Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաuտանի Հանրապետության կառավարության 22.03.2018 թվականի N 332-Ն որոշմամբ  հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասը այսուհետ՝ Տարածք ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը Տարածքում նախատեսվում է իրականացնել քաղաքաշինական ծրագիր։ Հայաuտանի Հանրապետության կառավարության 22.03.2018 թվականի N 332-Ն որոշմամբ Տարածքը բաժանվել է 17 տարածքների․ լոտերի և այդ տարածքների ձեռքբերողներ են հանդիսանում նույն որոշման N 1 հավելվածում նշված իրավաբանական անձինք։

          Որոշման N 1 հավելվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված լոտերի ձեռքբերողներ են ճանաչվել համապատասխանաբար «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։

ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1271-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 332-Ն որոշմամբ հաստատված՝ ձեռք բերող հանդիսացող իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասը (բաժնետոմսերը) հատուցմամբ ներդրողին օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ նախնական պայմանագրի օրինակելի ձևը:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 26.09.2019 թվականի N 1271-Ա որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձևը՝ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին «Ջի Էմ Դեվելոփեր», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրեր։ Ըստ «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի 2.4.2. կետի՝ Կառավարությունը հավաստիացրել է, որ կաջակցի տարածքում կողմ 2-ի (Ջի Էմ Դեվելոփերի) կողմից քաղաքաշինական ծրագիր և կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար թույլտվությունների տրամադրմանն իրավասու մարմինների կողմից՝ համաձայն հաստատված ճարտարապետանախագծային առաջադրանքի և մշակված գլխավոր հատակագծի։

Միաժամանակ «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լոտերին կից է «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լոտերերը, որտեղ նախատեսվում է իրականացնել մեկ միասնական ծրագիր՝ կառուցապատում։

Հայաuտանի Հանրապետության կառավարության 22.03.2018 թվականի N 332-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվում է վերը նշված 4 կազմակերպությունների հետ համատեղ տարածքի ձեռքբերող ճանաչել նաև «Ջի Էմ Դեվելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Նշված հարցի քննարկաման համար հիմք են հանդիսացել «Ջի Էմ Դեվելոփեր», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 27.12.2021 թվականի գրությունը:

Ընկերությունները հայտնել են, որ վերոնշյալ լոտերում նախատեսված շենքերը անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջություն՝ մեկ ճարտարապետական համալիր, ինչպես նաև ամրագրել են, որ իրացնող կազմակերպությունները փաստացի պատկանում են կամ մոտ ապագայում կպատկանեն «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին կամ ունեն համաձայնություն համատեղ ձեռքբերող հանդես գալու մասին:

Ընկերությունները իրենց գրությամբ հայտնել են, որ

  1. Նախատեսված շենքերի տարատեսակ կոմունիկացիաների ապահովման համար չորս տարբեր կազմակերպությունների առկայությունը և նրանց կողմից առանձնացված, տարբեր տեխպայմանների ստացումը առաջացնելու է խնդիրներ հետևյալ պատճառներով.
  • նախագծման թույլտվության հետ մեկտեղ յուրաքանչյուր շենքին պետք է տրամադրվեն տեխպայմաններ, եթե յուրաքանչյուր լոտի էլեկտրամատակարարման համար դիմի առանձին կազմակերպություն և տրամադրվի առանձին տեխպայման, ապա արդյունքում կստանանք մի քանի փոքր հզորություններով ենթակայաններ, մինչդեռ ընդհանուր համալիրի համար առավել տրամաբանական է մեկ մեծ հզորությամբ ենթակայանի տեղադրումը, որը կտրամադրվի մեկ կազմակերպության դիմումի համաձայն և միայն այդ կազմակերպությանը.
  • Համալիրի համար ավելի տրամաբանական և անհրաժեշտ է մեկ ընդհանուր հեղեղատար համակարգի առկայությունը, որի տեխպայմանները չորս կազմակերպություններով ստանալու և չորս տարբեր կոմունիկացիոն լուծումներ տալու դեպքում առաջանում է ընդհանուր համակարգի անտեղին տարանջատում, համալիրի արտաքին տեսքի վատթարացում.
  • նույնը վերաբերում է համալիրի կոյուղու համակարգին.
  • նույնը վերաբերում է համալիրի ջրային ապահովման համակարգին.
  • ինչպես նաև պետք է նշել, որ, օրինակ՝ նույն վերոնշյալ հեղեղատարը, որը կատարում է մեկ գործողություն և ընդհանուր է ողջ համալիրի համար, գտնվելու է մի քանի առանձին կազմակերպությունների բալանսին.
  1. Կառուցման ավարտից հետո բոլոր շենքերը (լոտերը) ունենալու են ընդհանուր, փոխհամադրվող բակային տարածքներ, որոնցից անխուսափելիորեն ստիպված են լինելու օգտվել տարբեր կազմակերպություններին պատկանող շենքերի բնակիչներ կամ որոշակի շենքեր գտնվելու են տարբեր կազմակերպություններին պատկանող հողակտորների (լոտերի) վրա: Այս ամենի արդյունքում առաջանալու են բազմաթիվ սերվիտուտներ մի քանի կազմակերպությունների միջև, որոնք այսպես թե այնպես պատկանում են մեկ ընդհանուր կազմակերպության.
  2. Բոլոր չորս կազմակերպություններին պատկանող շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղիներից օգտվելու համար նախատեսված է մեկ ընդհանուր մուտք, որից օգտվելու համար նույնպես առաջանալու է սերվիտուտ մի քանի կազմակերպությունների միջև, որոնք պատկանում են մեկ ընդհանուր կազմակերպության.
  3. Ամբողջ համալիրի ճարտարապետական նախագծերի պատվիրատու է հանդիսանում «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն և տրամաբանական է քաղաքաշինական փաստաթղթերի ստացման փուլում ներգրավված լինի նաև «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն․
  4. Նախագծման փուլի ավարտման ընթացքում պետք է անցկացվեն տարատեսակ փորձաքննություններ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և այլ գերատեսչությունների կողմից, բոլոր այդ փորձաքննությունների անցկացումը չորս տարբեր կազմակերպությունների դիմումների համաձայն ու չորս տարբեր եզրակացությունների տրամադրումը մեկ ընդհանուր ճարտարապետական համալիրի համար նույնպես նպատակահարմար չէ․
  5. Անվտանգության նորմերը ապահովելու նպատակով առավել նպատակահարմար է համալիրը դիտարկել որպես ամբողջություն և տարատեսակ փորձաքննություններն անցկացնել ոչ առանձնացված՝
  • Սեյսմիկ անվտանգության նորմերն ապահովելու նպատակով նախագծով նախատեսված են սեյսմիկ կարեր և այլ անհրաժեշտ կոնստրուկցիոն լուծումներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր շենքերը կազմում են մեկ համալիր և ունեն ընդհանուր ստորգետնյա համակարգ: Եթե սեյսմիկ փորձաքնություններն անցկացվեն չորս տարբեր կազմակերպությունների առանձնացված տարածքների համատեքստում, ապա համալիրի կոնստրուկցիան ստիպված կլինի կրել բացասական փոփոխություններ․
  • Նույնը վերաբերում է հրդեհային անվտանգության կանոններին: Եթե նախագիծը դիտարկում ենք մեկ համալիրի տրամաբանությամբ, ապա նախատեսված բոլոր անվտանգության ելքերը և հրդեհաշիջման համակարգերն առավել քան համապատասխան են և ճիշտ նախագծված․
  1. Քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու, փորձաքննություններ կատարելու, պետական գրանցումներ և այլ տարատեսակ գործողություններ կատարելու համար, որոնք կապված են Երևանի քաղաքապետարանի, Կադաստրի կոմիտեի կամ այլ պետական մարմինների հետ, անհրաժեշտություն է առաջանալու նույն գործողությունը, ամբողջովին նույն բովանդակությամբ կատարել չորս տարբեր կազմակերպություններով․

Հայաuտանի Հանրապետության կառավարության 22.03.2018 թվականի N 332-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում քաղաքաշինական ծրագիրը շարունակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացում կատարել նշված որոշման մեջ, «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ համատեղ ձեռքբերող ճանաչել «Ջի Էմ Դեվելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում տարածքի ձեռքբերողներ «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և պետության իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրերում համապատասխան լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր:

ՀՀ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի իրականացնել և ավարտին հասցնել Տարածքում հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացումը:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագիծն ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2.7 կետից, որտեղ ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և, մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի Հանրապետության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:

33-րդ թաղամասի կառուցապատումն կարևոր է նաև նրանով, որ Ֆիրդուսի ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է, թե քաղաքաշինական և թե պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից և քաղաքաշինական ծրագրի իրականացումից հետո հնարավոր կլինի տարածքում ստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ որոշման նախագծի ընդունումը, և հետագայում տարածքի կառուցապատումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ Ծրագրից։

 

 

 

  • Discussed

    15.04.2022 - 30.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2721

Print