Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Օտարերկրյա ներդրողների ներգրավման միջոցով ներդրումների ծավալի ավելացումը Կառավարության կարևորագույն նպատակներից է։ Օտարերկրյա ներդրումների ակտիվ ներգրավման պարագայում տեխնոլոգիական առաջընթացի, նոր գիտելիքների ձեռքբերման, կառավարման մշակույթի և արդյունավետ համակարգերի ներդրման և աշխատանքային շուկայի ընդլայնման շահառուներն են տնտեսությունը, գործարար համայնքը և քաղաքացիները։ Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել ճկուն, միաժամանակ պարզ և արդարացի՝ հավասարակշռված կարգավորումների դաշտ, օտարերկրյա ներդրողներին տրամադրելով լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ՝ սեփական միջոցները հայկական տնտեսությունում ներգրավելու նպատակով:

Ներկայումս գործում են մի շարք հարկաբյուջետային գործիքներ և արտոնություններ, որոնք խթանում են ներդրումներ իրականացնողներին: Այդ արտոնություններից են․

  • գյուղատնտեսական արտադրանքի ԱԱՀ-ից և շահութահարկից ազատում (Հարկային օրենսգրքի 59-րդ և 126-րդ հոդվածներ),
  • մաքսատուրքերից ազատում ոչ ԵԱՏՄ անդամ պետությունից ներմուծված այնպիսի սարքավորումների և միջանկյալ ապրանքների համար, որոնք չեն կարող փոխարինվել ԵԱՏՄ երկրի կողմից արտադրվող սարքավորումներովև միջանկյալ ապրանքներով՝ Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներում (ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 354-Ն որոշում,
  • սահմանամերձ տարածքներում ԱԱՀ-ից և շահութահարկից ազատումը («Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենք),
  • ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունների շահութահարկից ազատում և վարձու աշխատողների եկամտային հարկի դրույքաչափի նվազեցում 10%-ի չափով («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք)
  • մաքսատուրքից, շահութահարկից, ԱԱՀ-ից, գույքահարկից ազատում ազատ տնտեսական գոտու շահագործողների համար («Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք)։

Հաշվի առնելով վերոնշյալ արտոնությունների դրական ազդեցության աստիճանը ներդրումների ծավալի վրա, դրանք «ուղղակի և հասցեական» չեն։ Կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը միտված է ներդրումային միջավայրը պոտենցիալ ներդրողների համար առավել զարգացած և մատչելի դարձնելուն:

Վերջին տարիներին տնտեսական աճ է նկատվում այն երկրներում՝ որոնց ուշադրության կենտրոնում է օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) ներհոսքի մեծացման հարցը՝ օրենսդրական ճկուն կարգավորումների ներդրման միջոցով՝ հաշվի առնելով, որ մեծաքանակ և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը նպաստում է բարձր որակավորում պահանջող աշխատաշուկայի ձևավորմանը։

 

2 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զարգացած օրենսդրական դաշտի պայմաններում, անհատական ներդրումային պայմանագրի՝ որպես ներդրողների հետ հարաբերությունների կառուցման գործիքի կիրառումը դրական ազդեցություն է ունենում տնտեսության զարգացման վրա։ Նմանատիպ ներդրումային պայմանագրերը լայն կիրառություն են ստացել ՌԴ-ում, Ուկրաինայում, Ղազախստանում, Արևելյան Եվրոպայի երկրներում և այլն։ Մասնավորապես՝ Ռուսաստանում անհատական ներդրումային պայմանագրերը հանդիսանում են պետության և ներդրողների միջև համաձայնության ձև, որի նպատակն է արտադրության տեղայնացման խթանումը։ Գործիքի կիրառման արդյունքն է ներդրման ներգրավում արտադրության ստեղծման, արդիականացման կամ զարգացման մեջ՝ հարկային որոշակի արտոնությունների տրամադրման պայմաններում: Ընդհանուր առմամբ, ըստ ՌԴ Արդյունաբերության պետական տեղեկատվական համակարգի ռեեստրի տվյալների, ՌԴ-ում կնքվել են շուրջ 60 անհատական ներդրումային պայմանագրեր, որոնք հիմնականում ներառել են ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերության, պարարտանյութերի արտադրության և դեղագործության ոլորտները:

Ուկրաինայում առանձնացվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կկիրառվեն անհատական ներդրումային պայմանագրերը․

  1. Վերամշակող արդյունաբերություն, ներառյալ սննդի, հագուստի և տեքստիլի, պլաստմասսայի, մետաղների, ռետինի, էլեկտրոնիկայի, արտադրություն և դեղագործություն, բացառությամբ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրություն,
  2. Հետագա վերամշակման համար օգտակար հանածոների արդյունահանում (բացառությամբ ածուխի, հում նավթի և բնական գազի),
  3. Թափոնների վերամշակում,
  4. Տրանսպորտ, լոգիստիկա և պահեստավորման ծառայություններ,
  5. Փոստային և սուրհանդակային ծառայություններ,
  6. Կրթություն, գիտություն, գիտական ​​և տեխնոլոգիական գործունեություն,
  7. Առողջապահություն, արվեստ, մշակույթ, սպորտ, զբոսաշրջություն։

Արտոնություններն են՝

  1. Կորպորատիվ եկամտահարկից 5 տարով ազատում,
  2. Ներմուծվող նոր մեքենաների և սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատում,
  3. Ներդրումային ծրագրի համար պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման առաջնահերթ իրավունքի տրամադրում, ներառյալ հողի վարձակալության արտոնյալ պայմանները և ծրագրի իրականացման ժամկետի ավարտին առաջնահերթ գնման իրավունքը,
  4. Պետական կամ տեղական բյուջեի հաշվին ենթակառուցվածքների (ճանապարհներ, ինժեներական և հեռահաղորդակցության ցանցերի, կոմունալ ծառայություններ, ներառյալ ջեռուցման ցանցերի, գազ և էլեկտրաէներգիա և այլն) շինարարության, վերակառուցման, վերականգնման և հիմնանորոգման ֆինանսավորում:

Աջակցություն չի տրամադրվում վերականգնվող էներգիայի, արդյունահանող արդյունաբերության, այգեգործության և ֆինանսների ոլորտներում ներդրումային ծրագրերին: Պետական ​​աջակցությունն արտահայտվում է դրամական արժեքով և չի կարող գերազանցել ներդրողի կողմից կատարված ներդրման գումարի 30%-ը:

Բուլղարիայում անհատական ներդրումային պայմանագրերը կիրառվում են հիմնականում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիական կենտրոնների, հետազոտությունների, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու համար։ Դրանց նկատմամբ պահանջներն են․

  • աշխատատեղերի ստեղծում անբարենպաստ շրջաններում կամ բարձր տեխնոլոգիական ոլորտում,
  • նախատեսի արդյունաբերական գոտիների զարգացում։

Բուլղարիայում հարկային արտոնությունները տրամադրվում են ամենացածր դրույքաչա-փով․

  • շահութահարկի դրույքաչափը 10%-ը և հարկից լրիվ ազատում բարձր գործազրկության վայրերում,
  • եկամտային հարկի միասնական դրույքաչափի` 10%,
  • 5 մլն․ եվրոյից ավելի ներդրումային ծրագրերի իրականացման համար սարքավորումների ներմուծման համար երկու տարով ԱԱՀ-ից ազատում` ստեղծելով առնվազն 50 աշխատա-տեղ։

Մոլդովայում անհատական ներդրումային պայմանագրերը կարող են կնքվել ռազմավարական ներդրումային ծրագրերի համար, որոնք միաժամանակ պետք է բավարարեն հետևյալ չափանիշներից առնվազն 4-ին, մինչդեռ 2-րդ և 3-րդ կետերը պարտադիր են՝

  • ապահովել տնտեսության կամ բնակչության համար առաջնահերթ ռազմավարական նշանակություն ունեցող ցուցանիշների, նպատակների իրագործումը և խնդիրների լուծումը,
  • կատարել առնվազն 3 մլն․ ԱՄՆ դոլարի ներդրում,
  • առնվազն 100 նոր աշխատատեղերի ստեղծում և միջին ամսական աշխատավարձի ապահովմամբ,
  • ստեղծել ենթակառուցվածքներ կամ զարգացնել արտադրություն, որը մինչ այդ բացակայում էր Մոլդովայում,
  • օգտագործել նորարարական տեխնոլոգիաներ և սարքավորումներ,
  • արտադրական արդյունաբերության նախագծերի համար օգտագործել առկա լավագույն արտադրական տեխնոլոգիաները, որոնք ապահովում են նվազագույն բացասական ազդեցություն շրջակա միջավայրի և հանրության առողջության վրա,
  • նպաստել մրցակցային միջավայրի զարգացմանը ներքին շուկայում կամ բարձրացնել մոլդովական ապրանքների մրցունակությունը արտաքին շուկայում,
  • ապահովել էներգաարդյունավետություն, բարձրացնել արտադրողականությունը և մրցունակությունը գյուղատնտեսության մեջ, թափոնների հեռացում և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Անհատական ներդրումային պայմանագրերի պարագայում նախատեսված է ԱԱՀ 20% դրույքաչափի փոխարեն 6%-ից 8% դրույքաչափի կիրառում։

 

Նախագծի ընդունման պարագայում, Կառավարության կողմից կարճ ժամկետներում պետք է մշակվեն և սահմանվեն անհատական ներդրումային պայմանագրերի կնքման կարգն ու չափորոշիչները։

Հարկ է նշել, նաև որ անհատական ներդրումային պայմանագրերի՝ որպես գործիքի արդյունավետ կիրառման նպատակով, անհրաժեշտ է սահմանել Կառավարության լիազորված մարմին, որը պատասխանատու է լինելու անհատական ներդրումային պայմանագրերի կնքման գործընթացի իրականացման համար, լիազորված մարմնի լիազորությունները կներառեն ներդրողների հետ անհատական ներդրումային պայմնագրերի կնքման համար օժանդակությունը և պետական մարմինների հետ հաղորդակցության կազմակերպումը, ինչպես նաև անհատական ներդրումային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ որոշակի մոնիտորինգային գործառույթներ։

Անհատական ներդրումային պայմանագրի ձևաչափը

Անհատական ներդրումային պայմանագիրը՝ ներդրողի և Կառավարության միջև հաստատվող, նախապես սահմանված չափորոշիչներին համապատասխանող փաստաթուղթ է, որի համաձայն կողմերը միմյանց նկատմամբ ստանձնում են որոշակի պարտավորություններ և ձեռք բերում իրավունքներ, մասնավորապես․

1․ Ներդրողը պարտավորություն է ստանձնում իրականացնելու պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեություն, կատարելու որոշակի ժամկետի ընթացքում սահմանված ծավալի ներդրումներ, ապահովելու սահմանված քանակի աշխատատեղերի ստեղծում, սահմանված նվազագույն վարձատրությամբ, ստանալով դրա համար անհրաժեշտ հարկային արտոնություններ,

2․ Կառավարությունն իր հերթին պարտավորություն է ստանձնում ներդրողին տրամադրելու հարկային արտոնություններ և ձեռք է բերում իրավունք ներդրողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման պարագայում պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

Անհատական ներդրումային պայմանագրով ապահովվում է.

  • Ներդրումային ծրագրերի ընթացքում տնտեսական գործունեության կայուն պայմաններ.
  • Կառավարության աջակցությունը օրենքով և հատուկ ներդրումային պայմանագրով նախատեսված ձևաչափով և ծավալով։

Անհատական ներդրումային պայմանագրերը դիտարկվում են որպես Հայաստանի Հանրապետություն ներդրումների հոսքն արագացնելու էֆեկտիվ գործիք՝ որոշակի նախապատվություններ և արտոնություններ տրամադրելով կոնկրետ չափորոշիչներին համապատասխանող ներդրումային ծրագրերին։

 

Նախագծի ընդունման պարագայում, առաջարկվում են անհատական ներդրումային պայմանագրերի կնքման կարգի ու չափորոշիչների վերաբերյալ հետևյալ մոտեցումները, մասնավորապես՝

Անհատական ներդրումային պայմանագրի կողմ կարող են հանդիսանալ կազմակերպություններ, որոնց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում և համապատասխանում են, Կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝

  1. Ներդրումային ծրագրերն իրականացման ոլորտների վերաբերյալ մոտեցումները, սահմանափակումները, բացառությունները և այլն,
  2. Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում առնվազն հիսուն աշխատատեղի ստեղծում՝ միջինից 15%-ով բարձր աշխատավարձով:
  3. Ներդրումային ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում ներդրումները ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:
  4. Ներդրումները կատարվում են ոչ ավելի, քան 5 տարվա ընթացքում, իսկ անհատական ներդրումային պայմանագիրը կարող է շարունակվել մինչև 15 տարի ժամկետով:

Կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել հետևյալ արտոնությունները՝

  1. Շահութահարկից մինչև 5 տարի ժամկետով ազատում,
  2. Եկամտային հարկից մինչև 5 տարի ժամկետով ազատում,
  3. Ներդրումային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ԱԱՀ-ից և ներմուծման տուրքերից ազատում։

Նշված արտոնություններն ու նախապատվությունները պետք է ամրագրվեն ներդրողի և Կառավարության միջև անհատական ներդրումային պայմանագրով:

Անհատական ներդրումային պայմանագրերի խախտման հետևանքները

Անհատական ներդրումային պայմանագրերով սահմանվում են Կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները, վերջիններիս չափերը և ներդրողի կողմից կատարվող ներդրումների չափն ու նկարագրությունը:

Ներդրողի կողմից անհատական ներդրումային պայմանագրի պայմանների խախտման դեպքում սահմանվում են հստակ պատասխանատվության մեխանիզմներ։ Դրանց կիրառման արդյունքում ներդրումային պարտավորությունները ամբողջությամբ չկատարելու կամ ներդրման վերջնաժամկետը չպահպանելու դեպքում, անհատական ներդրումային պայմանագիրը կարող է դադարեցվել, և վերադարձվել արտոնության տրամադրման արդյունքում չվճարված հարկերը։  

Անհատական ներդրումային պայմանագրի դադարեցումը չի ենթադրում, որ ներդրողը դադարեցնում է ներդրումային ծրագրի իրականացումը։ Այս դրույթը կհստակեցվի Անհատական ներդրումային պայմանագրում` նման խախտման դեպքում ներդրողի պատասխանատվության անհրաժեշտ սահմանափակումների հետ միասին:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են` ներդրումային միջավայրի բարելավումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` ՕՈՒՆ խթանումը, միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը։

ՀՀ Կառավարության 2021-2026թթ ծրագրի համաձայն առաջնայնություն են համարվում Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և դրանց հիման վրա` կայուն տնտեսական աճի և բնակչության բարեկեցության ապահովումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող գործիքի կիրառումը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, հնարավորություն կտա ներգրավելու նոր ներդրողների, ինչի արդյունքում կբարձրանա երկրի ներդրումային միջավայրի գրավչության աստիճանը, կխթանվի նորարարական գործունեության ավելացմանը, կավելացվի ՀՆԱ-ում հետազոտության և զարգացման ծախսերի մասնաբաժինը, կհամալրվի տեխնոլոգիական ոլորտը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը մշակվել է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի 3.1-րդ «Ներդրումային քաղաքականության մշակում և իրագործում, Ներդրումային քաղաքականությունը հաստատելու մասին իրավական ակտի մշակում» միջոցառմանը:

  • Discussed

    21.10.2022 - 10.11.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2943

Print