Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը

  1. Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):
  2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը:
  3. Մինչև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով պատժից ազատելը

  1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից ազատել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով գույքի բռնագրավում պատժատեսակից ազատելը

  1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ չի մտել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պաժատեսակն ի կատար չի ածվել:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության մասնակի վերացման հիմքով կատարվող համապատասխանեցումը

  1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձնանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով պատժի չափերի համապատասխանեցումը

  1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող, կամ այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի չափերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով կալանք և կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակների համապատասխանեցումը

  1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կալանք պատժատեսակի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով բռնագանձման համապատասխանեցումը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը

  1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կիրառված բռնագանձումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը, եթե բռնագանձում նախատեսող դատավճիռը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ չի մտել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, սակայն գույքը չի բռնագանձվել:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով դատվածության կանոնների կիրառումը

  1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:
  2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող համարել պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:
  3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասին տալ հետադարձ ուժ ՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով քրեական գործերի հարուցումը մերժելը, հարուցված քրեական գործերը կարճելը, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը

  1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում այն արարքների համար, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

 

Հոդված 10. Սույն օրենքի կատարման նկատմամբ կիրառվող ընթացակարգային դրույթները

  1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, սույն օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս mutatis mutandis կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները:
  2. Եթե անձը դատապարտվել և ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ է կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, նրա պատժից ազատումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ, երբ անձը դատապարտել է մեկից ավելի հանցագործության համար և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրանցից առնվազն մեկի հանցավորությունը չի վերացվել:
  3. Միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններին համապատասխան վերապահել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
  • Discussed

    17.05.2021 - 01.06.2021

  • Type

    Law

  • Area

    Justice, Probation, Penitentiary, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12846

Print