Add to favourites

Located in RA Government

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԾԻ

 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» 
բաժնի 1-ին, 2-րդ պարբերություններով  և 3-րդ պարբերության 4-րդ, 5-րդ կետերով սահմանված նպատակներով: 

Ըստ այդմ, ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել նոր գործիքակազմեր։

 

 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

     Ներկայում հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը։ Մասնավորապես, ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերը բավարար չեն՝ համակարգում ստեղծարար և նորարար ուսուցչական գործունեությունը խթանելու, երիտասարդներին ներգրավելու համար։

      2019/2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 37500 մարդ, որոնց 90.1%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 9.9%-ը վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ: Ուսուցչի պարտադիր ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից սահմանված` ուսուցչի ատեստավորմանը կարգին համապատասխան՝ անցնելով պարտադիր վերապատրաստում՝ 3 բաղադրիչով՝  հավաքելով սահմանված չափով կրեդիտներ: Նախկինում իրականացրած փաստաթղթային ատեստավորումը թույլ չէր տալիս ամբողջական պատկերացում կազմել ոլորտում ներգրավված մանկավարժների կարողությունների և մասնագիտական զարգացման կարիքների վերաբերյալ։       Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը: Այս համակարգը գործում է կամավորության սկզբունքով՝ ուսուցչի նախաձեռնությամբ. տարակարգը տրվում է 5 տարի ժամկետով: Համակարգը գործում է հերթականության սկզբունքով՝  որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար՝ երկրորդը ստանալուց 3 տարի անց և չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ երրորդը ստանալուց 4 տարի անց: Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից կպահանջվի առնվազն 9 տարի: 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից մոտավորապես միայն 2226-ն ունեն առաջին աստիճանի  տարակարգ,  մոտավորապես 122-ը՝  երկրորդ աստիճանի  տարակարգ, և 1 ուսուցիչ՝  երրորդ աստիճանի տարակարգ,  որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը:   Այսպիսով, նույնիսկ եթե ուսուցիչը համապատասխանում է չորրորդ աստիճանի տարակարգին, ապա չի կարող դիմել դրա համար, քանի դեռ չի անցել նախորդող 9 տարվա շրջափուլով։ Հաշվի առնելով տարակարգի համար հիմք ծառայող որոշ բնութագրիչների առավելապես ձևական բնույթը՝ միանշանակ չէ, թե արդյոք դրանք իրականում չափում են ուսուցչի զարգացման այն ուղղությունները, որոնց պետք է ուղղված լինի պետական քաղաքականությունը։ Ներդրված համակարգի արդյունքում տրվող հավելավճարները էական ազդեցություն չեն ունենում ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման գործում, այնինչ ուսուցիչների աշխատավարձերի միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթության բարձր մակարդակ ունեցող երկրներում ուսուցիչների աշխատավարձերը գրեթե չեն տարբերվում կամ նույնիսկ գերազանցում են երկրի միջին աշխատավարձը: Միաժամանակ ուսուցչական գործունեությունը պարզ չի նաև դրանում հնարավոր աշխատանքային առաջխաղացման տեսանկյունից։

Տնօրենների հավաստագրման գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ հաճախ ուսուցիչները իբրև առաջխաղացման միակ տարբերակ դիտարկում են կրթության կառավարման ոլորտ անցնելը, այնինչ, մանկավարժական գործունեության շրջանակներում առաջխաղացման հեռանկարը կարող է կարևոր լինել բուն ուսուցչական գործունեության որակի բարձրացման համար, ինչպես նաև խթանել ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը։

Տնօրենների հավաստագրման գործընթացը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք։ Այդուհանդերձ, հավաստագրման գործող կարգը գործառնության տասը տարիների ընթացքում ի հայտ է բերել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ի հայտ եկած խնդիրներից է այն, որ հավաստագրման գործընթացը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ ունեցած աշխատանքային փորձից։ Այդ բացը կարող է լրացնել պարտադիր ատեստավորումը՝ տարբերակված մոտեցում ունենակով մասնակիցների նկատմամբ։ Բացի այդ, ատեստավորման արդյունքը կարող է վճռական լինել պայմանագրի շարունակականությունն ապահովելու պարագայում։ Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ Երևանի  հանրակրթական դպրոցների տնօրենների 27 տոկոսը կառավարում է արդեն 10 տարի և ավելի: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է 2018 թվականից սկսած, երբ վիճակագրության համեմատ, հավաստագրման քննությունները չհաղթահարողները սկսել են զգալի տոկոս կազմել։ Մասնավորապես, 2018-ին հավաստագրման քննություններին մասնակցել է 199 հոգի, որոնցից 54-ը չի ստացել հավաստագիր։ 2019-ին մասնակիցների թիվը եղել է 356 հոգի, որոնց 62 տոկոսը՝ 212 քաղաքացի, ստացել է հավաստագիր։ Այդուհանդերձ, բացի վերահսկողական մեխանիզմներից, խիստ կարևոր է նաև համակարգային փոփոխությունը, որը հնարավոր կդարձնի տարբերակված քաղաքականությունները։

      Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

      Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության սահմանած ժամանակացույցին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի իրականացվել է համընդհանուր ներառմանն անցումը տարբեր մարզերում։ Ըստ այդմ, մարզում գործող հատուկ դպրոցները վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, այն մարզերում, որտեղ հատուկ դպրոցներ չեն գործել, նշված ծառայությունները պետք է տրամադրվեն իբրև պատվիրակված ծառայություն՝ այլ կազմակերպության կողմից։ Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն են ստանում 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Համընդհանուր ներառմանն անցած մարզերի դպրոցներում նախատեսվեցին ուսուցչի օգնականների հաստիքներ։ Ներկայումս կուտակված փորձառությունը թույլ է տալիս գնահատել համակարգի խնդիրները և առաջարկել մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման, մոնիտորինգի և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։  

      Դեռևս 2019 թվականից մեկնարկել է հանրակրթության բովանդակային բարեփոխման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Այսպիսով, հանրակրթության պետական չափորոշչի վերանայումից անցել է շուրջ տասը տարի, այնինչ, հանրակրթության ոլորտում անցկացված ուսումնասիրությունները մատնացույց են անում կրթության բովանդակության, որակի և համապատասխանության մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը։

Մասնավորապես, խոսքը որակյալ կրթության հասանելիության ու արդիականութան, գյուղական և քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության, միջազգային ստուգատեսներով գրանցված ցածր ցուցանիշների և արձանագրվող այլ խնդիրների մասին է: Անդրադառնալով կրթության հասանելիությանը՝ պետք է նշել, որ 2015 թ.-ին հանրակրթության տարիքային խմբում գտնվող երեխաների ընդգրկվածության զուտ տոկոսը 91,6 էր: 2017 թվականից 12-ամյա կրթությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում, աշխատանքային տարիքում գտնվող բնակչության համար ուսման միջին տարիների տևողությունը 12,5 է: Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթությունը, ի համեմատություն աղքատության շեմից ներքև գտնվեղ քաղաքացիների, որոնց ընդհամենը 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն: Վերջիններիս շրջանում աշխատունակ տարիքի բնակչության 44 տոկոսն ունի միայն միջնակարգ կրթություն, իսկ 15 տոկոսը `միջին մակարդակի մասնագիտական կրթություն: Գյուղական բնակիչության շրջանում բնակչության միայն 9 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, համեմատած Հայաստանի մարզային գրանցվող 25 տոկոս, իսկ Երևանում գրանցվող 31 տոկոս ցուցանիշների հետ:Այս ցուցանիշները ընդգծում են թե մասնագիտական կրթության հասանելիության մեծացման անհրաժեշտությունը, թե, որ ավելի կարևոր է՝ և հետագայում մասնագիտական կրթությունը շարունակելու համարժեք պատրաստվածության կամ միանգամից տասներկուամյա կրթությունից հետո զբաղվածության անցնելու տեսանկյուններից, որակյալ և հավասարապես հասանելի հանրակրթության կարևորությունը: Ուստի, հանրակրթության բովանդակության արդիականացումը և դրա կիրառականության բարձրացումը հանրային զարգացման ամենակարևոր խնդիրներից են:

    Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի՝ Հայաստանի աղքատ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը (ընդհանուր 38.690-ից մոտ 4000-ը, համարժեք է 10%-ին) աշխատում է գյուղական դպրոցներում: Գյուղական վայրերում ուսումնառության արդյունքները զիջում են քաղաքային վայրերին: Օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների 12-րդ դասարանիի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է (20-ից), ի համեմատ սահմանամերձ և հեռավոր գյուղերի աշակերտների, որոնց շրջանում միջին գնահատականներն են համապատասխանաբար, 12.1-ը և 11,9-ը: 9-րդ դասարանի ավարտին իրականացվող քննությունների միավորները կազմել են 13.3 (խոշոր քաղաքներ), 12.3-ը (սահմանամերձ տարածքներ) և 12.5-ը (հեռավոր գյուղեր): TIMMS միջազգային ստուգատեսի գնահատման արդյունքները հաստատում են քաղաքային և գյուղական բնակավայրերում կրթության մակարդակի տարբերության արդեն իսկ նկարագրված իրավիճակը: Ստուգատեսի արդյունքները հատկապես ցույց են տալիս քաղաքաբնակ և գյուղաբնակ 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների շրջանում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից գրանցված արդյունքներում մեծ տարբերություն ի օգուտ քաղաքաբնակ աշակերտների: Ավելին, ուսումնասիրելով TIMSS-ի արդյունքները, ակնհայտ է դառնում, որ 2015 թվին մաթեմատիկայից գրանցված արդյունքները եղել են ավելի ցածր քան 2003-ին, իսկ բնագիտական առարկաներից մնացել են նույնը:

      2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր չափորոշիչը: Առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել վերոնշյալ խնդիրներին և ստեղծել համապատասխան հիմքեր՝ ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար:

    Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ)։   Կարողունակությունների ձևավորմանը միտված են հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրերը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների, և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները: Նոր չափորոշիչը հնարավորություն կստեղծի գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալու հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքելու փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը:

Նոր չափորոշիչներով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում՝ հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը. կվերանա երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը։

Միևնույն ժամանակ նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․

  • Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
  • Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
  • Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
  • Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը։

Ըստ այդմ, առաջարկվող փոփոխություններն ու լրացումները վերոնշյալ ոլորտներում հետևյալն են․

 

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման ասպարեզում առավել արդյունավետ գործելու համար առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին։ Ըստ այդմ, օրենքի առաջարկվող լրացումներով սահմանվում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մասնագիտական գործունեության, մասնագիտական պատասխանատվության և վարքագծի նկարագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ փոխկապակցելով մասնագիտական չափորոշչի հասկացությանը։ Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվել է մասնագիտական չափորոշիչների հաստատման լիազորությունը։ Վերանայվել են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված է որոշակի հերթականություն և ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին՝ դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով, ինչպես նաև հնարավոր չի դարձնում առավել վաղ ժամկետում, համապատասխանելու դեպքում, դիմելու հաջորդ աստիճանի տարակարգի համար։ Հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը՝ նշված կարգավորումը թույլ չի տալիս տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալ։ Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանվելը։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար։

Սահմանվել է դրույթ հիմնադրի միջոցների հաշվին ոչ պետական ուսումնական հատատության ուսուցչին տարակարգ շնորհելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ստացած բազմաթիվ դիմում-առաջարկները։

       Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները։ Օրենքում փոփոխություններն արվել են նաև այն տրամաբանությամբ, որ օրենքը չծանրաբեռնվի անհարկի մանրամասն ընթացակարգերով, որոնք նպատակահարմար է պարզաբանել ենթաօրենսդրական ակտերի տիրույթում։

 

Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման և ատեստավորման գործընթացում առաջարկվող փոփոխությունները, էթիկայի վարքականոնի՝ իբրև մեխանիզմի գործառնության հստակեցումները։ Մասնավորապես, տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել գործող տնօրենների հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Միաժամանակ, հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի թեստավորման հարցաշարը իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցերով լրացնելով։ Այս կարգավորման հիմնական նպատակը պակաս վարչարարության կիրառումն է, ինչպես նաև ժամանակի և ռեսուրսների խնայումը շուրջ 1,5-2 ամիս տևող գործընթացում։

   Համակողմանի քննարկումների արդյունքում տնօրենի թափուր պաշտոնը համալրելու առավել արդյունավետ և ընդունելի տարբերակ ընդունվեց վերջինիս նշանակումը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հայտարարված  մրցույթի ընթացակարգային փուլերը  հաղթահարած թեկնածու(ներ)ից:

Այս կարգավորման նպատակով  կրթության պետական կառավարման լիազոր մարմնի համար սահմանվել է լիազորող նորմ, հստակեցվել են մի շարք դրույթներ:

Այս   մոտեցումը թույլ կտա լուծելու կարևորագույն մի խնդիր, որը տարիներ շարունակ բարձրաձայնվում է տարբեր մակարդակներում՝ այն է՝  դպրոցի խորհրդի ոչ արհեստավարժ անդամների կողմից կարևորագույն պաշտոնի հավակնող թեկնածուի ընտրության հարցը, որը  շատ հաճախ իրականացվում էր լրջագույն խախտումներով և հասարակական հնչեղություն ստանում:  Այնուամենայնիվ, դպրոցի աշակերտական, ուսուցչական և ծնողական խորհուրդները շարունակելու են իրենց գործուն մասնակցությունն ունենալ  թեկնածուների ընտրության հարցում, որոնցից մեկը պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից կնշանակվի ուսումնական հաստատության տնօրեն:

    Նախագծում դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։ Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Դպրոցը ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք  կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ և բոլոր գործընթացներին  մասնակցում է տնօրենը։ Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում և հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։ Այս դեպքում աշխատանքը իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում է տնօրենի պարտականությունների հետ։ Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները և ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը և վերահսկողությունը։ Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, և ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է  մնացած ժամանակահատվածում։ Մյուս կողմից տնօրենը կրկնում է նշված աշխատակիցների աշխատանքը։ 

    Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի ղեկավար, ով ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական և ֆինանսական մասով։ Նա ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում միայն։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։ Վարչատնտեսական մասի ղեկավարի հետ համագործակցում է պլանավորման և դասաբաշխման հիման վրա տարիֆիկացիայի կազմման ժամանակ։ 

Դպրոցի կառավարման նման մոդել կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կրաթական հաստատություններում, որտեղ Ուսումնական մսաի տնօրենը Head Teacher-ն է, head instructor-ը, bureaucrat-ը, headmaster-ը, principal կամ school director-ը, իսկ վարչատնտեսական մասի ղեկավարն է Bursar-ը, կամ School Receptionist-ը։ Անկախ պաշտոնի անվանումից վարչական և ուսումնական մասի ղեկավարները չեն կրկնում մեկը մյուսի աշխատանքը, բայց համագործակցում են տարվա աշխատանքները պլանավորելիս։

 

Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատութան ուուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը  վերապահել տարբեր ղեկավարների.  ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը կիրականացնի  վարչատնտեսական մասի ղեկավարը:

     Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական արդյունավետ ղեկավարման նպատակով համապատասխան լիազոր մարմնի կողմից պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը կարող է իրականացվել կենտրոնացված ձևով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 Ատեստավորումը և վերապատրաստումը կլրացնեն տնօրենների  մասնագիտական հմտությունների և ըստ գործառույթների՝ մեթոդական աջակցություն ստանալու անհրաժեշտ բացը։ Ինչպես նաև թույլ կտան կիրառելու տարբերակված մոտեցում՝ ըստ կարիքի, ունեցած փորձառության՝ մասնագիտական առաջխաղացման հնարավորություն ընձեռնելով։

    Միաժամանակ առաջարկվում է համապատասխանություն մտցնել ատեստավորման և զարգացման ծրագիր կազմման, ինչպես նաև հավաստագրման համար սահմանվող  ժամկետների միջև։ Այսպիսով, ըստ առաջարկվող կարգավորման՝ մրցույթի ընթացակարգային փուլերը  հաղթահարած և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակված  պետական ուսումնական հաստատության տնօրենի հետ սահմանված կարգով պայմանաագիր է կնքվում 3 տարի ժամկետով։ Զարգացման ծրագրի կատարողական արդյունքի հիման վրա տնօրենը կատեստավորվի, և վերջինիս հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով, և այսպես՝ շարունակ, մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը։   Պաշտոնավարման ընթացքում անընդմեջ պետական ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձը, ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել  միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և նորից հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած; Հավաստագիր ստանալ ցանկացող անձը ազատ կլինի ընտրելու՝ վերապատրաստվել, թե ինքնուրույն պատրաստվել քննությանը։ Քանի որ վերապատրաստումներն իրականացվում են հավաստագիր ստանալ ցանկացող անձի հաշվին, նշված հնարավորությունը նաև առավել մատչելի կդարձնի հավաստագրի ստացման գործընթացին մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների համար։

Առաջարկվող փոփոխություններով սահմանվել է նաև ուսումնադաստիարակչական գործառույթ հասկացությունը, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում գործածվող հասկացություն (Հոդված 122, կետ 2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.), սահմանված չէ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և առաջ է բերում նշված դրույթի կիրարկման անհստակություն։

Հստակեցվել է նաև Հանրակրթության մասին օրենքի՝ 2020 թվականի մարտի 6-ի փոփոխություններով ամրագրված էթիկայի վարքականոնի՝ որպես մեխանիզմի կիրառությանը։ Մասնավորապես, վերոնշյալ փոփոխությամբ ամրագրվել էր, որ կրթության կառավարման լիազոր մարմնի իրավասությունն է՝ սահմանել վերոնշյալ վարքականոնը, սակայն այն չէր արտացոլվել ուսումնական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների հատվածում՝ թույլ չտալով բացահայտել էթիկայի վարքականոնի՝ որպես համակարգում ներդրվող գործիքի նշանակությունը։ Վարքականոնը կնախատեսվի կոլեգիալ կառավարման խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների համար, քանի որ սովորողների և նրանց ծնողների համար սահմանված բարեվարքության կանոնների ներդրման մասին քննարկումները հիմնականում ոչ դրական արձագանք են ստանում։

       Կարևոր փոփոխություն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության օգտագործման և հաստատության ռազմավարական զարգացման նպատակով զարգացման ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների և պարբերականության ամրագրումը և կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին։ Սա թույլ կտա թե՛ բարձրացնելու խորհրդի դերակատարությունը ուսումնական հաստատության գործունեության ընթացքում, թե՛ ամրագրելու զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայումս հաճախ կրում է զուտ ձևական պահանջի բնույթ, ինչպես նաև հավասարակշռություն կմտցնի պետական լիազորված մարմնի կողմից տնօրենի  նշանակման գործառույթում՝ իբրև վերահսկող մարմնի:

      Սահմանվել է կառավարության լիազորող նորմ՝ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների փորձաքննության իրականացման և հաստատման համար, ինչպես նաև հստակեցվել են այլընտրանքային կրթական  ծրագրի տարբերակման ու չափորոշչահեն կրթություն իրականացնելը կարևորող  դրույթները։

Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանն են ուղղված հետևյալ փոփոխությունները՝

Ըստ էության՝ առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումները ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջացման գործոնների ցանկում, որոնք սահմանվել են օրենքի 3-րդ հոդվածում՝ օգտագործվող  հիմնական հասկացությունների մեջ:  Թվարկված խմբերի երեխաներին, կարիքով  պայմանավորված, կցուցաբերվի մանկավարժահոգեբանական աջակցություն։    Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն, քանի որ ուսուցման մեջ դժվարություններ ունենալ կարող են նաև օժտված, բռնությունների ենթարկվող, աշխատող, փախստական կամ տեղահանված, աղքատ և չքավոր, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաները, լեզվական և ազգային փոքրամասնությունները, և 3 տարով ծրագրի կազմման մեխանիզմը թույլ կտա ավելի իրատեսական պլանավորում իրականացնել:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն երեխայի կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման անհրաժեշտության  դեպքում դպրոցի համար խնդիրներ են առաջանում՝ երեխայի ծնողի կողմից աջակցություն ստանալուց հրաժարվելու պատճառով, ուստի խնդիրը կարելի է կարգավորել, եթե ծնողի դիմումին կցված  ստորագրած համաձայնագրին համարժեք հաշվի առնվի նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումը։

      Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10.2 կետում առաջարկվող լրացումը պայմանավորված է այն  փաստով, որ երեխայի համար կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանման համար կարևոր է հասկանալ և վերհանել այն գործոնները, որոնք խոչընդոտում են ուսումնական ծրագրի լիարժեք յուրացմանը: Առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ և լրացումներ պայմանավորված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և սովորողների հաշվառման, նրանց հետ աշխատանքի գործընթացի ավտոմատացմամբ։        Ներառական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխություններից են նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող գործառույթները հստակեցնող դրույթները։ Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ կիրառվող եզրույթների մասով, օրինակ՝ օրենքի 17.2 հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն  փաստով, որ «շփման այլ միջավայրեր» արտահայտությունը սխալ ձևակերպում է, ավելի ճիշտ է օգտագործել «կենսագործունեության այլ միջավայրեր» արտահայտությունը:

   Իրականացվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։  Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

   Ուստի առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել օրենքի 17.1 հոդվածի 3-րդ մասը: Հարցը կարգավորվում է օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով:

     Առաջարկվել է նաև հրաժարվել «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող  բարձրացված չափաքանակ» հասկացությունից՝ փոխարենը օրենքի 35-րդ հոդվածի 3.1 կետը առաջարկվել է խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության  կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով։

Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանն ուղղված փոփոխությունները վերաբերում են հանրակրթության պետական չափորոշչի, ինչպես նաև հանրակրթության բովանդակությանն առնչվող մի շարք բաղադրիչների լրամշակված սահմանումներին, որոնք թույլ են տալիս առավել լիարժեք արտացոլել 2019 թվականից մեկնարկած հանրակրթության բովանդակային բարեփոխումների էությունը և ներդաշնակեցնել օրենքի սահմանումները առաջարկվող ռազմավարական մոտեցումներին։

 

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նշված ուղղություններով թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։

Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով։ Մասնագիտական չափորոշչիի սահմանումը հնարավորություն կընձեռի նաև հստակեցնելու ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունները՝ հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով կարիքի վրա հիմնված և մասնագիտական չափորոշչից բխող վերապատրաստումներին։ Մասնագիտական չափորոշիչները կհստակեցնեն նաև պահանջները ուսուցիչների պատրաստման գործընթացից՝ նպաստելով մասնագիտական կրթության ծրագրերի վերափոխմանը։  

Սովորողների միավորային գնահատումը 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից իրականացնելը  էապես կկարևորի ուսուցանող (ձևավորող) գնահատումը իսկ տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

   Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և  վարչատնտեսական մասի ղեկավարի միջև  տարանջատելու արդյունքում ակնկալվում է  արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների հստակ բաշխմամբ:

Կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, ինչը  կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, խնդրի խորացմանը։

Նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, ուսումնական ծրագրի յուրացման դժվարությունների պատճառների վերհանումը, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանումը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացում բացահայտվում է երեխայի մասնակցությունը և ակտիվությունը գործունեության բոլոր բնագավառներում, նրա ուժեղ և թույլ կողմերը, կրթության կազմակերպման համար անհրաժեշտ խթանող միջավայրը: Այսինքն, գնահատվում է ոչ թե երեխայի «ձայնի և խոսքի, տեսողական, լսողական, ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող, շարժողական» ֆունկցիաների խանգարումները, այլ` երեխայի մոտ այս կամ այն կատեգորիայով/ներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Երեխայի համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կարող է լինել իրեն հասանելի և հարմարեցված առարկայական ծրագրերը և ուսուցման մեթոդները, ուսուցման անհատական տեխնիկական միջոցները, հարմարեցված միջավայրը, ինչպես նաև մանկավարժական, հոգեբանական, սոցիալական և այլ անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը: Օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հստակեցնում են այս քաղաքականությունը։

Հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մի կողմից նվազեցնել վարչարարությունը և մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք տարբեր ուսումնական հաստատություններում արմատավորված պրակտիկաներում դիտարկվում են ներկայումս,  որոնց  արդյունքում  խորհրդի կողմից շատ հաճախ իրականացվում  են ոչ համարժեք ընտրություններ։

Հանրակրթության բովանդակության փոփոխությունները կբերեն օրենքի և սկիզբ առած փոփոխությունների հիմքում դրված ռազմավարական մոտեցումների ներդաշնակեցման։

 

 

Իրավական ակտերիի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը

 

««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի մասով էական ավելացումներ չեն առաջանա:

 

««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերում  փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

 

  • Discussed

    05.11.2021 - 20.11.2021

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15894

Print

Suggestions

Շողիկ Առուշանյան

20.11.2021

Այս նախագիծ մշակողը ( հոդված 12_ի մասով) գաղափար ունի դպրոցից: Ինչպես եք պատկերացնում 700_ից ավելի աշակերտ ունեցող դպրոցները առանց փոխտնօրենների, դուք պատկերացնում եք , թե ինչ ահռելի աշխատանք են կատարում և'ՄԿԱ գծով , և ' ուսումական մասով տնօրենի տեղակալները: Ինչու եք ուզում հիմնահատակ քանդել դպրոցը: Ձեր նախագծի վերը նշված հոդվածը , եթե ընդունվեց կկործանվի կրթական համակարգը:

Sona Hakobyan

20.11.2021

Առաջարկում եմ հրաժարվել վերոհիշյալ որոշումից և մտածել ուսուցչի վարկանիշի բարձրացման մասին։

Անիւշ Պետրոսյան

20.11.2021

Իսկ միգուցե նախարարություններում էլ երկու նախարար աշխատեն, կամ ասենք երկրում երկու նախագահ

See more