ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, կարգավիճակը, Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

բազմազավակ ընտանիք` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել և (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա/զավակ: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները,

բազմազավակ ծնողներ (ծնող)` օրենքով սահմանված կարգով ամուսնության մեջ գտնվող մայր և հայր (միածնող ընտանիքի դեպքում՝ միակ ծնողը), որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել և (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա/զավակ կամ առանց ծնողների մնացած, ծնողների (կամ միակ ծնողի) մահվան, ծնողական իրավունքից զրկվելու, անգործունակ ճանաչվելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու, անհայտ բացակայող ճանաչվելու, անհայտ լինելու, առողջապահական կազմակերպությունում կամ ազատազրկման վայրերում գտնվելու, երեխաների առանց ծնողական խնամքի մնալու այլ դեպքերում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան որդեգրած կամ խնամող այլ անձ

բազմազավակ ընտանիքի երեխա` բազմազավակ ծնողի կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձի կողմից ծնած և (կամ) որդեգրած երեխա (զավակ), ում՝ բազմազավակ ծնողից սերված և (կամ) որդեգրած լինելու փաստը հաստատված է օրենքով սահմանված կարգով,

բազմազավակ ընտանիքի անդամ` բազմազավակ ծնողը և բազմազավակ ընտանիքի երեխան:

Հոդված 3. Բազմազավակ ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Բազմազավակ ընտանիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4. Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակը

Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակն է`

1) պետության կողմից բազմազավակ ընտանիքներին տրամադրել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ,

2) խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը,

3) բարելավել ժողովրդագրական իրավիճակը,

4) բավարարել բազմազավակ ընտանիքների և նրանց անդամների առաջնահերթ կենսական պահանջմունքները` սույն օրենքով սահմանված աջակցության տեսակներին և գնահատված կարիքներին համապատասխան,

5) նպաստել բազմազավակ ընտանիքների և նրանց անդամների կենսապահովմանն ուղղված հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը,

6) ընդլայնել բազմազավակ ընտանիքների անդամների առողջապահական երաշխիքները, բարձրացնել ֆիզիկական դաստիարակության (սպորտային կյանքի) և առողջ ապրելակերպի դերը երեխաների կյանքում,

7) նպաստել բազմազավակ ընտանիքի անդամների կրթական և մշակութային զարգացմանը,

8) կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը:

ԳԼՈՒԽ 2. ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 5. Բազմազավակ ընտանիքի կարգավիճակի տրամադրումը

  1. Սույն օրենքով սահմանված հիմքերի առաջացման դեպքում ընտանիքին տրվում է «Բազմազավակ ընտանիք» կարգավիճակը (այսուհետ` Կարգավիճակ);
  2. Կարգավիճակը տրվում է սույն օրենքով սահմանված հիմքերն առաջանալու օրվա ամսվան հաջորդող ամսի 1-ից:
  3. Կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

Հոդված 6. Կարգավիճակի դադարեցումը

  1. Կարգավիճակը դադարեցվում է, երբ`

1) լրացել է բազմազավակ ընտանիքի կրտսեր երեխայի 18 տարին, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,

2) բազմազավակ ընտանիքի երեխաներից առնվազն մեկը հայտնվել է սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն), կամ ստացել է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,

3) ծնողները, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, զրկվել են/է ծնողական իրավունքներից:

4) Բազմազավակ ընտանիքը (բոլոր անդամները միաժամանակ) մեկ օրացուցային տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ առնվազն 183 օր։

  1. Կարգավիճակը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվա ամսվան հաջորդող ամսի 1-ից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով դադարեցված կարգավիճակը ենթակա է վերանայման դադարեցվելու օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, սակայն ոչ շուտ, քան դադարեցման պահից 90 օրացուցային օր հետո։
  3. Բազմազավակ ընտանիքի երեխայի մահվան դեպքում Կարգավիճակը պահպանվում է, քանի դեռ չի լրացել ընտանիքի ողջ երեխաներից կրտսեր երեխայի 18 տարին:

Հոդված 7. Բազմազավակ ընտանիքների աջակցության ֆինանսավորման աղբուրները

  1. Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակով սահմանված ծախսերը ֆինանսա­վո­րվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության համայնքները, իրենց իրավասությունների շրջանակներում, կարող են իրականացնել սույն օրենքով չնախատեսված աջակցության այլ միջոցառումներ:

ԳԼՈՒԽ 3. ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 8. Բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրումը

  1. Սույն օրենքով սահմանված աջակցություն ստանալու համար բազմազավակ ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային մարմին` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավա­րությունը` ըստ աջակցության տեսակների:

Հոդված 9. Աջակցության տրամադրման մերժումը

  1. Աջակցության տրամադրումը մերժվում է՝

1) աջակցության տրամադրման համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) աջակցության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

3) աջակցություն ստանալու համար բազմազավակ ծնողի կողմից ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքերում:

  1. Ծնողի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեխնիկական սխալների և (կամ) փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում աջակցությունը տրամադրվում է սխալների շտկումից և (կամ) փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո՝ ընդհանուր հիմունքներով:

Հոդված 10. Բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսակները

  1. Սույն օրենքով բազմազավակ ընտանիքներին տրամադրվում է աջակցության հետևյալ տեսակները.

1) դրամական աջակցություն,

2) առողջության ապահովագրություն,

3) բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,

4) բնակարանի (բնակելի տան) տրամադրում,

5) կրթության վճարի փոխհատուցում,

6) պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,

7) աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

2. Սույն հոդվածով նախատեսված աջակցության պայմանները, չափանիշները, կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված աջակցության տեսակները և չափերը կարող են տարբերակվել՝ ելնելով բազմազավակ ընտանիքում ապրող երեխաների թվից և բնակավայրից (քաղաքային, գյուղական բնակավայրեր):

Հոդված 11. Բազմազավակ ընտանիքներին դրամական աջակցությունը

Ընտանիքի սոցիալական կարգավիճակի հիման վրա՝ ընտանիքներին տրամադրվում է ամսական դրամական աջակցություն։

Հոդված 12. Բազմազավակ ընտանիքների առողջության ապահովագրությունը

Յուրաքանչյուր տարի բազմազավակ ծնողները ստանում են առողջության անվճար ապահովագրություն:

Հոդված 13. Բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման աջակցությունը

  1. Բազմազավակ ընտանիքում երեխայի ծննդով պայմանավորված ընտանիքը ստանում է բնակարանային պայմանների բարելավման աջակցություն՝ վճարային վկայագրի տեսքով, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով․

1) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելիս բնակարանի արժեքի մասնակի կամ ամբողջական վճարում, այդ թվում՝ հիփոթեքային վարկավորման միջոցով ձեռք բերվող բնակելի գույքի գնման համար կատարվող կանխավճարի և (կամ) գործող հիփոթեքային վարկի մայր գումարի մարում,

2) բնակարանի (բնակելի տան) վերանորոգման նպատակով ստացված հիփոթեքային վարկի մայր գումարի մարում,

3) բնակարանի (բնակելի տան) համար էներգախնայող (էներգաարդյունավետ) միջոցների ձեռքբերման արժեքի մասնակի կամ ամբողջական վճարում։

  1. Վճարային վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր վճարումներ և (կամ) ծախսեր կատարելու դեպքում վկայագրի մնացորդային գումարը մնում է աջակցություն ստացած ընտանիքի տրամադրության տակ և կարող են օգտագործվել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ուղղություններով։

Հոդված 14. Բնակարանի (բնակելի տան) տրամադրումը

Բազմազավակ ընտանիքում անչափահաս երեխաների թվով և երեխայի ծննդի կարգաթվով պայմանավորված ընտանիքը ստանում է բնակարան (բնակելի տուն):

Հոդված 15Կրթության վճարի փոխհատուցումը

Բազմազավակ ընտանիքում երեխաների կրթության նպատակով տրամադրվում է կրթության վճարի փոխհատուցման աջակցություն՝ հետևյալ պետական և համայնքային հաստատություններ հաճախելու և ուսանելու համար․

1) նախակրթարաններ (մանկապարտեզներ)՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար,

2) նախնական (արհեստագործական) ուսումնարաններ, միջին մասնագիտական քոլեջներ և ուսում­նական կենտրոններ,

3) մշակութային կրթական հաստատություններ և տարբեր ծրագրեր իրականացնող կրթահա­մա­լիներ,

4) մանկապատանեկան մարզական հաստատություններ,

5) բարձրագույն ուսումնական հաստատություններ,

Հոդված 16. Պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատու­ցումը

Բազմազավակ ընտանիքի անդամների՝ պետական և համայնքային պատմական և մշակութային կենտրոններ, այդ թվում՝ թանգարաններ, ցուցահանդեսներ, թատրոններ, կինոհամալիրներ, գրադարաններ, պատմական և մշակութային վայրեր, տարածքներ, որտեղ այցելությունների և մուտքի համար գործում է վճար, այցելությունների և մուտքի վճարը փոխհատուցվում է ամբողջությամբ՝ անկախ այցելությունների քանակից:

Հոդված 17 Աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրումը

Բազմազավական աշխատող ծնողներին տրվում է 5 լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր՝ ի լրումն իրենց ամենամյա արձակուրդային օրերին։

ԳԼՈՒԽ 4. ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

Հոդված 18. Բազմազավակ ծնողների պետական խրախուսումը

  1. Այն բազմազավակ ծնողները, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ բազմազավակ ծնողը, որոնք (որը) ծնել կամ որդեգրել են (է) և խնամում են (է) վեց և ավելի երեխա, պարգևատրվում է Ծնողական փառքի մեդալով:
  2. Ծնողական փառքի մեդալով պարգևատրումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Discussed

    02.03.2021 - 17.03.2021

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 25443

Print

Suggestions

Վաչե Սարգսյան

17.03.2021

գիտեք մի առաջարկ ունեմ ,ուղակի սահմանեք հստակ մի բան երիտասարդներին առանց կանխավճար հիպոտեկ բնակարանով երբ ապահով լինեն հաստատ երախաների մասին կմտածեն,ես ունեմ մեկ երեխա ու չեմ կարում բնակարան գնեմ կանխավճարի պատճառով

Ինգա Մարտինյան

16.03.2021

Իմ առաջարկները ամփոփել եմ նյութի տեսքով, մտահոգությունները վերաբերում են ոչ միայն այս նախագծին, այլ առհասարակ պետության քաղաքականությանը, այստեղ անելիք ունի նաեւ ԿԳՄՍՆ եւ առողջապահության նախարարությունը։ https://armdaily.am/?p=129017&l=am

Աննա Խուդոյան

15.03.2021

Առաջարկում եմ կրթական աջակցության շրջանակներում ներառել նաև բազմազավակ ընտանիքների երեխաների (5-12-րդ դասարաններ) դասագրքերի վճարի ամբողջական փոխհատուցումը:

See more