Add to favourites

The draft has been accepted

«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

<<>> ----------- 2020 թվականի N -   -  Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՐԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ---------

N  - Ն որոշման

 

 

                            

Կ Ա Ր Գ

    

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՐԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

     

1. Սույն կարգով կարգավորվում են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող յուրաքանչյուր հաստոցի վրա հաստոցի տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումը պետք է տեղադրվի անհատական՝ հաշվի առնելով մեքենայի և հորատող հաստոցի տեխնիկական առանձնահատկությունները: Տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումը (այսուհետ՝ սարքավորում) պետք է տեղադրվի հորատում իրականացնող հաստոցի վրա այնպես, որ սարքավորման և հորատող հաստոցի աշխատանքն սկսվի և ավարտվի միաժամանակ։

3. Սարքավորումներից տվյալների ընդունման, տեղեկատվության ամբողջականության ստուգման, դրա կոդավորման և տվյալների բազայի մեջ պահպանման համար նախատեսված տվյալների կառավարման համակարգը (այսուհետ՝ համակարգ) գործում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում (այսուհետ՝ լիազոր մարմին)։

4. Հորատման հաստոցի սեփականատերը կամ շահագործողը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ՝ ներկայացուցիչ) ձեռք է բերում համապատասխան սարքավորումը, գրանցում այն համակարգում, կազմակերպում դրա տեղադրումը։

5. Սարքավորման ձեռքբերման, տեղադրման և վերանորոգման հետ կապված ծախսերը հոգում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

6. Հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից կիրառվող սարքավորումների գրանցումը և գրանցումից հանելն իրականացվում է լիազոր մարմնում՝ հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ ներկայացուցչի դիմումի հիման վրա:

7. Սարքավորման գրանցման համար ներկայացվող դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

2) իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.

3) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.

4) գրանցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

5) սարքավորման տեխնիկական տվյալները:

8. Սարքավորման գրանցումից հանելու համար ներկայացվող դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

2) իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.

3) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.

4) գրանցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

5) սարքավորման՝ գրանցումից հանելու պատճառը:

9. Սարքավորման գրանցման կամ գրանցումից հանելու համար դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ դիմումին կից ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ։

10. Լիազոր մարմինը վարում է գրանցամատյան, որում նշվում են սարքավորման գրանցման (գրանցումից հանելու) համար ներկայացվող դիմումում առկա տեղեկությունները։ Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիազոր մարմինը: Գրանցամատյանները վարվում են նաև էլեկտրոնային տարբերակով։

11. Ձեռք բերված սարքավորումը համակարգում գրանցելու (գրանցումից հանելու) և համակարգին միացնելու (համակարգի հետ միացումները խզելու) նպատակով հորատման հաստոցի սեփականատերը կամ շահագործողը կամ ներկայացուցիչը դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում նաև սարքավորումը։

12. Առցանց հետևելու համար պահանջվող ծրագրային ապահովումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը կատարում է համապատասխան գործողություններ ներկայացված սարքավորումը համակարգին միացնելու և օգտագործմանը նախապատրաստելու համար։

13. Համակարգում գրանցված և համակարգին միացված սարքավորումը լիազոր մարմինը հանձնում է հորատման հաստոցի սեփականատիրոջը կամ շահագործողին կամ ներկայացուցչին՝ հորատման հաստոցի վրա այն տեղադրելու համար։

14. Սարքավորման տեղադրումից հետո հորատման հաստոցի սեփականատերը կամ շահագործողը կամ ներկայացուցիչը դիմում է լիազոր մարմնին սարքավորումը կնքելու համար։

15. Սարքավորումները կնքվում են հոլոգրաֆիկ կնիքներով: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից պաշտոնատար անձին է հատկացվում հոլոգրաֆիկ կնիքը և նրա հրամանով տրվում է կնքելու իրավասություն:

16. Կնքումն իրականացվում է այնպես, որպեսզի սարքավորումն ապամոնտաժելիս` կնիքը խախտվի (պոկվի, վնասվի): Կնքումն իրականացվում է հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ: Կնքումն ավարտվելու պահին լիազոր մարմնի պաշտոնատար անձինք կազմում են կնքման մասին ակտ, որտեղ նշվում են՝

1) կնքումն իրականացնող պաշտոնատար անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, կնքման իրավասություն ստանալու հրամանի համարը, ամսաթիվը, կնքման օրը, ժամը, վայրը.

2) հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը).

3) կնքվող սարքավորման տեխնիկական անձնագրի տվյալները:

17. Կնքման մասին ակտը կնքումն ավարտելուց անմիջապես հետո ստորագրվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձանց և հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ ներկայացուցչի կողմից: Կնքման մասին ակտը կազմվում է երկու օրինակից՝ մեկ օրինակը տրվում է հորատման հաստոցի սեփականատիրոջը կամ շահագործողին կամ ներկայացուցչին, մյուսը պահվում է լիազոր մարմնում:

18. Կնքված սարքավորումների հոլոգրաֆիկ կնիքները կարող են պոկվել`

1) լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ համապատասխան լիազոր մարմնի կողմից կնիքի խախտման արձանագրման դեպքում.

2) հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ ներկայացուցչի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վթարների կամ վերանորոգումների ժամանակ.

3) հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամքից անկախ՝ առանց որևէ մեկի միջամտության, արտակարգ իրավիճակների (երկրաշարժ, պտտահողմեր, ջրհեղեղներ, սողանքներ և այլն) և այլ դեպքերում.

4) հորատման հաստոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից հորատման գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ սարքավորման ապամոնտաժման դեպքում:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում կազմվում են ապակնքման մասին ակտեր երկու օրինակից՝ մեկ օրինակը տրվում է հորատման հաստոցի սեփականատիրոջը կամ շահագործողին կամ ներկայացուցչին, մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում:

20. Սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում սարքավորումը կնքվում է լիազոր մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:

21. Ծրագրային միացումները կատարվելուց, հորատման հաստոցի վրա տեղադրվելուց և կնքվելուց հետո սարքավորումը պատրաստ է լինում օգտագործման, այսինքն՝ հորատման հաստոցի աշխատանքին զուգահեռ համապատասխան տվյալները փոխանցելու համակարգին։

22. Համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա հնարավորություն է ստեղծվում առցանց պարզելու հորատման հաստոցի տեղադիրքը, ինչպես նաև կատարված աշխատանքի տևողությունը։

23. Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է լինում պարզելու տվյալ վայրում ջրօգտագործման թույլտվության առկայությունը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջներին համապատասխան գործունեությունն իրականացնելը։ Անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է համապատասխան ոլորտի վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Լիազոր մարմինն ապահովում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար համակարգին հասանելիությունը:

24. Առանց ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորման առկայության (այդ թվում` չկնքված, կնքման ակտի բացակայությամբ կամ կնիքների խախտմամբ սարքավորումով) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնելու ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մերժվում է լիազոր մարմնի կողմից՝ համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի։

25. Առանց ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորման առկայության (այդ թվում` չկնքված, կնքման ակտի բացակայությամբ կամ կնիքների խախտմամբ սարքավորումով) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացող անձինք կրում են վարչական պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 61-րդ հոդվածի։

26. Առանց ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորման առկայության (այդ թվում` չկնքված, կնքման ակտի բացակայությամբ կամ կնիքների խախտմամբ սարքավորումով) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացվելու դեպքում հորատման գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում կամ դադարեցվում է՝ համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 20-րդ հոդվածների։

  • Discussed

    01.08.2020 - 16.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5129

Print