Add to favourites

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

1978 թվականի ՀԽՍՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` պատգամավորների խորհուրդները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդները կազմել են պետական իշխանության ներկայացուցչական մարմինների միասնական սիստեմ:

05.07.1995թ. ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները մինչև Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակել են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:

Վերոգրյալից հետևում է, որ գործադիր կոմիտեները հանդիսացել են պետական իշխանության գործադիր մարմիններ, ուստի և Տաշիրի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն եղել է պետական մարմին:

15.12.1995թ. «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից լուծարվում են պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային, Երևան և Գյումրի քաղաքների շրջանային խորհուրդները, իսկ նրանց գործադիր մարմինները (բացառությամբ Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինների) շարունակում են գործել մինչև համապատասխան մարզպետների նշանակումը և մարզպետարանների կազմավորումը, որից հետո այդ մարմինները կառավարության կողմից սահմանված կարգով լուծարվում են:

ՀՀ վարչապետի 23.02.1996թ. թիվ 78 որոշմամբ նախատեսվել են պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումները:

Ո՛չ վերը նշված օրենքով, ո՛չ վարչապետի նշված որոշմամբ կամ այլ ակտով պատգամավորների շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների իրավահաջորդ չի ճանաչվել:

Փաստորեն, ժողովրդական պատգամավորների խորհուրդների լուծարումից հետո վերջիններիս կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերից բխող իրավունքների և պարտավորությունների կրողը պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ կառավարության 27.05.2021թ. թիվ 853-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բարձրացված խնդիրը համայնքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների իրավահաջորդության հարցի կարգավորման մասին, ինչպես նաև առաջնորդվելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 25.05.2021թ. թիվ ԿԱ/91-2021 արձանագրության 1.2-րդ կետի պահանջով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.2-րդ բաժնում նշված է, որ Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների դիտարկումը, մարդու իրավունքների երաշխավորման ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը: Նախագծի կապը ծրագրի հետ կայանում է նրանում, որ Նախագծի ընդունումը առնչվում է քաղաքացիների իրավունքների իրականացմանը, մասնավորապես, նման կարգավորման բացակայության պայմաններում տարիներ շարունակ ստեղծվել են խոչընդոտներ համապատասխան որոշումներով քաղաքացիներին տրամադրված իրավունքների իրացման համար, քանի որ նշված ակտերը վերաբերում են քաղաքացիների գույքային իրավունքներին և դրանցով սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգություն ընդունելու, գույքը օտարելու և գույքը օգտագործելու, տիրապետելու կամ տնօրինելու հետ առնչվող այլ հարաբերություններ առաջանալիս ի հայտ են եկել խոչընդոտներ՝ Նախագծով նշված մարմինների իրավահաջորդության հարցի կարգավորված չլինելու պատճառով:

  • Discussed

    07.09.2021 - 23.09.2021

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4140

Print