ: Պետական կառավարման կենտրոնական ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում տրամադրում են տեղեկատվական ու կազմակերպական աջակցություն՝ ազգային ծրագրերի մշակման հարցում:

 

Հոդված 22. Քիմիական նյութերի կայուն կառավարման ազգային գործողությունների ծրագիր

 

  1. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ազգային գործողութունների ծրագրով (այսուհետ՝ ազգային ծրագիր) նախատեսվում է քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ քաղաքականության ուղղությունների կիրարկում՝ ազգային ծրագրին համապատասխան, որը որպես ծրագրային փաստաթուղթ հաստատվում է Կառավարության կողմից՝ 5 տարի ժամկետով:
  2. Ազգային ծրագիրը մշակվում է Մարմնի կողմից՝ պետական կառավարման կենտրոնական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, որոնք իրենց իրավասության սահմաններում տրամադրում են անհրաժեշտ աջակցություն:

Հոդված 23. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ազգային ծրագրի ու գործողությունների ծրագրի թարմացումը

  1. Ազգային ծրագիրը և գործողությունների ծրագիրը գնահատվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից՝ երկու տարին մեկ անգամ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ և այն միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորություններին համապատասխան, որոնց Կողմ է համարվում Հայաստանի Հանրապետությունը:
  2. Ծրագիրն ու ազգային ծրագիրը թարմացնելիս շրջակա միջավայրի նախարարությունը հանրությանն առաջարկում է տվյալ գործընթացում մասնակցելու հնարավորություններ՝ «Տեղեկատվության հասանելիության, արդարադատության ու շրջակա միջավայրի վերաբերյալ ընդունվող որոշումներում հանրային մասնակցության մասին» կոնվենցիային համապատասխան, որի Կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև գործող օրենսդրությանն ու ընթացակարգերին համապատասխան:

 

 

Հոդված 24. Քիմիական նյութերի կայուն կառավարման վերաբերյալ ազգային ծրագրի ու գործողությունների ծրագրի կիրարկման վերաբերյալ հաշվետվությունները

  1. Ազգային ծրագրի ու գործողությունների ծրագրի կիրարկման վերաբերյալ հաշվետվությունը մշակվում է Մարմնի կողմից՝ պետական կառավարման կենտրոնական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, և ներկայացվում է Կառավարության քննարկմանը մինչև հաջորդող հաշվետու տարվա ապրիլի 10-ը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը ներառում է կառավարման ոլորտի վերլուծության արդյունքները, դրանով վեր են հանվում ազգային ծրագրով նախատեսված խնդիրների ու նպատակների իրականացումը և ազգային գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, ինչպես նաև ծրագրված նպատակներից էական շեղումների դեպքում՝ դրանով առաջարկվում են Ազգային ծրագրում կատարվելիք փոփոխությունների նախագիծ:

 

ԳԼՈՒԽ 10

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Գաղտնիությունը

  1. Սույն օրենքի համաձայն համապատասխան մարմինների կողմից ձեռք բերված այն տեղեկատվությունը, որը պարունակում է առևտրային գաղտնիք, չպետք է հրապարակվի:
  2. Համապատասխան մարմինների կողմից գաղտնի պետք է համարվի ստորև նշված տեղեկատվությունը, որը չպետք է հրապարակվի՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված լինելու դեպքում կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, կամ էլ այն չափով, որ չափով այդպիսի առևտրային տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակվել է.

       1) խառնուրդի ամբողջ բաղադրության վերաբերյալ մանրամասները,

       2) նյութի կամ խառնուրդի օգտագործման ձևը, հստակ գործառույթը կամ կիրառությունը, այդ թվում՝ տեղեկություններ դրա՝ որպես միջանկյալ միացության հստակ օգտագործման մասին,

       3) արտադրողի կամ ներմուծողի կամ հաջորդական օգտագործողի ու վերջինիս դիստրիբյուտորի միջև կապերը,

       4) արտադրված կամ շուկայահանված նյութի կամ խառնուրդի հստակ քանակությունը:

  1. Այն դեպքերում, երբ պաշտպանության նկատառումներից ելնելով կամ մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելու համար առաջանում է արագ արձագանքման անհրաժեշտություն, Մարմինը կարող է այս հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները փոխանցել սույն օրենքի 7-11-րդ հոդվածներով նախատեսված պետական կենտրոնական այլ մարմինների՝ պայմանով, որ համապատասխան աշխատակիցների կողմից պահպանվի տեղեկությունների գաղտնիությունը:

           

 

 

Հոդված 26. Գաղտնիությանը ներկայացվող պահանջներից բացառությունները

  1. Գաղտնի չեն համարվում Մարմնի տնօրինման տակ գտնվող՝ ինքնին նյութերին, ինչպես նաև խառնուրդների կամ արտադրատեսակների կազմում առկա նյութերին վերաբերող և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանության համար կարևորություն ներկայացնող հետևյալ տեղեկությունները՝

1) վտանգավոր նյութերի անվանումը Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության ապրանքային անվանացանկում,

2) քիմիական նյութի ֆիրմային անվանումը,

3) արտադրողի կամ ներմուծողի կամ  ծանուցողի անունը,

4) նյութի դասակարգումն ու պիտակավորումը,

5) նյութին վերաբերող ֆիզիկաքիմիական տվյալները,

6) վտանգավոր նյութերի բացասական հետևանքները կանխելու կամ նյութի բացասական հատկությունները վերացնելու գործընթացները,

7) քիմիական նյութի՝ շրջակա միջավայր ու մարդու օրգանիզմ ներթափանցման մասին տվյալները և շրջակա միջավայրում ու կենսաբանական օբյեկտներում դրա վերափոխման եղանակների մասին տվյալները,

8) թունաբանական ու էկոթունաբանական ուսումնասիրությունների արդյունքները,

9) սահմանային անվտանգ մակարդակը կամ կանխատեսելի անվտանգ խտությունը,

10) նյութի մաքրության աստիճանը և հավելումների քանակական վերլուծությունը՝ դրանք վտանգավոր համարվելու դեպքում, եթե այդպիսի տեղեկատվությունն էական է դասակարգման ու պիտակավորման համար,

11) անվտանգ օգտագործման ցուցումները,

12) քիմիական նյութի կամ խառնուրդի անվտանգության անձնագրում սահմանված տեղեկատվությունը,

13) շրջակա միջավայր արտանետվելու դեպքում վտանգավոր նյութի հայտնաբերումը հնարավոր դարձնող վերլուծական մեթոդները, ինչպես նաև դրա՝ մարդկանց վրա ունեցած ուղղակի ազդեցության որոշումը,

14) քիմիական նյութերի վտանգավոր հատկությունները որոշելու մեթոդները:

ԳԼՈՒԽ 11

 

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

  1. Սույն օրենքի ու դրա շրջանակներում հաստատված նորմատիվ իրավական ակտերի դրույթները չպահպանելը առաջացնում է կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Հոդված 28. Մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի համար պատասխանատվությունը

 

Քիմիական նյութերի հետ կապված աշխատանքների ընթացքում առաջացած աղտոտման հետևանքով մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  12 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 29.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավասու մարմինները սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
  3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով սահմանված կարգերն ընդունվում են, իսկ 5-րդ կետով սահմանված պահանջները և 6-րդ կետով սահմանված ցանկը սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում:

 

 

  • Discussed

    02.12.2022 - 18.12.2022

  • Type

    Law

  • Area

    Healthcare, Agriculture, State revenue, Nature protection, Economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4192

Print

Related documents / links