Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ․

ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները արտացոլված են «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքի 4-րդ, 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներում, ինչպես նաև Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի Հավելված 2-ում:

Նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ մասնավորապես․

  • Որևէ արվեստագետի / մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:

 

  • Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:

 

  • Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ`  նեղ միջանձնային հարթությունում:

 

  • Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:

 

  • «Արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է.

չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստա­կավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։ Այս կոչումները ձևակերպված են Օրենքի 4-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածներում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից՝ ստեղծագործական-մշակութային հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է

ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։

Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի և արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնա­դրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։

Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավոր­ման չափանիշները:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխու­թյունների անհրաժեշտություն առկա չեն:

Հարկ է նշել, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:

«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ենթա­օրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 

Կառավարությունը  մշակույթը դիտում է որպես հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, ընդհուպ քաղաքական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ` մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակությունն ապահովող կարևոր գործոն է:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.9՝ «Մշակույթ» բաժնի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 33-րդ կետի 33.3 ենթակետի պահանջներից (ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորում, ոլորտի օրենսդրական դաշտի և իրավա­կարգավորումների ձևավորում):

 

  • Discussed

    14.06.2022 - 30.06.2022

  • Type

    Law

  • Area

    Education and science, Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1463

Print