Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու Օրենսգրքի ներքին հակասությունները, կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ:

Նախագծով առաջարկվող իրավական լուծումները հնարավորություն կընձեռեն առավել մանրամասն կարգավորել Օրենսգրքով նախատեսված հարաբերությունների մի շարք առանձնահատկություններ, վերացնել Օրենսգրքի գործողության ոլորտում իրավական որոշակիության սկզբունքի խաթարման որոշակի դեպքերը:

 

  • Discussed

    21.03.2022 - 06.04.2022

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 23564

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

06.04.2022

Նախագծի 65-րդ հոդվածով Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, փորձ է կատարվել էապես համապատասխանեցնել նախատեսված կարգավորումները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի հետևությունների հաշվառմամբ: Այնուամենայնիվ, Նախագիծը շարունակում է էական հակասության մեջ գտնվել Խարտիայի պահանջների հետ՝ առանձին տարիքային կատեգորիաների երեխաների համար սահմաված աշխատաժամանակի պահանջների տեսանկյունից: Աշխատաժամանակի առավելագույն չափի սահմանման համար այստեղ առանցքային կարևորություն ունի պարտադիր կրթության ենթակա երեխաների առավելագույն տարիքը, որն էլ պետք է դիտարկվի այս իրավակարգավորման ելակետը: ՀՀ-ում սահմանված է պարտադիր 12-ամյա կրթության համակարգ, հետևաբար, սույն դեպքում 15 տարին որպես կարգավորման ելակետ դիտարկելը իրավաչափ չէ: Արձանագրենք նաև, որ Կոմիտեն իր 2015 թվականի հետևություններով (http://hudoc.esc.coe.int/eng?i=2015/def/ARM/7/3/EN) անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված՝ երեխաների համար աշխատաժամանակի տևողության հարցին: 14 տարեկան երեխաների համար սահմանված աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական մինչև 24 ժամ, գնահատվել է Խարտիայի պահանջներին հակասող, քանի որ նման տևողությամբ աշխատանքը չի համարվել թեթև բնույթի աշխատանք: 2019 թվականի հետևություններով անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2015 թվականին կատարված փոփոխություններին՝ Կոմիտեն (http://hudoc.esc.coe.int/eng?i=2019/def/ARM/7/1/EN) արձանագրել է, որ 15-ից ցածր տարիքի և պարտադիր կրթության ենթակա երեխաները կարող են կատարել միայն թեթև աշխատանք, աշխատանքի բնույթը դադարում է թեթև լինելուց, եթե դրա տևողությունը չափազանց երկար է: Կոմիտեն գտել է, որ այն իրավիճակները, երբ երեխաները թեթև բնույթի աշխատանք են կատարում երկու ժամ տևողությամբ՝ դպրոցական օրվա ընթացքում և 12 ժամ՝ շաբաթական՝ դպրոց հաճախելու ժամանակահատվածից դուրս, համապատասխանում է Խարտիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Կոմիտեն արձանագրել է նաև, որ այն իրավիճակները, երբ 15 տարեկանից ցածր երեխան աշխատում է շաբաթական 20-25 ժամ դպրոցական կիսամյակի ընթացքում կամ երեքական ժամ դպրոցական օրվա ընթացքում կամ վեցից ութ ժամ շաբաթվա այն օրերին, երբ չի հաճախում դպրոց, հակասում է Խարտիայի պահանջներին: Հաշվի առնելով 12-14 տարեկան երեխաների աշխատաժամանակի օրական տևողությունը և շաբաթական տևողությունը 14-16 տարեկան երեխաների համար՝ Կոմիտեն արձանագրել է անհամապատասխանություն Խարտիայի պահանջների հետ: Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Կոմիտեն իր 2015 թվականի հետևություններով (https://hudoc.esc.coe.int/eng?i=2015/def/ARM/7/3/EN) հստակ հարցադրումներ էր կատարել կառավարությանը՝ պարտադիր կրթությունը ավարտելու տարիքի առնչությամբ՝ ՀՀ-ում համապատասխան ժամանահատվածում գործող կրթական համակարգի համատեքստում, պայմանավորելով առավելագույն աշխատաժամանակի իրավաչափությունը պարտադիր կրթության տարիքի հետ, իսկ հետևություններով Խարտիայի պահանջների հետ աշխատանքային օրենսգրքի անհամապատասխանությունը արձանագրվել էր պարտադիր կրթության ենթակա երեխայի ելակետային հիմքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

06.04.2022

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առաջարկվող փոփոխության («աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով) վերաբերյալ դեռևս 2021 թ. քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիրքորոշում էին հայտնել այն մասին, որ առաջարկվող փոփոխության արդյունքում կստացվի, որ աշխատանքի ազատ ընտրությունը ներառում է աշխատանքի իրավունքը, մինչդեռ աշխատանքի իրավունքն ավելի լայն եզրույթ է, և աշխատանքի իրավունքն է, որը ներառում է աշխատանքի ազատ ընտրությունը/աշխատանքն ազատորեն ընտրելը (ՄԱԿ-ի 1966 թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 6-րդ հոդված): Միաժամանակ, նույն դրույթի կարգավորումն ունի վերանայման կարիք, քանի որ դրանով նախատեսված է, որ աշխատանքի ազատությունը ներառում է աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է, կամ որին ազատորեն համաձայնում է), մինչդեռ անձն ընտրում է ոչ թե աշխատանքի իրավունքը, այլ` աշխատանքը։ Հետևաբար, կրկին առաջարկում ենք Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ հիմնական սկզբունք է հանդիսանում աշխատանքի ազատությունը և այն ներառում է աշխատանքի, մասնագիտության և գործունեության տեսակի ազատ ընտրությունը և աշխատանքային ունակություններն ազատորեն տնօրինելը (https://hcav.am/labor-rights-research/ ):

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

06.04.2022

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետում «ռասայից» բառից հետո լրացնել «մաշկի գույնից» բառերը, որի վերաբերյալ կրկին հարկ է նշել, որ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ՝ Խարտիա) նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տրված եզրակացությամբ նշվել է, որ բացակայում է սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պաշտպանությունը (ESCR Conclusions, Armenia 2016, http://hudoc.esc.coe.int/eng?i=2016/def/ARM/1/2/EN ): Հետևաբար, կրկին առաջարկում ենք Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ռասայից» բառից հետո լրացնել «մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից» բառերը (https://hcav.am/labor-rights-research/):

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: