Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔի ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔի ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար ներկայացվող չափանիշների վերանայումն ու հստակեցումն է, որոնք ավելի իրատեսական են և չափելի, երեխաների նոր թվի շեմի սահմանումը, որի պարագայում այդ թվից առկա ընտանիքների հաշվառման արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելի շատ ծնողների պարգևատրել Ծնողական փառքի մեդալով։

11 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ծնողական փառքի մեդալի տրամադրման առկա կարգավորումներում՝   Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են 6 և ավելի զավակներ ունեցող ծնողները։ Սակայն 2014-2020թթ․ ընթացքում,  Ծնողական փառքի մեդալով պարգևատրված 10 ծնողական զույգերի ընտրությունը կատարվել է հիմնականում 10 և ավելի զավակներ ունեցողների շրջանակից։ Մասնավորապես, պարգևատրված ծնողներն ունեցել են 15, 13, երեքը՝ 12, 10, 9 և միայն մեկը 8 զավակ և չի դիտարկվել որևէ 6 կամ 7 երեխաներ ունեցող ծնողների թեկնածություն։  Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ դեռևս Խորհրդային Միությունում Հերոսուհի մայր կոչմանն էին արժանանում 10 և ավելի երեխա ծննդաբերած մայրերը, նպատակահարմար է փոփոխության ենթարկել Ծնողական փառքի մեդալով պարգևատրման համար երեխաների թվի պահանջը։

Ծնողական փառքի մեդալի տրամադրման չափանիշներում առաջադրվում են մի շարք լրացուցիչ պայման-վերապահումներ (առողջ ապրելակերպի վարում, զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում),  որոնք իմաստային առումով շատ անորոշ են, հարաբերական և օբյեկտիվ գնահատման ոչ ենթակա։

Միաժամանակ, վերոնշյալ դրույթները արդեն իսկ ամրագրված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և հանդիսանում են ծնողական պարտավորություններ։ Համաձայն «Ընտանեկան օրենսգրքի» 51-րդ հոդվածի 1-ին մասի՝ ծնողներն իրավունքն ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին, պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման գործում, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման համար։ Իսկ նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ևս ընդունելի չեն, քանի որ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ է սահմանված կենսաբանական ծնողների համար վերջին կենսաբանական երեխայի 3 տարին լրանալու և վերջին որդեգիր  երեխային առնվազն 5 տարի դաստիարակելու ցենզերը։ Ընդհանուր առմամբ երեխաների խնամքի ու դաստիարակության առաջին երեք տարիները, առավել ևս որդեգրած երեխաներինը շատ ավելի ծանր, աշխատատար ու էներգատար  գործընթացներ են և այդքան երկար տարիների սահմանումը իրավակիրառական տեսանկյունից սխալ է։

12 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։

2․ Կարգավորման առարկան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի 2014-2021թթ․ ընթացքում Ծնողական փառքի մեդալով պարգևատրվածների մեծ մասն ունեցել է 10 և ավելի զավակ, միևնույն ժամանակ հիմք ընդունելով այն իրողությունը, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար 10 զավակի պահանջը կարող է սահմանափակել Ծնողական փառքի մեդալին հավակնող ծնողների շրջանակը, առաջարկվում է մեդալով պարգևատրվելու համար պահանջվող երեխաների թիվ սահմանել 8 և ավելի զավակը, որը էականորեն կընդլայնի ընտրության շրջանակը և միաժամանակ հստակություն կմտցնի ընտրանքի համար։ Այստեղ պետք  է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2010-2019թթ․ Հայաստանի Հանրապետությունում երեխաների կարգաթվում 10-րդ և հաջորդ ծնված երեխաների թիվը տարեկան միջինացված կազմել է 11,  8-րդ և հաջորդ երեխաներինը՝ 38, իսկ   2002-2019թթ․ 8-րդ և հաջորդ երեխաների կարգաթվում գրանցվել է 659 ծնունդ։

Նախագծի առաջարկվող տարբերակում, Ծնողական փառքի մեդալի տրամադրման չափանիշներում սահմանվել են այնպիսի դրույթներ, որոնք պետք է ընդգծեն բազմազավակ ընտանիքի օրինակելի և սոցիալապես պատասխանատու վարքագիծը, այլ ոչ թե սոսկ օրենքներով սահմանված պարտավորությունների կատարումը։

Ըստ այդմ, սահմանվել են բազմազավակ ընտանիքների օրինակելի և սոցիալապես պատասխանատու վարքագծի գնահատման հետևյալ չափանիշները, որոնք իրատեսական են և օբյեկտիվորեն չափելի, մասնավորապես․

  • Ընտանիքի ծնողների բարի համբավը (ազնվություն, աշխատասիրություն, բարություն, մարդասիրություն, պարտաճանաչություն, երեխաների և ընտանիքի այլ անդամների նկատմամբ հոգատարություն և այլն), այդ թվում՝
  • բնակության համայնքում,
  • աշխատավայր(եր)ում
  • Պետության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պարտաճանաչ կատարումը, այդ թվում՝
  • Հարկերի և օրենքով սահմանված տուրքերի պարտաճանաչ վճարումները,
  • Կոմունալ ծառայությունների համար վճարումներից չխուսափելը,
  • Զինվորական և այլ պարտադիր ծառայությունների կատարումից խուսափումների բացակայությունը, ծառայողական կենսագրության մեջ արիության և խրախուսանքի արժանի արարքների (մարտական գործողությունների, փրկարարական և այլ հատուկ գործողությունների մասնակցություն և այլն) կատարում, ծառայության վայրում հակաօրինական արարքների  բացակայություն և այլն:
  • Հակաօրինական գործողությունների մեջ երբևե  ներքաշված չլինելու փաստը, որը կարող է ճշտվել իրավապահ մարմիններից։
  • Արատավոր սովորությունների բացակայությունը ևս կարելի է ճշտել ինչպես համայնքից և աշխատավայրից,  այնպես էլ  իրավապահ մարմիններից և համապատասխան առողջապահական ու  նարկոլոգիական հաստատություններից:

Վերոնշյալ բոլոր չափանիշները կարելի է ճշտել համայնքային մինի հետազոտությունների, ինպես նաև ՏԻՄ-երին և գործատուներին  ուղղվող հարցումների միջոցով, համայնքից և աշխատավայրից, համապատասխան զորամասերից, զինկոմիսարիատներից կամ էլ  ռազմականացված այլ կառույցներից։

Միաժամանակ, առաջարկվում է Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ մասով, որով կնախանշվեն Ծնողական փառքի մեդալի տրամադրման հետ կապված ընթացակարգերը և հստակություն կմտցվի այս գործընթացում։ Մասնավորապես այդպիսին պետք է դիտարկել․

1) Ծնողական փառքի մեդալին հավակնող 8 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների ցուցակի կազմման հետ կապված կարգավորումը, որը կարծում ենք առաջնային պետք է լինի Ծնողական փառքի մեդալի տրամադրման ընտրանքի համար։

2) Ծնողական փառքի մեդալի տրամադրման գործընթացի համար ունենալ լիազոր մարմին, որը պատասխանատու կլինի ինչպես 8 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների ցուցակի կազմման և վարման գործում, այնպես էլ Ծնողական փառքի մեդալով պարգևատրման թեկանածուների ներկայացման մեջ կունենա էական դերակատարում։

3) Ծնողական փառքի մեդալին հավակնող ընտանիքների ընտրության համար ընթացակարգերում ֆիքսել տոկոս և կազմվող ցուցակից առնվազն ընտանիքների 1 տոկոսին տարեկան ներկայացնել Ծնողական փառքի մեդալով պարգևատրման։ 

4) Քանի որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված ծնողների համար, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 21-ի ՀՕ-211-Ն որոշմամբ, Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվելու է ամենամսյա պատվովճար, ապա  հստակեցնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում այդ ծնողներին դադարեցվելու է պատվովճարի տրամադրումը։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագծի ընդունման պարագայում հստակ կլինի Ծնողական փառքի մեդալով պարգևատրվող ծնողների ընտրության չափանիշները, մեդալի տրամադրման համար անհրաժեշտ երեխաների թիվը, կսահմանվի մեդալի տրամադրման կարգը։

4․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի   ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա ընդունել Ծնողական փառքի մեդալի տրամադրման կարգի իրավական ակտը, իսկ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսերը և եկամուտները չեն ավելանա։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի 3-րդ պարբերությունից, այն է՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելը։

 

 

 

 

  • Discussed

    04.11.2021 - 19.11.2021

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3374

Print