Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշմամբ սահմանված է  (այսուհետ՝ Որոշում) միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը: Մասնավորապես՝ նախաբանում տրված է ընդհանրական ձևակերպում, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով:

 Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի շրջանակներում նախատեսված են դրույթներ, որոնց համաձայն՝ ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերի առնչությամբ բժշկական հանձնաժողովները ներկայացնում են եզրակացություն: Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության 151-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, դատարանը կամ դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Դատարանը կամ դատախազը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը կամ դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի, 465-րդ հոդվածի 1-ին մասի և 472-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին: Դատարանը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը: Եթե անձի առողջական վիճակը բարելավվելուց կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 113-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը։ Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի 1-ին մասի, 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումից բուժման կարիք ունեցող դատապարտյալ հայտնաբերելու դեպքում համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառելու հարցը որոշելու նպատակով: Դատարանը պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը փոփոխում կամ դադարեցնում է հարկադրանքի այլ միջոց կիրառող հիմնարկի բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ անձի առողջանալու կամ նրա առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հարկադրանքի այլ միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը վերանում է: Տարափոխիկ հիվանդությամբ տառապող կամ վարակակիր, բուժման լրիվ կուրսը չանցած դատապարտյալի նկատմամբ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պատիժները կատարող հիմնարկները կիրառում են հարկադիր բուժում։

Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթների առնչությամբ հստակ ամրագրված չէ լիազորող նորմը, որով իրավական որոշակիության սկզբունքին համահունչ կամրագրվի, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացումներ՝ ամրագրելով, որ բժշկական հանձնաժողովի ստեղծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է սահմանել դրույթ առ այն, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջները:

 

3. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով կսահմանվի, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 4. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Discussed

    18.03.2022 - 02.04.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2854

Print