«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
9 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, սույն օրենքով նախատեսված կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություններ) գործարարների շահերի ներկայացման և պաշտպանության, գործարարների շահերի պաշտպանի (այուհետ՝ Պաշտպան) լիազորությունների և նշանակման կարգի, գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Օրենքի նպատակը
- Սույն օրենքի նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված արդյունավետ մեխանիզմների և ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանման կոռուպցիոն ռիսկերի նվազեցման լրացուցիչ երաշխիքների ամրագրումը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Գործարար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձ.
2) Կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպություն, որի գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա.
3) Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակ՝ (այսուհետ՝ Գրասենյակ) ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական խնդիրը գործարարների շահերի պաշտպանի մասնագիտական գործունեությանն օժանդակելն է.
Գ Լ ՈՒ Խ 2
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
Հոդված 4. Գործարարների շահերի պաշտպանը
- Գործարարների շահերի պաշտպանը (այուհետ՝ Պաշտպան) սույն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
- Պաշտպանի անկախության և գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով:
Հոդված 5. Պաշտպանի խնդիրները
- Պաշտպանի գործունեության խնդիրներն են՝
1) գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը,
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը,
3) գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը,
4) ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը,
5) գործարար միջավայրի բարելավումը և արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը,
6) ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:
Հոդված 6. Պաշտպանի լիազորությունները
- Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն իրականացնելիս Պաշտպանը սույն օրենքով սահմանված կարգով՝
1) ներկայացնում է գործարարների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում.
2) իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով գործարարների օրինական շահերի խախտման վերաբերյալ դիմումների ուսումնասիրություն և իր իրավասությունների շրջանակում ձեռնարկում Գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ.
3) իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի ուսումնասիրություն այն դեպքերում, երբ առկա է գործարարների իրավունքների և օրինական շահերի զանգվածային խախտումների կամ գործարարական գործունեության իրականացման խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվություն կամ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն կամ խախտումները կրում են համակարգային բնույթ, ինչպես նաև այլ դեպքերում, եթե պաշտպանը գտնում է, որ առկա է սեփական նախաձեռնությամբ հարցի ուսումնասիրություն սկսելու անհրաժեշտություն.
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների իրականացման հետ կապված ներդրողների դիմում-բողոքների ուսումնասիրություն և վերջիններիս ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝
ա. դատական և արտադատական ընթացակարգերում օժանդակում է ներդրողներին` տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն.
բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում է ներդրումների իրականացման հետ կապված օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ.
5) Գործարարներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով առկա օրենսդրական կարգավորումները և ցույց տալով խնդրի լուծման այլընտրանքային մեխանիզմները.
6) իրականացնում է նախնական քննարկումներ և հարցումներ՝ Գործարարներին ցույց տալով խնդրի կարգավորմանն ուղղված միջոցները և տեղեկատվություն տրամադրելով այլ մարմինների և ծառայությունների վերաբերյալ այն դեպքերում, երբ իրավունքի վերականգնմանն ուղղված միջոցների ձեռնարկումը դուրս է պաշտպանի իրավասությունների շրջանակից.
7) իրավասու է իր կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին ներկայացնել գործարարական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկություններ՝ գործարարների իրավունքների պաշտպանության, գործունեության խոչընդոտների վերացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով.
8) միջոցներ է ձեռնարկում գործարար միջավայրի հետ համագործակցության, ինչպես նաև գործարարների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների միջև երկխոսության ապահովման համար.
9) իրավասու է դիմումների ուսումնասիրության ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կազմակերպություններից և դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր և տեղեկություններ.
10) իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կազմակերպություններից և դրանց պաշտոնատար անձանցից (բացառությամբ` սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, քրեական վարույթն իրականացնող մարմինների՝ իրենց վարույթում գտնվող հարցերի առնչությամբ) տվյալ մարմնի իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստանալ դիմումի ուսումնասիրության ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ.
11) իրավասու է ծանոթանալ դիմումում բարձրացված հարցերին առնչվող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին.
12) իրավասու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով ներգրավել փորձագետների և մասնագետների:
- Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնելիս Պաշտպանը՝
1) ապահովում է Գրասենյակի բնականոն գործունեությունը,
2) պատրաստում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի որոշումների նախագծերը,
3) առանց լիազորագրի հանդես է գալիս Գրասենյակի անունից,
4) տալիս է լիազորագրեր,
5) Գրասենյակի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
6) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի ներքին իրավական ակտերի նախագծերը, վարչակազմակերպական կառուցվածքը,
7) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Գրասենյակի աշխատակիցներին,
8) իրականացնում է Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
- Պաշտպանն ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, համայնքների ղեկավարների, ինչպես նաև իր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ:
- Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
- Դիմում ներկայացրած անձին վերաբերող, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա գաղտնի տեղեկատվությանը Պաշտպանը կարող է ծանոթանալ դիմումատուի համաձայնությամբ:
- Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատարանների գործունեությանը և քրեական գործերով մինչդատական վարույթին:
Հոդված 7. Պաշտպանի նշանակումը
- Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Խորհրդի առաջադրած թեկնածուներից:
- Պաշտպանի թեկնածուներն ընտրվում են Խորհրդի՝ առնվազն վեց անդամների ձայներով, գաղտնի քվեարկությամբ ընդունված որոշմամբ:
- Խորհրդի կողմից որպես Պաշտպանի թեկնածու կարող է ընտրվել 30 տարին լրացած և գործարար միջավայրում հեղինակություն ունեցող այն անձը, ով ունի տնտեսագետի կամ իրավաբանի որակավորում և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Պաշտպանի թեկնածուին Խորհրդի որոշմամբ կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ: Պաշտպանի թեկնածուների ընտրության ընթացակարգը սահմանվում է Գրասենյակի կանոնադրությամբ:
- Խորհրդի կողմից որպես Պաշտպանի թեկնածու չի կարող ընտրվել այն անձը, ով՝
1) դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2) ով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
- Պաշտպանն ունի տեղակալ, որը նշանակվում և ազատվում է Պաշտպանի համար սահմանված կարգով և պետք է բավարարի Պաշտպանի թեկնածուին ներկայացվող պահանջներին:
- Պաշտպանի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Պաշտպանի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:
Հոդված 8. Պաշտպանի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը
- Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 9. Պաշտպանի լիազորությունների դադարումը և դադարեցումը
- Պաշտպանի լիազորությունները դադարում են նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը:
- Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`
1) հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Խորհուրդ.
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
3) նրա նկատմամբ առկա է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած, մեղադրական դատավճիռ.
4) նա մահացել է:
- 3. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Խորհրդի առաջարկությամբ ՀՀ վարչապետի կողմից, եթե նա՝
1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում ավելի քան 3 ամիս անընդմեջ չի իրականացրել իր պաշտոնեական լիազորությունները.
2) չի պահպանել Պաշտպանի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները.
3) ի հայտ են եկել փաստեր, որոնք վկայում են, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
- 4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում օրենքով սահմանված կարգով նշանակվում է նոր Պաշտպան։
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. Գրասենյակի կարգավիճակը
- Գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
- Գրասենյակի հիմնադիր փաստաթուղթը Գրասենյակի կանոնադրությունն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Գրասենյակի կառավարումը
- Գրասենյակի կառավարման մարմիններն են՝
1) Հոգաբարձուների Խորհուրդը.
2) Գրասենյակի կառավարիչը, որի լիազորություններն իրականացնում է Պաշտպանը.
- Գրասենյակի գործունեության ղեկավարումն իրականացնում է Պաշտպանը:
Հոդված 12. Խորհուրդը
- Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):
- Խորհուրդը կազմված է ինն անդամներից, որոնցից՝
1) երեքը գործադիր իշխանության ներկայացուցիչներ են,
2) երեքն ընդգրկվում են միջազգային կազմակերպություններից,
3) երեքը՝ գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություններից:
- Խորհրդի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
- Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչները Խորհրդի կազմում ընդգրկվում են այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան դիմումի հիման վրա առաջադրված թեկնածուներից: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից դիմում է ներկայացվել երեքից ավելի կազմակերպությունների, դրանց ներկայացուցիչները Խորհրդի կազմում ընդգրկվում են իրենց միջև ձեռքբերված համաձայնությամբ (կոնսենսուսի միջոցով):
- Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչները Խորհրդի կազմում ընդգրկվում են մրցութային կարգով: Մրցութային հանձնաժողովի կազմում հավասարապես ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մրցույթի ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- 6. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն կազմակերպությունները`
1) որոնք ունեն գործարար ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.
2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է բիզնես գործունեությամբ զբաղվելը.
3) որոնք ունեն միջազգային կազմակերպությունների հետ գործարար ոլորտում համագործակցության փորձ և կներկայացնեն համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ միջազգային գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):
- Խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
- Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հոդված 13. Խորհրդի նիստերը
- Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
- Խորհրդի նիստերը գումարում է Խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամի կամՊաշտպանիպահանջով:
- Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր:
- Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի առնվազն հինգ անդամ:
- Խորհուրդը որոշումներ է կայացնում Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
- Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները:
Հոդված 14. Խորհրդի նախագահը
- Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ երեք տարի ժամկետով:
- Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:
- Խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:
- Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:
Հոդված 15. Խորհրդի անդամները
- Խորհրդի անդամներն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով:
- Խորհրդի անդամներն իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:
- Խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականությունները, լիազորությունների վաղաժամկետ դադարման և դադարեցման հիմքերը սահմանվում են Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով:
Հոդված 16. Խորհրդի լիազորությունները
- Խորհուրդը՝
1) առնվազն վեց անդամների ձայներով հաստատում է Գրասենյակի կանոնադրության փոփոխություններն ու լրացումները.
2) սահմանված ընթացակարգին համապատասխան ընտրում է Պաշտպանի և Պաշտպանի տեղակալի թեկնածուներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում նրանց նշանակման վերաբերյալ առաջարկություններ.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշումներ է ընդունում Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
4) որոշում է Պաշտպանի գործունեության ընդհանուր ռազմավարությունը և առաջնահերթությունները.
5) սահմանում է Պաշտպանի աշխատանքային պայմանները և Պաշտպանի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանջները.
6) հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը (այդ թվում՝ ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, Պաշտպանի և Գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները, ինչպես նաև Խորհրդի բնականոն գործունեությանն առնչվող այլ հարցեր).
7) հաստատում է Գրասենյակի տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
8) հաստատում է Գրասենյակի կառուցվածքն ու հաստիքացուցակը.
9) հաստատում է Գրասենյակի գույքի տնօրինման կարգը.
10) հաստատում է Պաշտպանի և Գրասենյակի աշխատակիցների վարձատրության և պարգևատրման կարգը.
11) վերահսկում է Գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.
12) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.
13) լսում է Պաշտպանի տարեկան հաղորդումները.
14) իրականացնում է սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
- Խորհրդի՝ սույն հոդվածով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
- Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում էՊաշտպանը:
- Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Գրասենյակի բոլոր փաստաթղթերին:
- Խորհուրդն ու Խորհրդի անդամներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելուՊաշտպանի գործունեությանը և (կամ) ազդելու դիմումների ուսումնասիրության ընթացքի և եզրակացությունների տրամադրման վրա:
Հոդված 17. Գրասենյակի գույքը և ֆինանսավորումը
- Գրասենյակը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
- Գրասենյակի սեփականությունը ձևավորվում է Գրասենյակի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից։
- Գրասենյակի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել նաև`
1) պետական բյուջեից հատկացված միջոցները.
2) դրամաշնորհները, նվիրատվությունները.
3) օրենքով չարգելված այլ միջոցներ։
- Հիմնադրի որոշմամբ Գրասենյակին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է գործունեության համար անհրաժեշտ գույք։
Հոդված 18. Գրասենյակի աշխատակիցների նշանակումն ու ազատումը
- Գրասենյակի աշխատակիցներին սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում, նրանց նկատմամբ խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ է կիրառում Պաշտպանը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 19. Պաշտպանի կողմից քննարկման ենթակա դիմումները
- Պաշտպանն ուսումնասիրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով Գործարարների օրինական շահերի խախտման վերաբերյալ Գործարարների դիմումները:
- Պաշտպանին կարող են տրվել գործարարների գույքային և ոչ գույքային պահանջների վերաբերյալ դիմումներ:
- 3. Պաշտպանն ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները, եթե դրանք ներկայացվել է այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ Գործարարն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:
- Պաշտպանի կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում երաշխավորվում է դրանց կապակցությամբ Պաշտպանին հայտնի դարձած տվյալների գաղտնիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 20. Գործարարների առաջարկությունները և դրանց հետագա ընթացքը
- Պաշտպանին կարող են ներկայացվել գործարարական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված Գործարարների առաջարկությունները:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առաջարկությունների քննարկման արդյուքնում Պաշտպանն իրավասու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին, ինչպես նաև իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին ներկայացնել գործարարական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկություններ՝ գործարարների իրավունքների պաշտպանության, գործունեության խոչընդոտների վերացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով:
- Պաշտպանը Գրասենյակի պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ներկայացրած առաջարկությունների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ:
- Պաշտպանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկություն ներկայացրած անձին սահմանված կարգով ներկայացնում է դրա քննարկման արդյունքները:
Հոդված 21. Դիմումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ Կազմակերպությանը ներկայացնելը
- Նախքան Պաշտպանին դիմելը դիմումը պետք է ներկայացվի այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, Կազմակերպությանը կամ դրանց պաշտոնատար անձանց, որոնց որոշումների, գործողությունների կամ անգործության արդյունքում խախտվել են Գործարարների իրավունքներն ու օրինական շահերը:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, Կազմակերպությոնները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ստանալու պահից 30 օրվա ընթացքում դիմումատուին ներկայացնել վերջնական պատասխան:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, Կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձանց պատասխանը ստանալու կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում Գործարարը կարող է դիմել Պաշտպանին:
Հոդված 22. Դիմում ներկայացնելու կարգը
- Դիմումը ներկայացվում է գրավոր, այդ թվում՝ Գրասենյակի պաշտոնական կայքէջում համապատասխան տվյալները մուտքագրելու միջոցով:
- Պաշտպանին ներկայացվող դիմումների համար պետական տուրք չի գանձվում:
- 3. Գրավոր դիմումը պետք է լինի ստորագրված այն ներկայացնող ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա ղեկավարի կամ նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ: Դիմումում պետք է նշված լինեն՝
1) դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության վայրը (հասցեն), իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու վայրը, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման համար անհրաժեշտ տվյալներ,
2) այն փաստական հանգամանքները, որոնք վկայում են Գործարարների շահերի խախտման կամ վիճարկման մասին,
3) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ պաշտոնատար անձի տվյալները, որի գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, ինչպես նաև դիմումատուի պահանջը (դիմումի առարկան):
- Դիմումին կցվում են նախապես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, Կազմակերպությանը կամ դրանց պաշտոնատար անձանց ներկայացված դիմումները և դրանց վերաբերյալ վերջիններիս պատասխանները՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից պատասխան ներկայացված լինելու դեպքում: Դիմումին կցվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձի՝ դիմում ներկայացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
- Անանուն դիմումները Պաշտպանի կողմից չեն ուսումնասիրվում:
- Դիմումին կարող են կցվել սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված փաստական հանգամանքները հիմնավորող և դիմումատուի մոտ առկա փաստաթղթեր կամ այլ նյութեր:
- Այն դեպքում, երբ դիմումը ենթակա է ուսումնասիրության, սակայն չեն պահպանվել սույն հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված պահանջները, Պաշտպանը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում՝ ստանալու պահից 7-օրյա ժամկետում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը ուղարկելով դիմումատուին: Թերությունները շտկվելու և եռօրյա ժամկետում դիմումը կրկին ներկայացվելու դեպքում Պաշտպանը կայացնում է դիմումը քննարկման ընդունելու վերաբերյալ որոշում:
Հոդված 23. Գործարարների աջակցության ծառայությունը
- Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով Գրասենյակում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ:
- Պաշտպանն ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները, եթե՝
1) դրանցով ներկայացվում են հրատապ լուծում պահանջող հարցեր, որոնք սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետում չուսումնասիրելու դեպքում կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով և
2) ողջամտորեն հնարավոր է 3-օրյա ժամկետում ձեռնարկել խնդրի լուծմանն ուղղված միջոցներ:
- Պաշտպանը չի ուսումնասիրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները, եթե կասկածներ ունի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմում ներկայացրած անձի ինքնության և (կամ) լիազորվածության վերաբերյալ: Տվյալ դեպքում Պաշտպանը դիմում ներկայացրած անձին առաջարկում է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրավոր դիմում:
- Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները չեն համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին, Պաշտպանը՝
1) դիմումատուին առաջարկում է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրավոր դիմում կամ,
2) սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սեփական նախաձեռնությամբ հարուցում է վարույթ:
- Գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ) միջոցով կարող են ներկայացվել նաև ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ առաջարկություններ:
Հոդված 24. Դիմումների հետագա ընթացքը
- Դիմումը ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում`
1) դիմումը քննարկման ընդունելու մասին,
2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումը չքննարկելու մասին,
3) դիմում ներկայացնողի համաձայնությամբ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին փոխանցելու մասին, որի իրավասությանն է վերապահված դիմումի ըստ էության քննությունը:
- Պաշտպանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ընդունում է դիմումը ստանալու պահից 10-օրյա ժամկետում, որից հետո որոշման պատճենն ուղարկում է դիմողին՝ կայացման պահից 3-օրյա ժամկետում:
Հոդված 25. Դիմումը քննարկման ընդունելը
- Պաշտպանը կայացնում է դիմումը քննարկման ընդունելումասինորոշում, եթե դիմումում բավարար չափով հիմնավորված է Գործարարների օրինական շահերի խախտման փաստը, դիմումում շարադրված փաստական հանգամանքները ողջամտորեն կարող են ստուգվել և առկա չեն դիմումը չքննարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր:
- Դիմում ներկայացնելը չի կասեցնում խախտվածիրավունքներիև օրինական շահերի պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:
Հոդված 26. Դիմումը չքննարկելը
- Պաշտպանը կայացնում է դիմումը չքննարկելու մասին որոշում, եթե՝
1) դիմումում բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի իրավասությունների շրջանակից.
2) դիմումը սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով նախապես չի ներկայացվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ Կազմակերպությանը կամ Պաշտպանին ներկայացվել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո.
3) միևնույն հարցի վերաբերյալ Պաշտպանի կողմից նախկինում տրվել է եզրակացություն և դիմումը չի բովանդակում նախկինում Պաշտպանին չներկայացված նոր փաստեր կամ չեն ներկայացվում դրանք հիմնավորող ապացույցներ.
4) միևնույն հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախկինում կայացվել է որոշում և դիմումը չի բովանդակում նախկինում Մարդու իրավունքների պաշտպանին չներկայացված նոր փաստեր կամ չեն ներկայացվում դրանք հիմնավորող ապացույցներ.
5) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
- Պաշտպանը դիմումը չի քննարկում, եթե՝
1) դիմումատուն այն չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին.
2) դիմումի ուսումնասիրությունը սկսելուց հետո նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայց է ներկայացվել դատարան և ընդունվել դատարանի վարույթ:
- Դիմումը չքննարկելումասինորոշում կայացնելիս Պաշտպանը դիմումատուին պարզաբանում է դիմումը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև դիմումի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
- Դիմումը չքննարկելն արգելք չէ հետագայում միևնույն հիմքերով կրկին պաշտպանին դիմելու համար, եթե դիմումում ներկայացվում են նախկինում չներկայացված նոր փաստեր կամ տեղեկություններ:
Հոդված 27. Դիմումն այլ մարմնի փոխանցելը
- Եթե դիմումում բարձրացված հարցը կարող է լուծվել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից և նախապես չի քննարկվել վերջիններիս կողմից, Պաշտպանը դիմումատուի համաձայնությամբ կարող է կայացնել դիմումն այդ մարմնին կամ պաշտոնատար անձին փոխանցելու վերաբերյալ որոշում՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմումատուին:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինները պարտավոր են քննարկել դիմումները՝ արդյունքների մասին տեղեկացնելով դիմումատուին և Պաշտպանին:
Հոդված 28. Պաշտպանի գործունեությանն աջակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Կազմակերպությունների պարտականությունը
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սույն օրենքի 6–րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված նյութերը, փաստաթղթերը, տեղեկություններն ու պարզաբանումները Պաշտպանին տրամադրել անվճար և հնարավորինս սեղմ ժամկետում՝ հարցումը ստանալու պահից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները խախտելու կամ անհրաժեշտ տեղեկությունները չտրամադրելու դեպքում Պաշտպանն իրավասու է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Գրասենյակ կայքէջում հրապարակել հատուկ տեղեկատվություն:
- Դիմումն ուսումնասիրելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն իրականացնելիս Պաշտպանը հնարավորություն է ընձեռում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա այն պաշտոնատար անձին, որի որոշումը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկվում է, պարզաբանումներ տալ դիմումի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը:
- 4. Դիմումի ուսումնասիրության ընթացքում տարբեր մարմիններից ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում մինչև վերջնական եզրակացություն տալը Պաշտպանը կարող է ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց, վերջիններիս տրամադրել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և ներկայացնել առաջարկություններ:
Հոդված 29. Դիմումի կամ սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի կողմից տրվող եզրակացությունները
- Դիմումի կամ սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի կողմից տրվում է հետևյալ եզրակացություններից մեկը.
1) գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտման առկայության մասին, եթե դիմումի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կողմից գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտում.
2) գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտման բացակայության մասին, եթե ուսումնասիրության ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտում չի հայտնաբերվել.
3) գործարարների իրավունքները և օրինական շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.
- Եթե դիմումի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են դիմումը չքննարկելու կամ ուսումնասիրությունը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կայացնում է դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու մասին որոշում:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացություն տալու դեպքում Պաշտպանը այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին, որի որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են գործարարների իրավունքներն ու օրինական շահերը, առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով իրավունքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները կամ անվավեր ճանաչել համապատասխան իրավական ակտը:
- Պաշտպանը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված եզրակացությունների կամ որոշման պատճենը կայացման պահից հինգ օրվա ընթացքում ուղարկում է դիմում ներկայացրած անձին: Պաշտպանի եզրակացությունն արգելք չէ անձի կողմից իր իրավունքները և օրինական շահերը օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
- Պաշտպանը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված եզրակացության պատճենը կայացման պահից հինգ օրվա ընթացքում ուղարկում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին, որի որոշումը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը, որը ստացել է Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված եզրակացությունը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս սեղմ, սակայն ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են գործարարների իրավունքներն ու օրինական շահերը: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Պաշտպանը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին:
- Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության առերևույթ հատկանիշներ, ապա Պաշտպանը բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։
Հոդված 30. Դիմումների ուսումնասիրության ժամկետները
- Պաշտպանը սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված եզրակացությունները տալիս է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո 20-օրյա ժամկետում:
- Պաշտպանը կարող է դիմումն ուսումնասիրել և դրա վերաբերյալ սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված եզրակացությունները տալ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե՝
1) Դիմումատուն հիմնավորում է խախտման հետևանքով ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ դրանց առաջանալու հնարավորությունը, և
2) Պաշտպանը գտնում է, որ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմում ներկայացրած անձի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:
Հոդված 31. Եզրակացությունների հրապարակումը և Պաշտպանի հատուկ զեկույցը
- Պաշտպանի եզրակացությանը չպատասխանած կամ դրանով առաջարկվող միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկությունը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներով` Պաշտպանի եզրակացության և դրա վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի պատասխանի հետ միասին, եթե սպառվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում հարցը լուծելու բոլոր հնարավորությունները:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից Պաշտպանի եզրակացությանը չպատասխանելու կամ դրանով առաջարկվող միջոցառումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է հատուկ զեկույց:
Հոդված 32. Տարեկան և եռամսյակային հաղորդումները
- Պաշտպանը Գրասենյակի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը ներկայացնում է Խորհուրդ:
- Պաշտպանը յուրաքանչյուր եռամսյակի ամարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է գործարար միջավայրում առկա խնդիրների, գործարարների գործունեության խոչընդոտների վերաբերյալ հաղորդում՝ միաժամանակ ներկայացնելով դրանց վերացմանն ուղղված միջոցների վերաբերյալ առաջարկություններ:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հաղորդումները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական կայքէջում: Գործարարների դիմումները և դրանց վերաբերյալ Պաշտպանի եզրակացություններն ու որոշումները հրապարակվում են դիմումատուի համաձայնությամբ:
Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
26.07.2017 - 11.08.2017
-
Type
Law
-
Area
Justice, Fight against corruption
-
Ministry
Ministry of Justice
Views 4865
Print