Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարի օրը նշելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարի օր նշելու անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տնտեսության զարգացման և սոցիալական կյանքի բարելավման կարևոր նախադրյալներից է ճանապարհային ցանցի զարգացման միջոցով տնտեսական ներուժի ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը։ Այս առումով ՀՀ կառավարությունը իր 2021-2026թթ. գործունեության ծրագրով նախատեսում է Հայաստանում ճանապարհային ցանցի արդիականացման և որակի բարելավման ճանապարհով ձևավորել անվտանգ, ծախսարդյունավետ և էկոլոգիապես անվնաս ավտոմոբիլային ճանապարհային ցանց, որը կնպաստի ներպետական և միջազգային փոխադրումների աճին, նոր շուկաների ձևավորմանը, կխթանի ներքին և արտաքին առևտուրը, էական ազդեցություն կունենա մարզերի և գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական կյանքի կայուն զարգացման վրա՝ մարզերի և համայնքների բնակչության համար ապահովելով հաղորդակցությունը կենսական նշանակության օբյեկտների և մարզկենտրոնների հետ, կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը:

Դեռևս Խորհրդային միության ժամանակներից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը (սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1976 թվականի հունվարի 15-ի հրամանագրով) նշվում էր Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատողների օրը, որը համարվում էր տրանսպորտի ոլորտի աշխատողների մասնագիտական տոն։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՊՀ մի շարք երկրներ պահպանեցին տրանսպորտի ոլորտի աշխատողների մասնագիտական տոն նշելու ավանդույթը՝ որոշակի վերափոխումներով։ Օրինակ՝ Ղազախստանը ներկայում ամեն տարի օգոստոսի 1-ին կիրակին նշում է Տրանսպորտի աշխատողների օրը։ Բելառուսը, Ղրղզստանը և Ուկրաինան յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակին նշում են Ավտոմոբիլիստի և ճանապարհաշինարարի օրը, իսկ Ռուսաստանը (հոկտեմբերի վերջին կիրակին) և Տաջիկստանը (հոկտեմբերի երկրորդ կիրակին) նշում են Ճանապարհաշինարարի օրը։

Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում այս ավանդույթը չի պահպանվել։ Մինչդեռ հատկանշական է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։ Մասնավորապես նշենք, որ ՀՀ կառավարությունը 2021-2026թթ․ կառավարության ծրագրով ճանապարհաշինության և ճանապարհային համակարգի զարգացման ոլորտում իրականացվելիք  բարեփոխումների շրջանակներում նախատեսում է յուրաքանչյուր տարի  նորոգել և հիմնանորոգել շուրջ 500 կմ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ։

Վերջին տարիներին կտրուկ աճել է ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։ Միայն 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 565 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական, տեղական և այլ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 218.5 կմ հիմնանորոգման, 77.4 կմ միջին նորոգման, 92.0 կմ ռազմական նշանակության ճանապարհների շինարարական աշխատանքներ, Սյունիքում կառուցվել են նոր ճանապարհներ, իսկ վարկային ծրագրերով կատարվել են շուրջ 136 կմ ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ:

Միաժամանակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» խոշոր ենթակառուցվածքային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ կապով տրանսպորտային միջանցքի կառուցումը՝ կրճատելով գործող ճանապարհային ցանցը շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի: Վարկային ծրագրերով իրականացվում են նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի լրացուցիչ վարկային ծրագիրը։ «Հյուսիսային միջանցքի արդիականացում՝ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարություն» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետում կառուցվեց նոր կամուրջ, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 19-ին։

Այս առումով գտնում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել Հայաստանում Ճանապարհաշինարարի օրը նշելու ավանդույթը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ ՀՀ-ում  յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի ճանապարհաշինարարի օր։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Կարևորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն և պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը և կարևորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին և ձեռքբերումներին։ Այդ նպատակով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում  նպատակահարմար է տոնը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարարհաշինարարի դերն ու կարևորությունը։ Հուշարձանը գտնվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որը ամբողջությամբ վերականգնվել և բարեկարգվել է վերջերս։ 

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը անմիջապես չի բխում ռազմավարական որևէ փաստաթղթի իրականացման արդյունքային ցուցանիշներից, սակայն Ճանապարհաշինարարի օրվա շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքում ամեն տարի վեր կհանվեն ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» գլխով ՀՀ կառավարության կողմից ստանձնած հանձնարառությունների տարեկան կատարողական արդյունքները, ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման դրական դիմամիկան, ինչպես նաև թե դրանք ինչ ազդեցություն են ունեցել երկրի տնտեսական ցուցանիշների, սոցիալական փոխհարաբերությունների վրա և այլն։

  • Discussed

    27.09.2022 - 14.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2178

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

29.09.2022

Առաջարկում եմ սահմանել նաև ավտոմոբիլային տրանսպորտնիկի օր, քանի որ տրանսպորտի մյուս տեսակի մասնագետների օր նույնպես սահմանված է։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

29.09.2022

Առաջարկում եմ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի կողմնորոշիչ անունը փոխել՝ հանելով «ադրբեջանի հանրապետության սահման» բառերը։ Մերժումը խնդրում եմ չհիմնավորեք այն պատճառաբանությամբ, որ սույն որոշման նախագծի կարգավորման առարկա չի հանդիսանում, ես դրա մասին շատ լավ տեղյակ եմ, կարծում եմ որ առաջարկությունը սկզբունքային է, չեմ կարծում, որ ՀՀ ճանապարհաշինարարները մեծ ցանկություն ունեն տոնը անցկացնել դեպի ադրբեջան տանող ճանապարհին։

See more