Add to favourites

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտություն

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի հանրային վայրերում և բացօթյա տարածքներում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործություններ (երաժշտական, գրական, պարային և այլն) կատարող անհատների կամ խմբերի կողմից իրականացվող գործունեությունը (այսուհետ՝ նաև փողոցային ստեղծագործական ելույթ) կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն, իսկ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն: Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և' մասնագիտորեն, և' ոչ մասնագիտորեն (սիրողաբար):

Անհատի կողմից հանրային վայրերում (բացօթյա տարածքներում) իրականացվող ստեղծագործական գործունեությունը, սակայն, կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Նշված խնդիրը չի կանոնակարգվում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:

Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:

  1. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն Երևան քաղաքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվեն Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները:

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

  • Discussed

    07.04.2022 - 23.04.2022

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2639

Print