Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև հոդվածում առկա տարընթերցվող ձևակերպումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

     Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ-ի  փոխանցման վերացումը գնահատելու և  արդյունքում երկրին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունների կատարման անհրաժեշտությամբ, որը նախապայման է հանդիսանում երկրի կողմից հավաստագրի պահպանման համար: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի ներկայումս գործող համապատասխան դրույթը անորոշ է սահմանում կանխատեսելիությունը և կանխամտածվածությունը` մեղադրական դատավճռի հիմնավորման համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՄԻԱՎ վարակի  փոխանցման կամ վարակման վտանգի ենթարկելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքների առկայությունը և դրանց կիրարկումը շեղում են անհրաժեշտ ուշադրությունը  ձեռնարկվելիք միջոցառումներից, ազդում են համաճարակի դեմ պայքարի արդյունքների վրա, և կարող են հակառակ ազդեցություն թողնել խոցելի խմբերի վրա, որոնց նկատմամբ հասարակությունը խտրական վերաբերմունք է դրսևորում: Միաժամանակ ապացուցված չէ քրեական պատասխանատվության դերը ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման կամ հանցագործության տարածման կրճատման մեջ:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը առաջարկում է երկրներին վերանայել իրենց քրեական օրենսդրությունը` սահմանափակելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, ու փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը կոչ է անում չկիրառել քրեական պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար .

  • երբ անձը տեղեկացված չէ իր հիվանդության մասին,
  • երբ անձը չի հասկանում, թե ինչ ուղիներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը,
  • բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին,
  • չի բացահայտել իր կարգավիճակը, քանի որ վախեցել է բռնությունից կամ այլ ծանր բացասական հետևանքներից,
  • ձեռնարկել է որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնի վարակի փոխանցման վտանգը (օրինակ՝ սեռական հարաբերություններ պահպանակի օգտագործումով),
  • երբ կողմերի միջև եղել է նախնական համաձայնություն` ընդունելով հնարավոր վտանգը:

ՄԻԱՎ-ի փոխանցման քրեականացման նպատակը կայանում է նրանում, որ կիրառվի պատիժ վտանգավոր արարքի համար և կանխարգելվի ՄԻԱՎ-ի փոխանցումը:  Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դիտավորությամբ ՄԻԱՎ-ի փոխանցումը հազվադեպ երևույթ է, քանի որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր գիտեն իրենց կարգավիճակի մասին,  ձեռնարկում են որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնեն վարակի փոխանցման վտանգը: Մնացած դեպքերում քրեականացումն անհիմն է, օրինակ եթե անձը բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին կամ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառոււմներ վտանգի նվազեցման նպատակով, դա վկայում է անձի ոչ դիտավորյալ գործունեության մասին: Շատ դեպքերում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է վարակումից անմիջապես հետո, երբ անձը դեռ տեղեկացված չէ իր կարգավիճակի մասին:  Երբեմն նույնիսկ սույն անձինք չեն տեղեկանում վարակի առկայության մասին դեռ երկար ժամանակ` խորհրդատվության և թեստավորման բացակայության կամ խտրականության նկատմամբ վախի պատճառով: Այս դեպքերում նույնպես քրեական պատասխանատվությունը հիմնավորված չէ և չի ծառայում իր նպատակին:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը չի ողջունում այն մոտեցումը, երբ երկրի օրենսդրությունը պարտավորեցնում է  ՄԻԱՎ-ով ապրող անձանց բացահայտել ՄԻԱՎ վարակի կարգավիճակը իրենց զուգընկերոջը կամ առողջապահական աշխատակիցներին, քանզի յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր առողջության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման և օրենքը չի կարող պահանջել նման տեղեկատվության բացահայտում, հատկապես, եթե այն կարող է հանգեցնել խարանի և խտրականության դրսևորման: Ինչպես նշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միջազգային ղեկավարող սկզբունքներում, առողջապահական օրենսդրությունը կարող է թույլ տալ բուժաշխատողին իր պացիենտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկացնելու նրա զուգընկերոջը, եթե.

  • ՄԻԱՎ դրական անձի վարքագիծը չի փոխվել խորհրդատվությունից հետո,
  • ՄԻԱՎ դրական անձը հրաժարվել է տեղեկացնել իր զուգընկերոջը,
  • Առկա է փոխանցման իրական վտանգ,
  • ՄԻԱՎ դրական անձի ինքնությունը չի բացահայտվում իր զուգընկերոջը:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը առաջարկում է պետություններին խուսափել ՄԻԱՎ վարակի հետ կապված հատուկ հոդվածներ սահմանելուց, իսկ կանխամտածված վարակման դեպքում կիրառել ընդհանուր քրեական հոդվածները:

Այն դեպքում, երբ բռնությամբ ուղեկցված իրավախախտումը հանգեցնում է  ՄԻԱՎ վարակի փոխանցման կամ ստեղծում է փոխանցման մեծ վտանգ, ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը կարող է համարվել ծանրացուցիչ հանգամանք, եթե տվյալ անձնավորությունն իրավախախտում կատարելիս իմացել է իր կարգավիճակի մասին:  

2011թ-ի փետրվարի  17-ին Դանիայում կասեցվեց քրեական օրենսգրքի 252 հոդվածը: Այս հոդվածի հիման վրա պատասխանատվության էին ենթարկվել ընդամենը 18 անձ: Դանիական կառավարությունը հիմնել էր աշխատանքային խումբ, որը ՄԻԱՎ-ի և դրա փոխանցման գիտականորեն հիմնավորված փաստարկների հիման վրա կորոշեր հոդվածի վերանայման նպատակահարմարությունը: Դանիայի փորձը միակը չէ, 2010 թ-ին Նորվեգիայում նման պաշտոնական խումբ էր ստեղծվել վերանայելու Տույժերի օրենսգրքի այն բաժինը, որը պատասխանատվություն էր սահմանում հանրային առողջության համար վտանգավոր վարակների փոխանցման համար, սույն հոդվածը մինչ այժմ կիրառվել էր ՄԻԱՎ-ի փոխանցման պատասխանատվության համար:

Մի շարք երկրներում (օր.՝ Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Խորվաթիա, Մալթա, Շվեյցարիա և այլն) քրեական պատասխանատվություն է սահմանված միայն այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ վարակելու համար:

Այս զարգացումները մատնանշում են, որ կառավարությունները ընդունում են, որ  ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը և հետևանքները կարող են նվազեցվել ապաքրեականացման և հակառետրովիրուսային բուժման հասանելիության բարձրացման  դեպքում:

ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքում: Սույն հոդվածի համաձայն` այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Իսկ եթե  վերջինս կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ,  անչափահասի նկատմամբ կամ  հղի կնոջ նկատմամբ, ապա պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Այս առումով ՀՀ Քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասի հիմավորվածությունը վիճելի է, քանի որ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը հստակ չի մեկնաբանում պատասխանատվության ենթակա դեպքերը և երկակի մեկնաբանման հնարավորություն է տալիս: «Ակնհայտ վտանգի ենթարկել» կարող է դիտվել ցանկացած գործողություն, որի հետևանքով տեսականորեն մարդը կարող է վարակվել ՄԻԱՎ-ով: Բացի դրանից, ՀՀ Քրեական օրենսգրքի 123 հոդվածի 1-ին մասը չի նախատեսում այն մեղքի ձևը, որի դեպքում անձը ենթակա է պատասխանատվության: Այս ձևակերպման ներքո, անկախ այն բանից, թե անձը այլ անձի վարակվելու ակնհայտ վտանգի է ենթակրել դիտավորությամբ թե անզգուշությամբ, ենթակա է քրեական պատասխանատվության: Հոդվածի գործող ձևակերպման ներքո «այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը» առաջացնում է քրեական պատասխանատվություն` անկախ այդ արարքի արդյունքում առաջացող հետևանքներից: Այսինքն, եթե նույնիսկ «այլ անձը» արդյունքում չի վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով, այդուհանդերձ «վարակելու ակնհայտ վտանգի ենթարկող» անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

         

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

1) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացումների գործընթացն իրականացնելն է` սահմանելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, և  փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից` ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի  և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ համատեղ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է օրենսգիրքը համապատասխանեցնել ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի պահանջներին:  

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽUԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱUԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում վերջինիս ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի, համայնքային բյուջեների եկամուտների և  ծախuերի վրա այն կունենա  չեզոք ազդեցություն:

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

  • Discussed

    02.08.2017 - 22.10.2017

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9154

Print