Add to favourites

Under development

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը  

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ մասերով.

«13. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, և մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու դիմում, ապա այդ դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարելը օրենքով սահմանված կարգով վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող՝ մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել (եթե կենսաթոշակառուն, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուն և նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ վճարելը վերսկսելու դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գտնվել են Հայաստանի Հանրապետությունում)։

2020 թվականի մարտի 1-ից հետո մահացած կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմումը մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներկայացնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

  1. Եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է մինչև 2021 թվականի մարտի 31-ը, ապա կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում. 

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` տասներկու ամսվա ընքացքում.

5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:»։

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Եթե 2020 թվականի մարտի 1-ից հետո՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված դիմումի հիման վրա չվճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվել և վճարվել է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգից տարբեր կարգով, ապա մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա այդ գումարը վերահաշվարկվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգով և վճարվում է վերահաշվարկված և փաստացի վճարված գումարների տարբերության չափով։ Այս դեպքում կենսաթոշակի վճարման ենթակա գումարը վճարվում է վերահաշվարկ կատարելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի) վճարման համար սահմանված կարգով (եղանակով)։

  • Discussed

    14.09.2020 - 30.09.2020

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6699

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.09.2020

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ կարծիքը օրինագծի վերաբերյալ Հարգելի գործընկերներ, Ողջունում ենք օրինագծի շրջանառությունը։ Դրանով փորձ է կատարվում իրացնելու ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիների, կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը։ Սակայն օրինագծում ներկայացված մի շարք իրավակարգավորումներ կարիք ունեն լրամշակման, որոնց մասին մեր կազմակերպությունը ժամանակին բազմիցս հայտնել է ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ներկայացնելով համապատասխան օրինագիծ (այդ օրինագիծը կցվում է՝ նրա մեծածավալ լինելու պատճառով)։ Կարծում եմ, որ հաշվի առնելով կից օրինագծում ներկայացված հիմանվորումները հաշվի կառնվեն և համապատասխան փոփոխություններ կնախատեսվեն շրջանառվող սույն օրինագծի մեջ․ 1. Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 7-րդ հոդվածի 2-րդ մասը հանել: 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ․ «2. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը (այսուհետ` կենսաթոշակառու) կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելով կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ (դեսպանատուն, հյուպատոսություն), և այդ հիման վրա նրան կենսաթոշակ նշանակելու որոշմամբ։»։ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ 2․1․ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ․ «2. Սույն օրենքով կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իր իրավունքը կարող է իրացնել կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո ցանկացած ժամանակ։»։ 4. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «ստորաբաժանում» բառից հետո դնել ստորակետ և լրացնել հետևյալ բառերը․ «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ (դեսպանատուն, հյուպատոսություն)»։ 5. Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 4) կետը հանել ամբողջությամբ: 6. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետում «ընթացքում» բառից հետո դնել ստորակետ և լրացնել հետևյալ բառերը․ «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների կողմից՝ առանց ժամկետի սահմանափակման»։ 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ․ «1․1․Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներին կարող է վճարվել նաև տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձին՝ իր դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:»։ 8. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն (դեսպանատուն, հյուպատոսություն) և/կամ իր բնակության վայրի հայաստանյան համապատասխան բանկի մասնաճյուղ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանելու մասին:»։ 9. Օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասում «ստորաբաժանում» բառից հետո դնել ստորակետ և լրացնել հետևյալ բառերը․ «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ (դեսպանատուն, հյուպատոսություն)»։ Վերոհիշյալի հետ մեկտեղ ցանկանում ենք ներկայացնել հետևյալը․ 1. Օրինագծի հիմնավորումների մասում բացակայում է «Օինագիծը պատրաստող կազմակերպության մասին տեղեկատվությունը», ինչը պարտադիր բաժին է հանրային քննարկման դրված օրինագծերի համար։ Լրացնելով այդ բաժինը այս կայքում հարկ եմ համարում նշել, որ պետք է նշում կատարվի նաև այն մասին, որ սույն օրինագծի մշակման ժամանակ հիմք են ընդունվել «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ առաջարկությունները, որոնք ինչպես օրինագծի տեսքով, այնպես էլ www.edraft.am ակյքում սույն Օրենքի տարբեր օրինագծերի հանրային քննարկման ժամանակ բազիցս ներկայացվել են ՀԿ-ի կողմից։ Դա ցույց կտա իշխանությունների-քաղաքացիական հասարակության կառուցողական երկխոսության ուղղությամբ ՀՀ ԱՍՀՆ հավատարմությունը և թույլ կտա խթան լինել ՔՀԿ-ներինէ օրինագծերին նրանց ավելի ակտիվ մասնակցության համար, 2. Հիմնավորումների «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ-ում նշված է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ մենք կարծում ենք, որ օրինագծի ընդունման դեպքում անհրաժեշտաբար պետք է փոփոխություններ կատարվեն ՀՀ կառավարության 2011 թ․ մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ: 3. Հիմնավորումների «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ-ում նշված է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան։ Նշվածշ է նաև, որ Անհրաժեշտ լրացուցիչ միջոցների մասին տեղեկանքը կցվում է: Մինչդեռ այդ տեղեկանքը կցված չէ։ Խնդրում ենք այդ տեղեկանքը անպայմանորեն կցել, որպեսզի դա նույնպես հասանելի լինի հասարակությանը։ Մովսես Արիստակեսյան

See more