Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄՍԱԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծերի մշակումը բխում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական գործերի արդյունավետ քննության, ինչպես նաև դատարաններում աշխատանքների  առավել արդյունավետ կազմակերպման ապահովման անհրաժեշտությունից:

 2. Առկա իրավիճակը

  • Դատարանների նախագահների լիազորությունների վերանայումը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 32-րդ հոդվածը սահմանում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների լիազությունների շրջանակը: Այդ կարգավորումները, սակայն, շատ դեպքերում թույլ չեն տալիս դատարանի նախագահին գործել առավել արդյունավետ, լինել օպերատիվ՝ տարբեր հարցերի լուծման պարագայում: Այսպես, օրինակ, չնայած այն հանգամանքին, որ դատարանի նախագահն առավել տեղյակ է դատարանի ամենօրյա պրակտիկայում առաջացող խնդիրների և տվյալ դատարանում դատավորների ծանրաբեռնվածության մասին, Դատական օրենսգրքով նա չունի մշտադիտարկման որևէ գործիք համապատասխան դատարանի դատավորների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ։

  • Վերոնշյալի առնչությամբ հարկ է նկատել, որ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, արդար դատաքննության իրավունքի գործառական տարր լինելով, նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, արդար դատաքննության իրավունքի բովանդակության մեջ առանձնացնելով ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, իրավական համակարգում այն ապահովելու ուղղակի պարտականություն են սահմանում պետության համար[1]։ Այս առումով հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) դիրքորոշումն առ այն, որ Մարդու իրավունքների եվրոպակա կոնվենցիան (այսուհետ՝ ՄԻԵԿ) պայմանավորվող պետություններին պարտավորեցնում է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ դատարանները կարողանան ապահովել հոդվածի 1-ին կետի պահանջները` ներառյալ ժամկետների ողջամտությունը, և որ ներպետական դատարանների ժամանակավոր ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում պետության պատասխանատվության, եթե պետությունը ձեռնարկում է նման իրավիճակը շտկելուն ուղղված անհապաղ արդյունավետ գործողություններ[2]։ Սրանից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խախտելու համար պատասխանատվությունն ամբողջապես կրում է պետությունը, որից վերջինս կարող է ազատվել միայն, եթե անհապաղ ձեռնարկել է հետագա խախտումները բացառելուն ուղղված արդյունավետ միջոցներ, որպիսին գնահատելու իրավասությունը վերապահված է Եվրոպական դատարանին[3]։

Վերոնշվածի համատեքստում Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը նշել է, որ դատարանների նախագահները պետք է իրավասու լինեն վերահսկելու դատական ​​գործընթացի տևողությունը: Ըստ խորհրդի՝ սա սերտորեն կապված է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի և ազգային օրենսդրության պահանջների հետ: Խորհուրդը նաև շեշտում է, որ գործերի վարույթն արագացնելու նպատակով դատարանների նախագահների կողմից դատական վարույթների և գործողությունների տևողության մոնիթորինգը պետք է հավասարակշռված լինի դատավորների անաչառության, անկախության և դատական ​​գաղտնիության հետ[4]:

Ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովմանն ուղղված գործիքների նախատեսման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը (CEPEJ) «Դատավորների ժամանակի կառավարման» Սատուրնի ուղեցուցներում[5]: Մասնավորապես, 5-րդ ուղեցույցը պահանջում է, որ ապահովվի մոնիթորինգ, որպեսզի դատաքննության ընթացքում անգործության (սպասման ժամանակ) ժամանակահատվածները չափազանց երկար չլինեն, և երբ նման երկար ժամանակահատվածներ կան, անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել դատավարության արագացման և ուշացումները փոխհատուցելու համար: 6-րդ ուղեցույցում նախատեսվում է, որ դատարանի կառավարիչները պետք է տեղեկություններ հավաքեն դատավարության կարևորագույն փուլերի մասին: 8-րդ ուղեցույցի համաձայն՝ հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը պետք է մշտապես վերլուծվի և օգտագործվի աշխատանքի մոնիթորինգի և բարելավման նպատակով, իսկ 10-րդ ուղեցույցը սահմանում է, որ ի լրումն ավելի բարձր մակարդակի (ազգային, տարածաշրջանային) ստանդարտների և նպատակների, պետք է լինեն առանձին դատարանների մակարդակով կոնկրետ նպատակներ: Դատարանի կառավարիչները պետք է ունենան բավարար լիազորություններ և ինքնավարություն, որպեսզի ակտիվորեն սահմանեն կամ մասնակցեն այդ նպատակների սահմանմանը:

Գործերի քննության ձգձգումները բացառող մեխանիզմներ նախատեսված են նաև տարբեր երկրներում:

Այսպես, Վրաստանի Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ներկայումս Վրաստանի միակ դատարանն է, որն ունի և կիրառում է գործերի կառավարման սեփական էլեկտրոնային համակարգը: Երբ գործի քննության ժամկետները գերազանցում են նախատեսված ժամկետները, դրանք ցուցադրվում են էկրանին կարմիր տառերով, և հեշտությամբ պարզ է դառնում, որ տվյալ գործով ժամկետների հետ կապված խնդիրներ կան: Տվյալ դեպքում դատարանի նախագահի լիազորությունների շրջանակներում է գործի ընթացքի, դրանց որակի և բովանդակության վերաբերյալ տեղեկություններ ստանալը։ Եթե իրավիճակը խնդրահարույց է, դատարանի նախագահի մասնակցությամբ կարող է կազմակերպվել հատուկ խորհրդակցություն, որի ընթացքում կներկայացվեն տվյալ գործի ողջամիտ ժամկետներում քննության խնդիրները[6]։

Լեհաստանի Լյուբլինի շրջանային դատարանում, որը զվաղվում է սնանկության գործերով, գործի քննությունը կազմակերպվում է օրենքի հիման վրա և տևում է երեք տարի: Այդ գործերը ամեն ամիս վերանայվում են տվյալ դատարանի դեպարտամենտի նախագահի կողմից, անհրաժեշտության դեպքում վերջինս հանձնարարական է տալիս դատավորին գործի շրջանակներում անհրաժեշտ որոշում կայացնելու մասին: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այդ հանձնարարականները վեջնական դատական ակտի բովանդակության վերաբերյալ որևէ նշում չեն  պարունակում, այլ միայն ուղղված են գործի ձգձգումների պատճառ հանդիսացող խնդիրների վերացմանն ուղղված որևէ որոշման ընդունմանը։ Այս համակարգը հաստատված է դեպարտամենտի դատավորների կողմից, քանի որ այն օգնում է նրանց վերահսկել գործերի պատշաճ քննությունը, ինչպես նաև ազդում է դատավարության ընթացքի արագացման վրա: Դատարանի համապատասխան դեպարտամենտի նախագահի կողմից գործերի դիտարկումը ընթացակարգի արդյունավետության լավագույն երաշխիքն է[7]:

Իտալիայում ևս շատ կարևոր դեր է խաղում նախագահի նախաձեռնությունը՝ դատական վարույթի տևողության վերաբերյալ ընդհանուր վիճակագրական և այլ տվյալների տարածման գործում: Բացի այդ, յուրաքանչյուր դատավորի կողմից կայացվող դատական ակտերի մասին հաղորդող վիճակագրական տվյալների տարածումը նպաստում է մրցակցությանը, որն օգնում է խուսափել աշխատանքի կուտակումից: Ապագայում հնարավոր է այս գործընթացի կազմակերպումը արդեն տեխնիկական միջոցների օգնությամբ, երբ մոնիթորինգ կիրականացվաի հստակ ժամանակահատվածի նկատմամբ[8]:

Իսկ օրինակ Չեխիայի Հանրապետությունում դատարանի նախագահը հին գործերի (ավելի քան 3 տարի) քննության տևողության նկատմամբ պարբերական վերահսկողություն իրականացնելու (յուրաքանչյուր 6 ամիսը մեկ) լիազորություն ունի: Ընդ որում, յուրաքանչյուր առանձին գործով դատավորը պետք է ներկայացնի համապատասխան հիմնավորումներ ուշացումների վերաբերյալ։ Այդ կապակցությամբ դատարանի նախագահը կարող է միջոցներ ձեռնարկել՝ սովորաբար կոնկրետ դատավորին հանձնարարել անհապաղ անցնել գործի քննությանը[9]։

Էստոնիայի դատարաններն օգտագործում են համազգային դատական տեղեկատվական համակարգը (KIS), որը թույլ է տալիս գործերի առցանց մոնիթորինգ իրականացնել: Դատավորը և դատարանի նախագահն ունեն իրական ժամանակում  գործերժի քննության ընթացքին հետևելու հնարավորություն: Ոչ մի գործ չպետք է դիտարկվի ավելի քան մեկ տարի։ Դատարանի նախագահի ուշադրության կենտրոնում են գտնվում այն գործերը,  որոնք  օբյեկտիվ հանգամանքներով պահանջում են գործի ավելի երկար քննություն[10]:

Այսպիսով, միջազգային կառույցների ներկայացրած դիրքորոշումների և համեմատական փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ դատարանների նախագահները կարևոր դեր ունեն գործի քննության ժամկետների պահպանման ապահովման գործում՝ ունենալով այդ նպատակի իրականացման ուղղված որոշակի կոնկրետ լիազորություններ: Մինչդեռ գործող Դատական օրենսգրքում դատարանի նախագահը դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանման ապահովման կապակցությամբ որևէ լիազորություն չունի:

Այս համատեքստում հարկ է կարևորել նաև այն հանգամանքը, որ նախկին Դատական օրենսգրքով դատարանի նախագահին ժամկետների պահպանմանը հետևելու լիազորորություն վերապահված եղել է: Մասնավորապես, Դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:

  • Դատական օրենսգրքով դատավորների անունները գործերի բաշխման ցանկից հանելու լիազորությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ դատարանի նախագահն այս հարցի լուծման մեջ որևէ դեր չունի: Մինչդեռ, հարկ է արձանագրել, որ Խորհուրդը, խորությամբ չի կարող տիրապետել որևէ դատարանում ստեղծված իրավիճակին և դրանով պայմանավորված որևէ դատավորի անունը բաշխման ցանկից հանելու անհրաժեշտությանն այն աստիճան, ինչ որ դատարանի նախագահը: Խորհրդի կողմից դատավորների անունները գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու դեպքում Խորհուրդն նաև չունի որևէ լիազորություն կամ լծակ հետևելու, թե ինչ արդյունավետություն ունեցավ տվյալ դատավորի մակագրման համակարգը ժամանակավորապես փակելը:

 

  • Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսումը.

Դատական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները: Դատական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ առնվազն 62 դատավորի թվակազմով: Միևնույն ժամանակ, Դատական օրենգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Այսպիսով, նշված դրույթներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարաններից է առնվազն 62 դատավոր թվակազմով գործող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, որում առանձնացված են քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները:

Այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Միևնույն ժամանակ, վերջին երեք տարվա ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և մարզերի ընդանուր իրավասության դատարաններում գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմամբ ավարտված գործերի ընդհանուր քանակներն ունեն հետևյալ պատկերը.

 

2021

2020

2019

Քաղ.

Քր.

Ընդ.

Քաղ.

Քր.

Ընդ.

Քաղ.

Քր.

Ընդ.

Երևան

42520

998

43518

43090

751

43841

85856

643

86499

Արմավիր

10920

176

11096

11111

112

11223

6951

144

7095

Արարատ և Վայոց ձոր

14710

303

15013

12789

184

12973

9193

152

9345

Արագածոտն

5939

112

6051

5692

73

5765

3888

57

3945

Գեղարքունիք

6394

148

6542

5806

140

5946

4347

87

4434

Կոտայք

10458

227

10685

12113

148

12261

7816

149

7965

Լոռի

12819

251

13070

10746

232

10978

7919

192

8111

Շիրակ

13901

142

14043

10457

179

10636

6141

93

6234

Տավուշ

4351

205

4556

3787

173

3960

2822

168

2990

Սյունիք

4381

233

4614

3792

333

4125

3494

288

3782

 

Ներկայացված վիճակագրությունից ակնհայտ է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ: Թե՛ կադրային և թե՛ քննվող գործերի ծանրաբեռնվածության պայմաններում գրեթե դժվարանում, իսկ երբեմն նաև անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու  ապահովումը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա:

Մյուս կողմից, դատարանի նախագահին գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն վերապահելու համատեքստում Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թվակազմը և քննվող գործերի մեծ ծավալը խոչընդոտելու են այդ լիազորության արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով նաև դատավորների ու նախագահի մասնագիտացվածության տարբերությունը:

Նման պայմաններում առաջանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն Երևան քաղաքում երկու առանձին՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսման անհրաժեշտությունը:

Այս առումով հարկ է նկատել, որ նախ, դատարանների մասնագիտացումը սովորաբար դիտվում է որպես բարեփոխումների կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է հաջող դատական համակարգի զարգացմանը[11]: Դատարանների մասնագիտացումը արագ աճող միտում է Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և աշխարհի շատ այլ շրջաններում[12]:

«Դատավորների մասնագիտացման մասին» Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ, ԱԱԵՀ) կարծիքում կարևորվում է, որ մասնագիտացումը որոշակի իրավական ոլորտում գիտելիքների ընդլայնման միջոցով կարող է օգնել բարելավել դատարանի աշխատանքի արդյունավետությունը և գործերի կառավարումը՝ հաշվի առնելով գործերի անընդհատ աճող թիվը: ԱԱԵՀ-ն նշում է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելիս պետք է հաշվի առնել դատավորը աշխատանքը որոշող չափանիշները՝ դատարանի չափը, սպասարկման պահանջները, այն փաստը, որ դատավորների համար ավելի ու ավելի դժվար է դառնում է յուրացնել բոլոր իրավական ոլորտները:

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Երևան քաղաքում մասնագիտացված դատարանների առանձնացման պարագայում չի օգտագործվում էական լրացուցիչ ռեսուրս, այդ թվում՝ ֆինանսական, քանի որ ներկայումս դատարանների շենքերը բաժանված են դատավորների միջև՝ ըստ մասնագիտացման: Հարկ է նշել նաև, որ դատարանների առանձնացման պայմաններում կհեշտանա դատարան մուտք լինող գործերի օպերատիվ բաշխումը դատավորների միջև, քանի որ ներկայումս գործող 6 նստավայրի փոխարեն դրանք ավելի արագ կտեղափոխվեն և կբաշխվեն 3 նստավայրերի միջև, ինչը ևս մեկ երաշխիք է ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը կազմակերպելու համար:

3. Նախագծերի նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է դատարաննների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև հաշվի առնելով Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը:

Նախագծերի ընդունման արդյունքում՝

  1. դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը.
  2. դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ.
  3. Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխորեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:

 

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:  

 

5. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխութուններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխութուններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունման կապակ­ցու­թ­յամբ ակնկալվելու է պետական բյուջեի ծախսերի ավելացում՝ նոր մասնագիտացված դատարանի նախագահի, նախագահի օգնականների և դատարանի գրասենյակի այլ աշխատակիցների հաստքիների ավելացմամբ պայմանավորված (հաստիքների թիվը կհստակեցվի նախագծի լրամշակման փուլում)։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը բխում է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը, որպես ռազմավարական ուղղություն՝ դատարանների մասնագիտացման կամ դատավորների ենթամասնագիտացման շարունակական ապահովումը, որպես գործողություն՝ Երևան քաղաքում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարաններ ձևավորելու իրավական հնարավորության ուսումնասիրությունը և ըստ անհրաժեշտության «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերի  մշակումը, որպես ուղղակի արդյունք՝ Երևան քաղաքում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների գործելը:

 

[1] Վահե Հովհաննիսյան, Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 430-444, էջեր 67-68:

[2] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի մեկնաբանություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը». գիտական խմբագիր Գ. Հարությունյան, Եր., 2005, էջ 212-214։

[3] Վահե Հովհաննիսյան, Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 430-444, էջ 67:

 

[4] The Council of Europe’s Consultative Council of European Judges (CCJE) Opinion No. 19 (2016) on the role of court presidents, կետ 17:

[5] Guidelines of the SATURN Working group on judicial time management – comments and implementation examples:

[6] European Commission For The Efficiency Of Justice (CEPEJ) Saturn Guidelines For Judicial Time Management Comments And Implementation Examples, էջ 12 https://rm.coe.int/european-commission-for-the-efficiency-of-justice-cepej-saturn-guideli/168078bc11:

[7] European Commission For The Efficiency Of Justice (CEPEJ) Saturn Guidelines For Judicial Time Management Comments And Implementation Examples, էջ 19 https://rm.coe.int/european-commission-for-the-efficiency-of-justice-cepej-saturn-guideli/168078bc11:

[8] European Commission For The Efficiency Of Justice (CEPEJ) Saturn Guidelines For Judicial Time Management Comments And Implementation Examples, էջ 10 https://rm.coe.int/european-commission-for-the-efficiency-of-justice-cepej-saturn-guideli/168078bc11:

[9] European Commission For The Efficiency Of Justice (CEPEJ) Saturn Guidelines For Judicial Time Management Comments And Implementation Examples, էջ 17 https://rm.coe.int/european-commission-for-the-efficiency-of-justice-cepej-saturn-guideli/168078bc11:

[10] European Commission For The Efficiency Of Justice (CEPEJ) Saturn Guidelines For Judicial Time Management Comments And Implementation Examples, էջ 21 https://rm.coe.int/european-commission-for-the-efficiency-of-justice-cepej-saturn-guideli/168078bc11:

[11] Gramckow, Heike; Walsh, Barry. 2013. Developing Specialized Court Services : International Experiences and Lessons Learned. Justice and development working paper series;no. 24. World Bank, Washington, DC. © World Bank. https://openknowledge.worldbank.org/handle/10986/16677 License: CC BY 3.0 IGO, էջ 1:

[12] Working Party of the Consultative Council of European Judges (CCJE), “Report of the 22nd Meeting” (Strasbourg, CCJE, March 26–28, 2012):

  • Discussed

    20.09.2022 - 05.10.2022

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice, Criminal procedure, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3361

Print

Suggestions

ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

20.09.2022

Իսկապես անհրաժեշտ և նույնիսկ ուշացած փոփոխություն է: Ցանկանում եմ նշել միայն մեկ նկատառում-առաջարկություն. այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանված են պաշտոնավարելու թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Մինչդեռ ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է քրեական մասնագիտացմամբ՝ 30-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 35-ը: Առաջարկում եմ դատավորների թվակազմը ավելացնել թեկուզ այս պահին եղած չափով: ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյան

See more