Add to favourites

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2013թ.-ի մայիսի 2-ին, իսկ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքը (այսուհետ` Կոմիտե)՝ 2014թ.-ին: Կոմիտեի ստեղծմամբ Օրենքում կատարվեցին մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց՝ Ակադեմիան բացի դատավորներ և դատախազներ համար իրականացվող մասնագիտական պատրաստումից և վերապատրաստումներից, նաև  կազմակերպում և անցկացնում է դասընթացներ՝ Կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար, միաժամանակ, իրականացնելով նաև վերապատրաստումներ՝ ինչպես Կոմիտեի ծառայողների, այնպես էլ  քաղաքացիական ծառայողների համար և քննիչների հատուկ ուսուցում՝ հատուկ միջոցների, հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով:

Հարկ է նկատել, որ Օրենքում մինչ այժմ կիրառվում են եզրույթներ, որոնք ըստ էության ենթարկվել են օրենսդրական փոփոխությունների և ինչպես այլ օրենքներից, այնպես էլ սույն օրենքից պետք է հանել և համապատասխանաբար նաև փոփոխել այդ եզրույթները, մասնավորապես.

1) Համաձայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, հիշյալ օրենքի գործողությունը տարածվում է քննչական մարմիններում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա, և համաձայն նշված օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-26-Ն օրենքը:

Հետևապես, վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում կատարելու համապատասխան փոփոխություն, ըստ որի Օրենքից կհանվի՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրենք» բառերը:

2) Միաժամանակ, Օրենքում գործածվող «կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողներ» բառերը փոխարինվում են «կոմիտեում քաղաքացիական ծառայողներ» բառերով, քանի որ հիշատակված օրենքի տրամաբանությամբ այլևս «դեպարտամենտ» եզրույթ չի գործածվում Կոմիտեին վերաբերելի օրենսդրությունում:

3) Ի թիվս վերը նշված փոփոխությունների, Նախագծով փոփոխություն է նախատեսվում կատարել նաև Օրենքի 5-րդ հոդվածում, որը սահմանում է Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմավորման կարգը:

Համաձայն հիշյալ հոդվածի՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմում են`

1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.

2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ).

3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ:

Պետք է նկատել, որ հիշյալ կազմում ներառված չեն ներկայացուցիչներ Կոմիտեից, հետևաբար նախատեսվում է կատարել լրացում և կազմում ներկայացուցիչներ ընդգրկել նաև Կոմիտեից, դրանից բխող փոփոխություններով հանդերձ (կազմի թվի ավելացում, նիստերին մասնակցելու հնարավորություն և այլն):

4) Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Խորհրդի նիստերը և որոշումները կայացնելու կարգը: Հիշյալ հոդվածի համաձայն՝ Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն չորս անգամ: Եվ, քանի որ Նախագծով խորհրդի կազմում կատարվում է լրացում, հետևապես անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաև սույն հոդվածում, ըստ որի 2-րդ մասում  կսահմանվի, որ Խորհրդի արտահերթ նիստերը կարող է հրավիրել Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև` Ուսումնական հարցերի հանձնաժողով), Խորհրդի առնվազն հինգ անդամների կամ Ռեկտորի պահանջով։

5) Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ:

Նկատի ունենալով, վերը նշված փոփոխությունները, մասնավորապես Օրենքի 5-րդ հոդվածում Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմի փոփոխությունը, անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաև 9-րդ հոդվածում և սահմանել, որ  Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն յոթ ձայնով ընդունված որոշմամբ (գործող հինգ ձայնի փոխարեն):

6) Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց պարտադիր փորձաշրջանի վերաբերյալ կարգավորումներ: Հիշյալ հոդվածի համաձայն՝ փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց, ինչպես նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի և օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:

Ինչպես նկատում ենք, օրենսդիրը բացառություններ նախատեսել է դատախազության, դատական և հակակոռուպցիոն կոմիտեում թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար, ովքեր ազատվում են փորձաշրջանից:

Հետևապես, Կոմիտեն սույն Նախագծով կարգավորում է իր թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի տևողությունը, սահմանելով երեք ամսվա պարտադիր փորձաշրջանի փոխարեն մեկ ամիս: 

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ իրականացվում է Օրենքում առկա ձևակերպումների մասով հստակություններ, միաժամանակ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում կընդգրկվի նաև ներկայացուցիչ Կոմիտեից:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Օրենքում օգտագործվող որոշ եզրույթներ կփոխարինվեն այլ եզրույթներով, ապահովելով այլ օրենքներում սահմանված եզրույթների միասնականությունը: Միաժամանակ, Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում կընդգրկվի ներկայացուցիչ նաև Կոմիտեից:

 

 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

  • Discussed

    17.03.2022 - 03.04.2022

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3761

Print