Add to favourites

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

 Նախագծի մշակումը պայմանավորված է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողների և տնտեսավարողների համար անհարկի վարչարարության կրճատման և տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

  1. Առկա իրավիճակը

Ներկայում, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրավասությունների մեջ է մտնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու նկատմամբ վերահսկողությունը։ Վերահսկողական գործառույթներն իրականացվում են ինչպես ստատիկ, այնպես էլ շարժական կշեռքների միջոցով։ Վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, այնուհետև Տեսչական մարմինը պարտավոր է իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն, որից հետո նոր միայն կայացվում է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշում։

Վերջին ժամանակներում վարչական իրավախախտում թույլ տված անձանց շրջանում մեծ թիվ են սկսել կազմել «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացիներ համարվող անձինք։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 277-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:

Օրենսգրքի 244․13-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով, իսկ 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերն ունեն առանձնահատուկ բնույթ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրավախախտի՝ ՀՀ-ում գտնվելը կրում է ժամանակավոր բնույթ։ Որպես կանոն, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո իրավախախտը լքում է ՀՀ տարածքը, որի հետևանքով վերջինս չի ներկայանում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը (ծանուցագիրը հանձնվում է իրավախախտում կատարելու վայրում՝ առձեռն)։ Բացի դա, խնդիր է առաջանում վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված վարչական ակտի կայացման և դրա կատարման ընթացքում։ Մասնավորապես, Օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն՝ Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Այսինքն՝ օտարերկրացիների վերաբերյալ կայացված վարչական ակտերը պետք է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ ուղարկվեն Տեսչական մարմնի կողմից արձանագրության կազմման ժամանակ իրավախախտի կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթում (անձնագրում) նշված հասցեով՝ այլ երկիր։ Փոստով ուղարկված որոշումը վերադարձվելու, կամ ծանուցման փաստը չհաստատվելու, կամ հասցեատիրոջ կողմից այն ստանալուց հրաժարվելու դեպքում որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝

  1. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի գույքի հետախուզում հայտարարելու մասին:
  2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով:
  3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր հարցումներ կատարելու միջոցով:

<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

  1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`

2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

2.1) անհնարին է պարզել կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն. 

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ պետական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, հայտնաբերում է վարչական իրավախախտում, այդ մասին կազմում հաապատասխան արձանագրություն՝ իրավախախտի ներկայությամբ, վերջինիս առձեռն հանձնում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ծանուցագիր, սակայն մինչև գործի քննությունը իրավախախտը լքում է ՀՀ տարածքը, չի մասնակցում գործի քննությանը, Տեսչական մարմնի կողմից կայացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, այն պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ ուղարկվում է Տեսչական մարմնի կողմից արձանագրության կազմման ժամանակ իրավախախտի կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթում (անձնագրում) նշված հասցեով՝ այլ երկիր՝ կատարելով ֆինանսական բավականին մեծ ծախս, փոստով ուղարկված որոշումը վերադարձվելու, կամ ծանուցման փաստը չհաստատվելու, կամ հասցեատիրոջ կողմից այն ստանալուց հրաժարվելու դեպքում որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում որոշումը տեղադրելու դեպքում այն համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց այն դառնում է անբողոքարկելի, ապա եռամսյա ժամկետում ներկայացվում է հարկադիր կատարման։ Հարկադիր կատարման ներկայացվելուց հետո հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի գույքի հետախուզում հայտարարելու մասին: Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր հարցումներ կատարելու միջոցով: Այսինքն՝ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է միայն ՀՀ տարածքում։ Ուստի, պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով կատարողական վարույթը ենթակա է լինելու ավարտման (կատարողական վարույթի ընթացքում անհնար է լինելու պարզել պարտապանի (իրավախախտի) գույքի գտնվելու վայրը, քանի որ Օրենսգրքի 150․3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության է ենթարկվում տրանսպորտային միջոցի վարորդը, իսկ վերջինս, որպես կանոն, ՀՀ-ում գույք չի ունենում)։

Վերոգրյալի արդյունքում ծախսվում է բավականին մեծ ժամանակ և ռեսուրս, սակայն վարչական վարույթը չի հասնում իր նպատակին։

  1. Կարգավորման նպատակը

Վարչական վարույթի առանձնահատկությունները, չխաթարելով մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորվածությունը, կարող են թելադրված լինել հանրային շահերի պաշտպանության լրացուցիչ գործիքների ներդրման անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենսդրական լրացումների միջոցով նախատեսել, որ Օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ  դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման կարգավորումը պայմանավորված է նաև այն կարևոր հանգամանքով, որ Օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները միանշանակ են, վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, առանձին գործի քննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, իսկ իրավախախտին լսելը կրում է ձևական բնույթ, քանզի տվյալ իրավախախտման պարագայում, նախ մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան, բացի դա՝ տվյալ հոդվածով նախատեսված վարչական տույժերը հստակ են՝ տուգանքի կոնկրետ չափ է նախատեսված։

ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի հուլիսի 08-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը․  7. .... ՀՀ սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ օրենսդրի իրավասության շրջանակներում է, մասնավորապես, որոշել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, սահմանել վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների, վարչական պատասխանատվության միջոցների ու չափերի շրջանակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ հիշյալ հարցերում օրենսդրի հայեցողությունն ունի իր սահմանադրական շրջանակները։ Նշված լիազորություններն իրացնելիս օրենսդիրը պետք է ղեկավարվի սահմանադրական սկզբունքներով։ Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 71–րդ հոդվածի 2–րդ մասն ամրագրում է, որ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին։

․․․․ Տվյալ իրավակարգավորմամբ օրենսդիրը գտել է, որ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջի հանրային նշանակությունը, պահանջի չկատարման զանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և հետևանքներն այնպիսին են, որ վիճարկվող դրույթով նախատեսված զանցանքի համար պատասխանատվությունն անհատականացնելու և տուգանքի չափի տարբերակման անհրաժեշտություն առկա չէ։ Տվյալ պարագայում արարքը, դրա հանրային վտանգավորության աստիճանը, զանցանքի ու պատճառած վնասի բնույթը, մեղքի աստիճանը և այլ էական հանգամանքները որևէ ձևով չեն պայմանավորվում զանցանք կատարողի սոցիալական դրությամբ կամ հանրային դիրքով, զանցանքի բնույթը միանշանակ է ու պայմանավորված է կոնկրետ փաստով և ոչ որևէ այլ հանգամանքներով։։

Օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով զանցանքի բնույթը միանշանակ է, նախատեսված է հստակ սանկցիա, զանցանքը պայմանավորված է կոնկրետ փաստով և ոչ որևէ այլ հանգամանքներով։

Բացի այդ, որոշումը իրավախախտումը կատարելու վայրում կայացվելու դեպքում իրավախախտը, նախ, տեղում ծանոթանում է իր վերաբերյալ կայացված վարչական ակտի բովանդակությանը, բացի դա, որոշման հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի ներկայացնելու վերադաս բողոք։ Վերադաս բողոքի քննությունն իրականացվելու է Օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով, այսինքն՝ անձի՝ սահմանադրորեն երաշխավորված լսված լինելու իրավունքի իրացումն ապահովվում է բողոքարկման վարույթի շրջանակներում։

Ընդ որում, առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կիրառվելու է միայն այն պարագայում, երբ առկա են լինելու խախտման առկայության ակնհայտ հիմքեր, որոնք տվյալ պահին չեն վիճարկվելու տվյալ խախտումը թույլ տված անձի կողմից՝ վերջինիս համաձայնությամբ, քանի որ գործնականում առկա է մի իրավիճակ, երբ առկա են ակնհայտ խախտումներ, որոնք անգամ տնտեսավարողների կողմից չեն վիճարկվում բացահայտման պահին, սակայն տեսչական մարմինը գործող օրենսդությամբ չունի լիազորություն տեղում կիրառել պատասխանատվության միջոց:      

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի  ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու նկատմամբ վերահսկողության հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը, կնվազի ժամանակատարությունը, անհարկի վարչարարությունը՝ նպաստելով Տեսչական մարմնի առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

  1. «Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եվ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

8 . «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Discussed

    26.09.2022 - 12.10.2022

  • Type

    Legal code

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2519

Print