Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

   Աբովյան համայնքի 2021  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2020-2024 թվականների զարգացման ծրագիրը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:      
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։        
    Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտների և ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է  1 893 694.3 հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը) ՝ 0.0 հազար դրամ:        

   1. Բյուջեի եկամուտների կանխատեսում   
Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 1 893 694.3  հազար դրամ, գերազան-ցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն  13.0 %-ով, որը կազմում է 217 794.3  հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 838 501.0  հազար դրամ՝ 2020 թվականի հաստատված  810 844.7 հազար դրամի դիմաց, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը   3.4 %-ով:
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես.   
1)  Հարկեր և տուրքեր.      
Հարկային եկամուտները ծրագրվել են  359 700.0 հազար դրամի չափով կամ 2020 թվականի հաստատված ցուցանիշից 25 500.0 հազար դրամ կամ 7.6 %–ով ավել։ 2021 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2020 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2021 թվականի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։      
   Տեղական տուրքերը ծրագրվել են 31 640.0 հազար դրամի չափով, որը 1 040.0 հազար դրամով կամ 3.4 %-ով գերազանցում է 2020 թվականի ծրագրային ցուցանիշը։ Այն  պայմանավորված է համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների ավելացմամբ ։         
     Պետական տուրքերը ծրագրվել են 29 500.0 հազար դրամ՝ 2020 թվականի համար հաստատված ցուցանիշի չափով, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝  7 500.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 22 000.0 հազար դրամ։ 
     2) Պաշտոնական դրամաշնորհներ.  
    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված  ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 1 017 525.1 հազար դրամ՝ 2020 թվականին նախատեսված գումարի համեմատ աճելով 23.6 %-ով կամ 193 978.0 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2020  թվականին  հաստատված  գումարները։ 
3) Այլ եկամուտներ. 
2021 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 447 161.0 հազար դրամ՝ 2020 թվականի ճշտված բյուջեով նախատեսված  450 044.7 հազար դրամի դիմաց կամ 0.6 %-ով  պակաս։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները,  տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։
        
 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում  
Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  2 782 576,7 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 68,1 %-ը կամ 1 893 694,3 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 888 882,4 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 888 882,4 հազար դրամ, որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 17,2 %-ը  բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.1 %-ը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 18.6 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 17.1 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 8.4 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.2 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 3.9 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 29.0 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.2 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 5.4 %-ը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 7.8 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։  
   Ստորև ներկայացվում են համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։       
 1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը ավել են պլանավորվել 12.0 %-ով՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև աշխատավարձի  բարձրացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։  
2) Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը չեն ավելացվել, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում  կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։     
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 5 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։ 
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝       
4.1)     Փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի  53.2 %-ը, որը նախատեսված է գլխավոր և միջթաղամասային փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում  կատարելու համար։Նախտեսվում է նաև Հատիսի փողոցի ջրահեռացման համակարգի վերականգնման, ընդհանուր ասֆալտապատման և եզրաքարերի փոփոխման աշխատանքներ։        
 4.2) Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման համար նյութերի ձեռքբերման ծախս՝ 6 000.0 հազար դրամ արժողությամբ՝ 3000 ք.մ. իզոգամ և 800 ք.մ. ասբոշիֆեր ձեռք բերելու համար։    
4.3) Ծախսերի 0.01 %-ը ուղղվելու է Կարմիր բանակայինների փողոցի անհատական տների  գազատարների կառուցմանը։                   
4.4) Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝  2021 թվականին նախատեսել է  25 000.0 հազար դրամ խաղահրապարակների կառուցման   համար։        
4.5) Օղակաձև զբոսայգու կառուցման 3-րդ փուլի համար անհրաժեշտ է  25 709.8 հազար դրամ, որը կազմում է կապիտալ ծախսերի 3.0  %-ը։ Նախատեսվում է նաև օղակաձև զբոսայգում կառուցել Արցախյան հերոսների փառքի ծառուղղի, որի համար նախատեսվում է  15 000.0 հազար դրամ։       Օղակաձև այգում է գտնվում նաև 2-րդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը, որի վերանորոգման համար անհրաժեշտ է 15 300.0 հազար դրամ։
4.6) Համայնքում շարունակական բնույթ է կրում լուսավորության առկա համակարգի վերափոխումը էներգախնայող համակարգի։ 2021 թվականին նախատեսվում է  ծախսել 74 000.0 հազար դրամ՝ 7-րդ և 8-րդ միկրոշրջանների արտաքին լուսավորության համակարգի ընդլայնման համար։ 
4.7)    Աբովյան համայնքի ոռոգման համակարգի վերանորոգման և ընդլայնման համար նախատեսվել է 60 000.0 հազար դրամ, որը կազմում է ֆոնդային բյուջեի պլանավորված ծախսերի 7.2  տոկոսը։                
4.8) Համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը աջակցելու նպատակով ծրագրվում է ծախսելու 47 000. 0 հազար դրամ՝ նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներին անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար, ինչպես նաև այդ կազմակերպություններում լրացուցիչ տեսանկարահանող սարքեր ձեռք բերելու համար։ Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացնում է աղբահանության աշխատանքներ և նրան աջակցելու նպատակով ծրագրվում  է գնել նոր տրանսպորտային և վարչական սարքավորումներ՝ 10 000.0 հազար դրամ արժեքով։
4.9) Մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման համար նախատեսվել է 25 000.0 հազար դրամ, որը կազմում է կապիտալ ծախսերի 2,8 %-ը։ 
4.10) Նախատեսվում է գերեզմանների  ճանապարհների հիմնանորոգում, որի համար նախատեսվում է  30 000.0 հազար, որը կազմում է կապիտալ ծախսերի ՝  3.4 %-ը։    
Համայնքի բյուջեի նախագիծը համարվում է նորմատիվ իրավական ակտ։

  • Discussed

    08.12.2020 - 23.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5583

Print