Add to favourites

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: Սահմանվել է, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների նկատմամբ տարածվում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները (2-րդ հոդվածի 2-րդ մաս):

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կիսակառույց ինքնակամ կառույցի՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված և Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված հատվածի նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները (2-րդ հոդվածի 3-րդ մաս):

Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի՝ ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե`

1) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում.

2) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.

3) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը.

4) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Մինչև 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինականացումը կիսակառույց ինքնակամ կառույցը ավարտին հասցնելու շինարարությունը շարունակելն արգելվում է և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, այդ թվում՝ կիսակառույց ինքնակամ կառույցի չհաշվառված հատվածի օրինականացման նկատմամբ տարածվում են օրենքի 1-ին հոդվածով սահմանված կանոնները:

Հաշվի առնելով նշված օրենսդրական պահանջները՝ մշակվել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով նախատեսվել է, որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով:

Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:

Նախագծի ընդունումը առաջացնում է նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտություն:

 Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեներում ծախսեր և եկամուտներ չեն ավելանա:

  • Discussed

    04.01.2022 - 19.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12359

Print

Suggestions

Aa Aa

07.01.2022

Հաշվառման ժամանակը շատ կարճ է, խնդիրները շատ։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2022

Առաջարկում եմ չափագրողների առցանց գրասենյակի համար կազմել հաշվառման մասով նոր ուղեցույց և տեղադրել e-cadastre.am կայք էջում, քանի որ կարգի ուժի մեջ մտնելուց հետո շատ չափագրողների մոտ առաջանալու են բազմաթիվ հարցեր։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2022

Նախագծի 5-րդ կետով սահմանվում է, որ չափագրողի և պատվիրատուի միջև կնքվում է համաձայնագիր, սակայն նշված չէ թե արդյոք այդ համաձայնագիրը պետք է մուտքագրվի առցանց գրասենյակ թե ոչ։ Եթե նկատի ունեք, որ համաձայնագիրը հանդիսանում է հաշվառման փաթեթի մաս, ապա տեղեկացնում եմ, որ 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանում հաշվառման փաթեթ հասկացություն առկա չէ։

See more