ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքը

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետություն անարգել մուտք գործելու իրավունք ունի:
  2. Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, եթե`

1) քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում: Մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը` սպորտային և ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասնակցելու, բուժման, ինչպես նաև ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, քույր, եղբայր, զավակ) թաղմանը մասնակցելու կամ ծանր հիվանդության դեպքում նրանց տեսակցելու նպատակով զինծառայողի ելքը Հայաստանի Հանրապետությունից  կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի միջնորդությամբ: Մինչև այլընտրանքային ծառայության ավարտը` անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից  կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` տվյալ անձի այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող պետական մարմնի միջնորդությամբ.

2) քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից  կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության հիման վրա.

3) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի).

4) քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են.

5) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից  մեկի կողմից երեխայի մեկնելու վերաբերյալ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով առարկություն է ներկայացվել.

6) նրա նկատմամբ՝ որպես պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում.

7) նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ և փախուստը կանխելու նպատակով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից,

8) քաղաքացին՝ որպես մեղադրյալ, հետախուզվում է:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում պարտապան հետախուզվողների վերաբերյալ տվյալները հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստանալուց հետո Ոստիկանության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային կայքէջում գործող էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը, մուտքագրելով իր հանրային ծառայությունների համարանիշը, կարող է պարզել իր նկատմամբ սահմանափակում կիրառված լինելու փաստը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-8-րդ կետերով նախատեսված հիմքերով ելքի իրավունքը սահմանափակելիս կամ այդ հիմքերը ժամանակավորապես կամ վերջնական վերանալու դեպքերում սահմանափակում նախաձեռնող (կիրառող) մարմինը համապատասխան տվյալները անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխանցում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնին՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով ելքի իրավունքի սահմանափակումը վերացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առարկություն ներկայացրած ծնողի կողմից առարկության բացակայության մասին ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնին գրավոր դիմելու կամ ելքի սահմանափակման հիմնավորումների բացակայության մասին դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:
  4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով ելքի իրավունքի սահմանափակումը գործում է հետապնդվող (որոնվող) անձի վերաբերյալ տվյալները սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու օրվան հաջորդող օրվանից առավելագույնը 10 օր:

 

ՀՈԴՎԱԾ 10.2. 16 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետությունից

 

  1. Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են մեկնել ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի կամ խնամակալի) կամ չափահաս այլ անձի ուղեկցությամբ: Եթե Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից մեկնում են չափահաս այլ անձի ուղեկցությամբ, ապա այդ անձին ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն` մեկնելու վայրի և ժամկետի մասին նշումով:
  2. Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում ծնողների վերաբերյալ տվյալները ծնողների անձնագրում առկա տվյալների հետ չհամապատասխանելու դեպքում ուղեկցող ծնողը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը, հայրության ճանաչման վկայական, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթ):
  3. Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած քաղաքացուն այլ օրինական ներկայացուցչի, իսկ անգործունակ ճանաչված քաղաքացուն օրինական ներկայացուցչի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցող օրինական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հավաստող փաստաթուղթ:
  4. Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած քաղաքացուն կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ չափահաս այլ անձի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնությունը: Եթե 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում և նոտարական կարգով վավերացված համաձայնությունում ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների տվյալները չեն համընկնում, ուղեկցողը պարտավոր է ներկայացնել նաև 14 տարին չլրացած քաղաքացու և համաձայնություն տվողի ազգակցական կապը կամ համաձայնություն տվող անձի օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (երեխայի ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի, հայրության ճանաչման վկայականի, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթի, օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հավաստող փաստաթղթի պատճենները):
  5. Եթե 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուն առարկում է նրա ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկը, ապա անչափահասի` Հայաստանի Հանրապետությունից ելքի հարցը լուծվում է դատական կարգով: Ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը գրավոր առարկությունը ներկայացնում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմին՝ կցելով ազգակցական կապը կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը (երեխայի ծննդյան վկայական, հայրության ճանաչման վկայական կամ ամուսնության վկայական, դիմող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անձնագիրը, օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր): Ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմինը ստանալով գրավոր առարկությունը, փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում սահմանում է սահմանափակում և 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում մյուս ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման հասցեով (բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում ծանուցում չի ուղարկվում):
  6. 14-16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է մեկնել առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի ուղեկցության: Առանց ուղեկցողի մեկնող 14-16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին վավեր անձնագրից բացի պետք է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնի իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին: Նշված համաձայնությունը պետք է նշում պարունակի մեկնելու, վերադարձի ժամկետների և այն պետությունների վերաբերյալ, որոնք անձը մտադիր է այցելել:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներկայացած անձինք մինչև նրանց ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելը գտնվում են պետական սահմանի անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների տարածքում և Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը Ոստիկանության կողմից հաստատվելուց հետո: Անձի ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը Ոստիկանության կողմից պարզվում է առավելագույնը 3 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային բազայում առկա տեղեկատվության հիման վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) ժամանակավորապես սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը, եթե նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ կամ հետապնդվում (որոնվում) է Ոստիկանության կողմից.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  

 

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

«5.1. Պարտապան ֆիզիկական անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես սահմանափակվում է «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով՝

«3.1. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետությունից ելքի սահմանափակման այլ դեպքերում, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի  մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 12-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7) դիմումատուն հետախուզվում է հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա:».

2)  12.1-ին մասի «4-6-րդ» թվերը փոխարինել «4-7-րդ» թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 5-րդ հոդվածում՝

1)  15-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9) դիմումատուն հետախուզվում է հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա:»,

2) 15.2-րդ մասի «4-8-րդ» թվերը փոխարինել «4-9-րդ» թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    14.07.2020 - 29.07.2020

  • Type

    Law

  • Area

    Fight against corruption, Public management

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6101

Print