Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 13-ի N 1130-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  3-Ի N 1130ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայման և սպասարկման գործընթացի բարելավման անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշմամբ կանոնակարգված է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու գործընթացը։

Որոշմամբ կանոնակարգված չեն այն պետական շենք և շինությունները, որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են գաղտնի աշխատանքների կատարման համար, և այդ շենք շինությունների տանիքներին կամ ձեղնահարկերում տեղակայված են (կամ անհրաժեշտ է տեղակայել) բջջային կապի սարքավորումները։

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝  սույն օրենքի իմաստով պետական գույք է համարվում ՀՀ սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, ներառյալ՝ ՀՀ սեփականության իրավունքով պատկանող շենք, շինությունները (նաև այլ պետություններում գտնվող) և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը: Նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը չի տարածվում` պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:

Այսպիսով՝  Օրենքով հստակ սամանված է պետական գույքի հասկացությունը, ինչպես նաև ամրագրված է, որ տվյալ օրենքի կարգավորումները չեն տարածվում իրենց նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված այն տարածքների վրա, որոնք գտնվում են վերոնշյալ մարմինների տիրապետման և օգտագործման տակ կամ հանդիսանում են պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության պետական գույք:

Վերոգրյալից ելնելով՝ ստացվում է, որ միայն պետական գույքի գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված լինելու հանգամանքը բավարար չէ համապատասխան գույքի նկատմամբ Օրենքի գործողությունները չտարածելու համար, անհրաժեշտ է նաև որպեսզի տվյալ տարածքը գտնվի այդ մարմինների տիրապետման և տնօրինման ներքո: 

Հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան մասնավոր դեպքեր (օրինակ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի Սևանի թերակղզու պետական ամառանոցի տարածքը), որ չի գտնվում ոչ ՀՀ պաշտպանության նախարարության, ոչ էլ Ազգային անվտանգության ծառայության, տիրապետման և տնօրինման ներքո և տվյալ իրավիճակում առկա չեն բավարար պայմաններ՝ նշված տարածքի վրա Օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթները տարածելու համար, գործընթացը կանոնակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն։

Մյուս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ մարզերում շենքի պատմամշակույթային հուշարձան լինելու փաստը չի կանոնակարգվում որոշման 3-րդ կետով, այն վերաբերվում է միայն Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ճանաչված շենքերին ու շինություններին։ Բջջային օպերատորների կողմից կապի սարքավորումների տեղակայումը մարզերում այն ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում ձախողվում են, քանի որ տվյալ հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան։

Համայնքներում գտնվող պատմամշակությային նշանակությամբ շենք և շինությունների տանիքներին տեղակայված (տեղակայվելիք) կապի սարքավորումների համաձայնություն ստանալու  գործընթացը կանոնակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշումը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։

Որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն բջջակին կապի օպերատորները հայտի հետ միաժամանակ ներկայացնում են տեղակայված կապի սարքավորումների ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների աղբյուր հանդիսացող սարքերի շահագործումը թույլ տալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական եզրակացությունը։ Իսկ  նոր կապի սարքավորումներ տեղակայելուց և շահագործելուց հետո միայն հնարավոր է լինում ստանալ ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթների աղբյուր հանդիսացող սարքերի շահագործումը թույլ տալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության եզրակացությունը։  Ուստի, այս գործընթացը կանոնակարգելու համար, նախատեսվում է դրույթ, ըստ որի՝ բջջային կապի օպերատորը  պարտավորվում է կապի սարքավորումները տեղադրելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, Կոմիտե ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերին համապատասխանության մասին եզրակացությունը։

Ելնելով վերը շարադրվածից, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշմամբ սահմանված կարգով պայմանագրեր կնքելու հիմնական նպատակը ոչ միայն բնակչությանը մատուցվող կապի որակի բարձրացումն է, այլ նաև պետական մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների բյուջեների համալրումը, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացումը, ապա անհրաժեշտություն է առաջացել վերը նշված խնդիրները կանոնակարգել։

 Հավելեմ, որ որոշման ընդունումից մինչ օրս ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վերաբերյալ կնքվել է մոտ 103 պայմանագիր, որի արդյունքում մուտքերն ամսական կտրվածքով կազմում են 21 826 850 դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 719 356 դրամ։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշման ընդունումը պայմանավորված էր նաև հետևյալ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ.

- պետության կողմից օժանդակել կապի օպերատորներին իրենց ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու հարցում,

- բացառել տնտեսավարող սուբյեկտների` բջջային կապի օպերատորների կողմից պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքներին կապի սարքավորումների տեղակայման գործընթացում առաջացող խոչընդոտները,

- վերացնել վարչական քաշքշուկները,  նպաստել պետական բյուջեի մուտքերի ավելացմանը,

Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ։

  1. Կարգավորման առարկան

Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու գործընթացի բարելավման համար առաջարկվում է բացառություն սահմանել նաև այն պետական շենքերի և շինությունների նկատմամբ, որոնք իրենց նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Առաջարկվում է նաև օպերատորների կողմից կապի սարքավորումներ տեղակայելու նպատակով ներկայացվող դիմումին կից ներկայացվող փաստաթղթերում լրացուցիչ կարգավորումներ մտցնել։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. 6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու գործընթացում տեղ գտած թերությունները, որոնց շնորհիվ կբարձրացվի գործընթացի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը։

 

 

  • Discussed

    16.09.2020 - 05.10.2020

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4947

Print